05 Հուլիս 2013, 01:02
2048 |

Կարմրահերների դաշինքը

Աշխարհի ամենակարմրահեր երկրում` Շոտլանդիայում, դարեր շարունակ գոյություն ունի մի արտահայտություն. «Թո՛ղ միշտ լինեն կարմրահերները»: Հավանաբար, դա բնական պատասխանն է հալածանքներին ու հետապնդումներին, որոնց հրե վարսերի կրողները ենթարկվել են դարեր շարունակ: Որովհետև նրանք շատ վառ են, շատ այլ, նման չեն մյուսներին: «Մեջներիս կյաժը դու ես». սա արդեն հայերեն դարձվածք է, որը մատնանշում է ինչ-որ բանով առանձնացող մարդուն: Այդպիսիք քիչ չեն, և յուրաքանչյուրն իր պատմությունն ունի` կապված մազերի ոչ ամենատարածված գույնի հետ: Էլ չենք խոսում պեպենների մասին:

Արտաշես և Անահիտ Հակոբյաններ
Արտաշես.
Մայրիկի համար շատ հարմար է, որ կարմրահեր ենք. մեզ արագ գտնում է ամբոխում, երբ գալիս է դպրոցից տուն տանելու: Ինձ էլ է դուր գալիս: Գիտեմ նաև, որ հայերի նախնիները հնում եղել են կարմրահեր:
Անահիտ. Կարմիր գույնը մեր գեներում է. հորս մազերն էլ են այդ գույնի, պապինս էլ էին նույնը: Ասես ընտանեկան յուրահատկություն լինի: Երբ դպրոցում «Ոսկե աշունն» էին բեմադրում, ինձ միշտ տալիս էին աշնան դերը:

Անդրանիկ Լավչյան
2008-ին գնացի բանակ: Բայց այնպես ստացվեց, որ ի տարբերություն մյուսների, զորամասում հայտնվեցի առանց խուզած գլխի: Ուստի առաջին օրից աչքի ընկա՝ մազերով էի, այն էլ՝ կարմիր գույնի: Քաղաքացիական կյանքում էլ շատերին թվում է՝ արտասահմանցի եմ: Օրինակ՝ վերնիսաժում մի քանի անգամ սկսել են անգլերեն խոսել հետս: Գներն էլ են ավելի բարձր ասում:

Լուսինե Առաքելյան
Յուրաքանչյուր մարդ ձգտում է տարբերվել պահվածքով, հագուստով կամ մի այլ բանով: Իսկ ես ի ծնե արդեն տարբեր եմ. աշխարհում կարմրահերները մեկ տոկոս էլ չեն կազմում: Ճիշտն ասած՝շատ էլ հաճելի է լինել քչերից մեկը: Ոմանց թվում է՝ ներկել եմ մազերս, բայց ես ոչինչ չեմ արել՝ բնությունից է:

Դավիթ և Հայկ Հովսեփյաններ
Դավիթ.
Մազերի կարմիր գույնը ժառանգել ենք մայրիկիցով, նա էլ՝ տատիկից: Առաջ պեպեններ չունեինք, իսկ հիմա առաջանում են գարնան գալու հետ մեկտեղ: Ես դեմ չեմ, ուրիշներն էլ են հավանում:
Հայկ. Ինձ մանկապարտեզում «Կարմիր Արև» են ասում, որովհետև վառ կարմիր մազեր ունեմ:

Գևորգ Ղազարյան
Մոտ տասը տարի առաջ Բեռլինում համերգ պետք է տայինք: Հանդիսատեսը տեղավորվեց, մենք դուրս եկանք բեմ ու պետք է արդեն սկսեինք նվագել, երբ հանկարծ սրահից լսում եմ «Կյա՞ժ, էդ դու ե՞ս»: Պարզվեց, որ վաղուց Բեռլին տեղափոխված ընկերներս էին, ովքեր պատահաբար հայտնվել էին համերգին ու ինձ մազերիս կարմիր գույնով ճանաչել: Եթե ունենայի շագանակագույն մազեր, այդպես էլ կլսեին ամբողջ ելույթն ու չէին իմանա, որ ես եմ:

Լուսինե Անտոնյան
Վաղ մանկուց տատիկս ինձ ասում էր, որ արևը սիրում է նրանց, ովքեր ունեն պեպեններ ու կարմիր մազեր: Ես, իհարկե, հավատում էին նրա խոսքերին ու շատ էի ուրախանում: Ճիշտն ասած՝ հիմա էլ եմ հավատում: Այլապես ինչո՞ւ պետք է աշխարհում այդքան քիչ լինեինք:  Այդ պատճառով էլ երբեք մտքովս չի անցել արտաքինիս մեջ որևէ բան փոխել:

Ռաֆայել Մնացականյան
Ինձ դպրոցում համեմատում էին «Զգուշացի՛ր մեքենայից» ֆիլմի Յուրի Դետոչկինի հետ: Երբ հետո մազերս մի քիչ երկարեցին, սկսեցին ինձ Պիեր Ռիշարին նմանեցնել: Մի անգամ էլ մի նկարիչ խնդրեց՝ միրուք աճեցնեմ ու իր համար կեցվածք ընդունեմ: Ստացվեց Պուշկին հիշեցնող կարմրահեր կերպար:

«Ереван» ամսագիր, N5(85), 2013

Այս թեմայով