04 Հուլիս 2013, 17:28
1407 |

Հայկական տուրիզմի հոգսերից

Հայաստանի լեռներում գտնվող մեր եկեղեցիներն օգնություն են աղերսում, իսկ մերձակա ճանապարհների խորխորատների մասին կպատմեն տեղացիների ու զբոսաշրջիկների երկաթի ջարդոն դարձող ավտոմեքենաները։

Զբոսաշրջությունը զուտ սպասարկման ոլորտ չէ։ Հաճախ հենց նա է որոշում, թե տվյալ երկիրն արտաքին քաղաքականության դաշտում ինչպիսի վարկանիշ ունի։ Զբոսաշրջության միջոցով ազգերն ու պետությունները նաև իրենց քաղաքականությունը, գաղափարախոսությունն ու մշակույթն են տարածում։ Ի՞նչն է հետաքրքրում օտարազգի զբոսաշրջիկին իր այցելած երկրում։ Ինչո՞վ գրավել նրան։ Օտարերկրացին ուզում է իր աչքի համար նոր պատկերներ տեսնել, որոնք իրեն արտասովոր զգացումներ, մտավոր ու հոգևոր բավականություն կպատճառեն։ Կան երկրներ, որոնք ներկայացնելու քիչ բան ունեն, բայց ցույց տալու ձևերը լավ գիտեն։ Մենք հարուստ ավանդույթներ, հինավուրց մշակույթ ու ճարտարապետություն ունենք, սակայն մատուցելու արվեստին չենք տիրապետում։ Գառնի-Գեղարդ, Սևան, Էջմիածին, Խոր Վիրապ` երևանամերձ տարածքում, իսկ ավելի հեռվում` Տաթև։

Հայաստանի մարզերում սքողված հարուստ մշակույթ ու կոլորիտ ունենք, որն առայժմ հասու չէ զբոսաշրջիկին։ «Կարին» ազգային երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը համերգային շրջագայություններով տարբեր երկներում հաճախ է եղել։ «Վերջերս Լիբանանում էի։ Մինչ մեկնելս հստակ գիտեի` ինչ եմ ուզում տեսնել այդ երկրում` Յուպիտերի ու Բաքոսի տաճարները, ժայռային քարանձավները։ Այսինքն` զբոսաշրջիկը պետք է պարզ պատկերացում ունենա այցելության վայրերի ու ականկալիքների մասին, որպեսզի տվյալ երկիրը գրավիչ լինի։ Մենք կարող ենք մեր գյուղական մշակույթով ու կենցաղով, ազգային խոհանոցով գրավել զբոսաշրջիկին, նրան հնարավորություն տալ ոչ թե կողքից դիտել, այլ մասնակցել այդ կյանքին` իջևանել գյուղական տանը, ապրել այդ միջավայրում, անգամ կերակուրներ պատրաստել։ Պետք է մեկընդմիշտ հիշել. զբոսոսաշրջիկն ուզում է ծանոթանալ տվյալ ժողովրդի ազգային ինքնադրսևորումներին», - համոզված է Գագիկ Գինոսյանը։

Ցույց տալ օտարականին միայն այս կամ այն եկեղեցին ու համոզված լինել, որ նա լիարժեք պատկերացում կազմեց մեր մասին, հոգևոր լիրցքեր ստացավ, թյուրիմացություն է։ Գագիկ Գինոսյանը մատնանշում է Տաթևում անցկացվող էքսկուրսիաների բարձր որակը։ «Տաթևեր» ճոպանուղին հնարավորություն է տալիս լիարժեք տեսնել տարածքը, պատկերացում կազմել լանդշաֆտի, բնապատկերի, ռելիեֆի, պատմամշակութային կոթողների մասին։ Իսկ ավելի լավ կլիներ, եթե նույն տարածքում ներկայացվեին մեր մշակույթի տարբեր շերտերը` գորգագործություն, երգ ու պար, արհեստներ, խոհանոց։ Ամեն ինչ` համատեքստում, ու ոչինչ` համատեքստից դուրս։ Հակառակ դեպքում` պատկերացումները կցկտուր, մակերեսային ու պարզունակ կլինեն։ Մեր երկրում զբոսաշրջությունը «պարտվում է» նաև գնային «կրակոցների» պատճառով։ Այստեղ է նաև, որ պետությունը պետք է պարտադրի գնային խելամիտ քաղաքականություն։

Հարևան Վրաստանում հարցը պետական մակարդալով է լուծվում: Հեռու չգնանք՝ Ախալցխայի բերդը վրացիները նորոգեցին, ու մեծ հանդիսավորությամբ բացեցին` հրավիրելով նաև Շառլ Ազնավուրին։ Դեպի բերդ տանող ճանապարհը բարեկարգեցին, տարածքի փոքրիկ ու անշուք տները քանդեցին ու նույն բնակիչների համար պետական փողերով շքեղ երկհարկանիներ կառուցեցին։ Վրացիները բերդի պատերից հանել էին նաև հայկական խաչքարերը։ Վրաց իշխանությունները մի կրակոցով երկու նապաստակ խփեցին. նախ՝ Ախալցխայի բերդը զբոսաշրջության կենտրոն է դարձել, բացի այդ՝ վրացիները Ախլցխայի բերդից վերացրեցին հայկական մշակույթի հետքերը։

Այս թեմայով