04 Հուլիս 2013, 17:10
1143 |

Ծիածանի ներսում

«Կգա ժամանակ, երբ երկիրն ավելի ու ավելի հիվանդ կդառնա, ու կհավաքվեն երկրի բոլոր մշակույթների մարդիկ՝ ոչ թե խոսքերին, այլ արարքներին հավատացողները: Նրանք կաշխատեն միասին, որ բուժեն երկիրը… և նրանց կճանաչեն որպես «Ծիածանի մարտիկներ»: Rainbow Gathering ամենամյա միջազգային հավաքի մասնակիցների կարծիքով՝ սա հոփի հին հնդկացի ցեղի մարգարեությունն է:

Յոթգույնանի ծիածանի մարտիկներն ամեն տարի հավաքվում են մի երկրում՝ հեռու քաղաքակրթությունից, ձանձրալի հեռախոսներից, համակարգիչներից, սոցցանցերից ու իրական կյանքի անբաժան մաս մնացած ամեն ինչից: Ունեն մեկ նպատակ. գոնե մեկ ամիս միանալ բնությանը, նրանից ուժ ստանալ, լսել նրա ձայնն ու սիրով պատասխանել: Այս տարի որոշեցին իրենց ճամբարը խփել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում:

«Ծիածան» շարժումը սկիզբ է առել հիփիների շարժման տարիներին, երբ մարդիկ լի էին անապակ, միամիտ ռոմանտիզմով: Ծիածանի մարտիկների առաջին հավաքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում, երբ 1972-ին ծաղկում էր ապրում «ծաղիկների երեխաների» շարժումը: Երիտասարդները որոշել էին ստեղծել միջավայր, որն ազատ կլիներ առաջնորդության, կոմերցիայի և բռնության գաղափարներից:

Ուտոպիան իրագործելի դարձավ այս մեկ ամսվա ընթացքում. բոլորը հավասար էին, ոչ ոք չէր ղեկավարում, աշխատանքը բաշխվում էր ներքին համաձայնությամբ և ըստ մասնակիցների հնարավորությունների: Դժվար գործեր չկային էլ. պետք էր փայտ ջարդել, ճաշ եփել, վրաններ խփել, մոտակա բնակավայրից մթերք բերել, երեկոյան էլ հավաքվել կրակի շուրջը, երգել, տամտամներին զարկել, խոսել տարբեր՝ առօրյայից կտրված հարցրերի մասին ու նայել` ինչպես է լուսինն օրեցօր լցվում ու փքվում:
Անցած դարի ութսունականներին ավանդույթը տարածվեց մյուս մայրցամաքներում: Մեկ տարի առաջ բնության ընկերները մոտեցան Հայաստանի սահմանին՝ ճամբար խփելով հարևան Վրաստանում: Բազմազգ ընկերությունն այնքան հավանեց Կովկասի բնությունը, որ հաջորդ տարի մասնակիցների մեծամասնության որոշմամբ նորից այս կողմերում ճամբար խփեցին: Հայաստանյան ընկերների օգնությամբ գտան ճամբարի համար ամենանպաստավոր վայրը՝ Դիլիջանի անտառի թավուտները. կողքը գետն է հոսում, երեսուն րոպե քայլում ես` հասնում լճին, տասը մետր՝ աղբյուրին:

Welcome Нome տախտակով ճամբարի դռները բաց են բոլորի առաջ: Չկան տարիքային, կրոնական, ազգային կամ այլ սահամանփակումներ: Դժվարը ճամբար հասնելն է: Ես ու լուսանկարիչ ընկերս էլ մեծ դժվարություններ հաղթահարեցինք: Առաջինը. մասնակիցները երբեք բաց աղբյուրներում չեն հրապարակում տվյալ ապագա հավաքի տեղի մասին: Սա, իրոք, շատ մտերմիկ միջոցառում է, որի ընթացքում մարդիկ փորձում են հնարավորինս կտրվել այսպես կոչված «քաղաքակիրթ» թոհուբոհից: Այստեղ չկան հեռախոսով բիզնես պլաններ քննարկողներ. միմյանց հետ զրուցելիս փորձում են խուսափել կենցաղային թեմաներից՝ ոչ մի քաղաքականություն, հայ-թեք կամ կրոն՝ նույնիսկ բուդիզմ: Մարդ ու բնություն. սա է միավորում ճամբարի բոլոր անդամներին, ովքեր աշխարհի գրեթե բոլոր անկյուններից եկել, հավաքվել են հյուրընկալ լեռների գրկում: Երկրորդը. ճամբարն այնքան դժվարամատչելի վայրում են խփել, որ որևէ մեկի մտքով չի էլ անցնի պարապությունից կամ հետաքրքրությունից դրդված թափառականներին այցի գալ:

Այդ պատճառով էլ, երբ, անցնելով տարբեր փորձություններ (արևն էր այրում, հետո ընկա առուն), հասանք ճամբար, բոլոր բնակիչները վրա հասան մեզ ողջունելու ու գրկելու: Գիտեին, որ այդքան խոչընդոտ հաղթահարածները պատահական մարդիկ չէին լինի:

Ինձ թվում էր, որ հանդիպելու եմ իսկական հիփիների՝ «խոտով», խմիչքով ու բնության գրկում ազատ սիրով: Փոխարենը` այստեղ նույնիսկ տարրական ալկոհոլը չէր ողջունվում: Այսինքն՝ ամեն ինչ էլ կարելի է. կարող ես նույնիսկ ուղղաթիռով տոննայով ալկոհոլ բերել, բայց չգրված օրենքները պահանջում են հնարավորինս սթափ լինել: Հաճո՞ւյք ես ուզում՝ փակի՛ր աչքերդ ու լեհերի հետ մեդիտացիա արա (այնտեղ են՝ քսան մետր հառավորություն վրա՝ ծառերի ստվերում) կամ էլ ֆրանսիացիների հետ կիթառ նվագիր: Մարիխուանան էլ բերանդ տանելու փոխարեն վերցրու ավստրալիական ջիջերիդու փողային գործիքն ու ինչքան ուզում ես նվագիր. նրա թավ ձայնը մաքրում է թոքերը, ուղեղն ու հոգին:

«Մենք այստեղ զվարճանալու չենք եկել, - պատմում է ֆրանսիացի մասնակիցը,-Նույնիսկ հանգստի համար չենք այստեղ. եկել ենք այցելելու մեր բարի ընկերոջը՝ Բնությանը: Ներկայիս գրասենյակային կյանքն ու նորագույն տեխնոլոգիաներն ամեն օր մեզ հեռացնում են միմյանցից: Դրանք երբեք չենք փոխարինի այն, ինչ մեզ տալիս են վայրի անտառը, մաքուր ջուրն ու հանգստացնող անդորրը, ինչպես ֆասթ ֆուդը երբեք չի փոխարինի գյուղական առողջ սնունդը: Այստեղ մարդիկ լցվում են բարությամբ, ստանում հզոր դրական լիցք: Ինչպե՞ս կարող է աղմկոտ քաղաքն այս ամենը տալ»: Ծիածանի հարգված ու սիրված անդամ դառնալու համար շատ բան պետք չէ. պարզապես հարգանքով վերաբերվիր բնությանը՝ ինչպես ընկերոջդ ու պահապանիդ. կրակի համար կտրիր միայն մահացած ծառեր, աղբ տեսնելով՝ հավաքի՛ր, նույնիսկ, եթե դու չես գցել: Իսկ գնալուց այնպես արա, որ քեզնից հետո տեղդ է՛լ ավելի մաքուր լինի:

Sex, drugs & rock'n'roll-ի իմ ակնկալիքները, բարեբախտաբար, չարդարացան: Սկսեց մթնել. քաղաք վերադառնալու ժամանակն էր: «Ինչպե՞ս թե, արդե՞ն». տեղաբնակները չէին ուզում` գնայինք: Ես ինքս էլ հանկարծ ուզեցի ամեն ինչ մոռանալ ու մնալ. պարսիկի վրանում տեղ կար, մարդիկ բարեհամբույր էին, բնությունն էլ իսկական վայրի գանձ՝ Դիլիջանի արգելոցը:

Տան ճանապարհին հիշեցի մանկական մի ճշմարտություն. ծիածանին անհնար է մոտենալ: Սակայն պարզվեց, որ եթե շատ ուզես ու ջանք չխնայես, ոչ միայն կկարողանաս մոտենալ, այլև ներս մտնել: Ծիածանի մարտիկները մտադիր են մնալ անտառում մինչև հուլիսի 8-ը, երբ լուսինը նրանց գլխավերևում կհայտվի իր ամբողջ գեղեցկությամբ ու լիությամբ: «Լուսնի անհետանալուն պես մենք էլ կհեռանանք այստեղից», - ասաց մի կանադացի: 

Այս թեմայով