04 Հուլիս 2013, 15:55
2226 |

Հայաստանի մայրերը լուսանկարներում

Կյանքն իր գույներով տեղավորել մեկ կադրում, լուսանկարի սահմաններում ներկայացնել անսահման պատմություններ. ահա յուրաքանչյուր լուսանկարչի երազանքն ու հաջողության գրավականը:

Ուրիշի կյանքը վավերագրելը հեշտ գործ չէ: Պատմություն կրող գոնե մեկ կադր ստանալու համար լուսանկարիչները կյանքի ու մահվան կռիվ են մղում: Անտեսելով ամեն ինչ' նրանք պատերազմի դաշտում, անձրևին, թե ձյանը, գիշեր, թե ցերեկ վավերագրում են կյանքն ինչպես կա: Եվ այստեղ էլ, ինչպես ամենուր, ամենադժվարն ու անկանխատեսելին մարդկային գործոնն է:

Պատմությունը լուսանկարելն ու դրա մասնիկը չդառնալը բարդ է: Բոլորը չէ, որ դիմանում են միջամտելու գայթակղությանը: Գործն ավելի է բարդանում, երբ լուսանկարչական ապարատը կնոջ ձեռքում է: Ի բնե էմոցիոնալ կանանցհամար զուտ արձանագրողի կարգավիճակում մնալը կրկնակի բարդ է: Ու թերևս այդ է պատճառը, որ կին լուսանկարիչների աշխատանքներն էմոցիոնալ գունապնակով էականորեն տարբերվում են տղամարդկանց գործերից:

«4 պլյուս» վավերագրական լուսանկարչության հայկական կենտրոնը հուլիսի 3-ին ՆՓԱԿ-ում մեկ հարկի տակ էր հավաքել տասը կին լուսանկարիչների գործերը «Մայր (այլ) Հայաստան» խորագրով ցուցահանդեսի ներքո:

Ներկայացված էին Մերի Աղախանյանի, Սառա Անջարգոլյանի, Նազիկ Արմենակյանի, Քնար Բաբայանի, Անուշ Բաբաջանյանի, Փիրուզա Խալափյանի, Անահիտ Հայրապետյանի, Հասմիկ Հայրապետյանի, Իննա Մխիթարյանի և Նելլի Շիշմանյանի լուսանկարները:

Հեղինակների կանխատեսմամբ, հանդիսատեսն ակնկալելու էր տեսնել աշխարհը գեղեցիկ ու գունավոր ներկայացնող, աչք շոյող լուսանկարներ: Սակայն, ի հեճուկս բոլորի, այս կանայք ներկայացրել էին հայկական իրականությունն իրենց տեսանկյունից' շեշտադրելով հաճախ անտեսվող կողմերը: Կանանց հանդեպ բռնություն, վաղ ամուսնություն, զավակ կորցրած մայրեր, գյուղական աղքատություն. խիզախ կանայք հանձնել էին հանրության դատին:

Ցուցահանդեսում ներկայացված բոլոր ֆոտոպատմություններն էլ յուրօրինակ էին: Սակայն այցելուների ուշադրությունը գրավողը տրանսգենդերային խնդիրներ ներկայացնող ցուցադրությունն էր: Հայաստանում առաջին անգամ բացեիբաց ցուցադրվում են հայ տրանսսեքսուալների լուսանկարներ: Շարքի հեղինակ Նազիկ Արմենակյանը, անշուշտ, լրագրողների ու այցելուների ուշադրության կենտրոնում էր:

«Ինձ զայրացնում էր այն հանգամանքը, որ ԼԳՏԲ հայ համայնքի մասին միայն բացասական արձագանքներ էի լսում: Դա ինձ' որպես ֆոտոլրագրողի, ստիպեց հետաքննություն սկսել՝ պարզելու, թե ինչպես են նրանք ապրում, ինչ խնդիրներ ունեն: Իմ ցանկությունն է, որ այս ֆոտոշարքն ինչ-որ կերպ փոխի հասարակության բացասական վերաբերմունքը տրանսգենդերային խնդիրների հանդեպ»,-ասաց Նազիկ Արմենակյանը:

Այցելուների արձագանքը միանշանակ չէր, բայց անժխտելի է'շարքը տպավորիչ էր ու մտածելու տեղիք տվող: Այն ամենամանրակրկիտ ուսումնասիրողներից մեկը, թերևս, նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին էր. «Առաջին տպավորությունս զարմանքն էր, քանզի սպասում էի տեսնել մայրությունը գովերգող ցուցահանդես, սակայն երբ նայեցի կնոջ վեհությունը, ուժն ու գեղեցկությունը ներկայացնող այս լուսանկարները, դրանք ինձ նորովի ոգևորեցին: Փաստորեն, կինն այնքան գեղեցիկ է, այնքան հետաքրքիր, որ նույնիսկ տղամարդիկ են երբեմն ցանկանում կին դառնալ»:

Լուսանկարչուհի Սառա Անջարգոլյանը ցուցահանդեսին ներկայացրել է հայկական բանակը ներկայացնող և խաղաղ պայմաններում զինվոր որդի կորցրած կանաց ողբերգույթունը վավերագրող լուսանկարներ, նաև' նույն թեմայով մի ամբողջ մեդիաշարք: «Շատ ծանր է աշխատել զավակ կորցրած մայրերի հետ: Սակայն ես կարողանում էի զսպել հույզերս' գիտակցելով' իմ առջև մարդիկ են, ում ցավն ավելի խորն է, ում կյանքն առավել ծանր է: Եթե նրանք կարողանում էին այդքան ուժեղ լինել, ես էլ պետք է կարողանայի: Երևի առաջին անգամ ես' որպես լուսանկարիչ, այդ կանանց հուզմունքն ու տոկունությունը ամբողջությամբ փոխանցելու անզորություն զգացի»:

Ըստ Սառայի' ֆոտոլրագրության մեջ կնոջ ու տղամարդու մոտեցումները բոլորովին այլ են: Հերոսները կանանց ավելի են վստահում, ու կնոջ զգացմունքայնությունն էլ իր հերթին է օգնում, որ ֆոտոպատմությունը դառնա ավելի զգայուն ու լիովին ներկայացնի արծարծվող խնդրի հուզականությունը. «Օրինակ, բանակի ֆոտոշարքն անելիս, իմ կին լինելն առավելություն էր, որովհետև զինվորների հետ անկեղծ զրուցելն ավելի հեշտ էր: Չգիտեմ' ինչու, տղաներն ինձ ավելի վստահեցին, քան տղամարդ լուսանկարիչներին»:

«Առաջին հայացքից այս ցուցահանդեսը կարող է թվալ ֆեմինիստական շարժման սկիզբը Հայաստանում, բայց դա այդպես չէ: Սա կանանց ցավն է, զգացողություններն ու հայացքը: Թե՛ հերոսները, թե՛ լուսանկարիչները, իրենց մեջ այնքան ուժ ու եռանդ գտան, որ կարողացան բարձրաձայնել հասարակության ամենաանտեսված սոցիալական հարցերը»,- նշեց ցուցահանդեսի համադրող լուսանկարիչ Սվետլանա Բաչևանովան:

Տղամարդիկ ցուցահանդեսից պակաս ոգևորված չէին: Վավերագրող-լուսանկարիչ Էրիկ Գրիգորյանը նշեց. «Հեղինակները կարողացել են անմահացնել մարդկային պատմություններ, որոնք անվերջ հուզումներ են արթնացնելու դիտողի մոտ: Կնոջ համար լուսանկարչի աշխատանքը, թերևս, այնքան էլ հեշտ գործ չէ: Մասնակիցներից շատերն ունեն զավակներ, և բավականին բարդ է ներկայացնել ուրիշ մայրերի տկարությունն ու անկարողությունը, երբ մի ձեռքում զավակդ է, մյուսում' ֆոտոխցիկը»:

ՆՓԱԿ-ի տոթ դահլիճներում աղմկում էին ու սառը գինին վայելող այցելուներին հրմշտելով վազվզում տարբեր տարիքի երեխաներ: Դահլիճներից մեկի անկյունում խորը, քննող հայացքով նստել էր ֆոտոպատմություններից մեկի հերոսուհին' 97-ամյա տատիկը: Սեքսուալ հեղափոխության վտանգը նրան հաստատ չի սպառնում:

 

Այս թեմայով