03 Հուլիս 2013, 16:53
1813 |

Լարին ամուր կանգնած

Լարախաղացությունը մասնագիտություն, արհեստ ու արվեստ է, որ ակունքներով կապվում է դեռ նախաքրիստոնեկան ժամանակների հետ։ Հասարակական տոնախմբություններում կամ ուղղակի շենքերի բակերում պարբերաբար հայտնվող լարախաղացները միջին ու ավագ սերնդի սովետական հուշերի առաջին տասնյակում են։

Լարախաղացի գալը մի ակնթարթում դատարկում էր բնակարանները, մարդիկ խմբվում էին ձգված լարի շուրջբոլորն ու հետևում փահլևան-քյանդրբազին։ Լարախաղացությունը մեր օրերում մոռացության է մատնվել, դարձել հիշողություն։ Շրջիկ կյանքով ապրող լարախաղացներ այսօր գրեթե չկան։ Համեմատած սովետական տարիների հետ՝ 90 տոկոսով կրճատվել է նրանց թիվը։ Եղածներն էլ մուրացկանի կարգավիճակով են։ Օդային լարը կապում են, լավագույն դեպքում մի երեխայի կամ պապիկի ձեռքը դհոլ տալիս, որն ըստ սցենարի՝ փայտով դմբդմբացնում է։ Իսկ լարախաղացը, կարմիր-կանաչ ատլասե շորերով, ծիծաղելի գլխարկով, արհեստական բեղ-ակնոցով, լուսակրի կարմիր լույսի տակ կանգնած ավտոմեքենաների վարորդներին ծամոնի պես կպչում ու փող է ուզում։ Երբեմնի պատվավոր ու դժվար մասնագիտությունից այս փշրանքներն են մնացել։

Լարախաղացի վերացող մասնագիտությանն ու նկարագրին ատամներով կառչած Վլադիմիր Հակոբյանը 66 տարեկան է։ 5 տասնամյակից ավելի լարի վրա է։ Սիսիանից տեղափոխվել է Երևան, ընտանիքը թողել ծննդավայրում. աշխատում է, փողն ուղարկում հատկապես վերջին կնոջ պարգևած զավակներին։ «Մյուս երեխեքս արդեն մեծ են, էս վերջին երեքն իմ կարիքն ավելի շատ ունեն, դեռ փոքր են»,- ասում է։ Վլադիմիր Հակոբյանն ամեն ինչ անում է, որ լարախաղացության վրա հրավիրի մեր իշխանությունների ուշադրությունը։ Ինքն էլ է ընդունում, որ հնամյա արվեստ-արհեստը կամաց-կամաց անհետանում է։ Երազում է դպրոց-ստուդիա բացել, հավաքել իր նման «վերջին մոհիկաններին», մանուկների շրջանում քարոզչություն ծավալել, որ հետնորդներ ունենան։ Փահլևան Վլադիմիրի 7 երեխաներից և ոչ մեկն իր մասնագիտությունը չի ժառանգել. «Երեխեքս տեսան, թե ինչ դժվարությամբ է իրենց հայրը փող վաստակում, որ ամիսներով տուն չի գալիս, վախեցան լարին բարձրանալ»։

Վարպետ Վլադիմիրի կարծիքով՝ ինքը լիովին արժանի է Գինեսի գրքում գրանցվելու պատվին։ Պատրաստ է բարձրահարկ մի շենքից մյուսն անցնել լարի վրայով կամ նույն կերպ հաղթահարել Զանգեզուրի լեռների բարձունքները։ Ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ամենատարեց լարախաղացն է, մյուսներն արդեն 10-20 տարի մասնագիտական պարտականությունները լրիվ չեն կատարում, անգամ դադարել են լարին բարձրանալ ու օդային պարզագույն վարժություններն անել։ Նա ամաչում է լարախաղացի հագուստ կրող և վարորդներից, անցորդներից փող մուրող իր կոլեգաների փոխարեն։ Գրքեր է գրել վարպետ Վլադիմիրը, հնօրյա հայ լարախաղացների կենսագրությունն ու շրջիկ գործունեությունն ամփոփել իր ուսումնասիրություններում։ «Ես դիպլոմ ունեցող միակ լարախաղացն եմ, ուստի իմ պարտքն եմ համարում մինչև վերջ պայքարել նաև պաշտոնաթող լարախաղացների անունից՝ մեզ էլ ընդգրկել պետական տոնակատարությունների ելույթների մեջ։ Ի՞նչ վատ կլինի, որ երգող-պարողների կողքին, չեմ ասում հենց բեմի վրա, բայց մի հարմար տեղ մենք էլ մեր լարը ձգենք ու ժողովրդին ուրախացնենք։ Չէ՞ որ լարախաղացությունն ազգային մշակույթի մաս է, ինչո՞ւ մոռացվի»,- դժգոհությունը հիմնավորում է Վլադիմիր Հակոբյանը։

Վարձով ապրում է «Սասունցի Դավիթ» կայարանի շրջակայքի սեփական տներից մեկի նկուղային հարկում։ 9-ամյա Տիգրան որդուն ամառային արձակուրդներին Սիսիանից իր մոտ է բերել։ Որոշել է՝ մինչև 70-ամյակը մի երեխա էլ ունենալ, ու զավակների թիվը հասցնել 8-ի։ «Լարի վրա հավասարակշռություն է պետք, 4-ը՝ աջից, մյուս 4-ը՝ ձախից», - կատակում է։

Խոստացանք մինչև 8-րդի ծնվելը հյուրընկալվել լարախաղաց Վլադիմիրին ու դիմանկարի ժանրում նրան ներկայացնել ընթերցողին։ «Համեցեք,- ասաց,- լարախաղացի ամբողջ հարստությունս ձեզ ցույց կտամ իմ արքայությունում»։

Այս թեմայով