03 Հուլիս 2013, 13:20
1353 |

Քննական տենդը

Երեկվա տասներորդցիների կյանքի ճանապարհին հանդիպած առաջին խոշոր հաղթանակներն ու պարտությունները չվրիպեցին ֆոտոխցիկի ամենատես աչքից:

Ամռանը ընդունելության քննությունների ժամանակ բուհերի դիմաց հավաքվում են բազում տենդահարներ՝ սրտի տրոփյունով սպասելով ահեղ ատյանին: Բայց մի բուհ բացառություն էր, ինչի արդյունքում էլ արժանացավ մեր ֆոտոխցիկի ուշադրությանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բակում հավաքված երիտասարդները ոչ վախեցած էին, ոչ էլ լարվածությունից գլուխը կորցրած: Թվում էր' երիտասարդները նույնիսկ մոռացել էին, որ քննության են եկել: Բայց երբ քննասենյակից ցուցակը ձեռքին դուրս եկավ համակարգողներից մեկն ու սկսեց կարդալ առաջին քննվողների անունները, բոլորը լռեցին, շունչները պահեցին: Առաջին զոհերին ճանապարհ դնելուց հետո փորձեցին մեղմել լարվածությունը. կիթառ էին նվագում, երգում հախվերդյանական հին ու բարի երգեր, կամ էլ ծառերի հետևում' բոլորի աչքից հեռու, իրենց էտյուդի վերջին շտրիխները դնում և չափածոյի տողերը վերանայում: Ինչ-որ մեկը լուրջ դեմքով ընկերոջը պատմում էր պիեսի բովանդակությունը, մեկ ուրիշն էլ վերլուծում Ֆելլինիի ֆիլմերից մեկը:

Շենքից դուրս եկածների դեմքի արտահայտությունն այնքան խոսուն էր, որ կարելի էր գուշակել, թե ինչպես են հանձնել քննությունը: Որոշները հաղթանակած բարձրաձայնում էին իրենց ստացած գնահատականը, որոշներն էլ գլուխները կախ մի կողմ քաշվում. ինչ արած: Երեկվա տասներորդցիների կյանքի ճանապարհին հանդիպած առաջին խոշոր հաղթանակներն ու պարտությունները չվրիպեցին ֆոտոխցիկի ամենատես աչքից:

Այս թեմայով