03 Հուլիս 2013, 12:16
1870 |

Սերիալներ. կողմ, դեմ, թե ձեռնպահ

Լինեն, թե չլինեն սերիալները, այս է մեդիադաշտի խնդիրը, ավելին՝ վերջին շրջանի գլխացավանքը: Սերիալներ կան բոլոր երկրներում ու հաճախ պահանջարկի առաջին հորիզոնականում են: Հեռուստաեթեր մաքրելն ու որակյալ մեդիադաշտ ունենալը, մեր պատկերացմամբ, առաջին հերթին ենթադրում է հեռուստանովելներից ազատում: Սակայն ո՞րն է համահայկական այս պայքարի իսկական թիրախը` սերիալը, թե սերիալն այն տեսքով, որով ունենք այսօր:

Հայաստանում վերջին տարիներին հանրահայտ դարձան ամերիկյան նովելները, օրինակ' Lie to me-ն կամ Doctor House-ը, և ասել, թե դրանց հետևելն ամոթ է կամ խոսում է ցածր ինտելեկտի մասին, սխալ է: Նշանակում է' պայքարել առհասարակ բոլոր սերիալների գոյության դեմ ոչ միայն չենք կարող, այլև անիմաստ է: Այլ հարց, որ տեղական արտադրության հեռուստանովելները նույնիսկ թույլ զուգահեռներ չունեն վերոնշյալների հետ: Դրանք քննադատելի են ոչ ճիշտ հայերենի, ոչ պրոֆեսիոնալ դերասանական կազմի համար, իսկ օպերատորական ու ռեժիսորական աշխատանքի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, քանի որ նկարահանումներն ընթանում են այնքան արագ, որ ոչ ռեժիսորը, ոչ էլ օպերատորը ստեղծագործելու լայն հնարավորություններ չունեն:

«Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ցոլակ Մլքե-Գալստյանը սերիալում չի խաղացել ու չի էլ խաղա, իսկ կոլեգաներին կների միայն, եթե խաղան որակյալ հեռուստանովելում. «Կարծում եմ' եթե ոտք ես դրել այդ աստվածային տարածք' բեմ, ուրեմն պետք է համապատասխանես դրա ոսկե օրենքներին»:

Իսկ Դավիթ Սեխպեյանը, որը թատրոնի բեմում կոլորիտային կերպարներ է մարմնավորել, սերիալները չի բոյկոտում ու համոզված է' դրանք վատն են, որովհետև բոլոր պրոֆեսիոնալ մարդիկ մի կողմ են քաշվում: Եթե պրոֆեսիոնալ դերասանը, ռեժիսորն ու սցենարիստն աշխատեն հեռուստանովելի վրա, այն չի կարող վատը լինել. «Ի՞նչ է նշանակում' դերասանը չպետք է խաղա սերիալում: Ի՞նչ անենք. նստենք տանը, տաքսու վարորդը խաղա՞: Դերասանը պետք է ճկուն լինի ու կարողանա որակ ապահովել ցանկացած դերում' և՛ թատրոնում, և՛ կինոյում, և՛ սերիալում: Ռեժիսորներից շատերն ասում են' մենք կապ չունենք սերիալի հետ, մենք պետք է գեղարվեստական ֆիլմ նկարենք, դրա համար էլ «փինաչիներն» են սկսում սերիալով զբաղվել»:

Սրան ի պատասխան Ցոլակը բերում է Բրազիլիայի օրինակը, որտեղ «կան հատուկ կուրսեր սերիալի դերասանների համար. սովորում են լավ համբուրվել, լավ խոսել ու վերջ»:

Բայց Դավիթը սեփական փորձով է համոզվել' նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ դերասանի ներկայությունը պարտադիր է. ավելի պատասխանատու են սկսում աշխատել նաև ոչ պրոֆեսիոնալները, բացի այդ' դերասանը սերիալի միջոցով կարողանում է մնալ աշխատանքային կազմ-պատրաստ վիճակում. «Ես հնարավորություն եմ ստացել, օրինակ, ինքնուրույն իրականացնել կասկադյորական հնարքներ' ընկել եմ մեքենայի տակ, վառվել եմ, ինձնից հետո շատ դերասաններ որոշեցին նույնը կրկնել: Այսինքն, մի լավ դերասանը մյուսներին կարող է հավեսի գցել»:

Քննադատողների առաջին ու գլխավոր փաստարկն այն է, որ սերիալները ոչ մի լավ բան չեն սովորեցնում: Ու քանի որ դերասանական ներուժի զգալի մասն այսօր սերիալում է զբաղված, հետընթաց է ապրել նաև թատերական կյանքը: Ցոլակը հավատացած է' լավ կլիներ, եթե այդ առումով Հայաստանն իր նման փոքր, բայց թատերապես ավելի զարգացած երկրներից օրինակ վերցներ. «Ուզում եմ' ունենանք այնպիսի ներկայացումներ, որ օտարերկրացիները հատուկ դրանց համար գան Հայաստան, ինչպես, օրինակ, գնում են Վիլնյուս»:

Սերիալը' որպես ճանապարհ, գոյության իրավունք ունի, բայց, կարևոր է, որ այս ինդուստրիայի կողքին զարգանան թատրոնն ու գեղարվեստական կինոյի դաշտը, որպեսզի սերիալի ուղին չընտրած ստեղծագործողը ևս ինքնադրսևորվելու հարթակ ունենա:

Այս թեմայով