01 Հուլիս 2013, 16:10
2629 |

Զգա Երևանի ջերմությունը

Երկհարկանի, ընդարձակ, կարմիր. այս ավտոբուսը, թերևս, իր նմանների մեջ ամենահայրենասերն է: Նրա կողքով անցնելիս կարելի է լսել միմիայն հայկական երգեր, որոնք ձոնված են բացառապես Երևանին:

Սակայն չկարծեք, թե այն հարյուր դրամով ձեզ կհասցնի նախընտրած վայրը: Այս հսկան այլ սկզբունքով է աշխատում: Այն պատկանում է Երևանի քաղաքապետարանին և ունի հատուկ առաքելություն՝ մեկուկես ժամ շարունակ ցանկացողներին պտտել Երևանի փողոցներով' ծանոթացնելով ճանապարհին հանդիպած բոլոր հուշակոթողների և հուշահամալիրների պատմությանը: Նրա հիմնական այցելուներն արտասահմանցի զբոսաշրջիկներ են, որովհետև տեղացիներիս թվում է' լավ գիտենք մեր քաղաքի պատմությունն ու բացահայտելու այլևս ոչինչ չունենք:

Ավտոբուսը ճամփա է ընկնում ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը 11:00-ին, 15:00-ին և 19:00-ին: Վարորդը' Յուրա Եսայանը, կյանքի մեծ մասը' 40 տարի, անց է կացրել տարբեր ավտոմեքենաների ղեկերին, սակայն այս հսկային սանձելու համար նրանից երեք ամիս պահանջվեց. «Սա սովորական ավտոբուս չէ, ամբողջությամբ կառավարվում է համակարգչի կողմից»:

Գերմանական հսկան բերվել է Թուրքիայից: Վարորդն ասում է, որ մեր փողոցներում շատ դժվար է այն վարելը՝ իր չափերի և մյուս վարորդների անզգուշության պատճառով կարող ես անցանկալի իրավիճակում հայտնվել: Վարորդի հետ զրույցը տեղափոխվեց ավտոբուս, որտեղ նա մեզ ծիրան հյուրասիրեց: Ի դեպ, ծիրանը տուրի ոչ պարտադիր, բայց հաճելի մասն է կազմում: Մոտենում էր շարժվելու ժամանակը, Յուրա Եսայանը դուրս եկավ, վերջին անգամ փայլեցրեց ավտոբուսի առանց այդ էլ պսպղուն անվահեծերը, քերեց մի քանի բծեր ավտոբուսի դռան վրայից:

Մեզ միացավ քսանամյա տուր-համակարգող Շուշան Ասիչյանը: Նա է կարգավորում 6 լեզուներով ծրագիրը: Շուշանն ամեն օր հաղորդակցվում է բազմաթիվ զբոսաշրջիկների հետ: Նա պատմեց, որ արտասահմանցիները մեծ հաճույքով են օգտվում տուրից, դրանից հետո բազմաթիվ հարցեր են տալիս, ուզում են ավելի լավ ճանաչել Երևանը. «Տուրից հետո ուզում են իմանալ' որտեղ կարող են հուշանվերներ գնել, հայկական կերակուրներ համտեսել» :

Ի վերջո, շարժվեցինք՝ ականջակալների օգնությամբ լսելով քաղաքի ու նրա առանձին հատվածների պատմությունը: Իսկ երթուղին հետևյալն էր.

Կետ 1. Մաշտոցի պողոտա: Տեսարժան վայրերը' Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Մարգարյան հիվանդանոց և Ժամանակակից արվեստի թանգարան: Մինչև կհասնեինք Փակ շուկա, ավելի ճիշտ'ինչ մնացել է դրանից, ընկանք խցանման մեջ:Պատմության էջերն անցած շուկայի պատմությունն ավելի շուտ հնչեց, քան մենք ֆիզիկապես տեղ հասանք:

Կետ 2. Հաղթանակի կամուրջ: Մեզ պատմեցին, որ այն կոչվել է Հաղթանակի' ի պատիվ 2-րդ Համաշխարհայինում Գերմանիայի դեմ ԽՍՀՄ տարած հաղթանակի: Այս հատվածում մեզ ներկայացրեցին նաև սբ Սարգսին ու նրա անվան եկեղեցին:

Կետ 3. «Հրազդան» մարզադաշտ, Երևանի գինու և կոնյակի գործարան: Պարզեցինք, որ մարզադաշտի գունավորումը համապատասխանեցված է լանդշաֆտին:

Կետ 4. Ծիծեռնակաբերդ: Մարզադաշտից երևացին Ծիծեռնակաբերդն ու 44 մ բարձրությամբ կոթողը: Ականջակալների միջի ձայնը պատմեց հուշահամալիրի, Ցեղասպանության թանգարանի և ընդհանրապես, Ցեղասպանության մասին:

Կետ 5. Քաղաքապետարան: Ծանոթացանք կառույցին, սակայն խցանումների պատճառով' նորից կանխավ:

Կետ 6. Գրիգոր Լուսավորիչ փողոց: Այստեղ են տեղակայված Ֆրանսիայի դեսպանատունը, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը: Անդրադարձ եղավ նաև կրկեսի նախկին շենքին, , որի փոխարեն մինչև 2014-ի ավարտը վեր կխոյանա նորը:

Կետ 7. Արշակունյաց պողոտա: Հասանք ամենաերկար պողոտային՝ 7 կմ: Այս հատվածում հիշեցինք Արշակունիների արքայատոհմին, ապա աջ կողմում երևաց Կոմիտասի անվան պանթեոնը, և հիշեցինք նաև Կոմիտասի մասին: Նրա ստեղծագործությունից մի քառատող լսելն առավել քան հաճելի էր:

Կետ 8. Շենգավիթ վարչական շրջան: Անցորդները ժպտում էին մեզ և ձեռքով ողջունում: Լսեցինք որոշ դրվագներ Գարեգին Նժդեհի կյանքից:

Կետ 9. Մետրոպոլիտեն: Լսեցինք, որ Երևան քաղաքում գործում է տասը կայարան, իսկ ընդհանուր գծի երկարությունը 12, 1 կմ է:

Կետ 10. Արցախի փողոց: Այն մեզ տանում էր դեպի Էրեբունի տուն-թանգարան, ուստի անդրադարձն էլ Էրեբունիի մասին էր:

Կետ 11. Արին Բերդ: Հեռվում երևացին բլուրը և թանգարանը: Ծանոթացանք Էրեբունի-Երանի, Արգիշտի արքայի և Սարդուրի պատմությանը: Ինչպես նաև' խոսվեց համանուն տոնի մասին, որն առաջին անգամ նշվել է հեռավոր 1968-ին՝ Երևանի 2750 ամյակի կապակցությամբ: Այդ ժամանակ առաջին անգամ ելույթ է ունեցել 2750-հոգանոց երգչախումբը՝ կատարելով հայտնի երգը:

Կետ 12. Տիգրան Մեծ պողոտա: Այստեղ տասը րոպե կանգառ ունեցանք, որի ընթացքում հիացանք Սասունցի Դավթի արձանով:Լողավազնում շոգից պաշտպանվող երեխաները հետաքրրքությամբ նայեցին մեզ ու հարցրին՝ արդյոք Երևանից ենք: Ասացինք, որ տեղացի ենք, բայց ուզում ենք ավելի լավ ճանաչել մեր քաղաքը: Հայրենասիրական զգացում ապրած շարժվեցինք առաջ: Մեզ ներկայացվեց ձախ հատվածում գտնվող Հայաստանի բնության պետական թանգարանը, չանտեսվեց նաև առևտրի կենտրոնը:

Կետ 13. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Այս հատվածում ունկնդրեցինք եկեղեցու և Զորավար Անդրանիկի արձանի պատմությունը: Մեզ հիշեցրեցին The Washington Post թերթում տպագրված Զորավարի մասին պատմող հոդվածը:

Կետ 14. Հանրապետության հրապարակ: Ժամանակին այն կրել է Լենինի անունը, սակայն անկախությունից հետո վերանվանել է: Ներկայացվեցին նաև Պատկերասրահը' իր 20 000 ցուցանմուշներով, հրապարակում գործող նախարարություններն ու Փոստի շենքը:

Կետ 15. Խանջյան փողոց: Մեր ուշադրությունը հրավիրեցին Գրիբոյեդովի արձանի վրա, ապա' Մանկավարժական համալսարանի: Հատուկ շեշտադրությամբ ներկայացվեց բազմաթիվ երիտասարդների սիրելի վայր Լունապարկը: Քիչ անց մեզնից աջ երևաց Վարդան Մամիկոնյանի արձանը. հակիրճ տեղեկություն դրա մասին, և հասանք Շախմատի տուն, որտեղ լսեցինք այն մասին, որշախմատն այժմ պարտադիր առարկա է բոլոր դպրոցներում: Հետո՝ ԵՊՀ գլխավոր մասնաշենք, նաև անցանք թենիսի կորտերի կողքով:

Կետ 16. Երիտասարդական: Այստեղ պատմեցին Բժշկական համալսարանի ու հարակից ուսումնական հաստատությունների մասին, մինչև որ հայտնվեցինք, այսպես կոչված, Պլանի գլխում և տեսանք Աբովյանի արձանը: Լսեցինք գրողի և « Վերք Հայաստանի» մասին:

Կետ 17. Հաղթանակ զբոսայգի: Սա մեր վերջին կանգառն էր: Հիասքանչ համայնապատկեր բացվեց' հեռուստաաշատարակով ու տեսարանն աղճատող վերամբարձ կռունկներով: Շրջագայությունը մոտենում էր ավարտին, հետդարձի ճանապարհին մեզ ուղեկցում էին Արագած, Արա և Արարատ լեռների մասին պատմությունները:

Երբ արդեն Օպերայի շրջակայքում էինք, նորից երեք լեզուներով հնչեց շնորհակալությունն ու «Համոզված ենք, որ դուք սիրահարվեցիք Երևանին»: Սիրահարվեցինք, իհարկե, այն էլ արդեն որերորդ անգամ:

Այս թեմայով