29 Հունիս 2013, 14:10
1730 |

Օդում՝ ինչպես տանը

Օդաչուի մասնագիտությունը մանկական «որ մեծանաս ինչ ես դառնալու» հարցի պատասխանների թոփ տասնյակում է:

Ղեկավարել գերձայնային օդագնացը, օդում կատարել անհավանական շրջապտույտներ կամ ուղղակի պարաշյուտով թռչել: Այս երազանքներն այսօր լիովին իրականանալի են, քանզի արդեն 21 տարի է, ինչ ՀՀ Զինված ուժերի կազմում ընդգրկված են ավիացիոն զորքերը, իսկ հունիսի 28-ը նրանց պաշտոնական մեծարման օրն է՝ ավիացիոն, հակաօդային պաշտպանության և ռազմաէլեկտրոնային պայքարի զորքերի տոնը:

Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում ու սոցցանցերում անհանգստություններ էին նկատվում երկնքում հաճախակի երևացող ռազմական ուղղաթիռների ու ինքնաթիռների վերաբերյալ: Քննարկումների ալիքը հանդարտվեց, երբ հունիսի 28-ին Երևանի «էրեբունի» օդանավակայանի թռիչքուղուց վեր բարձրացան հայկական ավիացիայի լավագույն օդանավերը՝ ի նշան այդ զորատեսակների կազմավորման 21-ամյակի: Առաջին կարգի օդաչուներն իսկական ավիացիոն շոու էին պատրաստել, երկնակամարում ցուցադրելով բարձրագույն պիլոտաժի հմտություններ: Ավիացիոն հրավառության բարձրակետը՝ հայ օդաչուների ու պարաշյուտիստների կողմից երկնքում պատկերված եռագույնն էր:

1992-ի պատերազմական տարիների տարբեր ամիսներին ստեղծված ավիացիոն, ՀՕՊ և ՌԵՊ ուժերի զորատեսակները ոչ միայն կարողացան ամուր պաշտպանություն ապահովել հայկական երկնքում, այլև արժանի հակահարված տվեցին հակառակորդի օդային ցանկացած հարձակմանը: Անցած 21 տարիների ընթացքում ոչ միայն օդում աշխատողները, այլև հողին ամուր կանգնած սպասարկող անձնակազմն ամեն ինչ արեց, որ մեր գլխավերևում խաղաղ ու կապույտ երկինք լինի: Այդ առիթով տոնակատարության ընթացքում մի շարք սպաներ ու զինծառայողներ պարգևատրվեցին մեդալներով ու հուշանվերներով: Թե աշխատանքային օրը, և թե երևանյան, մեղմ ասած, շոգը չխանգարեցին, որ հանդիսատեսի մեծ բազմություն հավաքվի: Հատկապես մեծ էր երեխաների ոգևորությունը, որոնք վերջապես հնարավորություն ստացան նստել իսկական ռազմական օդանավի ղեկին, և գոնե որոշ ժամանակ իրենց զգալ ռազմական օդաչուներ: 

Այս թեմայով