28 Հունիս 2013, 12:47
1197 |

ՇատUP

Երևանի ու երևանցիների ամառային խենթությունը ջնջել էր մարդկային երևակայության և սրամտության սահմանները: Քաղաքն արթնացել էր UP-ային տրամադրությամբ: UP-ով սկսվող կամ վերջացող բառախաղերն ու զվարճալի արտահայտությունները մեկ օրով ներխուժել էին երևանցիների կյանք: «Իսկ այսօր գնալու՞ ես UP երեկույթին» հարցն ամենատարածվածն էր ընկերներիս և ծանոթներիս շրջանում:

Քաղաքի UP վիճակի «մեղավորները» մի քանի երևանցիներ էին, որոնք որոշել էին բոլորովին վերջերս բացված UPtown-ում UPռակադUPռա երեկո կազմակերպել: Այն ստանդարտ չէր: Դիզայներ Արա Ասլանյանը երևանցիներին գրավելու հետաքրքիր միջոց էր գտել: Ներկերով, սպունգներով և թղթերով ծածկված սեղանի մոտ դեռևս երեկոյի սկզբում հերթ էր գոյացել. հնարամիտները կամ պարզապես արագ կողմնորոշվողները, մտագրոհ կազմակերպելով, իրենց շապիկներին UP-ով սկսվող ցանկացած բառ էին ստանում:

Արան րոպեների ընթացքում տեղում նկարում էր օրվա խորհրդանիշ UP-ով արտահայտությունները` UPreciate life, I love soUP, UP in the air, UPէրո և այլ UPեր: Գունավոր ներկերի հոտը տարածվել էր սեղանի շուրջը, իսկ երեկոյի UP տրամադրությունն ապահովում էր UP երաժշտությունը: Մասնակիցները շտապում էին UPրես հայտնել իրենց շապիկների հեղինակին և փորձել այդ օրվա UPշեցուցիչ կոկտեյլը:

UPռակադUPռա երեկույթի րոպեներն «անմահացնում» էր երեկոյի կազմակերպիչներից մեկի' հենց գլխին ամրացված տեսախցիկը: Իսկ այս ամենից հետո կազմակերպվեց խոշորացուցային ֆոտոսեթ' բոլոր ցանկացողների համար:

Այս թեմայով