28 Հունիս 2013, 10:09
2371 |

Կռունկների «պրինցեսսան»

Կարինեին վաղուց եմ ճանաչում: Երբ մի քանի տարի առաջ 20 մետր բարձրություն ունեցող կռունկի խցիկում տեսա նրան, իհարկե, անսպասելի էր, բայց հաճելի: Արտասովոր ուժը, առնական կանացիությունն անհնար է չզարմացնեն:

Կարինե Մակարովան իր կյանքի 52 տարիների ընթացքում երբեք կանացի աշխատանք չի արել, բայց իրեն կայացած ու երջանիկ է համարում: «Ես ռուս չեմ, նախկին ամուսինս է ռուս եղել», - ասում է' կանխելով իր արտասովոր ազգանվան մասին հարցը: Կարինեն կռունկավար է. միակ կին կռունկավարը Երևանում: Նա իր հարդարված մազերով ու եղունգներով լրացնում և գեղեցկացնում է բեռնափոխադրող ընկերության ահռելի պահեստների փոշոտ տարածքը, որտեղ տասնյակ կեղտոտ և անհարմար, ինձ համար անհասկանալի սարքեր և մեքենաներ կան՝ սարսափազդու հսկաներ, որոնց կողքին նույնիսկ աժդահա բանվորները մրջյունի չափ են երևում: Հետևելով Կարինեի օրինակին, գուցե' վարակվելով նրա քաջությամբ' համարձակություն հավաքեցի ու որոշեցի անձամբ բարձրանալ վերամբարձ կռունկի խցիկը: Ներքևում աշխատող բանվորների, մի քանի տոննա տարողությամբ բեռնախցիկների, օդի մեջ անվերջ պտտվող երկաթեղենի, ներքևում գոռգռացող ու վազվզող մրջյուն-տղամարդկանց տեսարան բացվեց: Այնքան հեշտ էր այստեղից վայր ընկնելը: Խցիկում քայլերը հաշված են՝ մեկ-երկու, և հատակն ավարտվում է, սկսվում է օդը: Նույնիսկ թուղթ ու գրիչ դնելու տեղ չկա:

Կարինեին կռունկի խցիկ բերողն ամենևին էլ կարիքը չի եղել. կռունկավար լինելը նրա համար երազանք էր: Նրա կուռքը հայտնի դերասանուհի Նոնա Մորդյուկովան է եղել: Դեռ փոքր ժամանակ տեսել է դերասանուհուն կռունկավարի, տրակտորավարի ու բանվորի կերպարներ մարմնավորելիս: Նոնան ուղեկցել և ուղղորդել է Կարինեին ամբողջ կյանքի ընթացքում: Բանվոր, գազ քաշողի օգնական, ռելեի ու լամպերի գործարաններում աշխատելուց հետո ոտքերը նրան հաճախ էին բերում կռունկի մոտ: Նա բարձրանում էր աստիճաններով, օգնում վերևում աշխատող կռունկավարին: 23 տարեկան էր, երբ բարձրացավ կռունկի խցիկն ու այնտեղ մենակ մնաց, և արդեն 19 տարի՝ ամեն օր 8-10 ժամ է անցկացնում վերևում՝ 20 մետր բարձրության վրա:

Սկզբում, իհարկե, դժվար էր: Ծնողները, բնականաբար, չընդունեցին երիտասարդ աղջկա նոր աշխատանքը, դե իսկ աշխատավայրում էլ միակ աղջկա ներկայությունը շատերին է զարմացրել ու անհանգստացրել: Տարաձայնություններ, խոսակցություններ, հարցեր, որոնք երբեմն անպատասխան էին մնում: Երիտասարդ կռունկավարին ընդամենը մի քանի ամիս պետք եղավ իր' այդտեղ հայտնվելու նպատակը բոլորին հասկացնելու, երկար լեզուները կարճելու, երբեմն էլ' անսանձ ձեռքերը սանձելու համար. «Իսկ ո՞վ է ասել, որ կռունկավարը կանացի մասնագիտություն չէ: Ճիշտ հակառակը: Կռունկավարը պետք է ունենա այնպիսի զգուշություն, չափի ու ժամանակի զգացողություն, ինչպիսին հիմնականում կանայք են ունենում»:

Այսօր Կարինեն է տալիս աշխատանքը սկսելու միակ ազդանշանը: Աշխատակազմի ամենաբարձր աշխատավարձն էլ հենց ինքն է ստանում: Աշխատանքի ընթացքում Կարինեի ձեռքի տակ մի քանի տղամարդու կյանք է, միլիոնավոր դոլարների ապրանք: Բայց դա չի խանգարում և չի վախեցնում նրան: Գրեթե բոլորին հանձնարարություններ է տալիս, դիտողություններ անում նույնիսկ, երբ կռունկի վրա չէ' պարզապես քայլում է տարածքում: Այսքանից հետո տրամաբանական է, որ նրան «պրինցեսսա» են ասում:

«Տարիների ընթացքում ոզնու հատկություն եմ ձեռք բերել», - ասում է Կարինեն: Եթե խնդիր կա, պետք է փշերդ ցցես ու ծակես, հակառակ դեպքում քեզ կծակեն: Թաքցնում է, բայց հավանաբար հասցրել է վնասվել: Ասում է, որ 52 տարեկանում խիստ զգուշավոր է դարձել: Ընկերուհիներ չունի: Երիտասարդ տարիքում ամուսնացել է: Որդին 32 տարեկան է. իր ընտանիքն ունի, բնակվում է Մոսկվայում: Երբ որդին մեկնեց Հայաստանից, Կարինեն որոշեց միայնակ չմնալ ու կյանքը նորից սկսել: Այժմ ամուսին և նույնիսկ' սկեսուր ունի: Ամուսինը մասնագիտությամբ հոգեբան է: Խանդում է մշտապես տղամարդկանցով շրջապատված Կարիներին, բայց արգելքներ չի դնում: Հասկանում է, որ Կարինեի կառուցած փոշոտ, կեղտոտ, անհարմար ու երկաթաշատ աշխարհն ուրիշ է, որ նա գործի մարդ է' ժամացույցի ճշգրտությամբ ապրող, որն այնքան էլ կանացի հատկություն չէ, բայց, միանշանակ, հարգելի:

Այս թեմայով