27 Հունիս 2013, 13:01
1379 |

Անազատների ազատությունը

Հայրենի տան մոռացվող պատկերներ, հարազատ բնության` հիշողության մեջ դեռևս թարմ տեսարաններ, խորտակվող նավ, բանտի ճաղերի միջից նայող աչք կամ գեղեցիկ պատկեր՝ խեղված ճաղավանդակով: Գույները հիմնականում մռայլ են, գորշ, թեև տեղ-տեղ վառ գունաբծերով աշխատանքներ են հանդիպում՝ հույս առ ավելի լավ ապագան: Սա իրականությունն է ազատազրկված անչափահասների տեսանկյունից:

Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում բացվեց Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի «Աբովյան» ՔԿՀ անչափահասների և կին ազատազրկվածների աշխատանքների ցուցահանդեսը` խեցեգործական և փայտի գեղարվեստական փորագրության ժանրում:
Ներկայացված են շուրջ 250 աշխատանքներ՝ փայտի հայկական ավանդական գեղարվեստական փորագրության նմուշներ, կավե աղամաններ, զարդատուփեր, արձանիկներ: Բայց այդ սրահում երկար չշրջեցի, նույնպիսի ցուցանմուշներ տեսնելու բազմաթիվ առիթներ էի ունեցել:

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Թեմիկ Խալափյանի խոսքով' քրեական օրենսգիրքը միայն պատիժ է սահմանում, ուրիշ ոչինչ, մինչդեռ երեխաների մեջ թաքնված որակական այնպիսի հատկանիշներ կան, որոնք բացահայտել է պետք. «Մենք օգնում ենք, որպեսզի երեխաներն իրենք իրենց ներաշխարհում փնտրեն այն լավը, որ կա: Նրանց խորթ են ծափահարությունները»: Իսկ Ժողարվեստի թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանն էլ նկատում է. «Անազատների ստեղծած գեղեցկությունը ոչնչով չի տարբերվում ազատների ստեղծած գեղեցկությունից»:

2005-ին ստեղծված «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոնի» առաքելությունը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատազրկված անչափահասների շրջանում մշակութային-կրթական ծրագրեր կազմակերպելն է: 2009 - ի հունիսին կենտրոնին է տրամադրվել «Աբովյան» ՔԿՀ տարածքում գտնվող նախկին կաթսայատունը, որը հիմնանորոգման կարիք ունի, այնպես որ ցուցահանդես-վաճառքից ստացված գումարը նախատեսվում է ծախսել այդ շենքի վերակառուցման նախագծահաշվարկային աշխատանքների կատարման համար:

Այս թեմայով