27 Հունիս 2013, 11:33
1487 |

Մի խփի՛ր

Խոշտանգումների զոհերի աջակցության պատվին կազմակերպված ֆլեշ մոբը նպատակ ուներ հանրությանն իրազեկելու մեր շուրջն առկա խնդիրների մասին:

Հունիսի 26-ը կարմիր գույնով է նշված ՄԱԿ-ի օրացույցում. օրը հռչակված է որպես խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր: Հունիսի 26-ին իրադարձությունների պակաս չզգաց նաև Հայաստանը: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Հյուսիսային պողոտան դարձրեց համամարդկային այս գաղափարը արտահայտելու ու տարածելու հասցեակետ: Հավաքվել էին, որ հիշեցնեին՝ խոշտանգումն անթույլատրելի է: Որպես միջոց՝ երիտասարդներն ընտրել էին ֆլեշ մոբը: Մեկը մյուսի հետևից բացվում էին հովհանոցները, որոնց վրա գրված էին գլխավոր մեսիջները. «Խոշտանգումը հանցագործություն է, պատժեք խոշտանգողին», «Ես պետք է օրենքով պաշտպանված լինեմ», «Հանցագործությունը չի կարելի ծեծով բացահայտել», «Անպատժելիությունը ծնում է նոր զոհեր»:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Զառա Ամատունին համոզված է՝ այսօրվա ֆլեշ մոբը ձևական արարողություն չէ, որ անում են սեփական գործունեության ցուցակում հերթական նիշը դնելու համար. «Կարևոր գործ ենք արել՝ համապատասխան առաջարկներով հանդես ենք եկել տարբեր ատյաններում, իսկ երեկոյան մեր ֆլեշ մոբը հանրային իրազեկմանն է ուղղված, որովհետև մարդիկ պետք է հասկանան, որ խոշտանգումից պաշտպանված լինելու համար առաջին ու գլխավոր զենքը օրենքն է, ոչ թե ծեծը»:

Հունիսի 26-ը լավ առիթ է մարդկանց հնարավորին չափով վտանգից հետ պահելու համար, իսկ պաշտպանված լինելու գործում կարևոր դեր է խաղում անհատի իրավագիտակցության աստիճանը: «Եթե գիտես իրավունքներդ, ուրեմն պաշտպանված ես» պարզ բանաձևը չի կարելի ասել, թե գերազանց յուրացված է հայ հասարակության կողմից: Զառա Ամատունին համոզված է՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ մեծ հաշվով չգիտեն՝ ինչ է խոշտանգումը ու հաճախ մեծ կամ փոքր ընտանեկան ծեծկռտուքը կամ կտտանքները որպես խոշտանգում են ընկալում. «Այս անիրազեկ վիճակը բացատրվում է անտարբերությամբ. Եթե դեպքը տեղի է ունեցել անծանոթ մեկի հետ, ապա այն անցնում է մեր կողքով, չենք ուզում ինֆորմացիա ունենալ տվյալ խնդրի շուրջ»:

Խոշտանգումների զոհերի աջակցության օրը ոմանց համար հերթական օրացուցային է, մյուսների համար՝ խիստ սուբյեկտիվ իրադարձություն: Ֆլեշ մոբի կազմակերպիչներն էլ, մասնակիցներն էլ հավատում են միայն մեկ ծեծված, բայց կատարյալ կարգախոսի. այս օրը երբեք ակտուալ չի դառնա: 

Այս թեմայով