26 Հունիս 2013, 13:51
1748 |

Ավազե լեռան փլուզումը

Աշխատանքը բարդ է, աշխատակիցները` քիչ, անելիքը` շատ, ֆինանսավորումը` չնչին: Եվ ի՞նչ կարող են անել մի քանի բուսաբաններ օրեցօր ահագնացող բազմաթիվ սպառնալիքների դեմ:

Ժամանակակից մարդը, հատկապես' քաղաքաբնակ, առաջին հայացքից քիչ կախվածություն ունի բնությունից: Պատսպարված է շինություններում, երթևեկում է ասֆալտով, գետերը փակում գրանիտով: Ժամանակակից մարդը բարձր կենսամակարդակ ապահովելու համար շարունակում է նոր հանքավայրեր շահագործել, ընդարձակել բնակավայրերը, հատել անտառները, լայնացնել ցանքատարածություններն ի հաշիվ «ազատ», վայրի տարածքների:

Այդ տարածքներում դեռ վաղ գարնանից հաճախ է լինում կենսաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի բույսերի Կարմիր գրքի գլխավոր խմբագիր և համահեղինակ Գեորգի Ֆայվուշը: Լեռներում, մարգագետիններում ու անտառներում նա ունի շատ հին «ծանոթներ»' հազվագյուտ ծաղիկներ ու բույսեր:

«Հաճախ եմ լսում՝ «Հայաստանն ինչ բնություն ունի որ» արհամարհական արտահայտությունը: Բայց չէ որ բնությունը միայն ծառն ու անտառը չեն: Բնության հարստությունը որոշվում է նրա կենսաբազմազանությամբ, իսկ այս առումով Հայաստանը հարուստ երկիր է՝ հարուստ տարատեսակ բուսատեսակներով»: Եթե ամբողջ Կովկասում կա մոտ 7 000 բուսատեսակ, միայն փոքրիկ Հայաստանում կա այդ թվի կեսից ավելին՝ մոտ 3 600: Եվ հենց այդ բազմազանության և Հայաստանի փոքր լինելու պատճառով շատ էկոհամակարգեր և բուսատեսակներ փոքր տարածք են գրավում, ինչն ավելի է բարձրացնում անհետացման սպառնալիքի շեմը:

Ներկայիս Կարմիր գրքում ընդգրկված է 452 բուսատեսակ: «Միգուցե նրանց ոչինչ չպատահի. աճում են, ասենք, ինչ-որ տեղ լեռներում, մարդու աչքից հեռու, ամեն ինչ հրաշալի է: Բայց եթե ինչ-որ մեկը որոշի այնտեղ ինչ-որ բան կառուցել, հանքավայր շահագործել, տվյալ բուսատեսակը կոչնչանա, քանի որ կխաթարվի ամբողջ էկոհամակարգը: Իսկ Հայաստանում աճում է ծաղիկների 123 էնդեմիկ բուսատեսակ: Այդ ծաղիկներն աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չեն աճում: Ու եթե դրանցից մեկն անհետանա Հայաստանում, կանհետանա ընդհանրապես Երկիր մոլորակից»,- իր մտահոգությունն է հայտնում Գ. Ֆայվուշը: Իսկ ինչու մտահոգվել ինչ-որ մի ծաղկի համար, ի՞նչ պիտի փոխի մի ծաղիկի անհետացումը: Բուսաբանն առաջարկում է Երկրի կենսաբազմազանությունը պատկերացնել ավազե լեռան տեսքով: Եթե վերցնենք մեկ ավազահատիկ, ոչինչ չի կատարվի, հետո վերցնենք երկրորդը, երրորդը, հարյուրերորդը… Միևնույնն է' արտաքուստ ոչինչ չի կատարվի: Բայց ինչ-որ մի պահի կսկսվի փլուզումը, լեռը հեղեղի նման կհորդի ներքև: Թե ինչի այս ամենը մի օր կհանգեցնի, ոչ ոք չի կարող կանխատեսել:

Ինչ է կատարվում
Նոր ճանապարհներ, նոր կառուցապատումներ, նոր հանքավայրերի շահագործում… Իհարկե, ոչ ոք չի ուզում վերադառնալ քարանձավներ կամ վերապրել 1990-ականների դժվարությունները: Հայաստանը պետք է զարգանա: Իսկ արդյունահանությունը տնտեսության զարգացման կարևոր խթանն է: Չի կարելի թույլ տալ, որ այդ հարստությունները մնան հողի տակ: Բայց և չի կարելի թույլ տալ, որ նոր հանքավայրի շահագործման արդյունքում վերանա որևէ էնդեմիկ բուսատեսակ: Համաշխարհային պրակտիկան հարցի լուծման ասպարեզում հետևյալն է. բուսաբանները ներգրավվում են հանքային ընկերությունների նախագծերի մշակման աշխատանքներում, համապատասխան հետազոտական աշխատանքներ իրականացնում կոնկրետ վայրերում: Ու եթե նրանք հայտնաբերեն անհետացման եզրին գտնվող բուսատեսակներ, ապա համապատասխան ցուցումներ կանեն տվյալ հողակտորի պահպանման մասին, որոնք պարտադիր կկիրառվեն:

Եթե բուսաբանն ինչ-որ տեղ կարող է ուղղորդել մարդու գործունեությունը, կանխել ինչ-ինչ վտանգներ, ապա անզոր է գլոբալ տաքացման հետևանքով տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների դեմ: Օդևերևութաբանների տվյալով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մեկ աստիճանով ու շարունակում է բարձրանալ: Փոխվում են կյանքի պայմանները, ամռանը շոգ է, տեղումները գարնանը քչանում են, ամռանը' շատանում: Բարերար կենսապայմանները տեղափոխվում են ավելի բարձր շերտեր' դեպի լեռներ: Բույսերը, բնականաբար, չեն կարող իրենց անհրաժեշտ կենսապայմանների հետ բարձրանալ դեպի վեր, բայց և գոյատևել նոր պայմաններում առաջացած նոր էկոհամակարգում չեն կարող, արդյունքում մահանում են: Նման դեպքերում դրանք պահպանելու միակ միջոցը դառնում է ex situ ' անհետացող բուսատեսակը բնությունից դուրս' բուսաբանական այգիներում կամ սերմանոթներում պահպանելը:

Ինչ է արվում
Բուսաբանի անելիքները շատ են' ուսումնասիրել կենսաբազմազանությունը, արձանագրել էնդեմիկ, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների վիճակն ու նոր պայմաններում կատարված փոփոխությունները, հայտնաբերել հազվագյուտ բուսատեսակի զբաղեցրած նոր տարածքներ, ըստ այդմ պատրաստել նոր տվյալներ ապագա Կարմիր գրքի համար: Սա իհարկե ենթադրում է անընդհատ գործուղումներ դեպի Հայաստանի անմատչելի լեռներ ու ձորեր, ալպիական մարգագետիններ ու անտառներ. «Շատ հազվագյուտ ծաղիկների ծաղկումը կարելի է տեսնել միայն վաղ գարնանը, ձնհալից հետո: Հենց այդ ժամանակ էլ սկսվում են մեր գործուղումները դեպի մեզ հայտնի, նաև նոր վայրեր՝ արձանագրելու, հետազոտելու»,-բուսաբանի աշխատանքն է ներկայացնում Գ. Ֆայվուշը: Պետք է զբաղվել նաև էնդեմիկ տեսակները գենային անոթներում և սերմանոթներում պահպանելով, բուսաբանական այգիներում դրանք աճեցնելով և բնություն վերադարձնելով: Աշխատանքը բարդ է, աշխատակիցները' քիչ, անելիքը' շատ, ֆինանսավորումը' չնչին: Եվ ի՞նչ կարող են անել մի քանի բուսաբաններ օրեցօր ահագնացող բազմաթիվ սպառնալիքների դեմ: Ոչինչ… եթե նրանց ջանքերին չմիանա հասարակական այն գիտակցությունը, որ պետք է սիրել, ճանաչել ու պահպանել, որ բնությունը միայն սննդի և արտադրական հումքի աղբյուր չէ: Մարդն ինքը բնության մի մասնիկն է, և բարենպաստ կենսամթնոլորտի կարիք ունի' մաքուր օդով ու ջրով, որտեղ վերականգնում է հոգեկան ու ֆիզիկական ուժերը, վերապրում անգնահատելի զգացողություններ:

Այս թեմայով