25 Հունիս 2013, 16:40
1666 |

Լալա Մնացականյանն ու «անտանելի հայերը»

Յուրաքանչյուր երկուշաբթին Club 12- ում «ուրիշ է», ավելի կոնկրետ՝ թատերական: Ֆեյսբուքում հայտնաբերեցի, որ այս երկուշաբթի ակումբում ելույթ է ունենալու սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը: Երեկոն խոստանում էր լինել հետաքրքիր: Ինչպես ասում են` երկուշաբթին ծանր օր է, ես էլ որոշեցի թեթևացնել այն:

Ակումբի 80 նստատեղերից մոտ 30-ն արդեն զբաղված էին: Սիրալիր մատուցողուհին վառեց սեղանին դրված կարմիր մոմակալների մոմերն ու խնդրեց անջատել բջջային հեռախոսների ձայնը: Ուղիղ 20:30-ին բեմ դուրս եկավ Լալա Մնացականյանը: «Բարձրախոսով խոսել չեմ սիրում, ինձ լավ եք լսում, չէ՞»,-հարցրեց դերասանուհին, մի կողմ դրեց բարձրախոսը՝ կարծես հավասարվելով հանդիսատեսին:

«Ձեզ հետ պատահե՞լ է, որ, օրինակ, ֆեյսբուքում մի գրառում եք կարդացել ու հասկացել'կարծես ձեր սրտի խոսքը լինի: Հետո որոշել եք ինքներդ մի բան գրել: Չի ստացվել: Արդյունքում, կիսվել կամ չեք կիսվել ձեր ընկերների հետ հավանած գրառումով, գուցե նույնիսկ «լայք» չեք դրել: Հիմա նմանատիպ իրավիճակ է, ուզում եմ կիսվել ձեզ հետ մի բանով, որ կարդացել եմ, ու կարծում եմ' այն անպայման պետք է տարածել»,- ասաց Լալա Մնացականյանը:

Դերասանուհուն այդչափ հուզել էր բրիտանական լեգենդար հետախույզ Լոուրենս Արաբացու' Թոմաս Էդուարդ Լոուրենսի՝ 1919-ին Փարիզում ամերիկացի լրագրող Լինկոլն Ստեֆֆենսին տված հարցազրույցը: Հարցազրույց, որը միայն տասներկու տարի անց էր տպագրվել Outlook & Independent ամսագրում՝ «Այդ անտանելի հայերը» վերնագրով: 1993-ին հոդվածը թարգմանվեց ռուսերեն ու լույս տեսավ Зеркало ամսագրում: Հարցազրույցից լիովին անտեղյակների համար նշեմ' Լորենց Արաբացին խոսում է հայերի ոչնչացման, բնաջնջման մասին, նաև բնութագրում նրանց' որպես ուրիշի համար չաշխատող, բայց աշխարհի ամենափառահեղ ու խելացի ազգ:

Դերասանուհին սկսեց ընթերցել հարցազրույցը: Նրա հզոր էներգետիկայի, արտիստիզմի, խարիզմայի շնորհիվ բոլորս մի պահ տեղափոխվեցինք հենց այդ նույն սենյակ, որտեղ զրուցում էին Լինկոլնն ու Արաբացին: Հարյուր տարի առաջ քննարկվող թեման ու հարցերը սարսափելի ակտուալ երևացին մեր աչքին:

«Երկար ժամանակ մտածում էի' արժե արդյոք բարձրաձայնել այս հարցազրույցը: Չէ՞ որ հաճախ ինքներս ենք կոծկում մեր սխալներն ու թերությունները, չենք նկատում մեր խնդիրները՝ մեզ համարելով ամենից ամենան: Բայց գիտեք, օտարի աչքերով ամեն ինչ ակնհայտ է դառնում: Ինչու՞ ենք, առաքինի ժողովուրդ լինելով հանդերձ, մշտապես հայտնվում անհասկանալի խաչմերուկներում: Այսօր փորձում եմ ձեր օգնությամբ գտնել այս հարցի բանալին: Սկզբում ատում էի Լոուրենս Արաբացուն, բայց այսօր շնորհակալ եմ, որովհետև թույլ է տվել մեր իսկ աչքերով նայել մեզ»:

Մոտ 20 տարի առաջ նա առաջին անգամ ընթերցեց հոդվածն ու շոկային վիճակում հայտնվեց: Այսքան տարի անց Լալան հասկացավ՝ որպես արվեստագետ ու պարզապես քաղաքացի, պարտավոր է բարձրաձայնել խնդիրներն ու միասին լուծում փնտրել: «Մի լավ ասացվածք կա՝ ճանապարհն առաջին քայլից է սկսվում: Պետք է քայլենք, որ գտնենք»,- համոզված է դերասանուհին:

Սա մոնոներկայացում չէր, այն, ինչ տեղի ունեցավ ակումբում, ինտերակտիվ զրույց անվանելը ևս քիչ է: Ընթերցելուց հետո Լալա Մնացականյանն առաջին հարցն ուղղեց դահլիճին, ու, ազգի փրկության խնդրով միավորված, սկսեցինք քննարկել Արաբացու հարցազրույցը:

Դերասանուհին ընդհատեց դահլիճի բուռն քննարկումն ու ընթերցեց Դերենիկ Դեմիրճյանի «Հայը». «Արդյոք մի բան հասկանում ե՞ք հայից, որքա՜ն տարօրինակ, հանելուկային արարած …»: Մեջբերեց մեկ հատված էլ Սևակի «Անլռելի Զանգակատունը» պոեմից: 22:00-ն էր, երեկոն «բռավո»-ների ու ծափահարությունների ներքո կարծես ավարտին էր մոտենում, բայց դերասանուհին չափազանց ցավոտ թեմա էր բարձրաձայնել՝ հայի ինքնություն, պայքար, սեփական անձի կայացում: «Ես միայն մեկ ցանկություն ունեմ, որ ավելի շատ մարդ ներկա լինի այս զրույցին, ուզում եմ՝ միասին քննարկենք, սա մեր ընդհանուր ցավն է: Հույս ունեմ, որ սա մի փոքրիկ օդանցք է, որ դեպի դուռն է տանում»,- ասաց Լալա Մնացականյանը:

Արդեն կեսգիշերն անց էր, ակումբի պատերից դուրս Երևանն անձրևի տակ թրջվում էր: Մի պահ թվաց' մենք խլացրել ենք անձրևի խշշոցն ու քաղաքում միայն մեր ձայն է լսվում … Դեռ երկար շարունակում էինք զրուցել, բոլորս միասին քննարկել, վիճել, համաձայնվել, բղավել, հաշտվել, հետո նորից ըմբոստանալ: Հանկարծ նկատեցի՝ Լալա Մնացականյանը զրույցին մասնակցելուց բացի մերթընդմերթ թաքուն ժպտում էր՝ կարծես սառույցը տեղից շարժվում է, մարդկանց աչքերը փայլում են, պետք է շարունակենք պայքարել մեր ինքնությունը վերահաստատելու համար: Ճանապարհն առաջին քայլից է սկսվում:

Այս թեմայով