24 Հունիս 2013, 15:19
1621 |

Արհեստանոցն առանց ներկերի հոտի

Յուրա քեռին Գառնիից Երևան եկել էր 1964-ին: Առաջինն էր ընտանիքում, ով հարազատ քաղաքից եկել էր մայրաքաղաք: Այստեղ ընդունվեց Թերլեմեզյան վարժարանը: Ասում է՝ չէր զգում իր մեջ նկարչի տաղանդ, ուղղակի փոքր տարիքից լավ էր նկարում:

Ուսման ավարտից անմիջապես հետո լավ գործ գտավ. պետք է պաստառներ նկարեր Ֆիլհարմոնիայի թատրոնում: Լավ գումար էին առաջարկում, գործն էլ համապատասխանում էր մասնագիտությանը: Դրանից բացի՝ արվեստանոց էին տրամադրում: Համաձայնեց: Աշխատանքը պսակվեց հաջողությամբ, կյանքը լավ էր:  

Երիտասարդ Յուրան ապրում էր առանց ֆինանսական հոգսերի. փա՜ռք Աստծո՝ այն տարիներին համերգ ու ներկայացում շատ էր լինում, և պաստառների պատվերները չէին դադարում: Այդպես անհոգ ապրում էր: Աշխատանքից հետո էլ հաճախ ընկերներով հավաքվում էին նախկին «Դերասան» սրճարանում: Հիմա նույն տեղում գտնվում է «Գոլդն Թյուլիփ»՝ նախկին «Երևան» հյուրանոցը: Առաջ այդտեղ հավաքվում էր քաղաքի թատերական միջավայրի բոհեմը:

Ֆիլհարմոնիայի թատրոնում ստացած բավականին լավ աշխատավարձի շնորհիվ Յուրան կարողացավ սեփական տուն կառուցել Կոզեռնում, որը, ի դեպ, քաղաքի հնագույն թաղամասերից է: Գտնվում է Դեմիրճյան, Պռոշյան փողոցների և Բաղրամյան պողոտայի միջև ընկած բարձրության վրա: Այստեղ մի ժամանակ գերեզմանոց էր եղել, որտեղ թաղված էր 11-րդ դարի հայ գիտնական, աստվածաբան Հովհաննես Կոզեռնը, ում անունով հետագայում կոչվեց թաղամասը: Ազգային ժողովի շենքը նույնպես գտնվում է հին գերեզմանոցի տարածքում: Այստեղ էլ կառուցեց իր տունն այս ամենից անտեղյակ Յուրա քեռին: Զարմացած բարձրացրեց հոնքերը, երբ լսեց պատմածներս, ժպտաց ու խոստովանեց, որ նման բան չգիտեր. տեղն էր ուղղակի շատ հավանել: Է՛լ ավելի զարմացավ, երբ իմացավ, որ նույն Հովհաննես Կոզեռնը անդամն էր հայկական պատվիրակության, որը կաթողիկոսի առաջնորդությամբ գնացել էր՝ Հայաստանն առաջարկելու Բյուզանդիայի Վաղես կայսերը: «Ինչպե՞ս են դավաճանի անուն տվել ամբողջ թաղամասին», - գլուխն օրորելով ասաց նա ու վառեց հերթական ծխախոտը:

Բայց թողնենք պատմությունն ու վերադառնանք այն ժամանակները, երբ ձեռակերտ պաստառները սկսեցին դուրս գալ կիրառությունից, և եկավ փլոթերների դարաշրջանը: Պատվիրատուները սկսեցին նախընտրել տպարաններում պատրաստված պաստառներ՝ չնայած ավելի բարձր գնին: Տպելու առավելությունն այն է, որ կարելի է պայմանավորվել և արագ ստանալ արդյունքը: Իսկ նկարչին շտապեցնելն անհնար է, ներկերն էլ պետք է չորանան: Նոր պայմաններում Յուրա քեռու միակ գործը դարձավ կարկասներին պատրաստի պաստառներ քաշելը: Նրա կարծիքով՝ սա լավագույն տարբերակը չէ. «Այդ դիզայներները գաղափար չունեն, թե ինչպես են ճիշտ պաստառ ստեղծում: Նրանց թվում է՝ բավական է մեծ պատկերանիշ պատրաստեն, մի տեղում գույները՝ վառ, մյուսում՝ թանձր, ու ամեն ինչ կստացվի: Բայց նայում ես նրանց ստեղծածին ու ոչինչ չես հասկանում: Երբ ես եմ անում, միանգամից պարզ է դառնում՝ ով է համերգավարը, ով՝ կատարողը»:

Այդ ժամանակից ի վեր Յուրա քեռու արվեստանոցը դատարկ է ու լուռ: Առաջին անգամ, երբ ձեռքդ մեկնում ես, որ դուռը բացես, կարծում ես, թե հիմա դեմքիդ կխփի ներկերի ու լուծիչի թունդ հոտը, ու պատկերացնում ես՝ ինչեր կզգաս: Այդ պատճառով էր, որ ինձ մի տեսակ անհարմար զգացի, երբ ներս մտնելով՝ միայն ծխախոտի թանձր հոտն առա: Նույնիսկ մոռացա՝ ինչի մասին էի ուզում խոսել: Ներկայացա ու միաժամանակ աչքիս պոչով շուրջս նայեցի. չորացած վրձինները կոկիկ դասավորված էին, պատերին նկարների կոլաժներ էին, սրահում էլ թատրոններից մեկի հին պաստառն էր: Զգացվում էր, որ այստեղ մի ժամանակ նկարիչներ էին եղել:

Յուրա քեռու խոսքերով՝ քաղաքին հիմա մշակույթ պետք չէ: Ամեն օր գալիս է իր արվեստանոցը, խաչբառ լուծում, առանց շաքարի թունդ սուրճ խմում ու հարևանների հետ զրուցում, ովքեր հաճախ են գալիս զրուցելու նրա հետ: Յուրայի միակ հաճախորդները կոնսերվատորիայի ուսանողներն են. երբեմն համերգներ են լինում, իսկ գովազդի համար գումար չեն ունենում: Այդ հարցում նրանց Յուրա քեռին է օգնում: Ամսական մեկ պատվերը բավարար է լինում հանգիստ կյանքի համար: Երբ հարցրեցի՝ ինչպես է մնացած օրերին ապրում, չպատասխանեց: Ասաց միայն, որ երբեք Վերնիսաժում նկար չի վաճառի. ընկերներն ամբողջ օրը նստած են այնտեղ ու հազիվ են յոլա գնում:

Ինքն էլ չգիտի՝ կյանքն ինչ ընթացք կստանա: Անշուշտ, մի օր այս տունը կքանդեն՝ վթարային է: Այդ ժամանակ Յուրա քեռուն հաստատ էլ ոչ ոք նոր արվեստանոց չի տրամադրի: Այդպես էլ կավարտվի Երևանի պաստառների վերջին նկարչի պատմությունը:

Այս թեմայով