24 Հունիս 2013, 11:11
2477 |

Բարգավաճման մոդելը պահանջում է կամք, հավակնություններ և ռիսկ

– Նախորդ տարվա փետրվարին անցկացված հարցազրույցում մենք խոսում էինք «բարեգործության ինդուստրիա» հասկացության մասին: Այդ եզրույթի Ձեր ընկալումն ինչ-որ էվոլյուցիայի ենթարկվե՞լ է վերջին ժամանակաշրջանում:
– Մեր վերջին զրույցից հետո իսկապես շատ բան է տեղի ունեցել: Այսպես, օրինակ, որոշում է կայացվել IDeA (Initiatives for Development of Armenia) ֆոնդի հիմնադրման մասին: Քանի որ RVVZ բարեգործական հիմնադրամը, որի հիմնադրել ենք ես ու կինս' Վերոնիկա Զոնաբենդը, ծրագրեր է իրականացնում ոչ միայն Հայաստանում, մենք որոշեցինք, որ հայաստանյան նախագծերի «դրայվերը» կլինի հենց IDeA-ն:

Եթե հակիրճ ներկայացնեմ IDeA-ի նպատակները, ապա մենք հիմնում ենք այդ հիմնադրամը, որպեսզի հաղթահարենք թերահավատությունը եւ ընդլայնենք «վստահության շառավիղը» հասարակության մեջ: Մենք ցանկանում ենք իրականացնել բարեգործական ծրագրեր, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա, ցանկանում ենք օգնել Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատեւման մոդելից անցնել բարգավաճման մոդելի: Իսկ դրա համար անհրաժեշտ է ձեւափոխել մարդկանց մտածելակերպը, նրանց սովորեցնել աշխատել երկարատեւ սկզբունքներով եւ մտածել 20-30 տարի առաջ: Մենք փորձում ենք մարդկանց վերադարձնել հավատն առ այն, որ «անհնարինը հնարավոր է»' բարդ ու ծավալուն նախագծերի իրականացման համար մեխանիզմներ ստեղծելու միջոցով:

Մենք ձեւակերպել ենք հիմնական սկզբունքները, որոնք մեզ օգնում են ծրագրերն ընտրելու եւ դրանք իրագործելու հարցում: Դրանք յոթն են.
– ծրագրերի երկարաժամկետությունը;
– ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը;
– կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ;
– հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն;
– տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը;
– ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են;
– ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ:

Փորձեմ օրինակների վրա ավելի մանրամասն ներկայացնել այս սկզբունքները:

Երկարաժամկետություն: Մեր ծրագրերից եւ ոչ մեկը հաշվարկված չէ մի քանի տարվա համար, դրանց նախագծման եւ հաջողության հորիզոնը կազմում է 10-20 տարի: Օրինակ, «Տաթեւի վերածնունդ» նախագծի գաղափարը ծնվել է 2003թ., դրա իրականացումը մեկնարկել է 2008թ., իսկ ավարտը նախատեսվում է 2017թ., երբ կլրանա Տաթեւի վանքի 1111-ամյակը: Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծման գաղափարը իմ եւ Վերոնիկայի մոտ ծնվել է 2006թ., երբ մենք կրթության տարբերակներ էինք դիտարկում մեր երեխաների համար: 2010թ. ՀՀ նախագահը ապագա դպրոցի տարածքում խորհրդանշական ծառ տնկեց, 2014թ. դպրոցը կհյուրընկալի առաջին սաներին, իսկ ողջ հզորությամբ կգործի 2023թ.: Ձեռնարկելով նմանատիպ երկարաժամկետ ծրագրեր' մենք փորձում ենք անձնական օրինակի վրա ցույց տալ, որ երկրի ապագան չի կարելի կառուցել 2-3 տարվա ընթացքում: Դա քրտնաջան աշխատանք է, որը պահանջում է ներգրավվածություն տասնամյակների ընթացքում:

Ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը: «Տաթեւի վերածնունդ» ծրագրում, ընդհանուր առմամբ, կներդրվի շուրջ $80 մլն' ծրագրի նախաձեռնողների, ՀՀ կառավարության, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող մասնավոր անձանց կողմից: Դա շատ լուրջ գումար է: Բայց ծավալը որոշվում է ոչ միայն ներդրված միջոցների չափով, այլեւ տարածաշրջանում կենսամակարդակի որակական փոփոխություններով: Եթե խոսենք Տաթեւի մասին, ապա 2010թ. հոկտեմբերից սկսած' դեպի վանք տանող ճոպանուղուց օգտվել է ավելի քան 140 հազար մարդ, եւ դա իսկապես մեծ ցուցանիշ է: Զբոսաշրջության զարգացումը իր հետեւից բերում է ենթակառուցվածքների զարգացում, տեղի բնակչությունը ստանում է գումար վաստակելու նոր աղբյուրներ, ստեղծվում են նոր աշխատատեղեր եւ այլն: Դիլիջանի միջազգային դպրոցի դեպքում կամպուսի շինարարության, ենթակառուցվածքների եւ սարքավորումների ուղղությամբ կատարված ներդրումների ծավալը կազմում է $150 մլն: Հետագայում կներգրավվեն լուրջ միջոցներ, որոնք թույլ կտան կրթաթոշակներ եւ դրամաշնորհներ հատկացնել, որոնք հնարավորություն կտան վճարել աշակերտների 70%-ի կրթության համար: Այդպիսի ծրագրերը կարեւոր են ոչ միայն տեղական, այլեւ' միջազգային մակարդակով. դրանք ուշադրություն են գրավում Հայաստանի վրա: Օրինակ, «Տաթեւի թեւեր» ճոպանուղին գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկարն աշխարհում, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցում կսովորեն երեխաներ առնվազն 60 երկրներից:

Կոլեգիալություն եւ ինտերնացիոնալիզմ. ծրագրերը միավորում են մեծ թվով տարբեր ազգությունների եւ դավանանքի մարդկանց: Այս սկզբունքն առանցքայիններից մեկն է: Շատ կարեւոր է հասկանալ, որ սրանք Ռուբեն Վարդանյանի ծրագրերը չեն: Օրինակ, «Տաթեւի վերածնունդ» ծրագրի նվիրատուներ են դարձել ոչ միայն հայեր, ռուսներ կամ ամերիկացիներ, այլեւ' քրդեր, հնդիկներ եւ հրեաներ: Ծրագրի իրականացմանը ֆինանսական մասնակցություն է ցուցաբերում շուրջ 140 մարդ 18 երկրներից:

Մեր գործունեության հաջողության չափանիշն այն փաստը չէ, որ մեզ հաջողվել է կառուցել աշխարհի ամենաերկար ճոպանուղին, այլ այն, որ «Տաթեւի վերածնունդ»-ի նվիրատուների զգալի մասը որոշել է օժանդակել նաեւ Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին: Եթե մարդիկ շարունակում են գումար ներդնել նոր նախագծերում, նշանակում է, մեզ հաջողվել է համոզել նրանց մեր գաղափարների իրավացիության եւ գրավչության հարցում, իսկ դա հաջողության հստակ ցուցանիշ է:

Այս սկզբունքը հատվում է երկու այլ սկզբունքների հետ' մեր ծրագրերի ծավալուն էությունն ու դրանց հիմքում դրված մուլտիպլիկատիվ էֆեկտը. մեծ թվով մարդիկ, որոնք կապ չունեն Հայաստանի հետ, մասնակցում են ծրագրերի իրականացմանը այս երկրում: Նրանցից շատերը նախկինում երբեք այստեղ չեն եղել, իսկ հիմա գալիս եւ դառնում են Հայաստանի ընկերները:

Հիմքում դրված մուլտիպլիկատիվ էֆեկտ. ենթակառուցվածքների զարգացում այն տարածաշրջանում, որտեղ իրականացվում է ծրագիրը: Բնականաբար, «Տաթեւի վերածնունդ»-ի գլխավոր նպատակն ամփոփված է անվան մեջ' վերականգնել հայ միջնադարյան ճարտարապետության մարգարիտը եւ հայկական գլխավոր սրբավայրերից մեկը: Բայց, ընթանալով դեպի այդ նպատակը, մենք լուծում ենք նաեւ այլ կարեւոր խնդիրներ: Արդեն ակնհայտ է, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու շինարարությունը խթան հանդիսացավ տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման համար: Եթե մինչեւ ծրագրի իրականացումը Տաթեւի վանք էին այցելում լավագույն դեպքում օրական մի քանի տասնյակ զբոսաշրջիկներ, ապա այսօր աշխատանքային օրերին' արդեն մի քանի հարյուրը, իսկ հանգստյան օրերին զբոսաշրջիկների թիվը երբեմն հասնում է 1 000-ի: Վերջին մի քանի տարվա ընթացքում Գորիսում բացվել է 10 նոր հյուրանոց, եւ դա մեր ծրագրի բազմարդյունավետության վառ վկայությունն է: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում մարզում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման ուղղությամբ' հետիոտն եւ հեծանվային զբոսանքներ հատուկ լեռնային երթուղիներով, ժայռամագլցում եւ այլն: Տաթեւի վերածնունդը ազդում է նաեւ մերձակա գյուղերի վրա, որոնց բնակիչները հնարավորություն են ստացել պատշաճ աշխատանք գտնել:

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի մյուս շատ կարեւոր բաղադրիչը Արցախի հետ ավելի հարմարավետ կապի ապահովումն է: Հաշվի առնելով, որ Երեւանից դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը բավականին հոգնեցնող է, շատերը, այդ թվում նաեւ Հայաստանի բնակիչները, խուսափում են այցելել Արցախ: Իսկ այժմ զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումը Հայաստանի ճանապարհորդներին եւ օտարերկրյա զբոսաշրջիկներին թույլ է տալիս գիշերել Գորիսում, վայեյել Տաթեւի գեղեցկությունը եւ շարունակել ճանապարհը դեպի Արցախ:

Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությունը եւս վառ արտահայտված բազմարդյունավետ ծրագիր է: Նախ, Հայաստանը կհամալրի այն երկրների ցանկը, որոնցում գործում են գերժամանակակից կրթական չափանիշներին համապատասխանող միջազգային դպրոցներ, եւ դա մեծ ավանդ կհանդիսանա երկրի իմիջի ամրապնդման գործում: Երկրորդ, պատանիները, ովքեր կսովորեն Դիլիջանում, կկարողանան հետագայում կրթություն ստանալ աշխարհի լավագույն բուհերում, եւ Հայաստանում նրանց անցկացրած տարիներն ապարդյուն չեն անցնի. այդ երիտասարդները կդառնան մեր երկրի յուրօրինակ «պատվիրակները»: Երրորդ, նման ծավալում ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այդ ցանկը կարելի է շարունակել, ես առանձնացնում եմ առավել ակնհայտ տարրերը:

Տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը: Սա շատ կարեւոր եւ, միաժամանակ, իրականացման տեսանկյունից ամենաբարդ սկզբունքներից մեկն է: Ես չէի ցանկանա, որպեսզի մեր ծրագրերն ընկալվեն որպես «օտար մարմիններ» կամ «վերեւից» ներդրված երեւույթներ: Տաթեւում կամ Դիլիջանում աշխատող մարդիկ պետք է զգան, որ դա պարզապես աշխատանք չէ, դա «իրենց» ծրագիրն է, իրենց կյանքի մի մասը: Օրինակ, վերցնենք Երեւանի Կասկադը: Առաջին քանդակների նկատմամբ արձագանքը զգուշավոր էր, երբեմն' թշնամական: Բայց այսօր արդեն դրանք դարձել են երեւանյան բնական միջավայրի մասնիկը, եւ եթե ինչ-որ մեկի մտքով անցնի տեղից հանել Բոտերոյի «Կատուն», վստահ եմ, շատերը կսկսեն անհանգստանալ եւ հարցնել. «Ու՞ր է անհետացել մեր կատուն»:

Ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը: Անհրաժեշտ է գիտակցել, որ նախնական մեծածավալ կապիտալ ներդրումները բարեգործությունն են: Գումարները երբեք չեն վերադառնա նվիրատուներին: Պետք է մեխանիզմներ ստեղծել, որպեսզի ծրագրերն աստիճանաբար անցնեն ինքնաֆինանսավորման. դա ամենահուսալի եւ երկարաժամկետ մոդելն է: Մենք ձգտում ենք պայմաններ ստեղծել, որոնց դեպքում ծրագրերի հետագա գոյությունը ապահովված կլինի' անկախ նվիրատուներից: Օրինակ, Տաթեւի ճոպանուղին թանկարժեք ինժեներա-տեխնիկական կառույց է, եւ տոմսերի վաճառքից ստացված բոլոր եկամուտները գնում են դրա գործունեության պահպանմանը:

Ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշները: Հայաստանում մեր ծրագրերը համապատասխանում են ամենաբարձր միջազգային չափանիշներին: Տաթեւի ճոպանուղին կառուցել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը' համաշխարհային առաջատարն իր ոլորտում: Եթե խոսենք Դիլիջանի միջազգային դպրոցի մասին, ապա բրիտանացի ճարտարապետ Թիմ Ֆլինի նախագծի շնորհիվ, որը կյանքի է կոչվում ռուսաստանյան RD ընկերության կողմից, Հայաստանում կկառուցվի հասարակական շինությունների առաջին խոշոր համալիրը, որը կհամապատասխանի ժամանակակից բնապահպանական չափանիշներին եւ կատարելապես ներդաշնակ կլինի Դիլիջանի Ազգային պարկի լանդշաֆտին: Եթե անդրադառնանք դպրոցի հոգաբարձուների խորհրդին, ապա դրա բոլոր անդամները տարբեր ազգությունների անձինք են, ովքեր համաշխարհային ճանաչում են վայելում եւ պատրաստ են ղեկավարել այդ ծրագիրը: Դա եւս մեկ ապացույց է, որ մենք շատ բարձր նշաձող ենք սահմանում մեր ծրագրերի համար:

Եթե խոսենք բարեգործության ինդուստրիայի մասին, ապա դա հարաբերականորեն նոր հասկացություն է, ինչի արդյունքը այն մարդկանց ոչ բավարար քանակն է, ովքեր ունակ են արհեստավարժ զբաղվել բարեգործությամբ: Շատ հաճախ բարեգործությունն ընկալվում է որպես զգացմունքային պոռթկում, այլ ոչ թե մասնագիտական վարչարարական գործունեություն: Մարդիկ միշտ չէ, որ հասկանում են, որ այդ ոլորտի աշխատանքին հարկավոր է մոտենալ նույն լրջությամբ, որքան առեւտրային գործունեությանը: Իհարկե, շատերը վերադասավորվում են, սովորում: Ինչ-որ մեկին դա ավելի արագ է հաջողվում, մյուսին' ավելի դանդաղ, բայց բարեգործության ինդուստրիայի ընկալումը հասարակության շրջանում, այնուամենայնիվ, բարելավվում է:

– Դուք բազմիցս ասել եք, որ բիզնեսը Ձեզ հետաքրքրում է ոչ միայն որպես գումար վաստակելու միջոց, այլեւ որպես դրական փոփոխությունների հասնելու եղանակ: Ձեր ծրագրերը օգնո՞ւմ են Հայաստանին դրական տեղաշարժեր արձանագրել:
– Հուսով եմ' ինչ-որ չափով օգնում են: Ես կարեւոր եմ համարում նույնիսկ ոչ մեծ փոփոխությունները եւ ուրախ եմ, որ արդեն մեծ աշխատանք է կատարվել: Այլ հարց է, որ էությամբ անհանգիստ եւ ինքս իմ ու շրջապատի նկատմամբ շատ պահանջկոտ անձնավորություն լինելով' ես անհանգստանում եմ, որ ամեն ինչ դանդաղ է առաջ ընթանում: Միեւնույն ժամանակ, հասկանում եմ, որ Հայաստանում առհասարակ իրադարձությունների արագությունը մեծ չէ, եւ առկա է մեծ իներցիա: Ամեն դեպքում, հուսով եմ, որ մենք կհասցնենք մի քանի տասնամյակի ընթացում կյանքի կոչել այն ամենը, ինչը նախատեսել ենք:

- Այսօր տարածում է գտնում «քրաուդֆանդինգը» (crowd funding), երբ մարդիկ, հիմնականում' երիտասարդները, ինքնակազմակերպվում են սոցիալական ցանցերում եւ սկսում են գումարներ հավաքագրել հիվանդ երեխաներին օգնելու համար, ինչ-ինչ համայնքային խնդիրների լուծման նպատակով եւ այլն: Կարո՞ղ են ունեւոր մարդիկ օգնել նման երիտասարդներին ստեղծել որոշակի գործառնական միջավայր, որի շրջանակներում նրանք կկարողանան ավելի լավ իրականացնել իրենց բարի նպատակները:
- Կարելի է ասել, որ մենք էլ քրաուդֆանդինգի որոշակի փորձ ունենք. մի քանի տարի առաջ շատ մարդիկ արձագանքեցին «Երեւան» ամսագրի նախաձեռնությանը եւ մասնակցեցին միջոցների հավաքագրմանը' Երեւանում Սասունցի Դավթի արձանի եւ Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրի վերանորոգման համար: Ու թեեւ քրաուդֆանդինգի միջոցով դժվար է լուծել մեծ բարեգործական խնդիրներ, ես այն համարում եմ շատ լավ եւ կարեւոր մեկնարկ: Այնուամենայնիվ, քրաուդֆանդինգի եւ բարեգործության ինդուստրիայի միջեւ կան բազմաթիվ տարբերություններ. քրաուդֆանդինգը' դա մեխանիզմներից ընդամենը մեկն է:

– Մեր նախորդ հարցազրույցի ընթացքում Դուք ասացիք, որ «Հայաստան 2020» ծրագիրը «Հայաստանում մտավոր դաշտը հերկելու փորձ էր»: Ցավոք, փորձն այնքան էլ հաջող չէր, քանի որ ծրագրի շրջանակներում առաջարկված' Հայաստանի զարգացման մոդելները եւ սցենարները քննարկումների առարկա չդարձան քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների եւ ընդհանուր առմամբ հասարակության կողմից:
– Պատասխանը պարզ է. անհրաժեշտ է շարունակել «հերկել»: (Ժպտում է): Չի կարելի բերք ստանալ' դաշտը միայն մեկ անգամ վարելով: Եվ հետո, համաձայն չեմ, որ «Հայաստան 2020» ծրագիրն արդյունք չտվեց: Պետական-մասնավոր համագործակցության գաղափարը, որն ընկած էր նրա հիմքում, իրականացվեց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի ստեղծման ճանապարհով: Չմոռանանք, որ ՀՀ կառավարությունը «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ներդրել է $20 մլն' շատ մեծ ավանդ ներդնելով դրա իրականացման գործում: Այնպես որ, Տաթեւի վանքի վերակառուցումը մասնավոր ներդրողների, Հայ առաքելական եկեղեցու եւ կառավարության համատեղ աշխատանքն է, որտեղ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը համակարգողի դեր է կատարում ծրագրի մասնակիցների միջեւ:

IDeA հիմնադրամը «Հայաստան 2020» ծրագրի արդյունքն է: Այնպես որ, իրականում գաղափարներից եւ մոտեցումներից շատերը, որոնք մենք ժամանակին քննարկել ենք, աստիճանաբար սկսում են կոնկրետ ծրագրերի ուրվագծեր ստանալ:

– Ձեր կարծիքով, այսօր ամենաշատը ի՞նչն է պակասում Հայաստանին:
– Հավանաբար, այնքան էլ ճիշտ չէ նման գնահատականներ տալ, քանի որ ես այստեղ չեմ ապրում: Միաժամանակ, որպես մարդ, ով պարբերաբար այցելում է Հայաստան եւ կարող է գործընթացներին «կողքից» նայել, տեսնում եմ մի քանի հիմնական խնդիրներ:

Չնայած Հայաստանում առկա է աշխատատեղերի անբավարարություն, մեզ համար անչափ դժվար է գտնել մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց նվիրել ծրագրերին' չսահմանափակվելով միայն աշխատանքային ժամերով: Մինչդեռ շատերը պատրաստ են մեկնել Մոսկվա կամ այլ վայր եւ այնտեղ կատարել անհամեմատ պակաս հրապուրիչ աշխատանք:

Հարկ է նշել, որ հայ հասարակության շրջանում այսօր գերիշխում է հաջողության որոշակիորեն աղավաղված ընկալումը. հաջողակ է ոչ թե նա, ով շատ է աշխատում եւ վաստակում, այլ նա, ով փող ունի' առանց աշխատելու: Կարեւոր է ոչ թե գիտելիքի առկայությունը, այլ' դիպլոմի: Սա, իհարկե, ճնշող է: Այստեղ նաեւ հաճախ չեն տարբերակվում անձնական եւ մասնագիտական հարաբերությունները: Դա հանգեցնում է նրան, որ այս կամ այն գործնական խնդրի քննարկումը հաճախ վերածվում է «բազարի» կամ միմյանց «ոսկորների լվացման»:

Կա մեկ այլ հարց. երկրի ամենահարուստ մարդիկ խոշորագույն հարկատուները չեն հանդիսանում, իսկ նրանց բիզնեսը հաճախ հիմնված է ոչ թե տաղանդի կամ ինտելեկտի վրա, այլ' իշխանությանը մոտ լինելու: Գոյություն ունեն խաղի տարբեր կանոններ տարբեր խմբերի համար, որոնք կրկին որոշվում են ոչ թե տաղանդով կամ աշխատունակությամբ, այլ' այս կամ այն խմբին պատկանելությամբ: Թեեւ, իհարկե, կան նաեւ հաջողության լավ պատմություններ, եւ շատ հաճելի է, որ հայաստանյան գործարարներից ոմանք մասնակցում են մեր ծրագրերի իրագործմանը:

Կարծում եմ' այդ ամենը բխում է նրանից, որ մարդիկ չեն հավատում ապագային, երազանքներին: Հայաստանն այսօր ապրում է գոյատեւման մոդելի տրամաբանությամբ: Երբ ապրում ես այդ ռեժիմում, չես մտածում երկարաժամկետ հեռանկարների մասին: Ծրագրման «երկար» հորիզոնի բացակայություն է նկատվում նույնիսկ էլիտայի մոտ, այդ պատճառով կարեւորագույն որոշումները կայացվում են առանց ապագայի մասին մտածելու' ասես ապրում ենք միայն այստեղ եւ հիմա: «Կարճ» ապրելակերպը հատկապես նկատելի է քաղաքաշինության ասպարեզում. Հայաստանում այսօր կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ շենքեր, ընդ որում' քաղաքի կենտրոնում: Բայց տարածքը մեծ թվով օբյեկտներով արագորեն հագեցնելու դեպքում անխուսափելիորեն տուժում է շինարարության որակը, էլ չեմ խոսում ուղեկցող ենթակառուցվածքի մասին: Իսկ գաղափարական, էսթետիկ, ի վերջո' հարմարավետության եւ այդպիսի բնակարանները մարդկանց, հատկապես երեխաների կյանքին համապատասխանեցնելու խնդիրները ոչ ոքի չեն հուզում: Անշարժ գույքի նոր օբյեկտները պետք է ոչ միայն ներդաշնակ լինեն քաղաքային միջավայրին, այլեւ պետք է քաղաքին օգնեն պահպանել իր ամբողջականությունը, ինքնությունը, իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սիրում ես քո քաղաքը, հոգ ես տանում նրա մասին եւ մտածում ես, թե ինչպիսին է այն լինելու վաղը: Այսօր, ցավոք, չի զգացվում, որ մարդիկ սիրում ու հպարտանում են իրենց քաղաքով ու երկրով:

Իրավիճակը փոխելու համար հարկավոր է նախ ընդլայնել «վստահության շառավիղը», հետո' մեծացնել պլանավորման հորիզոնը, սակայն այսօր Հայաստանում առկա գոյատեւման մոդելը դա թույլ չի տալիս: Դա ոչ միայն իշխանության, այլեւ հասարակության, անհատ մարդկանց խնդիրն է: Նրանք, պատկերավոր ասած, կառուցում են փոքրիկ կրպակ, հետո դրան ավելացնում են ծածկապատշգամբ, հետո' պատշգամբ, ապա դրա տեղում ստեղծվում է արտադրամաս, արդյունքում այդ ամենը վերածվում է կայսրության, որն, այնուամենայնիվ, հյուսված է մնում ահա այդպիսի կարկատաններից:

Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում հայերն ապրել են օտարների լծի տակ, եւ, հավանաբար, դա է դարձել պատճառը, որ մենք շատ լավ միջնորդներ ու տեղակալներ ենք, բայց շատ հազվադեպ ենք դառնում խոշոր կորպորացիաների ղեկավարներ: Գոյատեւման մոդելը մեզ մոտ առկա է ամեն ինչում, իսկ ահա բարգավաճման մոդել, որը պահանջում է հավակնություններ եւ ռիսկ, դեռեւս գոյություն չունի:

– Մոդելը կարո՞ղ է փոխվել մոտ ապագայում:
– Ամեն ինչ հնարավոր է: Դա տեսլականի, կամքի եւ գործողությունների հետեւողականության խնդիր է: IDeA-ի նպատակը մարդկանց մտածելակերպի արդյունավետ փոխակերպումն է, ինչն անհրաժեշտ է բարգավաճման մոդելին անցում կատարելու համար: Այդ հարցում շատ կարեւոր է գործողությունների հետեւողականությունը. հնարավոր չէ դրան հասնել մեկ օրում:

 Հարցազրույցը՝ mediamax.am

Այս թեմայով