21 Հունիս 2013, 11:28
1167 |

Կանաչապատ նախանձ

Սիրահարների այգում համերաշխության կոչով հավաքվել էին շատ բարեհամբույր մարդիկ:

Վերջերս «Պողոսյան Պարտեզների» կամ ինչպես հասարակության մեջ է ընդունված՝ «Սիրահարների այգու» տնօրինությունը հայտարարություն էր տարածել, որը լույս էր սփռում այգու այցելուներին հուզող մի հարցի շուրջ՝ ի՞նչու այգում չի կարելի նստել խոտածածկույթի վրա: Ու որքան էլ հաճելի լինի քաղաքային եռուզեռից հետո այգու կանաչ խոտի վրա փռվելը, միևնույն ժամանակ' դա ոչ բոլորին է հասանելի: Այգու «ախորժաբեր» մարգագետինները զարդարում են « Խոտը չտրորել» մակագրությամբ ցուցանակները: Այգին նույնպես ունի իր կանոնները, «օրենսգիրքը»: Ի դեպ, օրինակ Նյու Յորքի Կենտրոնական այգում արգելվում է ծխելը: Իհարկե, սիրահարների այգում ծխելը նույնպես չի խրախուսվում, բայց մերոնք այդքան ռադիկալ քայլերի չեն գնացել: Իսկ սիզամարգերը չտրորելու պահանջը՝ բնորոշ աշխարհի բոլոր խնամված այգիներին, ընդամենը խոտածածկույթը պաշտպանելու այգեգործական պահանջ է:

Այս ամենից հետո, պատկերացրեք, թե որքան մեծ էր զարմանքս, երբ համակերպվելով այն մտքի հետ, որ այգու խոտը «տաբու» է , նույն այգում, մարգագետնին հանդիպեցի ծալապատիկ նստած յոգայով զբաղվող մարդկանց:

Ոչ այնքան լրագրողական պարտքը, որքան անարդարացիության զգացումը, չեմ թաքցնի՝ բարի նախանձը ստիպեց, որ պարզաբանեմ աչքիս տեսածը: Պարզվեց, որ այգու այս հատվածում համերաշխության կոչով հավաքվել էին շատ բարեհամբույր մարդիկ:

Սպասեցի, մինչ կավարտվի մեդիտացիայի սեանսը, մոտեցա ժպտերես «յոգերին»: Նրանք պատրաստակամությամբ ու սիրով դիմավորեցին ու պատմեցին, որ իրենք ներկայացնում են «Տիբեթ» մտավոր, հոգեբանական և հոգևոր զարգացման կենտրոնը: Այն կրթական, մշակութային կենտրոն է, որն իրականացնում է միջմշակութային երկխոսության , հասարակության հոգևոր զարգացմանը միտված ծրագրեր: Կենտրոնն ունի զանազան խմբեր: Նրանք ամռանը հաճախ են հավաքվում այգիներում և ինքնամոռաց տրվում մեդիտացիային: Ըստ նրանց, Հայաստանում ավելի շատ տարածված է խաթխա յոգան, այսինքն մարմնական յոգան, որը մարմնի ու հոգու ներդաշնակ մարզման համակցությունն է: Այս կենտորնում կիրառում են Յոգա Տանտրայի ուսմունքը:

Արդյո՞ք խորթ չէ յոգայի ուսմունքը հայկական ազգային մշակույթին, խմբի հոգևոր առաջնորդը՝ Էլեոնորա Մանանդյանը, ով 9 տարուց ավելի ուսանում է տիբեթյան լամաների մոտ, ասաց, որ համեմատականներ անցկացնելով քրիստոնեության և բուդդայականության մեջ, եզրահանգել է, որ երկու ուսմունքներն էլ քարոզում են նույն բարոյական ու հոգևոր արժեքները: «Դեռևս Գրիգոր Տաթևացին էր խոսում մեդիտացիայի մասին: 13-14-րդ դարերում Հայաստանում արդեն գիտեին բուդդայականության, յոգայի և մեդիտացիայի մասին», - նշեց նա:

Ինչպես նշեցին խմբի անդամները, այս մեդիտացիան կարեկցանքի կոչ է՝ բարություն ու մարդկային արժեքներ սերմանելու ու փոխանցելու ուսմունք:
Այս բարեհամբույր մարդկանց հետ զրույցից հետո, անկախ ինձնից սկսեցի մտածել, սիրո, համերաշխության, բարության ու լարվածությունից զերծ մնալու մասին: Ամեն դեպքում, քրիստոնեական մահացու մեղքերից մեկից՝ նախանձից, այս հանդիպումից հետո, միանշանակ ձերբազատվեցի:

Այս թեմայով