18 Հունիս 2013, 14:47
1395 |

Անապատային անտառներ

Մայիսի սկզբին google-ը հրապարակեց երկիր մոլորակի վերջին 30 տարվա արբանյակային լուսանկարների վիդեոշարքը, որտեղ Երևանի օրինակով պարզ երևում էր` ինչպես է մայրաքաղաքը զրկվել իր կանաչապատ տարածքներից: Այս «աղմկահարույց բացահայտումը» միանգամից իր արձագանքը գտավ սոցիալական ցանցերում: Սակայն առանց դրա էլ ակնհայտ էր, որ Հայաստանն անկախությունից ի վեր կանգնած է լուրջ անապատացման վտանգի առջև:

Հունիսի 17-ը նշվում է որպես անապատացման դեմ պայքարի միջազգային օր: 1995-ից ցայսօր ՄԱԿ-ի հորդորով էկոլոգներն ու պարզապես սրտացավ մարդիկ բարձրաձայնում են վերահաս աղետի' անապատացման մասին: Անտառների հատումն ու բնական պաշարների անխնա օգտագործումն անխուսափելիորեն երկիր մոլորակն անապատացման են տանում: Թվում է, թե տեղեկատվության պակաս, որպես այդպիսին, չկա: Երեխային էլ պարզ է՝ ինչքան շատ ծառեր հատվեն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ մի քանի տարի անց մեր երկրում էկոլոգիական կարգավիճակի ամենադիպուկ բնութագրիը «Անապատի արև» երգի վերնագիրը կլինի:

Խորհրդային տարիներին անտառապատման աշխատանքներն իրականացվել են ահռելի թափով: Սոճիների խիտ անտառները, բացի էկոլոգիական խնդիրներ լուծելուց, նաև տնտեսական մեծ նշանակություն ունեին: Խիտ դասավորված անտառներում արդեն հասուն ծառերի շրջանում նոսրացման աշխատանքների շնորհիվ խորհրդային Հայաստանի անտառտնտեսությունը թանկարժեք փայտանյութի հսկայական պաշար էր կուտակում: Բայց խորհրդային իշխանության ժամանակներն անցան, և նրանց հետ պատմություն դարձան նաև պետական մակարդակով իրականացվող անտառապատման աշխատանքների տարիները:

1994-ին Հայաստանում հիմնվեց Հայաստան ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ) (պաշտոնական անվանումը՝«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ): Հիմնադրամի առաքելությունը բնապահպանական ծրագրեր իրականացնելն է, մասնավորապես, բնապահպանական կրթություն, անտառտունկ, համայանքային ծառատունկեր: Իր գործունեության տարիների ընթացքում այս կազմակերպությունը, սփյուռքահայ և արտասահմանցի բարերարների աջակցությամբ, Հայաստանի անտառազուրկ տարածքներում տնկել է ավելի քան 4 մլն ծառ: Միայն Լոռու մարզում տնկվել է 400 հա անտառ

Տարածքը ցանկապատելու, ծառատունկի և խնամքի արդյունքում արդեն անզեն աչքով նկատելի է ցանկապատից ներս գտնվող բուսականության առատությունը: Ճիշտ է' այս տարածքը անտառ անվանելը դեռևս չափազանցություն կլինի. երկու տարեկանտնկիները հազիվ մի քանի տասնյակ սանտիմետր հասակ ունեն: «Անտառտնկումը ապագայի նախագիծ է, միայն 7-10 տարի հետո կկարողանանք նկատել արդյունքը, իսկ 20 տարին արդեն բավական է, որպեսզի անտառը կարողանա առանց խնամակալության, ինքն իր հունով զարգանալ»,- ասաց ծրագրի ղեկավարը:

Իսկ, օրինակ, 2007-ին Ֆիոլետովո համայնքում հիմնված 50 000 տնկի ունեցող «Հրանտ Դինք» անտառն արդեն տեսանելի է նույնիսկ հեռվից: Սոճիների պուրակը անտառտկնկման լավագույն օրինակներից է: Երկու մետրի հասնող ծառերն այնքան «ջանասիրաբար» են աճել, որ այս տարի նոսրացման աշխատանքներ պետք է իրականացվեն:

Այսօր 60-հոգանոց աշխատակազմով հիմնադրամը Հայաստանում 3 տնկարան ունի: 2007-ին Մարգահովտում 5 հա տարածքի վրա հիմնված Միրաք տնկարանում տարեկան աճեցվում է 500 000 տեղական ծառատեսակ, որոնց թվում ՝ կաղնի, հացենի, սոճի, վայրի տանձենի, խնձորենի, ինչպես նաև' ոչնչացման վտանգի երթակա արոսենի և բարձրլեռնային թխկի:

Անտառտնկման աշխատանքները միայն ծառատունկով չեն սահմանափակվում: Այստեղ տարին երկու անգամ իրականացվում է ծառերի խնամք և պաշտպանություն: Բացի տնային կենդանիներից, հաճախ ծառերն անհրաժեշտ է լինում պաշտպանել ծառագողերից: Գնալով մեծանում է նաև անտառային հրդեհների վտանքը: Անցյալ տարի Ծաղկահովտի 60 հա տարածքով անտառից այրվեց մոտ 10 հա-ն:

Մրգահովտում անցյալ տարի հիմնադրամի կողմից բացվեց թվով երկրորդ ուսուցողական կենտրոնը, որտեղ դպրոցահասակ երեխաներին սովորեցնում են անտառտնկման հմտություններ, ծանոթացնում ծառատեսակներին և դրանց խնամքի ձևերին: Բնապահպանական կենտրոններում վերապատրաստվել են 1000-ից ավելի ուսուցիչներ: Վարդան Մելիքյանի խոսքով' սա հիանալի առիթ է բնապահպանական կրթությունը պարտադիր կրթական ծրագրում ներգրավելու մասին մտորելու:

Այս թեմայով