17 Հունիս 2013, 10:25
1532 |

Տաթևի միավորող ուժը

Ժողովրդական դիվանագիտության առաքելության «Բոլորը գնում են Երևան» ծրագրի շրջանակում հյուրերի ու մասնակիցների խումբը «Տաթևի վերածնունդ» ֆոնդի հրավերով ուղևորվեց Տաթևի վանական համալիր: Միջազգային ԶԼՄ-ների ու հյուրերի 45 ներկայացուցիչներ երկար ճանապարհ հաղթահարեցին, որպեսզի Հայաստանն իրենց համար բացահայտեն:

Տուրի ընթացքում կազմակերպվել էր էքսկուրսիա Տաթևի վանքում, ինչից հետո տեղի ունեցավ ոչ պաշտոնական հանդիպում «Տաթևի վերածնունդ» ֆոնդի տնօրեն Արտակ Մելքոնյանի հետ, որը պատմեց ֆոնդի՝ վանական համալիրի վերակառուցման բարեգործական ծրագրի մասին:

«Տաթևի վերածնունդ» ֆոնդի քաղաքականության համաձայն, ճոպանուղու տոմս գնող յուրաքանչյուր ուղևոր իր ներդրումն է կատարում միջնադարյան վանքի վերակառուցման մեջ: Այդ պատճառով բոլոր հյուրերը սեփական միջոցներով էին տոմսեր ձեռք բերում:

Ճոպանուղով երթևեկելը ոմանց համար հերոսության նման մի բան էր: Բայց յուրահատուկ հուշարձանը տեսնելու համար հյուրերը հաղթահարեցին բոլոր վախերն ու կասկածները: Ճոպանուղին շատերը ժամանակակից աշխարհը միջնադարի հետ կապող կամուրջ էին անվանում: Հյուրերը խոստովանեցին, որ Տաթևի տարածքում ինչ-որ գաղտնիք, հանելուկ կա, որն ուզում ես պարտադիր բացահայտել: Ներկաների հիմնական զգացողությունը հիպնոսական ու հոգեկան հանգստությունն էր: Յուրաքանչյուրը վանքում իր սիրուց մի մասնիկ թողեց՝ փոխարենը տանելով այս վայրերի անկրկնելի ոգին:

Մեելիս Կուբիտս. ձեռնարկատեր, «Բոլորը գնում են Երևան» ծրագրի կազմակերպիչ
Հայաստանում մի քանի անգամ եղել էի, բայց Տաթևն առաջին անգամ տեսա, և այն ինձ ապշեցրեց: Տաթևում յուրահատուկ է հնի ու նորի համադրությունը: Վանքն ուժեղ տպավորություն է թողել: Ես անպայման էլի կգամ այստեղ՝ գիշերակացով, որ վայելեմ այս վայրերի հանգստությունն ու խորհրդավորությունը:

«Տաթևի վերածնունդ» նախագիծը՝ որպես զբոսաշրջության պոտենցիալ կենտրոն, միայն տարածաշրջանին հավելյալ եկամուտ բերող մտահղացում չէ: Այն պետության անվտանգության որոշակի երաշխիք է, քանի որ զբոսաշրջությունն ուղղակիորեն կապված է պետության կայունության հետ: Այդ պատճառով պետք է ողջունել նմանատիպ բարեգործության հետ կապված ցանկացած քայլ:

Ռուբեն Վարդանյանը, որն այստեղ սեփական միջոցներն է ներդնում, մի անգամ ինձ ասաց, որ շատերը չեն հասկանում՝ ինչու է սա անում ու նրա ինչին է այս ամենը պետք: Ինձ հասկանալի են նրա զգացողությունները, բազմաթիվ նմանատիպ հարցեր մեր հետ կապված էլ են ծագում: Հաճախ հարցնում են՝ ինչու եմ ես դա անում և անձամբ ես ինչ օգուտ ունեմ այս ամենից՝ չհասկանալով, որ մեր նպատակները շատ ավելի լայն են ու գլոբալ: Ես հասցրել եմ երթևեկել ճոպանուղով, եղել եմ վանքում ու հասկացել, որ այստեղ ինչ-որ շատ կարևոր բան է կատարվում, որի իմաստը դեռ երկար կմնա անհայտ:

Ալեքսանդր Մորոզով. «Ռուսկի ժուռնալ»-ի գլխավոր խմբագիր
Տաթևն անմոռանալի տպավորություն թողեց: Ես շատ վայրերում եմ եղել, բայց ձեր վանքի հետ ինչ-որ բան համեմատելը բարդ է:

Շատ հավանեցի զբոսաշրջությունն ու հայկական հավատքի հոգևոր կողմը կապելու գաղափարը, որն այսօր հանդիպմանը ներկայացրեց Ֆոնդի տնօրեն Արտակ Մելքոնյանը: Կարծում եմ՝ սա շատ հեռանկարային է ու հետաքրքիր:

Ինչը դուր չեկավ՝ ճանապարհները: Կարծում եմ՝ Երևանից այստեղ բերող մայրուղին նման զբոսաշրջային հմայք ունեցող վայրի համար բավարար որակյալ չէ: Այն պետք է կարգի բերել: Իսկ մնացյալի առումով խոսքեր չկան, այնքան տպավորված եմ: 

Կիրիլ Ավելև. գրաֆիկայի կոլեկցիոներ
Երբ տեսա ընկերոջս՝ Ալեքսանդր Ֆլորենսկու՝ Տաթևում արված լուսանկարները, նախանձեցի ու որոշեցի ամեն դեպքում նստել ճոպանուղին ու գնալ մինչև վանք: Ինչի համար չզղջացի: Դա անմոռանալի էր:

Հայաստանում անցակացրած երկու օրերիս երեք գլխավոր տպավորությունները՝ Տաթևը, աներևակայելի գեղեցիկ հայ աղջիկներն ու այն, թե որքան հարմարավետ էի ես այստեղ ինձ զգում ռուսաց լեզվի առումով:

Ալեքսանդր Ֆլորենսկի. նկարիչ
Տաթևը շատ գեղեցիկ է: Հնարավոր է՝ ինչ-որ բան նկարեմ, դա էլ կլինի տեսածս գեղեցկությունից իմ տպավորությունների արտացոլումը: Քանի որ ես անկարող եմ բառեր գտնել, որոնցով կփոխանցեմ զգացմունքներս:

Առաջին անգամ Հայաստան այցելել եմ 70-ականներին: Եվ ինձ համար շատ հետաքրքիր էր հսկայական ժամանակահատված անց այստեղ վերադառնալը: Վերջերս Վրաստանից մեքենայով գալիս էի, ու ճանապարհին հաջողվեց Հաղպատն ու Սանահինը տեսնել: Հայաստանն ինչպես միշտ չքնաղ է: Իհարկե, մեկ շաբաթը սարսափելի քիչ է երկիրը տեսնելու համար: Երևանում անցկացրած 2 օրերի ընթացքում ես միայն հասցրեցի ցուցահանդես կազմակերպել ու շփվել այն այցելած մարդկանց հետ: Եղա մայրաքաղաքային թանգարաններում, այցելեցի Ռուսական արվեստի նոր թանգարանը Կասկադում: Այնտեղ բարձր որակի ռուսական կերպարվեստի հիանալի հավաքածու կա, որը կարող է մրցել ռուսական ազգային պատկերասրահի նմանատիպ հավաքածուի հետ:

Ափսոս, որ Հայաստանում քիչ հին շենքեր են մնացել, ես դրանց մեծ երկրպագու եմ:

Վիկտոր Նազարատի. գրող (Էստոնիա)
Տաթևն աստվածային է: Բայց ինձ ապշեցրեց նաև գիշերային Երևանը: Ձեր քաղաքը զարմանալի դաստիարակված ու ինտելիգենտ է: Ամենից շատ տպավորել է այստեղի երիտասարդությունը՝ կոկիկ հագնված, ոչ ագրեսիվ, պարկեշտ պահվածքով: Դա մեծ առավելություն է: Ես Հայաստանը սիրեցի 79-ին և այսքան տարի անց այստեղ վերադառնալով համոզվեցի՝ սա սեր է ամբողջ կյանքի համար: Հայաստանից հետս կտանեմ միայն սեր ու արև: Ու նաև՝ Տաթևի ոգին:

Բորիս Մինաև. «Մեդվեդ» ամսագրի գլխավոր խմբագիր
Տաթևում տեսածիս տպավորություններն անհավանական են: Այստեղ կարծես երանության մեջ ես հայտնվում: Եվ եղանակն էլ աստվածային է՝ մեզ դիմավորեց հիանալի արևային օրը:

Ուղևորությունից առաջ կարդացի «Հայաստանի դասերը», որոնք շատ օգնեցին այս երկիրը հասկանալ: Բայց անգամ ամենահանճարեղ գիրքը չի կարող փոխանցել այն, ինչն անհրաժեշտ է տեսնել սեփական աչքերով ու զգալ սեփական մաշկով: Այստեղ ինչ-որ ներքին հարմարավետություն ու բացարձակ հանգստություն է զգացվում: Դիվանագիտության առաքելության նախագծի գլխավոր իմաստը բացառիկությունն է: Էլի փառատոներ կլինեն, բայց այնպես, ինչպես այս տարի, երբեք չի լինի: Երբ հայ հանդիսատեսի մոտ խոսում ես Դովլաթովի մասին, և տեսնում ես՝ ինչպես են արձագանքում, դա համարժեք է հրաշքի: Երբ էստոնական երաժշտական համույթը հանդես է գալիս երևանյան նվագախմբի հետ և ստացվում է յուրահատուկ մշակութային խառնուրդ, այստեղ հրաշք կա: Քանի որ առանց մոգության տարբեր երաժշտական մշակույթները, երաժշտության հանդեպ երկու տարբեր մոտեցումները չէին կարող այսքան ցնցող ու ներդաշնակ զուգամիտվել: Առանձին ուշադրության է արժանի իմպրովիզի թատրոնը, որտեղ բոլոր պատմությունները հընթացս են հորինվում՝ մշտապես թարմացվելով: Եվ այս անգամ այս պատմությունները հայերի մասին էին:

Բոլոր այս միջոցառումները խոսում են այն մասին, որ փառատոնը միանգամյա, էքսկլյուզիվ երևույթ է: Կենդանի երաժշտության, կենդանի գործողության ու շփման համադրություն: Հետաքրքությունների միավորումը վերածվում է ազգերի միավորման, որը տեղի է ունենում մեր աչքի առաջ: Էստոնացիները, իհարկե, իրենց հարմարավետ են զգում Տալլինում: Բայց ես պատկերացնել անգամ չէի կարող, որ նրանք նույնքան հարմարավետ կզգային իրենց նաև այստեղ: Չէի կարծում, որ Երևանի ու Տալլինի սերն այսչափ վաղեմի է: Դե իսկ այս ամենից վեր Տաթևն է:

Այս թեմայով