16 Հունիս 2013, 15:54
1448 |

Եկեք անենք դա բուսաբանական այգում

Շուտով էստոնացի հյուրերը կմեկնեն և բուսաբանական այգին կրկին կհայտնվի երևանցիների «հոգատար» ձեռքերում:

Վերջին օրերին սոցիալական տարբեր կայքերում ակտիվորեն գովազդվող աղբահավաքի ակցիայի կազմակերպիչները խոստանում էին 200 կամավորների մասնակցություն, ինչպես նաև զանազան մրցույթներ և մրացանակներ: Ու թվում է թե, պիտի անակնկալի գայինք, երբ բուսաբանական այգում, միջոցառման նշված ժամին, կազմակերպիչներից և մի քանի օտարերկրացի կամավորներից բացի, ոչ ոքի չտեսանք: Սակայն արդյունքը կանխատեսելի էր: Մինչ զանազան ՀԿ-ներ, տարբեր կոնֆերանսների ու քննարկումների ժամանակ ներկայացնում են աչք ծակող թվեր, թե ի՜նչ ջանասիրությամբ են մասնակցում մեր համաքաղաքացիները աղբահավաքներին, իրականությունը միանգամից փշրում է կոնֆերանսային միֆերը: Կարծես մեր հասարակության ենթագիտակցության մեջ դեռ թարմ են խորհրդային պարտադրված շաբաթօրյակները: Միգուցե հենց այդ է պատճառը, որ այս միջոցառմանը հետևող բուսաբանական այգու այցելուները ժպտալով անցնում էին՝ ոչ մի կերպ չաջակցելով աղբահավաքին:

Նշել, որ բուսաբանական այգին աղբահանության տեսանկյունից բացիթողի վիճակում է, սխալ կլինի: Բացի այգու աշխատակիցներից, ովքեր ամեն օր իրականացնում են մաքրման աշխատանքներ, զանազան հասարակական նախաձեռնություններ այստեղ նույնպես կատարում են աղբահանություն: Ինչպես , մեզ հետ զրույցում նշեց ակցիային մասնակից սակավաթիվ հայ կամավորներից մեկը՝ Էլենը, ընկերների փոքրաթիվ խմբով երկու ամիս առաջ այգում արդեն իրականացրել էին աղբահանություն: Առանց մամուլի կամ ՀԿ-ների մասնակցության, երիտասարդները սեփական ուժերով եկել ու մաքրել էին կանաչապատման առումով ժլատ Երևանի համար այսքան կարևոր այգին: Սակայն երկու ամիս անց, Էլենը ցավով է նայում, կուտակված աղբի պարկերին:

Հատկանշական է, որ աղբահանության մասնակիցների (որոնց թիվը, արժե նշել, որ չէր գերազանցում 15 հոգին) 60%-ը օտարերկրացիներ էին: ԱՄՆ դեսպանատան աշխատակից Քևին Թըրները նշեց, որ իր համար շատ կարևոր է մաքուր տեսնել այն վայրը, որտեղ երեխաներ են խաղում: «Երբ սոցիալական կայքերից մեկում կարդացի միջոցառման մասին հայտարարությունը, որոշեցի, որ կմասնակցեմ»,- ասաց Քևինը:

Օրինակ, Էստոնիայում 2008-ին համաէստոնական աղբահավաքի մասնակիցների թիվն անցնում էր 50 000-ը, նրանք 5 ժամում համատեղ ուժերով Էստոնիան աղբազրկել էին համարյա 10 000 տոննա աղբից: Սա Lets Do it! շարժան առաջին ձեռբերումներից էր: Միջազգային շարժման Հարավային Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային համակարգող Քադի Կենկը Հայաստան այցելելու առիթն օգտագործեց, հուսալով այստեղ նույնպես կազմակերպել նման ակցիա:

Էկոլոգիական խնդիրներով մտահոգված էստոնացի կամավորը որպես խրախուսական նվեր ակցայի մասնակից-կամավորներին բերել էր Բանգլադեշում վերամշակման արդյունքում ստացված բազմակի օգտագործման ունիվերսալ պայուսակներ ՝ ֆուրոշիկիներ: Տեքստիլ ֆաբրիկայի թափոններից վերամշակված քառանկյուն կտորները հնարավոր է զանազան հանգույցների միջոցով շատ արագ վերածել գնումներ կատարելու համար էկոպայուսակների:

«Երևանի բուսաբանական այգին ի սկզբանե երևանցիների պիկնիկ կազմակերպելու ամենասիրած վայրերից է: Այս պայուսակները, հուսով եմ, կդառնան այդ պիկնիկների անբաժան մասնիկները, այդպիսով գոնե փոքր-ինչ թեթևացնելով այգու աղտոտումը»:

Երեք ժամ տևած աղբահանության արդյունքում սակավաթիվ կամավորների ջանքերով երկու ամիս առաջ մաքրված այգու տարածքից դուրս բերվեց շուրջ 30 պարկ մանր կենցաղային աղբ, որոնց մեծ մասը պլաստիկ շշեր էին: Ի դեպ, այգու տարածքում ամեն քայլափոխի կարելի էր հանդիպել հատուկ այդ շշերի համար նախատեսված աղբամաններ: Բուսաբանականից դուրս բերվեց նաև խոշոր աղբ, օրինակ բեռնատար մեքենաների անվադողեր:

Շուտով էստոնացի հյուրերը կմեկնեն և բուսաբանական այգին կրկին կհայտնվի երևանցիների «հոգատար» ձեռքերում: Էստոնական աղբահավաքության մրցաշարում ակնհայտ պարտության դառնահամը կփորձի փոքր-ինչ փարատել այն, որ նույն օրը կայացած Արարատ-Երևան և Արարատ-Տալլին ֆուտբոլային հանդիպման ժամանակ էստոնացիների հանդեպ մերոնք 7-1 հաշվով հաղթանակ տարան: 

Այս թեմայով