14 Հունիս 2013, 13:38
1649 |

Աղբամանից` ցուցասրահ

2008-ին Էստոնիայում իրականացվեց մեծ համաէստոնական աղբահավաքը, որի մասնակից շուրջ 50 000 կամավորներn ընդամենը 5 ժամվա ընթացքում հավաքեցին ավելի քան 10 000 տոննա աղբ: Այս իրադարձությունը հիմք դարձավ համաշխարհային Lets Do It! շարժման համար:

Հայաստանում աղբահանության և աղբի վերամշակման խնդիրն էստոնականից այդքան էլ չի տարբերվում: Որպես աղբ արտադրող երկիր՝ այն գտնվում է միջին հորիրզոնականներում, սակայն այդ արտադրված աղբի վերամշակման ու ոչնչացնման ծավալներն այնքան չնչին են, որ արտադրված աղբը հայտնվում է բառացիորեն մեր ոտքերի տակ: Այս խնդիրը դարձել էր հունիսի 13-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպված Lets Do It! World համաշխարհային շարժման ձեռքբերումներն աշխարհում և Հայաստանում» խորագրով կոնֆերանսի թեման: Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ-ի և ՀԱՀ «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի նախաձեռնած համաժողովին մասնակցում էին «Բոլորը մեկնում են Երևան» ակցիայի շրջանակներում Հայաստան ժամանած էստոնացի հյուրեր, որոնց թվում էին նաև Lets Do It! շարժման հիմնադիրները: 2012-ից Հայաստանը այս շարժման անդամ երկրների թվում է, անցյալ տարի «Հայաստանն առանց աղբի» ծրագրի շրջանակներում 2600 կամավորներ «աղբապուրծ» արեցին շուրջ 600 մ3 տարածք:

ժամանակ առ ժամանակ իրականացվող շաբաթօրյակներն աղբից ձերբազատվելու լավագույն լուծումն են: Եվ գաղտնիք չէ, որ շաբաթօրյակների ակտիվ կամավոր- մասնակիցներն առաջին հերթին երեխաներն են: Lets Do It! շարժման մասնակիցները միաբերան նշեցին, որ կամավորականների գերակշռող մասը դպրոցականներ են: Սակայն հայ դպրոցականները կանգ չառան շրջակա միջավայրից աղբը հավաքելով միայն: Երկրի էկոլոգիական խնդիրներով հետաքրքրված պատանիները տեսակավորեցին հավաքված աղբը, գտան վերամշակելու իրենց յուրօրինակ տարբերակները: ՀԱՀ Մանուգեան դահլիճի նախասրահում «Օհանյան» և «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրների սաները ներկայացրեցին իրենց իսկ կողմից հավաքված ու տեսակավորված կենցաղային աղբից պատրաստված իրերի ցուցահանդես:

Արդեն երկու տարի է, ինչ «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրը մասնակցում է բնապահպանական միջոցառումների: Զանազան էկոնախագծերից ու շաբաթօրյակներից ոգևորված երեխաներն այս անգամ պատրաստել էին էկոլոգիապես մաքուր կենցաղային պայուսակներ՝ նախատեսված բազմակի օգտագործման համար: Ի տարբերություն պոլիէթիլենային տոպրակների՝ դրանք չեն աղտոտում շրջակա միջավայրը, արագ քայքայվում են:

«Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի աշակերտուհի Գոհարն ասաց, որ ամեն օր բախվում է նման խնդրի և ինքն իր համար լուծում է գտել: «Վերջերս մի շարք խանութներ որպես պոլիէթիլենային տոպրակներին այլընտրանք սկսել են գնորդներին առաջարկել թղթե տոպրակներ: Գնումներ կատարելիս խնդրում եմ, որպեսզի մեր ապրանքը տեղավորեն հենց այդպիսի տոպրակներում»:

Խնդրի լուծման մեկ այլ տարբերակ են գտել «Օհանյան» կրթահամալիրի դպրոցականները՝ վերամշակելով իրենց տանը կուտակված աղբը: Առաջին հերթին երեխաները տանը տեսակավորել են թուղթը, պլաստիկ շշերը և այլն: Այնուհետև դպրոց բերել արդեն տեսակավորված աղբը ու դրանցից զանազան իրեր պատրաստել: Օրինակ, պոլիէթիլենային տոպրակներից թելեր ստանալով, երեխաները պայուսակներ, զարդատուփեր, թատերական բեմականացումների համար հագուստներ և նույնիսկ տիկնիկներ են պատրաստել, որոնք իմիջայլոց, հետագայում դպրոցում տիկնիկային ներկայացումներ բեմադրելիս շատ են պետք գալիս: Թվում է թե, երեխաներն ի զորու են վերամշակել ամեն ինչ: Այս դպրոցում դեն չեն նետվում անգամ վատ գնահատականներով օրագրերը և սևագիր տետրերը: Դրանք վերածվում են բացիկների, թղթե զարդերի, անգամ մեր արեգակնային համակարգը ներկայացնող փոքրիկ մակետի:

15-ամյա Վիկտորը կարծում է, որ Հայաստանն այսօր կանգնած է բնապահպանական մեծ խնդրի առաջ: «Իմ կարծիքով, եթե աղբի կուտակումները շարունակվեն այս տեմպերով, մենք՝ երիտասարդներս, շուտով ստիպված կլինենք հրաժարվելու բնության գրկում հանգստանալու ցանկությունից, քանի որ աղբի ամենամեծ կուտակումները, դատելով նախորդ տարիներին մեր աղբահանության փորձից, հիմանակնում բնության գրկում են՝ անտառներում, հանգստյան գոտիներում, գետերի հուների մոտ, այսինքն մարդիկ իրենց հետևից չեն հավաքում աղբը: Անցած տարի սեպտեմբերին մեր դպրոցով մասնակցեցինք Ջրվեժի դենդրոպարկի մաքրությանը, հավաքեցինք ու տեսակավորեցինք ավելի քան 60 պարկ աղբ: Սակայն վերջերս այցելեցի դենդրոպարկ ու ինձ համար շատ ցավալի էր, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում մեր ամբողջ կատարված աշխատանքը ջուրն էր ընկել: Միջավայրն այնքան կեղտոտ էր, կարծես այնտեղ երբեք ոչ մի աշխատանք չէր տարվել»: Սակայն երեխաները չեն վհատվում, ավելին՝ պլանավորում են այս տարի նորից գնալ այնտեղ ու էլի մաքրել, ով գիտե՝ միգուցե վերջապես մեծերը գնահատեն նրանց աշխատանքը:

Այս թեմայով