11 Հունիս 2013, 15:08
2651 |

Չդատարկվող ճամպրուկների պատմություն

Հովիկ Շիրվանիանը հրաշալի կահույքագործ է, շինարար, ոսկերիչ և վերջում միայն դաջվածք անող, էլ չեմ խոսում դերասանական ունակությունների մասին: Իսկ նրա սենյակի ճամպրուկները երբեք չեն դատարկվում:

Որոշեցինք, որ մեր զրույցը պետք է Հովիկի տանը լինի ՝ Քանաքեռում: «Դե արի ու Քանաքեռ հասիր»,- մի քիչ սրտնեղեցի: Չգիտես՝ ինչու, թվում է, թե Կենտրոնից այն կողմ կյանք չկա: Սա կարծես իմ իմացած Երևանը չլիներ' նեղլիկ փողոցներ, բակերում խաղացող երեխաներ: Երևի ինտերնետը դեռ չի հասցրել մարդկանց կլանել:

Ինչևէ, Հովիկը զանգեց ու ընդառաջ եկավ: Իսկական արտասահմանյան կինոներից իջած տղա, որը չգիտես' որտեղից, հայտնվել է մեր իրականությունում: Քայլեցինք դեպի նրա տունը: Մի կողմից' խորովածի բույրը, մյուս կողմից' բակում աղմկող երեխաները. սա իսկական երևանյան թաղամաս էր: Մեզ դիմավորեց Հովիկի գամփռը՝ Գրաֆը: Բարեբախտաբար, շղթայված էր: Հովիկն ապրում է նոր վերանորորգված սեփական տանը, ի դեպ, հիմնականում ամեն ինչ սեփական ձեռքերով ու մտահղացմամբ է արել:

Առաջին հայացքից չես էլ ենթադրի, որ այս հայը հրաշալի կահույքագործ է, շինարար, ոսկերիչ և նույնիսկ դաջվածքներ է անում, էլ չեմ խոսում դերասանական ունակությունների մասին: Սակայն այս ամենը Հովիկի կյանքի միայն մի հատվածն է , իսկ ամենահետաքրքիրն ու արտառոցը սկսվել է նրա ծննդավայրում' Սան Ֆրանցիսկոյում:

«Ամերիկյան դպրոց էի գնում, երեխաները հարցնում էին ազգությունս, ասում էի՝ հայ, Հայաստան: Նրանք չէին հասկանում՝ ինչ նկատի ունեմ, ինչ է, առհասարակ, Հայաստանը: Փորձում էի բացատրել, որ Թուրքիայի կողքին է, դրանից հետո էլ ինձ թուրք էին անվանում», - վերհիշում է Հովիկն ու խոստովանում, որ դրանք իր մանկության ամենատհաճ հուշերից են:

«Վեց տարեկան էի, հորեղբայրս գիրկն էր նստեցնում, ցույց տալիս Հայաստանի տեղը քարտեզի վրա, պատմում թուրքերի ու Ցեղասպանության մասին: Չէի համբերում' երբ էի Հայաստան գալու, որ էդ թուրքերի ջարդը տամ», - ժպիտով հավելում է Հովիկը:
Սակայն կյանքն այլ բան էր նախասահմանել: Հորեղբոր կամքով գնում է Իսրայել և երկու տարի ուսանում տեղի ճեմարանում: Սակայն այդ աշխարհը նրան չի գրավում: Հասկանալով, որ ինքն ավելի աշխարհիկ մարդ է, մեկնում է Կանադա: Այստեղ սովորում է գրաֆիկ դիզայն, որոշ ժամանակ աշխատում, հետո ստիպված է լինում ամեն ինչ վաճառել, տոմս գնել դեպի Լոս Անջելես՝ այս անգամ էլ բախտն այնտեղ փորձելու:

«Սարսափելի օրեր եմ ունեցել, աշխատանքի համար ուր դիմում էի, երեք տարվա փորձ էին ուզում: Մնալու տեղ էլ չունեի, մի օր մի ծանոթիս տանն էի, մյուս օրը՝ մեկ ուրիշի: Օր է եղել' փող չեմ ունեցել, միայն ջրով եմ ապրել»,-պատմում է Հովիկը:
Ի վերջո, կարողացավաշխատանք գտնել, բավականաչափ գումար կուտակեց ու նորից վերադարձավ Սան Ֆրանցիսկո: Քնում է ծովափին, մեքենայի մեջ: Բայց շուտով ամեն ինչ փոխվեց, Հովիկը եկամտաբեր գործ գտավ: «Ժամացույցների խանութ ունեինք, բայց ամեն ինչ մի օր հօդս ցնդեց: Վերջնականապես հիասթափվելով Ամերիկայից' որոշեցի գալ Հայաստան, այդ ժամանակ 2003-ն էր»:
Առաջին հայացքից Հայաստանում տպավորությունները, իհարկե, գորշ էին, բայց Ամերիկայում ապրած օրերից անհամեմատ դրական: «Ոնց որ սև ու սպիտակ կինո լիներ: Զվարթնոցի վիճակը, խոպան գնացող հայերն ու օդակայանով մեկ ընկած պանրի հոտը»,-հիշում է Հովիկը: Շուտով հարմարվեց նոր միջավայրին: Ոսկերչություն էր սովորում ու իր մեջ հայտնաբերում նաև կահույքագործի շնորհ: Գծագրություններ էր անում, սկզբում բազմոց սարքեց, հետո՝ մահճակալ ու այդպես ձեռքը բացվեց:

Ու թեև ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, 2009-ին նորից բռնեց օտարության ճամփան ու մեկնեց Իսրայել: Այստեղ աշխատում էր շինարարությունում ու նաև դաջվածք անել սովորում: «Վանքում էի ապրում, ու հենց այդտեղ էլ դաջվածքներ անում: Հիմնականում խաչեր էի ծեծում: Այդպես երկու տարի, բայց ոչինչ չստացվեց ու նորից վերադարձա Հայաստան, վաճառեցի բնակարանները ու Բելգիայում մի առանձնատուն գնեցի»:

Ուշադիր լսում էի Հովիկի պատմությունն ու չէի համբերում' ի վերջո, երբ է ավարտվելու նրա ոդիսականը, երբ է հասնելու այն պահը, որ կասի՝ վերջնականապես վերադարձա Հայաստան: Սակայն ասելիք դեռ շատ կար: Բելգիայում նա վիզայի հետ խնդիրներ ունեցավ, մի կերպ վաճառեց առանձնատունն ու նորից հետ եկավ Հայաստան: Այժմ թվում է' ամեն ինչ իր տեղն է ընկել: Նա Հայաստանում է, ունի իր երազած սեփական տունը, շարունակում է զբաղվել կահույքագործությամբ, նաև' դաջվածքներ անում: Անընդհատ որևէ նոր բան է մոգոնում, վերջինը՝ հյուրասրահի բարն է և ննջասենյակի ջակուզին:

Լսելով նրա պատմությունը՝ լի շարժով ու անընդհատ տեղափոխություններով, մի քիչ վախվորած հարցրի՝ արդյոք արդեն հանդարտվել է, թե մտադիր է նորից փոխել բնակության հասցեն: Նա ժպտաց. դա իր էությունն է, նրա սենյակի ճամպրուկները երբեք չեն դատարկվում:

Այս թեմայով