10 Հունիս 2013, 18:20
1019 |

Հանուն կրիմինալի արդար վերջաբանի

Կրիմինալը բոլոր ժամանակներում կայուն տեղ է ունեցել հասարակական կյանքում ու ներխուժել նաև արվեստ։ Հիշենք անտիկ շրջանի գրականությունն ու թատրոնը. կրիմինալն ավերիչ հետևանքներով հեղաշրջել է նաև արքայական պալատները։

Իրականությանը սերտաճած է այս երևույթը հարյուրապատկված արտացոլվում է թատրոնում ու սերիալներում։ Խնդիրը ժամանակ առ ժամանակ թարմացնում են մտավորականները, ջանում առաջ քաշել սեփական տեսությունները` հիմնված գործնական լրջմիտ հետազոտությունների վրա։ Իսկ դրա համար ընդամենը մի-երկու անգամ սերիալ նայել է պետք։ Ինչպես թատերագետ Լևոն Մութաֆյանն է ասում` պիտի նայենք, որ իմանանք` ինչ խոսել։ Նայել է. խոսեց. «Սերիալային մշակույթը հիմնական շեշտը դրել է կրիմինալի վրա, բայց ոչ թե ժխտում, այլ փառաբանում է այն։ Հասարակությունը տեսնում է կյանքի բացասական շերտերը, էժանագին, գետնաքարշ կերպարների, ու ըստ այդմ` սխալ դաստիարակվում։ Հակահերոսը սերիալում դառնում է հերոս` իր տրամադրությունն ու կերպարը պարտադրելով հանրությանը»։

ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Խոսրոևը սերիալներին «մեղավոր» չի համարում, համոզված է` մեր բարոյական ռեսուրսները չեն հերիքում լիարժեք հասարակություն դառնալու համար։ «Եթե սերիալներում կրիմինալ պատմություն է ներկայացվում, ապա հիմքը հենց մեր իրականությունն է, լավ է ներկայացվում, թե վատ` այլ խնդիր է։ Իսկ սերիալը նոր ճանապարհ է, որը ճիշտ մոտեցման դեպքում լավ պտուղներ կտա», - ասում է սերիալներում նկարահանվելու բախտին արժանացած դերասանը։

Սերիալների նկատմամբ համազգային հետաքրքրությունը Լևոն Մութաֆյանը բացատրում է նրանով, որ մարդիկ ժամանակի ընկալման պահանջ ունեն, որն արվեստի այլ միջոցներով չեն ստանում ու ծարավը հագեցնում են էկրանի առաջ։ Ամենամատչելին ու դյուրամարսը սերիալն է, որը հասարակության թույլ, դիմադրողականություն չունեցող շերտերին կրիմինալ դաշտ է տանում։ Լևոն Մութաֆյանը հայտարարեց. «Այսօրվա սերիալային ինդուստրիայում ընդգրկված են տգետ սցենարիստներ` կրկնակի տգետ ռեժիսորներով։ Ստեղծվել է սցենարիստների թայֆա, որը մենաշնորհային դիրք ունի այս ոլորտում»։

Եվ իսկապես, ի՞նչն է հետաքրքրում սերիալներին կառչած, օրը սերիալով սկսող ու ավարտող մարդկանց` սպանություննե՞րը, անօրինականություննե՞րը, դավաճանություննե՞րը, հապա էլ ի՞նչը։ Ինչպե՞ս կարող են առողջ մարդուն հաճույք պատճառել բացասական դեմքերն ու դեպքերը։ Իսկ միգուցե նրանք մեր կյանքի կրիմինալային պատմությունների արդարացի հանգուցալուծումը, անաչառ պատիժն իրականում չտեսնելով` սրտները հովացնում են 200-300-մասանոց սերիալների վերջին սերիայում, երբ անպատժելի օլիգարխը կամ բռնակալը երկնագույն էկրանին է պատժվում։

Այս թեմայով