07 Հունիս 2013, 10:43
3258 |

Ամերիկյան հայերեն

«Ձեր Գլենդելում» արտահայտությունը շատ հայեր գիտեն: Նրանք, ովքեր այստեղ երբեք չեն եղել, երևի պատկերացնում են մի գորշ ու անհրապույր գավառական քաղաք իր բոլոր թերություններով: Սակայն շատ հայերի համար այն առանձնահատուկ վայր է, որտեղ հանկարծ հանդիպում են բարեկամներ, դասարանցիներ ու վաղուց կորած հին ընկերներ: Տանջալի կարոտախտը տեղի է տալիս Հայաստանը հիշեցնող միջավայրում:

Ծերերն ընդդեմ գանգստերների
Գլենդել եկել ենք մոտ քսան տարի առաջ: Սկզբում ապրում էինք ծնողներիս հետ, բայց մի քանի ամիս անց որոշեցինք առանձին բնակարան վարձել: Երկար էինք փնտրում: Վերջապես գտանք համեմատաբար էժանը՝ երեք սենյակ ու մեծ, հարմարավետ, երևանյան ոճի պատշգամբ: Նույն շենքում ապրող ընկերները նախազգուշացրին, որ մեր հարևանները մեքսիկական փողոցային հանցախմբի անդամներ են, որոնց տան տերերը երկար ժամանակ ապարդյուն փորձում էին դուրս հանել: Շուտով ինքներս տեսանք նրանց. գողական տղերքն ամբողջ ժամանակ շենքի մուտքի առաջ էին: Ճիշտն ասած՝ ոչ մեկին չէին խանգարում, բայց միևնույնն է՝ հեշտ չէր ամեն օր գտնվել դաջվածքապատ ավազակների կողքին: Բոլորը հասկանում էին, որ նրանք են թաղի տերերը:

Անցնում էին ամիսներ, ընդարձակ բնակարաններում մեկ մյուսի հետևից Հայաստանից գաղթած ընտանիքներ էին հաստատվում: Շուտով տան դիմացի փոքր մարգագետինն էլ ուրիշ տեսք ստացավ. հիմա գանգստերների կողքին նստած էին թոռներին սայլակներում ճոճող տատիկներ ու պապիկներ: Տան կանայք էլ Ֆրեզնոյից միրգ-բանջարեղեն բերողների հետ վիճում էին, փորձում էժան գնումներ կատարել: Այս ներդաշնակության մեջ մեր գանգստերներն անհեթեթ տեսք էին ստանում ու ոչ մի կերպ չէին համադրվում մթնոլորտին: Ինձ թվում է՝ դա հասկացան նաև նրանք, քանի որ շուտով անհետացան ու այլևս չերևացին: Հայ տատիկներն ու պապիկները հաղթեցին:

Գլենդելում մեր տարեցներն ունեն իրենց սիրելի այգիներն ու պուրակները՝ Մեյփլը, Ֆրիմոնթն ու Ուիլսոնը: Մշտական հանդիպման այս վայրերում նորություններ են փոխանակում, նարդի ու շախմատ խաղում, երեխաների հետ զբոսնում:
Ներգաղթած հայերի ալիքից հանկարծակիի եկած տեղաբնիկները մեկը մյուսի հետևից տեղափոխվեցին հյուսիսային շրջաններ՝ Լա Կրեսցենտա և շքեղ Լա Կանադա. երկուսն էլ գտնվում են Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանի հիմնած արգելանոցի կողքին:

Գալերիան ընդդեմ Ամերիկանայի
Նկարիչ Սերգեյ Հովսեփյանը Երևանից եկել էր Գլենդեյլ՝ հարազատներին այցելելու: Երբ արդեն պետք է հանդիպեին, զանգեց ու ասաց, որ զբաղված է՝ ցուցասրահ էին տանում: Երեկոյան նորից զանգեց ու հիասթափված ձայնով թե՝ «Ինձ թվում էր՝ նկարներ նայելու ենք գնում: Պարզվեց՝ խանութներ էին»:

Glendale Galleria-ն ահռելի փակ առևտրասրահ է, որտեղ գնումներ կատարելուց բացի գալիս են զբոսնելու: Երկու տարի առաջ փակ հանրախանութները սկսեցին մոդայից դուրս մնալ. մարդիկ հիմա խանութների գեղեցիկ ձևավորված ցուցափեղկերն ուսումնասիրելիս նախընտրում են բաց երկնքի տակ զբոսնել: Այդ պատճառով Գալերիայի տերերի հետ չորս տարի տևած վեճերի ու դատական հայցերից հետո Գլենդելում նոր առևտրաժամանցային կենտրոն կառուցվեց: Գալերիայի մրցակիցը Ամերիկանան էր՝ շքեղ բնակելի տների թաղամասն իր երգող շատրվաններով, կանաչ մարգագետիններով ու սրճարաններով, կինոթատրոնով, ահռելի եռահարկ գրախանութով, Armani, Tiffany և Barney խանութներով ու բազմաթիվ ռեստորաններով:

Այստեղ հաճախ է հնչում կենդանի երաժշտություն, շաբաթական մեկ անգամ կազմակերպվում ֆերմերային շուկա, գործում բաց կտուրով տրամվայ: Սուրբ Ծննդյան օրերին Ամերիկանայում մեծ եղևնի են տեղադրում, Սանտա Կլաուսի համար բլիթներից տուն կառուցում, երեկոյան էլ արհեստական ձյուն բաց թողնում: Ամերիկանայի հակառակորդները նշում էին, որ այստեղ չկա մեքենաների կայանատեղի, այն է՝ Գլենդելի փողոցները կդառնան անանցանելի: Բայց Ամերիկանան այնուամենայնիվ դարձավ քաղաքի ժամանակակից կենտրոնն ու հաստատեց եվրոպական ճարտարապետական դպրոցի վրա հիմնված գեղագիտական չափանիշներ, որոնք աստիճանաբար սկսեցին ընդօրինակել քաղաքի կենտրոնի մյուս մասերը։ Ամերիկանան մերոնք շատ հավանեցին. սկսեցին այնտեղ անցկացնել ազատ ժամանակը, զբոսնել լուսային շատրվանների մոտ, որտեղ գտնվում է ֆրանսիացի քանդակագործ Դոնալդ դե Լյուի «Ամերիկայի երիտասարդության ոգի» արձանի ոսկեզոծ կրկնօրինակը: Հանդիպում են ծանոթների ու վայելում երեկոյան զովը:

Բրենդ՝ մարդն ու բուլվարը
Գլենդելի կենտրոնական փողոցը՝ Բրենդ բուլվարը, կրում է հարուստ գործարար Լեսլի Բրենդի անունը: Շնորհակալ եմ Լեսլիին կնոջ համար Էլ Միրադերո հիասքանչ առանձնատունը կառուցելու համար, որ նման է իսպանաարաբական ոճով ամրոցի: Լեսլիի կինն այն կտակեց քաղաքին: Հիմա այստեղ մեծ գրադարան է գեղարվեստական ալբոմների, ձայնա- և տեսասկավառակների ահռելի բազմությամբ: Նույն տեղում են գտնվում պատկերասրահը, փոքր համերգասրահը, գրադարանին կից մեծ այգին ու նույնիսկ ճապոնական թեյատունը: Բրենդ պարկի և գրադարանի ռոմանտիկ մթնոլորտն ու հնաոճ կալվածքի ոգին հատուկ հրապույր ունեն նորապսակների համար, ովքեր հաճախ են գալիս այստեղ լուսանկարվելու:
Լայն ծառուղիով անցնող տրամվայը, որ հասնում էր Լոս Անջելես, ցավոք, արժանացավ հայկական տրամվայներին բախտին, այն էլ՝ շատ ավելի շուտ: 20-րդ դարի սկզբին Բրենդում սկսեցին Նյու-Յորքի ոճով դրայզերական շենքեր կառուցել բանկերի համար: Ծառուղին շատ է փոխվել. մի ժամանակ շրջապատված էր ամերիկյան ցածրահարկ շենքերով, իսկ հիմա այստեղ վեր են խոյանում երկնաքերեր, որտեղ հաստատվել են միջազգային միություններ ու բանկեր:

Տունը, որ կառուցել է … Բոդին
Գլենդելի պատմությունը ողողված է հողատարածքների ու այլ անշարժ գույքի խոշոր չարաշահումներով: Գեղատեսիլ տեղանքը, հիասքանչ եղանակն ու Լոս Անջելեսի հարևանությունը երբեք թույլ չեն տվել, որ անշարժ գույքի գներն իջնեն:
Այստեղի տեսարժան վայրերից մեկը «Սպիտակ Տունն» է՝ Քենեթ փողոցի առանձնատունը: Շենքի ճարտարապետությունն այնքան էր ազդել Դեյվիդ Սելզնիքի վրա, որ նա նկարահանեց այն «Քամուց քշվածները»: Սքարլեթ Օհարայի պլանտացիաները հիշո՞ւմ եք. Գլենդեյլում շատերին է թվում, որ ֆիլմը հենց այստեղ է նկարվել: Իրականում նկարահանումները կատարվել են Քալվեր Սիթիի MGM և «Selznick International» ստուդիաների տաղավարներում: Դրսից ահռելի թվացող առանձնատան ներսն այդքան էլ ընդարձակ չէ: Հիմա այն պատկանում է անշարժ գույքի գործակալի, ով, ի դեպ, հայ է: Այստեղ հիմա էլ են հաճախ ֆիլմեր և գովազդներ նկարահանում:

Գլենդելում մի քանի օր անցկանցնելով՝ զբոսնելու համար հիասքանչ մի վայր գտանք՝ «Դեսկանսո» բուսաբանական այգին: 20-րդ դարի սկզբում տան և 0,6 քկմ հողատարածքի տերը Լոս Անջելեսի երկրորդ կենտրոնական թերթի սեփականատեր Մանչեսթեր Բոդին էր, որը հետո իր ունեցվածքը վաճառեց քաղաքային իշխանություններին: Հիմա այգու խնամքով զբաղվում է Դեսկանսոյի կամավորականների միությունը: Այնտեղ հաճախ Անյային եմ հանդիպում: Անյան Երևանից գաղթած բանասիրական գիտությունների թեկնածու է, հիմա զբաղվում է այգու խնամքով: Նրա համար թարմ օդը, ֆիզիկական աշխատանքն ու Դեսկանսոյի անդորրը նախընտրելի է ցանկացած գրասենյակային աշխատանքից: Զարմանալի չէ. աներևակայելի գեղեցիկ վայր է սա: Քեզ զգում ես «Բեմբիի» տիպի Դիսնեյի մուլտֆիլմերից մեկում. ամենուր սկյուռիկներ, նապաստակներ ու այլ փոքրիկ գազանիկներ են:
Մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են այստեղ՝ մարգագետնում ջազ համերգներ լսելու, Շեքսպիրի կատակերգությունների բեմադրումները դիտելու ու ծաղկաբույծների ամենամյա ժողովին մասնակցելու համար:

Ինչու՞ Գլենդելը
Մի քանի տարի առաջ Նոր Զելանդիայից Գլենդել եկավ դպրոցական ուսուցիչների պատվիրակություն: Եկել էին մասնակցելու ժողովին: Մեզ պատմեցին իրենց տեղաբնիկների՝ մաորիների մշակույթի մասին, մենք էլ նրանց ծանոթացրինք տեղական կյանքի յուրահատկություններին: Խոսակցության ընթացքում հյուրերից մեկի մոտ հարց ծագեց, թե՝ «Ինչո՞ւ են հայերը հենց Գլենդելն ընտրել»: Ի պատասխան Գառնիի ձորում նկարահանված կարճ հոլովակ ցույց տվեցի ու ներկաներին հարցրի, թե սա իրենց կարծիքով որտեղ է նկարահանվել: Բոլորը նույնն ասացին՝ Գլենդելի մոտակայքում: Չզարմացա, քանի որ Գլենդելի գեղատեսիլ լանջերը նման են հայաստանյան տեսարաններին: Մարդիկ երևի ենթագիտակցաբար են ընտրում իրենց հարազատ վայրերը հիշեցնող տեղեր: Օդեսայի նախկին բնակիչներից շատերն, օրինակ, հաստատվել են Լոս Անջելեսի ափամերձ շրջանում՝ Սանթա Մոնիկայում, որը որոշ նմանություններ ունի Օդեսայի հետ:

Առաջին հայերը Գլենդել եկան 19-րդ դարի վերջում կամ մի քիչ ավելի շուտ: Նրանց թվում էր ԱՄՆ պաշտպանության նախարար Փոլ Իգնաթիուսի նախկին տեղակալի ընտանիքը: Իգնաթիուսն իր գրքում պատմում է քաղաքում ապրող շատ ինքնատիպ հայերի մասին: Հետագայում պատերազմների և քաղաքական անկայունության պատճառով հայերի ներգաղթի ալիքներ եղան: Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Իրանի իսլամական հեղափոխությունն ու 90-ականների Հայաստանի ծանր վիճակը հազարավոր մարդկանց բերեցին Գլենդել: Հայերն այստեղ շատ են, բայց մեծամասնություն Մեքսիկայից, Լատինական Ամերիկայից և Ասիայից ներգաղթածներն են: Այսպիսի միջավայրում ազգային ինքնության պահպանման հարցը լուրջ խնդիր է դառնում:

Ինձ թվում է, որ Գլենդելի հայկական համայնքում մեր ավանդույթները պահպանում են առաջին հերթին ուսուցիչները: Նրանց թիվն այստեղ շատ մեծ է: Հայ մանուկների դաստիարակության համար գործադրած ջանքերն անպայման արդյունք կտան: Այս աշխատանքը խթանում է նաև Գլենդելի զարգացումը: Աթայան գեղարվեստի դպրոցը, «Նարեկ» կրթական կենտրոնը, թենիսի ակադեմիան, պարի, թատերական արվեստի ու շախմատի դպրոցները, մարմնամարզության, ջրային պոլոյի և սպորտի այլ տեսակների խմբակները հիմնվում են հիմնականում հայաստանցիների կողմից:

Արագ քայլքով դեպի ապագա
Այսօր անցնում ենք ամառային ժամի: Այսօր էլ սկսվում է Գլենդելի ավանդական ամենամյա մարաթոնը: Լույսը չբացված՝ հավաքվում ենք հայտնի լոս-անջելեսյան հրուշակարանում, որը կուբայական է, բայց ունի ֆրանսիական անուն՝ «Պորտոս»: Այստեղ մեզ բաժանեցին շապիկներ ու համարներ: Առավոտյան ժամը յոթից Բրենդ բուլվարը լցվում է տարներ տարիքի, մասնագիտությունների ու ազգությունների ներկայացուցիչներով: Ամենուր լրագրողներ են, երաժշտություն ու գովազդային կրպակներ:

Վազքի մրցույթը սկսվում է: Իհարկե, իսկական մարմնամարզիկները միանգամից առաջ են սլանում, մանր վազքով նրանց հետևում են ոչ պրոֆեսիոնալները, իսկ վերջից գալիս են սովորական մահկանացուները: Շուրջս եմ նայում. կողքովս հինգ աղջիկ է օրորվելով անցնում՝ ձեռքերին փքաբլիթներ ու սուրճ: Նրանց հետևից տարեց կին է շան հետ գալիս: Մասնակիցներից շատերն ուղղակի զբոսնում են ու զրուցում: Նրանց մեջ նկատում եմ ծանոթներիս ու գործընկերներիս: Ահա՝ Գլենդելի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը: Բարևում եմ տնօրենների դպրոցական խորհրդի անդամ Նաիրի Նահապետյանին: Աշակերտուհիս՝ փոքրիկ Լիլին, ինձնից առաջ է ընկնում, կրտսեր տղաս էլ շտապում է նրա հետևից՝ համադասարանցիներ են: Մտքիս մեջ ասում եմ, «Երևի հենց սա՛ է Գլենդելը՝ մեր հարազատ Երևանը փոխարինած քաղաքը»:

Գլենդելի պատմությունից
Կալիֆորնիայի Սան Գաբրիել վանքին ենթակա զորամիավորումներից մեկում Խոսե Մարիա Վերդուգոն քառորդ դար հավատարիմ ծառայեց Իսպանիայի թագավորին: 1784-ին, երբ պետք է թոշակի անցներ, ստացավ հողակտոր ՝ La Zanja-ն: Ահռելի կալվածքն ընդգրկում էր Գլենդելի ու հարակից քաղաքների տարածքը: Փոխարենը նա պարտավորվեց զբաղվել անասնաբուծությամբ և չնեղել տեղի հնդկացի բնակչությանն ու չվնասել վանքը: Խոսեն այստեղ հիմնեց Սան Ռաֆայել ռանչոն, որը 1831-ին՝ իր մահից հետո, անցավ զավակներին: Սկզբում գործերը լավ էին, բայց իրավիճակը փոխվեց, երբ Մեքսիկան պարտություն կրեց Ամերիկայի դեմ պատերազմում ՝ կորցնելով Կալիֆորնիա նահանգը: Ըստ ամերիկյան օրենքի՝ հողի սեփականության իրավունքը պետք է ապացուցվեր փաստաթղթերով: Վերդուգո ընտանիքը երկար ժամանակ էր փորձում պահել Սան Ռաֆայել ռանչոն, սակայն ծանր ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված եղավ վաճառել հողակտորների մի մասը: Մնացածը բաժանվեց ժառանգների միջև: Վերդուգոների վերջին ներկայացուցիչը մահացավ 1984-ին: Այսօր Գլենդելում նրանց անունը կրող փողոց և այգի կա՝ ի հիշատակ վաղեմի փառքի: Պատմական Casa Verdugo-յում էլ (իսպ.՝ Վերդուգոների տուն) գործում է փոքրիկ թանգարան:

«Ереван» ամսագիր, N4(74), 2012

Այս թեմայով