06 Հունիս 2013, 15:36
2519 |

Օնլայն քարոզողը

Եթե մի օր համացանցում եկեղեցի բացվի, որտեղ հնարավոր կլինի օնլայն մոմեր վառել, չզարմանաք: Ի տարբերություն սովորական օգտատերերի, հոգևորականները համացանցն օգտագործում են միմիայն ի բարօրություն եկեղեցու և նրա հետևորդների:

Որքան մեծ եղավ զարմանքս, երբ համացանցում հանդիպեցի մի քահանայի, ով իր կայքի միջոցով իրականացնում է օնլայն քարոզներ: Այցելելով www.fatherarmen.com կայք՝ հնարավոր է ունկնդրել քահանայի քարոզները:

Կայքը պեղված էր, մնում էր գտնել այս մտահղացման հեղինակ Հայր Արմենին: Իսկ դա բնավ դժվար չէր, քանի որ կայքի ֆեյսբուքյան էջն ունի ավելի քան 9 000 հավանող: Ես էլ իմ հերթին օրնապահ լայքեցի օնլայն քարոզների էջը, գտա կայքն ակտիվ կյանքով պահող քահանային ու նամակ գրեցի նրան՝ անանձնական ու քրիստոնեական մտադրություններիս մասին: Տեր Արմեն քահանա Մելքոնեանը միանգամից արձագանքեց: Պարզվեց՝ ապրում է Բելգիայում: Մեր շփումը կարող էր իրականանալ լավագույն դեպքում Skype-ով: Երբևէ չէի մտածի, որ մի օր Skype-ով կզրուցեմ քահանայի հետ:

Ես կազմ-պատրաստ սպասում էի համակարգչիս առջև, մի քիչ էլ հուզվում՝ ի վերջո, սա սովորական զրույց չէր արտասահմանում բնակվող ընկերներիս հետ: Հնչեց ծրագրի անփոփոխ զանգը: Սկսեցինք: Նա ինձ պատմեց, որ ծնվել է Սիրիայում, տեղափոխվել Լիբանան, որտեղ և ձեռնադրվել է քահանա: «Ես ազատ քահանա եմ, շրջում ու քարոզում եմ Բելգիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Պատարագներ եմ մատուցում, բացատրում սբ գրքի իմաստնությունը, փորձում ճիշտ մեկնաբանել բազմիցս գրոհների ենթարկված Աստվածաշունչը»,- պատմում է քահանան:
Հաշվի առնելով համատարած ինտերնետացումը՝ քահանան գիտակցում է, որ համացանցը ևս կարելի է օգտագործել քարոզներն ու առաքելությունը նաև վիրտուալ աշխարհի բնակչությանը հասանելի դարձնելու համար:

Իսկ առաջին անգամ ինտերնետում նա հայտնվեց վեց տարի առաջ: «Դժբախտաբար, չկարողացա մեծ գործ անել, այդ ժամանակ Youtube-ում միայն տասը րոպեանոց տեսանյութ կարող էիր ներբեռնել: Մտածեցի, որ ավելի արդյունավետ կլինի ստեղծել կենտրոնական, ամեն ինչ մեկտեղող կայք»,- պատմում է Տեր Արմենը:

Քահանա ձեռնադրման պահից' 1990-ից ի վեր նա արել է շուրջ 91 ձայնագրություն, բայց դրանք տեղ գտան կայքում միայն 2011-ին: Տեր Արմենի կայքի այցելուների մեծ մասը Հայաստանից են, հաջորդ տեղում ԱՄՆ, այնուհետ՝ Եվրոպա: Ամեն օր կայքը գրանցում է 300 այցելու, Տեր Արմենը շաբաթական 3 նյութ է տեղադրում, ամսական՝ 2 պատարագ: Այս ժամանակացույցը երբեք չի խախտվում:

Քահանան ասում է, որ աշխարհում այժմ հոգևոր արթնություն է նկատվում, դա նկատելի է նաև իր կայքում: Հարցերի տարափը չի դադարում: «Հարցերը տարբեր բնույթի են: Օրինակ, Առաքելական եկեղեցու զավակներ, որոնք հետևել են աղանդների և հիմա իմ միջոցով փորձում են հասկանալ մեր եկեղեցու տեսակետը: Փառք եմ տալիս Աստծուն, որ հաջողություն եմ գտնում նրանց վերադարձնելու ճշմարիտ հավատքին»:

Բայց Տեր Արմենի պաշտոնական կայքի, թերևս, ամենահետաքրքիր և մեծ պահանջարկ վայելող հատվածը օնլայն քարոզներն են: Դրանք հնարավոր է ոչ միայն դիտել, այլև լսել MP3 ֆորմատով: «Օրինակ, Իրաքի մեջ արգելված է Youtube -ը, ուստի հավատացյալները կարող են ներբեռնել քարոզները և լսել: Ամսական մի հազար հոգի Պարսկաստանից ներբեռնում է», - ուրախությամբ նշում է քահանան: Շնորհիվ այս կայքի և ֆեյսբուքյան էջի՝ Տեր Արմենը կապ է պահպանում նաև հայաստանյան կյանքի հետ: Բազմաթիվ երիտասարդներ իրենց պատրաստակամությունն են հայտնել կայքում տեղ գտած մեկնություններն ու քարոզները տպագրելու: Այս հանգամանքը շատ է ուրախացնում բելգիաբնակ հայ քահանային:

Չնայած համացանցում ունեցած իր հաջողություններին, Տեր Արմենն իր քարոզներում, որոնք, ի դեպ, եռալեզու են' հայերեն, արաբերեն և քրդերեն, մշտապես նշում է, որ խիստ կարևոր է եկեղեցի գնալը: Ու անպայման հավելում, որ չիմանալը հանցագործություն չէ: «Եթե չփնտրեք Աստծուն, չփորձենք իմանալ ու ճանաչել նրան՝ ուրեմն հանցագործ եք», - եզրափակեց Տեր Արմենը:

 

Այս թեմայով