06 Հունիս 2013, 15:22
1733 |

Գափոն՝ Չիկագոյից

Գափոյին հանդիպեցի փաբերից մեկում: Ելույթ էր ունենում, երգում և սաքսոֆոն նվագում: Անթերի անգլերենն ու արտաքինը միանգամից մատնեցին նրա տեղացի չլինելը: Պետք էր անհապաղ պարզել, թե ինչպես էր Chigapo and The Untouchables խմբի հիմնադիրը հայտնվել Հայաստանում և ինչերի միջով էր անցել՝ նախքան սեփական խումբ հիմնելը:

Երբ զանգահարեցի Գափոյին, բնականաբար, հայերեն էի խոսում, սակայն հետո սահուն կերպով անցանք անգլերենի, այդպես երաժշտին ավելի համար էր: Նա ինձ հրավիրեց իր խմբի փորձին, որը հենց Գափոյի տանն էր լինելու: Բաղրամյան պողոտան չափչփելուց հետո հայտնվեցի սեփական տներով լի մի թաղամասում:

Գափոն ինձ ընդառաջ եկավ ու ներս հրավիրեց: Խումբը տեղում էր, մարդիկ ճաշում էին, ու ինձ թվաց, որ անհարմար ժամանակ եմ հայտնվել, սակայն ջերմ ընտանեկան մթնոլորտը տրամադրեց նույնիսկ , օգնել սեղանը հավաքելու:

Գափո Գոշգարյանը Չիկագոյից է: Գափոյի հայրը հայ է, մայրը՝ լեհ: Երաժշտի դեմքին միանգամից ժպիտ հայտնվեց, երբ սկսեց խոսել իր «խենթ» ընտանիքի մասին, հենց այդպես էլ ասաց' խենթ. «Ծնողներս իսկական խենթեր են, շատ լավ մարդիկ են, հայրս բժիշկ է, շատ խիստ, մայրս՝ նկարչուհի, բայց այնպիսի համեղ դոլմա է պատրաստում, կարծես հայ լինի»:

Գափոն Չիկագոյում երաժշտություն է ուսանել, շփվել տեղի սևամորթ երաժիշտների հետ, բայց շուտով թողել է ուսումը և աշխատել Չիկագոյի մեծությամբ երկրորդ ակումբում՝ որպես մենեջեր: Այստեղ Գափոն հատուկ զգուշացրեց, որ ես գիշերային ակումբը չշփոթեմ մեր իմացած «ստրիպտիզ» ակումբների հետ:

Հինգ տարի շարունակ նա եղել է գիշերային կյանքի ամենաթեժ կիզակետում, բայց երբեք չի մոռացել իր հայ լինելը, ավելի ճիշտ, փորձել է չմոռանալ:
«Հիսուն կետից բաղկացած մանիֆեստ ունեմ՝ ինչպես հիշել, որ դու հայ ես: Ինքս եմ գրել: Օրինակ՝ նստում ես մեքենադ, իջեցնում ապակիները, բարձրացնում երաժշտության ձայնը, ձեռքդ դուրս հանում, որ զարդեղենդ երևա: Ամենուրեք հայերը նույնն են»,- կատակու է Գափոն: Նա որոշեց գրել այդ մանիֆեստը, քանի որ Չիկագոյում հայ մնալը շատ բարդ է՝ հայերը քիչ են, ստիպված ես անընդհատ ինչ-որ կերպ հիշել, որ հայ ես: Նրան օգնում է հայկական եռագույնը, որը միշտ իր հետ է, նաև' Հայաստանը խորհրդանշող երկու նկարները. «Չիկագոյի մեր տան բակում վեր է խոյանում հայկական դրոշը, այստեղ էլ բակում դրոշ կա: Հետս եմ բերել նաև Արարատի և Սասունցի Դավթի նկարները: Դրանք միշտ ինձ հետ են»:

Գափոն խոստովանում է, որ ինքը երբեք չի մտածել, թե կվերադառնա Հայաստան:
«Մեզ չեն ասել, որ Հայաստանի անկախ հանրապետությունից առաջ եղել է Սովետական Միություն, որ այստեղ դեռ կան հին բարքեր ու էլի նման բաներ: Երբ ես եկա, այստեղ բոլորը օղի էին խմում, ես չգիտեի՝ դա ինչ է, էլ չեմ խոսում ռուսատառ ցուցանակների ու ռուսախոս մարդկանց մասին»,-նշում է Գափոն: Նա միշտ մտածել է, որ բավականաչափ պատրաստ չէ Հայաստանում ապրելու համար, բայց մի օր ծնողներն ասել են՝ այստեղ շատ ես աշխատում ու վաստակում, բայց դու երջանիկ չես, պետք է զբաղվես կամավորական աշխատանքով ու գնաս Հայաստան:

Սկզբում երաժիշտն այդքան էլ լուրջ չի ընդունել ծնողների ասածը, բայց հետո նաև քրոջ առաջարկով տեղափոխվել է Հայաստան: Դա չորս տարի առաջ էր: Նա ասում է, որ երբեք չի մոռանա այդ օրը, երբ առաջին անգամ ոտք դրեց Հայաստան. «Գիշեր էր, փողոցները' մութ, լիքը շներ…Բայց հաջորդ առավոտ երբ արթնացա ու պատուհանս բացեցի, հեռվում տեսա Արարատը, հասկացա, որ տանն եմ' անկախ ամեն ինչից, զգացի՝ ինչ երջանիկ եմ»:

Սպորտի, երաժշտության ու փառահեղ խնջույքների կենտրոնից հետո հայտնվելով փոքրիկ քաղաքում՝ Գափոն պետք է հոգևորական դառնար, սակայն երկու ամիս ուսանելուց հետո, մտադրությունը փոխեց: Քրոջ օգնությամբ դիմեց մի քանի ջազմենների, որ իրեն օգնեն, սակայն՝ ապարդյուն: Ու հենց այստեղ իրականացավ Գափոյի ծնողների ցանկությունը՝ նա սկսեց կամավորություն անել մանկատներից մեկում՝ երաժշտություն դասավանդելով: Դրանից հետո Գափոն հիմնեց իր առաջին խումբը, որը ջազզ ու ֆանկ էր նվագում:

«Մեր առաջին համերգը Aftershock ակումբում էր: Սարսափելի էր, ընդամենը երեք հոգի կար, ես շատ զայրացա ու որոշեցի տեղիցս շարժվել: Գնացի Mezzo, որը դեռ չէր բացվել, խոսեցի տնօրենի հետ և մեզ հրավիրեց իրենց բացմանը նվագելու: Միանգամից նման մեծ վստահություն...», - հիշում է երաժիշտը:

Դրանից հետո, սկսվեց Chigapo and The Genusis խմբի հաղթարշավը: Իհարկե, խումբն այժմ անվանափոխվել է Chigapo and The Untouchables –ի: Սա Գափոյի վեցերորդ խումբն է՝ նոր անդամներով: Երաժիշտը մեկնաբանում է խմբի կազմի հաճախակի փոփոխությունները. «Հայաստանում մարդիկ շատ են մտածում փողի մասին: Այո, փողը կարևոր է, բայց երաժշտությունը՝ ավելի: Այժմյան կազմը շատ եմ հավանում, պրոֆեսիոնալ երաժիշտներ են»:

Գափոն մտադիր է իր խմբով գնալ Չիկագո, մասնակցել ամռանն այնտեղ կայանալիք ջազ փառատոնին, բայց դեռ անելու շատ աշխատանք կա: Երևանի հետ կապված այլ պլաններ ունի երաժիշտը. նա կցանկանար այստեղ դաստիարակել իր երեխաներին:
«Սա լավագույն վայրն է ապրելու համար, բայց ոչ՝ փող աշխատելու: Ես փորձեցի այստեղ բիզնես ստեղծել, փաբ բացեցի, բայց ստիպված էի փակել: Դեռ այստեղ եմ , հետո՝ չգիտեմ»,- պատմում է Գափոն՝ զուգահեռ չմոռանալով նշել, որ շատ է սիրում հայկական խորովածն ու հայերի աղմկոտ բնավորությունը:

«Երբ Ծննդյան տոներին մեկ շաբաթով գնացի Չիկագո, օդակայանում միանգամից մի ընտանիք աչքս ընկավ' ամուսինը գինովցած էր ու շատ բարձր տրամադրություն ուներ, հետո օդանավում ուզում էր ծխել,և վեճի բռնվեց անձնակազմի հետ: Չգիտեմ, բայց ինձ դուր է գալիս մեր աղմկոտ ու վայրի բնավորությունը», - ասում է Գափոն:

Իսկ ինձ դեռ զրույցի սկզբում շատ էր դուր եկել սեղանին դրված խմորեղենի տեսքը, և այժմ արդեն կարող էի ճաշակել այն: Մինչ ես վայելում էի իմ թխվածքը, Գափոն կատարեց Aloe Blacc-ի I Need A Dollar երգի քավրը: Մի քանի վայրկյանով Չիկագոն Երևանում էր:

Այս թեմայով