05 Հունիս 2013, 10:25
1318 |

Մոգության նպատակը՝ ստիպել հավատալ հրաշքներին

Կասկադում շրջող իլյուզիոնիստները փոքր ցուցադրություն էին կազմակերպել. street magic՝ փողոցային աճպարարություններն իրենց շուրջն էին հավաքել հրաշքին հավատացող հետաքրքրասերների:

«Ցանկացած աճպարարություն բաղկացած է 3 գործողությունից: Առաջինը խայծն է. աճպարարը սովորական առարկա է ցույց տալիս՝ խաղաթղթերի կապուկ, թռչուն կամ մարդ: Հաճախ նաև խնդրում է ստուգել, համոզվել, որ արտասովոր ոչինչ չկա, որ այն իրական է՝ ոչ թվացյալ: Սակայն պարզից էլ պարզ է, որ ամենայն հավանականությամբ այդպես չէ:

Երկրորդ գործողությունը կոչվում է «կերպարանափոխում»: Աճպարարը վերցնում է սովորական առարկան ու արտասովոր մի բան անում: Այդ պահին փորձում եք հասկանալ տեղի ունեցածը, բայց չեք կարողանում, որովհետև առանձապես ջանք չեք թափում: Չեք ուզում գաղտնիքն իմանալ, ուզում եք խաբված լինել: Միևնույն ժամանակ չեք էլ շտապում գովել հնարքը. առարկան անհետացնելուց բացի այն դեռ պետք է վերադարձնել: Ահա այստեղ էլ սկսվում է համարի երրորդ մասը՝ ամենաբարդը, որը մենք անվանում ենք «հեղինակություն»,- կարծում է իլյուզիոնիստ Վարդան Ամիրյանը: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ գործում է նրա հիմնած Հայ Աճպարարների Միությունը: Նախկինում մեր երկրում չկար այս արվեստի քարոզչությամբ զբաղվող կառույց: Ընկերության շնորհիվ արդեն 20 աճպարար է միավորվել: Սա դեռ սկիզբն է: Միության անդամ դառնալ ցանկացողները պետք է քննություն հանձնեն՝ ցուցադրելով երեք աճպարարական հնարք: Փոխտնօրեն Հայկ Միքայելյանը վստահ է, որ ցանկացած մարդ կարող է դա անել: «Մեզ մոտ ընդունվողները պարտավորվում են չկիրառել իրենց հմտությունները անօրինական նպատակներով, չբացահայտել աճպարարական գաղտնիքներն ու հավատարիմ մնալ իրենց ստորագրած փաստաթղթում շարադրված սկզբունքներին, - ասում է Հայկը: - Աճպարարն իր գաղտնիքը կարող է միայն մեկ այլ աճպարարին բացահայտել. սա սկզբունքային հարց է: Բայց հնարքի գաղտնիքն իմանալը դեռ քիչ է. պետք է կարողանալ այն ի կատար ածել: Գիտելիքն ու ունակությունը տարբեր բաներ են»:

Աճպարարի գլխավոր հատկանիշները աշխատասիրությունն են, հումորի զգացումը, մարդամոտությունն ու արագ որոշում կայացնելու ունակությունը և, բնականաբար, երևակայությունը. ինչքան այն զարգացած լինի, այնքան հեշտ կլինի նոր հնարքներ ստեղծել: Գաղափարները տղաների մոտ առաջանում են հիմնականում փորձի փոխանակման ժամանակ:

Հենց նման փորձերից մեկին էլ մասնակցեցինք Կասկադում՝ իլյուզիոնիստներին տեսնելով աշխատանքի պահին: Այստեղ նրանք փոքր ցուցադրություն էին կազմակերպել՝ street magic՝ փողոցային աճպարարություններ: «Հայաստանում բավականին դժվար է Street magic կազմակերպել. մարդիկ պարփակված են ու դժվարությամբ են շփվում», - ասում է Հայկը:

Անցորդներն ասես նրա խոսքերը հաստատելու համար անցնում էին մեր կողքով ու կասկածամիտ հայացքներ նետում: Փողոցային ներկայացմանը մասնակցել համաձայնեց միայն զբոսնող երիտասարդների մի խումբ: Մի քանի րոպե հետո իլյուզիոնիստների շուրջը մարդիկ հավաքվեցին. բոլորը շունչները պահած դիտում էին «հրաշքը»:

Իլյուզիոնիզմն առանց խաղաթղթերի անհնար է պատկերացնել: Կապուկը բաժանելով երեք մասի՝ հրաշագործը խնդրեց ներկաներից երեքին՝ այդ թվում նաև ինձ, մեկական թուղթ հանել, մտապահել ու տեղը դնել: Առանց դժվարության կռահեց մեր հանած թղթերը: Ավելին՝ պարզվեց, որ բոլորս ագռավի երկուսն էինք հանել: Հետո «կախարդական փոշու» շնորհիվ կապուկի բոլոր խաղաթղթերը ագռավի թույրի վերածվեցին՝ համարի վերջում նորից վերականգնելով իրենց նախնական տեսքը:

«Երեխա ժամանակ խաղաթղթով մի հնարք էի տեսել, որի գաղտնիքը չէի կարողացել պարզել, -ասում է street magic-ի հրաշագործ Արամը: - Մեկ տարի հետո երազումս տեսա լուծումը: Զարթնեցի, փորձեցի՝ ստացվե՜ց: Այդ պահին էլ որոշեցի իլյուզիոնիզմով զբաղվել»: Նրա գործընկեր Սերյոժա Պողոսյանը աճպարարության փոխարեն նախընտրում է խաղաթղթերի դեկորատիվ ձեռնածվությունը՝ cardistry-ն: «Արածս գործը խաղաթղթերի flourishing-ն է. այստեղ «կախարդություն» չկա: Բայց աճպարարությունների պես այստեղ էլ է անհրաժեշտ ձեռքերի արագություն ու ճարպկություն: Բայց ամենակարևորը շոուն է, - ասում է Սերյոժան. – պետք է ո՛չ միայն լավ մշակված համար ներկայացնես, այլև դա հետաքրքիր անես, հանդիսատեսի հետ շփվես ու նրան զվարճացնես»:

Տղաներն ամեն ինչ այնքան գեղեցիկ էին անում, որ նույնիսկ ամենապարզ համարները մեծ հաճույք էին պատճառում: Այդպիսին էր, օրինակ, Հայկ Ջանոյանի աճպարարությունը, որի ընթացքում կոպեկները «կախարդանքի» շնորհիվ կորչում ու նորից հայտնվում էին: «Ուշադիր նայում էի՝ ինչպես էր Հայկը «հրաշագործում», բայց նա կոպեկներն այնքան արագ ու հմուտ էր թաքցնում, որ չէի հասցնում հետևել», -ասում է հանդիսատես Լենա Գևորգյանը:

Փողոցային ներկայացման վերջում բոլորին ապշեցրեց աճպարար Սուրեն Վարդանյանը: Ի տարբերություն մյուս հնարքների՝ այստեղ 99 տոկոսը ոչ թե ձեռքերի հմտություն էր, այլ հոգեբանական ազդեցությունը: Սուրենը հանդիսատես աղջիկներից մեկին խնդրեց փակել աչքերը: Այդ ընթացքում եկավ ու մազերս շոյեց: Աղջիկն աչքերը բացեց ու Սուրենը հարցին, թե «ի՞նչ զգացիր», պատասխանեց․ «Կարծես դեմքիս մազ քսեցին»: Ահա իրական կախարդությունը: «Կախարդությունն ինձ համար շատ ավելի է, քան ձեռքերի հմտությունն ու պատրանքների ստեղծումը: Նոր հնարքներ հորինելիս մեծ դեր եմ հատկացնում համարի փիլիսոփայությանը: Ցանկացած ելույթ պետք է խոր իմաստ ունենա: Հենց դա է պետք կարողանալ հանդիսատեսին փոխանցել: Կախարդության նպատակը հրաշքի հանդեպ հավատ ստեղծելն է», - համոզված է Սուրենը:

Այս թեմայով