03 Հունիս 2013, 21:53
2665 |

Փակ շուկայի հաջորդ կանգառը` Հանրապետության հրապարակ

Պատմամշակութային հուշարձաններն ամոքելու մարմաջից բաժին հասավ նաև Հանրապետության հրապարակին։ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հեղինակել է մի ձեռնարկում, որը ենթադրում է Հանրապետության հրապարակի վերակառուցում։ Այդ նպատակով նա հայտարարել է հայեցակարգային նախագծի բաց մրցույթ։

Գլխավոր ճարտարապետի համոզմամբ` Հանրապետության հրապարակի կառուցումն անհրաժեշտ է, քանի որ այն բերված չէ ավարտուն տեսքի։ Ազգային պատկերասրահի շենքն աղավաղել է հրապարակի կոնցեպցիան, Լենինի արձանի ապամոնտաժված տարածքը դատարկ է, ավտոմեքենաների հոսքը ծանրաբեռնում է հրապարակը` խանգարելով մեծ հանդիսությունների կազմակերպմանը, հարակից բարձրահարկերը խաթարում են հրապարակի ընդհանուր տեսքը։ Նարեկ Սարգսյանն անհարժեշտ է համարում հրապարակում ավտոկայանատեղիների կառուցումը։

Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հրատապ անհրաժեշտությունը հարուցել է մտավորականների, այդ թվում` ճարտարապետների դժգոհությունը։ Ի դեպ, նրանցից մի քանիսը հենց քաղաքաշինական խորհրդի կազմում են, ու դեռևս հունվարյան նիստից են տեղեկացված Նարեկ Սարգսյանի մտահղացման մասին։ Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ էր ականջալուր եղել Երևանի գլխավոր ճարտարապետի բանավոր թռուցիկ ծանուցումներին, իսկ հիմա արդեն դրանք վերածվել են գրավոր փաստաթղթի ու ներկայացվել քաղաքաշինական խորհրդի անդամներին։

«2013-ի հունվարի 18-ին Նարեկ Սարգսյանը խնդիրը բանավոր ներկայացրեց ու ասաց, որ հետագայում ավելի մանրամասն կզեկուցի։ Անցավ 2 ամիս. մարտի վերջերին Նարեկ Սարգսյանն առաջարկը պաշտոնապես ներկայացրեց` իբրև օրակարգային հարց, ու պատրաստի տեքստերը բաժանեց խորհրդի անդամներիս` ասելով` ծանոթացեք, հետո կքննարկենք։ Ես, իհարկե, դիտողություններ արեցի, որ բացի հրապարակի տրանսպորտային ու Լենինի արձանի թափուր տեղի հարցերից, մնացածին դեմ եմ։ Հայտնեցի նաև մյուս կարծիքս, որ սա ամենևին էլ մրցույթի խնդիր չէ»։ Երևանի քաղաքապետարանի կանոնադրությամբ`քաղաքային իշխանություններն իրավունք ունեն միջամտել, մրցույթներ հայտարարել միայն տեղական քաղաքաշինական խնդիրների ծագման դեպքում, իսկ Հանրապետության հրապարակը հանրապետական նշանակության հուշարձան է։ Ըստ օրենքի` մրցույթի հայտարարությանը պետք է կցվի փաստաթուղթ` ինչ չափորիշիչների համաձայն է թույլատրվում հուշարձանը ենթարկել փոփոխության։ Բայց նման փաստաթուղթ, ըստ Սաշուր Քալաշյանի, չկար։ Խնդիրը, փաստորեն, նաև օրենսդրական խախտում է պարունակում։

Լենինի արձանի դատարկ տեղի ու տրանսպորտի բեռնաթափման հարցերը ճարտարապետների գործառույթի սահմաններից դուրս են։ «Ենթադրվում է լայնածավալ վերակառուցում, բայց իԻ՞նչ չափանիշներ, ի՞նչ ծավալի աշխատանք, ի՞նչ մանրակերտ պետք է ներկայացվի. ոչինչ չի նշվում մրցույթի հայտարարության մեջ։ Ասվում է` ազատ է ստեղծագործելու առումով։ Աբսուրդ է»,- բնորոշում է ճարտարապետը։

Վերջին շրջանում Հայաստանում ամեն ինչ բարձրացնելու, նոր հարկեր ավելացնելու միտումներն ընդվզող են դառնում։ Փորձեցին կառավարության շենքը բարձրացնել, հարկեր են ավելացնում Փակ շուկային։ Անում են ու ամեն ինչ մարսում, դրա համար էլ շարունակում են նույն ոգով ու ոճով։ Անօրինականություն չէ՞ր արդյոք Արտաքին գործերի նախարարության շենքի փոխակերպումը հյուրանոցի։ Հիմա էլ Ազգային պատկերասրահի շենքը չեն հավանում, ուզում են ինչ-որ թմբուկ սարքել։ Այս անօրինականությունների դեմ պայքարելու լավագույն տարբերակը, թերևս հասարակական շարժումներն են։ Հանրապետության հրապարակը ձևավորված, կայացած համալիր է։ Այդ հուշարձանը Երևանի ճարտարապետության, մշակույթի ու պատմության մի մասն է։ Իսկ նման արժեքները պետք է արժևորել, ոչ թե քանդել։ Քալաշյանը կարծում է, որ այս նախագծի հիմքում դրսի թելադրանքով հայկական ազգային մշակույթի ու պատմության հետքերը վերացնելն է։ «Այսքան շատ զուգադիպություններ չեն կարող լինել. ի~նչ ոգևորությամբ ավիրեցին Փակ շուկան։ Ես նաև հատուկ միտումներ եմ տեսնում. Փակ շուկայի խնդրից հանրության ուշադրությունը շեղելու համար նոր օբյեկտ գտան` Հանրապետության հրապարակը»։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ կարծում է, որ այս ամենը փող լվանալու տարբերակ է, ուրիշ ոչինչ։ «Սարասափելի զայրացած եմ. 46 տարվա երևանցի եմ, հերիք եղավ, էլի, էս խուլիգանների վերջը պիտի ե՞րբ գա։ Ի՞նչ քաղաքաշինության կամ մշակույթի նախարարություններ, պահպանող լինեին, Գառնիի «Քարերի սիմֆոնիան» կպահպանեին։ Լուվրը ո՞ր դարի կառույց է. թագավորական պալատ չէ՞ր, որ ֆրանսիացիները թանգարան դարձրին։ Սրանք ամեն ինչ ուզում են քանդեն, ու քանդում են, որովհետև ձեռքները բռնող չկա։ Հպարտ հայտարարում են` Երևանը 30 տարով մեծ է Հռոմից։ Գնացեք Հռոմ, տեսեք` ինչքան հին շինությունններ կան պահպանված, իսկ Հռոմից հին Երևանո՞ւմ ինչ կա։ Դուք իսկի սովետական շինությունները չեք պահպանում, էլ ու մնաց` հնադարյանը։ Սրանց մնա` Կարմիր բլուրից բերված սեպագիր արձանագրություններով մեծ քարը, որ դրված է Երևանի պատմության թանգարանի առջև, կտանեն իրենց ամառանոցում կդնեն, մի քիչ էլ կողքերից կտաշտշեն, որ իրենց ուզածով լինի։ Տեղին է հիշել ՈւՀԱ-ի` Երևանի բժշկական ինստիտուտի ելույթներից մեկը։ Մեր տղերքն ասում էին. «Հրապարակ են մտնում… գեղցիները»։ Դա 1994-ին էր։ Համարյա 20 տարի է անցել, իսկապես` հրապարակ մտան գեղցիները»։

Քաղտեխնոլոգը միակարծիք է ճարտարապետի հետ․ խնդիրը կլուծվի, եթե հասարակական հնչեղություն ստանա, ոչ թե քաղաքական ենթատեքստով գնահատվի։ Ինչպե՞ս լուծվեց Մաշտոցի պողոտայի պուրակի հարցը` հասարակական դիրքորոշման արդյունքում։

Վերջին օրերի քննարկումների թոփ-թեման, ենթադրվում է, որ առաջիկայում կմնա առաջին հորիզոնականում։ Ճարտարապետները գրավոր դիմում-բողոքներ դեռ ոչ մեկին չեն ուղարկել, շարունակում են լրատվամիջոցներով արտահայտել իրենց կարծիքը` հուսալով արթնացնել հասարակության գիտակցությունը։ Հանրային քննարկում, մասնագիտական լուրջ վերլուծություններ ու հիմնավորումներ, օրենքի գերակայություն. ահա նրանց պահանջը։ Իսկ համոզմունքը մեկն է ու հստակ` Հանրապետության հրապարակը վերակառուցելու անհրաժեշտություն բոլորովին չկա։

Այս թեմայով