02 Հունիս 2013, 15:48
2096 |

Առաջարկում եմ, ոչ թե բողոքում

1949-ին Փարիզում Կանանց Միջազգային Դեմոկրատիկ Դաշնության որոշմամբ հունիսի 1-ը համարվեց Երեխաների պաշտպանության միջազգային օր: Արդեն 1950-ից աշխարհի չափահասները այդ մեկ օրը անընդմեջ խոսում եներեխաների խնդիրների մասին՝ փորձելով դրանք լսելի դարձնել հասարակության և հատկապես՝ պատասխանատուների համար:

Անժխտելի է, որ բոլոր ժամանակներում հայ հասարակարգը յուրահատուկ վերաբերմունք է ունեցել երեխաների նկատմամբ: Թեև նրանց իրավունքները մեր երկրում պաշտպանվում են Սահմանադրությամբ, սակայն դեռևս կան երեխաներ, ում իրավունքներն ու ազատությունները ենթարկվում են որոշակի բռնության: Ու քանի դեռ հայ մանուկներից շատերը տոնական օրն օգտվում էին անվճար կարուսելներից, նրանց հասակակիցներից ոմանք Թումո կենտրոնում բարձրաձայնում էին իրենց հուզող խնդիրները [email protected] միջոցառման ժամանակ:

TED Conference միջազգային կազմակերպության արտոնագրած [email protected] միջոցառումն արդեն երկրորդ տարին է, ինչ արտահայտվելու հնարավորություն է ընձեռնում պատանի բանախոսներին։ Այս տարի այն կրում էր «Մտածիր՝ ինչպես երեխա» խորագիրը:

Հարթակից իրենց գաղափարները կիսեցին 8-18 տարեկան 25 պատանիներ ու փոքրիկներ՝ ընտրված նախնական լսումների ժամանակ՝ 150 դիմորդներից:

Երեխաների համոզմամբ, այս միջոցառումն իրենց համար հնարավորություն է ներկայացնելու իրենց հաջողությունները, հաղթանակները և հայտնագործությունները, հուզող խնդիրները, ինչպես նաև հասակակիցների հետ կիսել ձեռք բերած փորձը:

Պատանի հռետորների առաջ քաշած հարցերն ու առաջարկվող լուծումները, մեղմ ասած, այնքան էլ մանկական չէին: Դպրոցներում երեխաների հանդեպ բռնությունը, պատանիների միջև հալածանքը, ընտրակաշառք վերցնելու ու այլ նմանատպ խնդիրները նրանց ուշադրության կենտրոնում էին:

15-ամյա Վանեն խոսում էր հասակակիցների հանդեպ ճնշում գործադրելու՝ անգլերեն bulling երևույթի մասին: Թեմայի մասին խոսելու ցանկություն առաջացավ այն ժամանակ, երբ շրջապատում ականատես եղավ նմանատիպ ճնշումների:

- Ինչպես պարզեցի, - նշում է Վանեն, - պատանիների միջև ճնշումները մեր հասարակության մեջ նորություն չեն, սակայն ես չկարողացա այդ երևույթը նկարագրող որև է տերմին գտնել հայերենում:

Միջոցառմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: Նա շնորհավորեց Հայաստանի բոլոր մանուկներին միջազգային տոնի առթիվ, և ասաց, որ այսօրվա բեմահարթակից վստահորեն խոսող մանուկները վաղը դառնալու են ՀՀ գիտակից քաղաքացիներ:

Պարոն Հեֆֆերնի ներկայությունն այս միջոցառմանը պատահական չէր: Տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություն ունեցող և շարժասայլակից օգտվող 12-ամյա Սիրանուշը մեկն էր այն 8 երեխաներից, ում նկարները ցուցադրվել էին ԱՄՆ դեսպանի տանը կազմակերպված «Նկարիչներ առանց սահմանի» ցուցահանդեսին: Սիրանուշի նկարն առանձնահատուկ ուշադրության էր արժանացել դեսպանի կողմից և հենց նրա խորհրդով էր Սիրանուշը մասնակցում [email protected]-ին: Միջոցառման ընթացքում դեսպանը ներկայացրեց Սիրանուշի նկարը՝ ի ապացույց, որ մանուկները, անկախ ֆիզիկական սահմանափակումներից, կարող են ստեղծագործել ու արժանանալ հիացական գնահատականների:

Այս տարի միջոցառման հյուրերի ցանկն անցնում էր 200-ից: Թումոյի հարկի տակ երևանցի հասակակիցների հետ կողք-կողքի նստել էին Գյումրիից, Վարդենիսից, Թալինից, Գավառից ժամանած պատանի հյուրերը: TEDx KIDS @ Yerevan միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ Թումո կենտրոնի սաներից կազմված՝ ՀՀ-ում առաջին Ipad-երով նվագախումբը․ ինչպես իրենք՝ թումոցիներն են նրանց անվանում՝ Garage Band-ը: Նորագույն տեխնոլոգիաներով համալրված նվագախմբի ելույթից պակաս տպավորիչ չէին նաև աճպարարական, պարային և բազում այլ համարները:

TEDxYerevan-ի հիմնադիր, արտոնակիր և միջոցառման կազմակերպիչ Քրիստինե Սարգսյանի համոզմամբ՝ [email protected]-ը  երեխաներին արտահայտվելու ու իրենց ձայնը բոլորի համար լսելի դարձնելու հիանալի հարթակ է։ Այստեղ երեխաներն իրենց ապահով են զգում, նրանք առաջարկում են, ոչ թե բողոքում: Եվ դա ամենակարևորն է:

Այս թեմայով