01 Հունիս 2013, 18:07
1948 |

Գազան օր

Հունիսի 1: Կենդանաբանական այգի: Կեսօր: Ինչպես և ամեն տարի, այս անգամ էլ այգում ասեղ գցելու տեղ չկար: Համայն Հայաստանի զավակաշատ ընտանիքները ձգվել էին դեպի մեր միակ ու անկրկնելի Կենդանաբանական այգին: Երեխաների պաշտպանության միջազգային օրը վերափոխվել է՝ դառնալով «էրեխեքին գազանանոց տանելու սուրբ օր»:

Կենդանաբանական այգին հանգամանորեն պատրաստվել էր տոնական օրվան. փոքրիկներին դիմավորում էին ծաղրածուները, ցուցադրվում էին թատերական ներկայացումներ, երգ, պար, խաղ-մրցույթներ և մանկական համերգ՝ առավոտյան 10:00-ից երեկոյան 18:00-ը: Ինձ՝ որպես մանկական տարիքից վաղուց արդեն դուրս եկած այցելուի, դա այդքան էլ չհետաքրքրեց: Բարեբախտաբար, ուշագրավ իրադարձություններ գտնվեցին նաև ինձ համար. այգին համալրվել է նոր կենդանատեսակներով՝ պավիան համադրիլների նոր ընտանիքով և սավաննայի վագրաձիով՝ նույն ինքը՝ զեբր: Բացի այդ, հանդիսավոր բացվեց նաև պուտավոր բորենու նոր, ընդարձակ ազատավանդակը: Բորենիները երեկ են տեղափոխվել իրենց նոր բնակարան և, ըստ ամենայնի, նոր տարածքը հավանել են՝ հաշվի առնելով, որ նրանք արդեն ժպտում են միայն նրանց բնորոշ խորամանկ ժպիտով: Նույնիսկ բորենիները ժպտալ գիտեն, պարզվեց:

Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան այցելուների համար ավանդաբար անվճար է: Հիանալի կլիներ, եթե նույն ճշգրտությամբ սահմանեին նաև ստորին տարիքային շեմը, ասենք՝ արգելեին 2 տարեկանից ցածր երեխաների մուտքը: Հատկապես խղճահարություն էին հարուցում կիզիչ արևի դեմ անպաշտպան նորածին փոքրիկները՝ մայրերի գրկում: Ու ընդհանրապես, որքան բազմազան, նույնքան էլ միևնույն ժամանակ նման էին իրար այցելուները՝ բարձրակրունկներով ու հողաթափերով, ավարտական երեկույթի զգեստներով ու տան խալաթով, պճնված ու անլվա, ծխող, ուտող, խմող ու աղբն ամենուր թափող: Ասես օդում սավառնում էին նմանատիպ խոսակցություններ.

- Մա՜մ, ա'յ մամ, ջուր եմ ուզում: - Բուլկիդ կեր:
- Ախչի Սիրո'ւշ, հլը էս բեգեմոնտին նայի:
- Պապի'կ, ինձ մառոժնի կառնե՞ս: - Արդեն 3 հատ կերար, հերիք չի՞:
- Սամուլիկ, իջի' ըտեղից, կընգնե'ս:
- Ես հոգնեցի, գնամ մեքենայում նստեմ: - Ըհը, դե մենք մի կռուգ էլ ֆռանք ու գանք:
- Վարդո'ւշ, ապերիկին կանչի, թող գա փղին նայի:
- Ի՜, ես էլ եմ ուզում նկարվեմ այռուծի հետ: - Համբերի, տեսնում ե՞ս, հերթ ա:
- Պա'պ, բա զիբիլը ո՞ւր քցեմ: - Ազիզ, դե ըտեղ մի տեղ էլի, մենակ նայի՝ մարդ չտեսնի:
- Հեմո՜ւշ, ո՞ւր ես, արի կողքս, թե չէ էլի կկորես:

Հատկապես ուրախություն էր տիրում շոտլանդական պոնիի շրջակայքում, քանի որ նա հաճույքով թույլ էր տալիս շոյել իր ճոխ բաշը: Փոքրիկների հետ շփումից չէին հրաժարվում նաև եղնիկները. պատերով դեպի վեր էին ձգվում ու մռութները խոթում ճաղերի արանքից: Եթե փորձենք անտեսել մանկական երաժշտության ականջ ծակող ելևէջները, ընդհանուր առմամբ կարելի է արձանագրել տոնական մթնոլորտ:

Ավելին՝ վստահաբար կարելի է ասել, որ հունիսի 1-ը տոնական էր ոչ միայն երեխաների համար, որոնք գունավոր ներկած քիթումռութներով գոհ-գոհ շրջում էին ազատավանդակների կողքով, այլև կենդանիների համար՝ շփվելու, անսովոր օր անցկացնելու և անթաքույց հետաքրքրությամբ իրենց զննող մանուկների հետ հարաբերվելու լավագույն առիթներից էր: Բացի փղից, նա անտարբեր թափահարում էր պոչն ու այդպես էլ իր թմբլիկ հետույքից բացի ուրիշ ոչինչ չցուցադրեց այցելուներին:

Այս թեմայով