30 Մայիս 2013, 12:00
1480 |

Երևան բլյուզ

Երևանում մի ժպտերես երիտասարդ է ապրում, ով ոտքից գլուխ լցված է բլյուզով: Նրան հաճախ կարելի է հանդիպել կաշվե բաճկոնով ու ջինսե տաբատով, կիթառը ուսին փողոցում զբոսնելիս: Շատերն են հիշում նրա առաջին ելույթները՝ «Սուպեր Սթար» նախագծի շրջանակներում, այժմ էլ շարունակում են հպարտանալ ավելի լուրջ մրցույթների մասնակցությամբ:

Պլանի գլխի ծննդատանն եմ ծնվել՝ մեծ դժվարությամբ: Ի դեպ, ծնունդս մայիսի 28-ին է՝ անկախության օրը:

Ավետ Ավետիսյան փողոցի վրա է գտնվում տատիկիս տունը: Այնտեղ է անցել մանկությունս: Մինչև հիմա էլ հաճախ եմ գնում այնտեղ:

Երրորդ մասում սեփական տուն ունենք: Երկու հարկանի է ու շատ հարմար: Իմ սենյակը փոքրիկ ստուդիայի եմ վերածել, ամեն ինչ ունեմ երաժշտությամբ զբաղվելու համար՝ հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր: Առաջին երգս հենց սենյակումս եմ գրել, այժմ էլ փորձերը հաճախ այստեղ ենք անում: Հարևանները սովոր են, արդեն չեն բողոքում:

Տատիկիս բակից ընկերներ չունեմ, մեր տան բակից են: Հանգիստ երեխա եմ եղել, չեմ ծխել, խմել, բայց շատ տղայական կռիվների եմ մասնակցել: Մեր տան հարևանությամբ թիվ 69 դպրոցն է, կողքը՝ ֆուտբոլի դաշտ կար: Հավաքվում էինք ու ֆուտբոլ խաղում, դրանից հետո անպայման մորթոցի էր գնում: Հիմա այդ դաշտը չկա, հաճախ նայում եմ, այդ տարիներն եմ հիշում, կարոտում:
Չեխովի անվան դպրոց եմ հաճախել, բայց ավարտել եմ Պուշկինի անվան դպրոցը: Մանկապարտեզ չեմ գնացել, ու դպրոցը ինձ համար այնքան անսովոր էր, որ առաջին օրը նույնիսկ հուզվեցի: Չէի կարող հասկանալ, թե ինչի պետք է մի քանի ժամ այնտեղ մնայինք:

Բռնցքամարտով եմ զբաղվել շատ լրջորեն՝ տասը տարուց ավելի: Մուհամեդ Ալին կուռքս էր: Բայց 14 տարեկանում սիրահարվեցի բլյուզին:

Կիթառի դասերի էի հաճախում Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Չէի կարողանում կողմնորոշվել, որ տարերքս ընտրեմ՝ սպորտը, թե երաժշտությունը: Բայց երաժշտությունը ավելի հոգեհարազատ դարձավ ինձ ու հասկացա, թե ինչ եմ անելու ապագայում:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվեցի 2006 թվականին՝ ջազ ֆակուլտետի կիթառի բաժինը: Դիպլոմս դեռ չեմ վերցրել, դիպլոմայինին չէի գնացել, բայց պատճառը հարգելի էր՝ Deep Purple-ի համերգն էր՝ իմ մասնակցությամբ: Համալիրում էր՝ 2010 թվականի մայիսի 25-ին:

Անմոռանալի էր ու անհավատալի, որ նույն բեմի վրա եմ լեգենդար երաժիշտների հետ: Միասին համերգի վերջին երգը կատարեցինք՝ Smoke on the Water-ը: Սթիվ Մորսի հետ էլ կիթառային սոլո ներկայացրեցինք:

18 տարեկան էի, երբ «12» ակումբում կայացավ իմ առաջին ելույթը: Շատ լավ եմ հիշում այդ օրը՝ 2007 թվականի օգոստոսի 15-ն էր: Բենդի անդամները մեծ սերնդի ներկայացուցիչներ էին՝ Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի երաժիշտներից էին:

«Ուլիխանյան» ակումբը ամենահարազատ վայրերից է Երևանում՝ իմ երկրորդ տունն է դարձել: Այստեղ ընկերներով հավաքվում ենք համարյա ամեն օր, անկախ ելույթներից:

Երևանը իմ հարազատն է: Երբ շրջագայությունների եմ մեկնում, այնքան սուր եմ զգում կարոտը քաղաքիս հանդեպ: Զգում եմ ամեն փողոցի, ամեն անկյան պակասը: Քաղաքի կենտրոնը, տատիկիս ու մեր տունը միշտ սրտումս են: 23 տարի է Երևանում եմ ապրում, ինչպե՞ս կարող է հարազատ չլինել ինձ համար:

Երևանը ինձ համար գեղեցիկ է ամեն ինչով՝ շենքերով, փողոցներով, մարդկանցով: Երևանում ամեն ինչ ուրիշ է:

Երևանը ակտիվ մասնակցել է իմ առաջին տեսահոլովակի նկարահանումներին: Կասկադը, Թումանյան փողոցը, «ԵրԱԶ» գործարանը իմ տեսահոլովակի հերոսներից են:

Երևանի մասին գրված երգ չունեմ: Քաղաքը ինձ ոգեշնչում է, որպեսզի երգեր գրեմ, բայց ոչ թե իր մասին, այլ ուրիշ զգացմունքների: Քայլում եմ փողոցով ու որևէ հատված ռոմանտիկ, սիրային դրվագ է հիշեցնում, դրանից, անպայման, երգ է ծնվում: Միանշանակ կարող եմ ասել՝ քաղաքը տրամադրում է ինձ, որ ստեղծագործեմ:

Երևանում կայացող բացօթյա համերգների սիրահար եմ: Ելույթներս որպես գործ չեմ ընկալում, դա իմ հոգեվիճակն է:

Հաճախ է պատահել, ընկերներով քայլել ենք փողոցով ու սկսել ենք երգել: Պատա-հել է, որ անծանոթ աղջիկ է անցել փողոցով, կանգնել ու երգել եմ նրա համար:

Երևանում, շատ զարգացած քաղաքների համեմատ ավելի ապահով է: Կուզենամ, որ այս զգացումը երբեք չվերանա: Այն վատը, որ կա մեր քաղաքում, փոփոխության ենթակա է: Ինքս էլ, եթե տեսնում եմ մի բան, որ կարող եմ փոխել, անպայման միջամտում եմ:

Երևանը շատ փոքր է, կուզենայի որ ավելի մեծ լիներ, Հայաստանն էլ՝ ծովից ծով:

Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, քաղաքը չի սահմանափակում իմ ազատությունը: Եթե քաղաքում մեծամասնության կարծիքը հակասում է իմ մտածելակերպին, երբեք չեմ մտափոխվում:

Քաղաքում ցանկացած վայր կարելի է բլյուզային դարձնել, կարևորը՝ ներաշ-խարհն է, զգացողությունը:

Երևանում կուզենայի երկու բան բացել՝ McDonald’s ու ակումբ, որը հասանելի կլիներ բոլորի համար: Այդ ակումբը երկու հարկանի կլիներ, փայտից աթոռներ ու սեղաններ և միայն լավ, կենդանի երաժշտություն:

Երևանը ինձ համար բազմերանգ է՝ կանաչ, կարմիր, դեղին, սև ու սպիտակ, մուգ կապույտը՝ դա ամենաբլյուզային վայրերն են:
Սիրում եմ դիմավորել երևանյան լուսաբացները: Արթնանում եմ առավոտյան շատ շուտ ու, մանավանդ, եթե գիշերը անձրև է եղել, զգում եմ այդ հոտը, քայլում եմ մինչև կենտրոն, ինքս ինձ հետ, իմ մտքերով:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2012

Այս թեմայով