29 Մայիս 2013, 15:22
7648 |

Տիեզերանավը լեռան վրա

1980-ականները հեղափոխական էին հայկական ճարտարապետության համար: Մեկը մյուսի հետևից կառուցվել էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը: Ու բնավ նախագծերի թիվն ու ծավալները չէին ամենակարևորը: Դրանցից յուրաքանչյուրը նոր խոսք էր, որը կոտրում էր կարծրատիպերը: Բայց վերոնշյալի համասփյուռն, անշուշտ, Մարզահամերգային համալիրն էր՝ XX դարի վերջի Երևանի ամենանշանակալի կառույցը:

Համալիր խնդիրներ
Թե երբ է Երևանում սկսվել մարզահամերգային համալիրի կառուցումը, արդեն չեն էլ հիշում: Բոլորը մոռացել են, թե ինչպես էին ուսանողներին ու ավագ դասարանցիներին հարկադիր շաբաթօրյակների ուղարկում շինարարական աղբով լցված տարածքը մաքրելու համար: Քաղաքացիների վեճերն այն մասին, որ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կողքին համերգների ու տարատեսակ զվարճալի միջոցառումների անցկացման համար շենք կառուցելը տգեղ է ու անհարգալից անցյալի հանդեպ, հիմա գրեթե չեն հիշում: Բոլորի հիշողության մեջ միայն ՄՀՀ բացման առիթով բուռն զգացմունքներն են՝ դա իսկական իրադարձություն էր Երևանի համար: Ճիշտ է, համալիրը պատկանում էր երկար կառուցվող օբյեկտների շարքին, բայց դրանում հատուկ ինտրիգ կար: Մայրաքաղաքի բնակիչները մի քանի տարի գուշակում էին, թե ինչ է լինելու այնտեղ, բլրի վրա: Նույնիսկ ասում էին, որ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր այցելել շինհրապարակ և անձամբ էր վերահսկում ճարտարապետների ու շինարարների աշխատանքը: Եվ իսկապես, հանրապետության առաջին դեմքը լինում էր այնտեղ, բայց ոչ վերահսկողության նպատակով: Նա կիսում էր ճարտարապետների ու շինարարների ոգևորությունը, օգնում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, խրախուսում շինարարներին, անընդհատ կրկնելով. «Պետք է անել ամեն ինչ, որ սա լավագույն շենքը լինի: ՄՀՀ-ն պետք է ուրիշը լինի, նման բան մենք չենք ունեցել»:

Ու սրանք դատարկ խոսքեր չէին: Մարզահամալիրում տեղադրվում էր այն ժամանակների լավագույն տեխնիկան, լավագույն սարքավորումները. մարզական ցուցատախտակները, սառցակայանքները սառցադաշտի համար, լույսն ու ձայնը բեմերի համար: Վերելակներն ու շարժասանդուղքները տեղադրում էին Ճապոնիայից ժամանած մասնագետները: Նորագույն տեխնիկայի տեղադրման ընթացքում նրանք հասցնում էին հիանալ քաղաքի շքեղ համայնապատկերով, որը բացվում էր Ծիծեռնակաբերդի բլրից: Արարատը համեմատում էին Ֆուձիյամայի հետ ու փոքր-ինչ նախանձով նայում նրան. «Մեր սիրելի Ֆուձին մեկն է, իսկ այստեղ նրանք երկուսն են»: Ճապոնացիները հիացած էին հայկական ծիրանով ու ջրով. երկուսն էլ նրանք սպառում էին անհավանական քանակներով, ընդ որում՝ միաժամանակ: Փաստը մնում է փաստ. ամբողջ բրիգադով հիվանդանոցում հայտնվեցին, իսկ հայ կոլեգաներն այցելում էին ու շտապեցնում բժիշկներին, որ նրանք հնարավորինս շուտ բուժեն թանկ հյուրերին. համալիրի հանձնումը մոտենում էր օր օրի:

Իսկ ինչո՞ւ էր Հայաստանի ղեկավարությունը շտապում բացման հարցում: Բանն այն է, որ 1983 թվականի հոկ-տեմբերի 22-31-ը Երևանում պետք է անցկացվեր ծանր ատլետիկայի աշխարհի առաջնությունը: Խորհրդային Միությունում համաշխարհային մակարդակի ցան-կացած խոշոր մրցում միայն Մոսկվայում էր անցկացվում: Այս անգամ առաջնության անցկացման վայր էր ընտրվել Երևանը: Քաղաքը միայն դրա մասին էր խոսում. չէ՞ որ սրա մասին մինչ այդ կարելի էր միայն երազել: Առաջնությունը պետք է նոր համալի-րում կայանար, դրա համար էլ արվում էր ամեն ինչ ճիշտ ժամկետին հասցնելու համար: Փաստորեն, առաջնությունը պետք է դառնար համալիրի հանդի-սավոր բացումը: Բայց տոնը չստացվեց: Առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ պարզվեց, որ այն տեղափոխել են Մոսկվա, «Իզմայլովո» մարզահամալիր: Պաշտոնական վարկածով՝ Երևանում մարզահամերգային համալիրի չավարտվածության պատճառով: Երևանցիների տոնական տրամադրությունն անմիջապես հիասթափությամբ փոխարինվեց: Որպես ապացույց, որ համալիրի կառուցումը ճիշտ ժամանակին էր ավարտվել, առաջնության հենց օրերին կազմակերպվել էր ժողովրդի ազատ մուտքն այնտեղ, երևանցիները կարող էին շրջել այս հսկա ու գեղեցիկ շինության ներսում և շուրջբոլորը: Իսկ հայ ծանրամարտիկները տեղի ունեցածին սեփական վերաբերմունքը ավելի քան համոզիչ արտահայտեցին. ԽՍՀՄ հավաքականի կազմում Հայաստանից երեք մարզիկ՝ Յուրի Վարդանյանը, Յուրի Սարգսյանն ու Օգսեն Միրզոյանն այն ժամանակ դարձան աշխարհի չեմպիոններ: Իսկ հուշանվերային ծանրամարտիկները պողպատե պատվանդանի վրա «Երևան 1983» գրությամբ ռարիտետ դարձան, ու մինչ օրս շատ երևանցիներ այն պահպանում են որպես չկայացած համաշխարհային առաջնության մասին հիշեցում:

Օդապարիկ կառույց
Իրենց ողջ կամեցողությամբ հանդերձ, երևանցիները որոշակի հարցերում ահավոր պահպանողական են: Քաղաքում յուրաքանչյուր նոր շենքի կառուցումը բոլոր ժամանակներում էլ դժվարությամբ ու դժգոհություններով էր ընդունվում. «Ախր էս ինչ է կատարվում, քաղաքն ուզում են զրկել ինքնատիպությունից», ու նման խոսքեր: Բայց այս անգամ աննախադեպ մի բան եղավ. նոր կառույցն ընդունեցին շատ դրական ու միանգամից սիրեցին:

Առաջին հայացքից թիթեռի պես թեթև , բայց հսկա կառույցը կարճ ժամանակում ընդգրկվեց քաղաքի ընդհանուր պատկերում: Ծիծեռնակաբերդի բլրում կառուցված համալիրը կարծես թևածում էր քաղաքի վրա՝ բացելով թևերը, ու երևում էր տարբեր շրջաններից: Ընդ որում, թռիչքի զգացողություն էին ստեղծում ոչ միայն շենքի արտաքին ուրվագծերը, այլ նաև ներքին հարդարանքը: Առաջինը, ինչ զգում էին մարզահամերգային համալիր մտնելով, ազատությունն էր, հսկայական, ոչնչով չսահմանափակված տարածություն, շքամուտքից բարձր գտնվող դահլիճներ: Դե իսկ հետո սկսվում են հրաշքներ: Ահռելի մեծ պտտվող տրիբուն, նորագույն անձայն շարժասանդուղքներ, հսկայական սրահներ՝ 5000 և 1300 տեղ տարողունակությամբ, հիանալի բեմական լույս ու ձայն: Աստված իմ, բա ճաշասրահը: ԽՍՀՄ-ում ժողովուրդը որակյալ սննդակարգով չէր կարող հպարտանալ:

— Ներեցեք, իսկ դուք եղե՞լ եք նոր համալիրում:
— Եղել ենք:
— Ու ի՞նչ տպավորություններ ունեք:
— Շշմելու է, բուֆետում ձկնկիթով, երշիկով ու ապխտած մսով բուտերբրոդներ են տալիս...

Եվ իհարկե, ՄՀՀ-ն անմիջապես փոխեց Երևանի համերգային կյանքը: Արդյոք ընդամենը մի քանի տարի առաջ կարելի էր ենթադրել, որ քաղաքում մեկը մյուսի հետևից անցկացվելու են լենինգրադյան մյուզիք-հոլի, սառույցի վրա բալետի, սովետական էստրադայի ու արտերկրյա երաժշտության աստղերի համերգները: Ու մի ոչ թե «եսիմ որտեղ», այլ շքեղ ու գեղեցիկ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող սրահում: Երաժիշտները կարծում էին, որ մարզահամալիրը հայկական երաժշտական կյանքի նոր էջն է: Այստեղ տեղադրված սարքերը երազում էին ունենալ բազմաթիվ եղբայրական խորհրդային հանրապետություններում: Մարզահամալիրի հնչյունային ռեժիսոր Վազգեն Ասատրյանը բացել էր քաղաքում առաջին ձայնագրության ստուդիաներից մեկը, որի շեմն առաջինը հատել էին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Մարզահամալիրում համերգին հայտնվելը հատուկ մի պատմություն էր, դա հեղինակության հարց էր, քանի որ տոմսերը հատուկ ծանոթությունների շնորհիվ էին ձեռք բերվում: Բացի տոմսարկղերից, որոնք զբաղվում էին տոմսերի վաճառքով, կային նաև այլ սողանցքներ: Դե օրինակ, ասենք՝ այն ժամանակ կար հեղինակավոր գեղեցկության սրահ, կոչվում էր «Զեփյուռ», որտեղից հեշտ կարելի էր ճարել Ալլա Պուգաչովայի կամ Վալերի Լեոնտևի համերգի տոմսեր: Հիշում են, թե ինչպես էին մեկը մյուսին հարցնում. «Դու եղե՞լ ես այնտեղ:— Չէ, բայց տեսել եմ, թե ոնց էր հորեղբորս տղան տոմս առնում ընկերուհուն հրավիրելու համար»: Հնարավոր է, որ առաջին շոկը հոսանքի ու հետևաբար՝ ձայնագրության անջատումից, քաղաքի բազմաթիվ բնակիչներ հենց այստեղ են ապրել, երբ էստրադային աստղը սառեց բեմին՝ կիսատ մնացած երգը բերանին: Ու դրանից հետո հաջորդ օրը Երևանում, երևի լարումից կտրվեցին բոլոր հեռախոսագծերը: Ու նույնիսկ համերգի չգնացածները պատմում էին այս նորությունն առաջին դեմքով. «Պարզվում է, նա միայն բերանն էր բացուխուփ անում երաժշտության տակ...»

Կարեն Դեմիրճյանը շինհրապարակում
Կարեն Դեմիրճյանը շինհրապարակում

Բուբլիկն ու կուկուռուզը
Համալիրի թիմին ճանաչողները պատմում են, որ նրանց միջև յուրահատուկ համախոհություն էր տիրում: Միգուցե դրա համար էլ նրանց կառուցած շենքն այդպես համահունչ էր Երևանի հետ: Բարձրակարգ պրոֆեսիոնալներ, իրենց գործի վարպետներ՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, Գուրգեն Մուշեղյանը, ոչ թե ուղղակի գծագրում էին թղթի վրա, այլ նաև պայքարում յուրաքանչյուր խազի համար հնարավոր բոլոր ատյաններում, պահանջում և հասնում նրան, ինչ ուզում էին, օր ու գիշեր անցկացնում շինհրապարակներում: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի խոսքով՝ մարզահամալիրի նախագծի վրա աշխատելու օրերը լավագույններից էին իր կյանքում, իսկ հումորն ուղեկցում էր նրանց ողջ աշխատանքի ընթացքում: Այս խմբում ամենասրամիտը Արթուր Թարխանյանն էր: Երբ քաղաքում ստեղծվեց քաղաքի համար երեք նշանակալի շինություն, դրանց բոլորին մականուն կպցրեցին. Երիտասարդական պալատը ժողովուրդն անվանում էր «կրծած կուկուռուզ», «Զվարթնոց» օդանավակայանը՝ «բուբլիկ»: Իսկ ահա ՄՀՀ-ի դեպքում ժողովրդի կարծիքները տարբեր էին: Ոմանք պատկերացնում էին կաղամբ, մյուսները՝ պոպքորն, ուրիշներն էլ՝ թռչող ափսե: Ճարտարապետները դա հումորով էին ընդունում: Ավելին՝ այդպիսի կատակները ծնվում էին հենց արհեստանոցում, իսկ միգուցե և խոհանոցում:

Մանրախնդիր մարդիկ պնդում էին, որ այս կառույցներից յուրաքնաչյուրն իր նախատիպն ունի համաշխարհային ճարտարապետության մեջ: Այսպես, Երիտասարդության պալատը նման է մայաների կրոնապաշտական կառույցին, «Զվարթնոցը»՝ Օռլի օդանավակայանի նմանակն է, իսկ մարզահամալիրը՝ Սիդնեյի օպերային թատրոնի: Բայց դա մանրախնդիրներն էին: Իսկ իրականում ոչ մի ընդհանուր բան դրանք չունեին: Մարզահամալիրի առաջին նախագիծը մրցույթի էր ներկայացվել դեռևս 1970-ականների սկզբում, բայց այդպես էլ թղթի վրա մնացել: Տարիներ անց Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի ու Գուրգեն Մուշեղյանի ներկայացրած նոր նախագիծը հաղթեց: Դա ճեղքումային առաջխաղացում էր: Բոլորը միաձայն ընդունեցին, որ մարզահամերգային համալիրը նոր խոսք է հայկական ճարտարապետության մեջ, որը կոնստրուկտորական տեսանկյունից կարող էր դառնալ այդ տեսակ կառույցների համար օրինակելի: Ավելին՝ նման շենք չկար ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլ նաև աշխարհում: Այստեղ ներդրվել էին հայկական ճարտարապետության տարրեր՝ ավանդական զարդանախշերով ու հարթաքանդակով, պահպանվել էին այն սկզբունքները, որոնք բնորոշ էին հայկական միջնադարյան ճարտարապետությանը: Ճարտարապետության դոկտոր Վարազդատ Հարությունյանի բնութագրմամբ՝ Մարզահամերգային համալիրը մեծագույն ձեռքբերումն էր հայկական ճարտարապետության ու շինարարության համար:

Մարզահամերգային համալիրի հանդիսավոր բացումը
Մարզահամերգային համալիրի հանդիսավոր բացումը

Թռիչքներ երազում ու արթմնի
Ինչպես և ամեն նոր բան, ՄՀՀ-ի շուրջ նույնպես սկսեցին հյուսվել պատմություններ ու լեգենդներ: Դրանցից մեկը հատկապես սիրվեց երևանցիների կողմից: Ասում էին, որ ՄՀՀ շինարարներից մեկն այլ մոլորակներում է եղել: Այս պատմությունը նա պատմել էր Արթուր Թարխանյանին: Բայց ինչո՞ւ հենց նրան: Թերևս, որովհետև նա շատ էր տարված ֆանտաստիկայով: Գիտե՞ր արդյոք բանվորն այդ մասին, թե ոչ, արդյոք սթա՞փ էր, թե ոչ, հայտնի չէ, բայց նրա պատմածը սենսացիա էր: Մի օր գիշերով մեքենա քշելուց նրա ճանապարհը կտրել է թռչող ափսե: Թե ինչպես հետո հայտնվեց դրանում, չէր հիշում, մի վայրկյանից ափսեն կտրուկ հեռացավ, իսկ հետո նա մի այլ մոլորակում հայտնվեց, տեսավ տիեզերքը, նոր աշխարհներ, այլ մարդկանց ու արեգակնային համակարգեր: Նրան ասացին, որ այն շենքում, որի շինարարությանը նա մասնակցում է, հզոր էներգետիկ դաշտ կա ու հնարավոր է՝ այն տիեզերքից է գալիս: Երբ այս պատմությունը ողջ Երևանով մեկ տարածվեց, տարբեր մեկնաբանություններ սկսվեցին: Ոմանք ասում էին, որ ոչ մի դեպքում չի կարելի խառնել գարեջուրը օղու հետ, մյուսները համոզված էին, որ սպիրտը սխալ համաչափությամբ էր լուծվել, այլոք խորհուրդ էին տալիս բուժվել: Անահիտ Թարխանյանը պատմում է. «Հայրիկը շատ զարմացած էր: Դա խելագարի զառանցանք չէր, բանվորը հիշատակում էր մոլորակների, համաստեղությունների անուններ, խոսում այնպիսի բաների մասին, որը կարելի է իմանալ միայն գիտաֆանտաստիկ գրականությունից, իսկ հայրիկն էլ ժամանակին երազում էր դառնալ տիեզերանավեր նախագծող ինժեներ: Երբ կառուցում էին մարզահամալիրի առաջին հորիզոնական հարթակը, որի վրա միայն ցցված մետաղաձողերով բետոնե սյուներ էին վեր խոյանում, հայրիկն ինձ այնտեղ տարավ: Ես նոր էի ավարտել տասներորդ դասարանը:

Մենք նստած էինք այդ կիսակառույց աստիճաններին, ու մեր վերևում աստղային երկինքն էր: Հիմա դժվար է պատմել այն զգացողությունների մասին, բայց դա ֆանտաստիկ գեղեցիկ էր: Իսկ հայրս նստած երազում էր, թե ինչպես է կառուցվելու շենքը: Նա մեկ մի, մեկ մյուս կողմն էր ցույց տալիս ու ասում, թե ինչ տեսք է այս ամենը ստանալու: Հիշում եմ, որ նա շատ տարվեց, իսկ ես ասացի, որ դեռ ոչինչ չեմ տեսնում՝ միայն աստղային երկինքը: Հայրիկը նայեց ինձ, հետո՝ վերև ու երազկոտ ձայնով ասաց. «Շատ շուտով այստեղ ամեն ինչ է պատված լինելու աստղերով»: Հնարավոր է՝ նրա տարվածությունն աստղերով իր հետքը թողեց աշխատանքների վրա: ՄՀՀ-ն նրա երազանքի մարմնավորումն էր քարով ու բետոնով: Բայց ինչու միայն նրա. նրա կոլեգաները, հիանալի ճարտարապետները, նույնպես թռչել գիտեին իրենց երազանքներում ու դրանք մարմնավորում էին քարով»:

Հրդեհ
1985 թվականի փետրվարի 15-ին Երևանի տարբեր կետերից մարդիկ սարսափելի մի տեսարանի ականատես եղան. Ծիծեռնակաբերդի բլուրը պատված էր սև ծխով: Մի քանի րոպե անց հրդեհված շենքի մոտ հավաքվեց ոչ միայն համալիրի, այլ նաև հանրապետության ղեկավարությունը. Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանն ու այլ բարձրաստիճան չինովնիկներ: Ասում են, որ այդ պահին Դեմիրճյանի աչքերը լցվեցին: Այդ օրը նրա աշխատանքային օրագրում մի հակիրճ գրություն արվեց. «Հրդեհ ՄՀՀ-ում»: Հաջորդ գրությունը միայն հինգ օր անց էր արվել:

Ծխակույտ տեսնելով Ծիծեռնակաբերդի վրա՝ քաղաքի բոլոր ծայրերից դեպի համալիր սկսեցին վազել մարդիկ: Առաջիններից մեկը շենքի մոտ հայտնվեց Շավարշ Կարապետյանը: Այն օրվանից, երբ Շավարշը 20 մարդ էր փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից, ինը տարի էր անցել: Նախագծային բյուրոն, որտեղ նա աշխատում էր, գտնվում էր համալիրից ոչ հեռու: Այն օրը նա պետք է գործնական հանդիպում ունենար կուսակցության շրջկոմում ու աշխատանքի էր եկել կոստյումով, ձյունաճերմակ շապիկով ու փողկապով: Երբ սենյակ ներս վազեց քարտուղարուհին ու գոռաց՝ «Մեր համալիրն ա վառվո՜ւմ», նա առանց մտածելու վազեց դեպի հրդեհվող շենքը: Հասնելով տեղ, Շավարշը հրշեջ պոմպով վազեց ամենաթեժ կրակի մեջ, հասավ դահլիճի կենտրոն ու սկսեց ջրել առաստաղը, որ կրակը չտարածվի կտուր: Հաղթահարելով կրակը դահլիճում, նա սկսեց բարձրանալ աստիճաններով, բայց այդ պահին ինչ-որ բան պայթեց ու նա կորցրեց գիտակցությունը: Շենքից նրան դուրս էին բերել երկրորդ հերթափոխի հրշեջները, որոնք օգնության էին հասել առաջինին: Տարիներ անց Շավարշը հիշում էր, որ պիջակի ներքին գրպանում էին դրված անձնագիրը, կուսակցական տոմսն ու վարորդական վկայականը: «Ու հետաքրքիրն այն էր, որ այն հրդեհում ես փչացրի կոստյումը, շապիկն ու կոշիկները, բայց բոլոր փաստաթղթերը անվնաս մնացին, նույնիսկ պոլիէթիլենային փաթեթը չձուլվեց»:

Հրդեհն արագորեն տարածվեց համալիրի շենքով, բայց էլ ավելի արագ էին տարածվում դրա հնարավոր պատճառի մասին ասեկոսեները: Երկու ամիս անց Խորհրդային Հայաստանում պետք է նշեին Եղեռնի 70-ամյակը: Բազմաթիվ վարկածներից մեկի համաձայն՝ ինչ-որ մեկին դուր չէր եկել, որ հանրապետության ղեկավարությունը որոշել է սգո արարողություն անցկացնել հենց Մարզահամերգային համալիրում, որը գտնվում էր Եղեռնի զոհերի հուշահամալիրի հարևանությամբ: Հրդեհից երեք օր առաջ՝ 1985 թվականի փետրվարի 12-ին Մոսկվայում Խորհրդային Միության կոմկուսի քարտուղարությունը որոշում էր կայացրել նշել այդ տարեթիվը, ու Հայաստանից որոշ առաջարկներ փոխանցվել էին քաղբյուրոյի քննարկմանը: Իր աշխատանքային օրագրում Կարեն Դեմիրճյանը գրել էր. «Արդյոք քննարկվելո՞ւ է ՄՀՀ-ում սգո արարողության անցկացման հարցը, դեռ պարզ չէ...»:

Համալիրում հրդեհի մասին թերթերը երկար ժամանակ ոչինչ չէին գրում, արևմտյան մամուլը նույնպես լռում էր: Իսկ ահա հեռուստատեսությունն ու մամուլը ողողված էին ձյան մասին տեղեկություններով, որը վերջին տասնամյակում ամենաառատն էր Հայաստանում: Ձյան առատ տեղումների պատճառով փակվել էին բոլոր ճանապարհներրը, կաթվածահար էին եղել էներգամատակարարումն ու հեռախոսակապը:

Դեպքից հետո հինգերորդ օրը ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հրշեջ վարչության գեներալ-մայոր Անատոլի Միկեևը զեկուցեց Կարեն Դեմիրճյանին, որ ամենայն հավանականությամբ, հրդեհը սկսվել էր լամպից: Չնայած նրան, որ վարկածները շատ էին ու դրանցից մեկն էլ ահաբեկչությունն էր, հենց առաջին վարկածով էլ շարունակվեց դատաքննությունը:

Համալիրի աշխատակիցները փորձաքննություն էին անցկացրել. միացրած լամպը ոչ մեծ բարձրությունից գցեցին գորգի վրա: Այն միայն թեթևակի ձուլվեց, բայց չբռնկվեց: Մարզահամալիրի ղեկավարությանը տարբեր հոդվածներով մեղադրանք առաջադրեցին. պետական սեփականության յուրացում, սպեկուլյացիա, և ի վերջո՝ հայրենիքի դավաճանություն: Մեղավոր չգտնելով՝ մեղքը գցեցին լամպի վրա:

Հրդեհից վեց օր անց Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրում նոր գրառումներ արվեցին. «Ընկեր Գորբաչովի մոտ. օգնություն ՄՀՀ վերականգնելու համար: Ընկեր Լիգաչովի մոտ. ՄՀՀ վերականգնման հարցում ժողովրդի օգնության մասին»: Կարեն Դեմիրճյանը խոստացել էր կարճ ժամկետում վերականգնել կառույցը: Հրդեհից արդեն երեք ամիս անց այստեղ հանդիսավոր նիստ կայացավ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակին: Սակայն շենքը լիովին վերականգնվեց միայն 1987-ին: Մարզահամալիրը վերականգնելու համար Հայաստանի բնակիչները սեփական նախաձեռնությամբ միջոցներ էին հավաքում՝ միայն թե համալիրը նորից կենդանանա: Այն վերականգնում էին Կարեն Դեմիրճյանի անձնական վերահսկողության ներքո, հատուկ համառությամբ ու ջանասիրությամբ, կարծես մարտահրավեր նետելով անհաջողությունների շարքին: Արդյունքում վերականգնեցին ու էլ ավելի շատ սիրեցին համալիրը: Ու հիմա արդեն, վերաձևակերպելով հայերի նոր բարդույթի մասին խոսքերը, սկսեցին ավելացնել, որ այն լավագույնն է ողջ աշխարհում:

Այս թեմայով