29 Մայիս 2013, 14:02
1900 |

Վարպետն ու գդակը

Իր թել ու ասեղին 60-ամյա հավատարմությամբ Ժիրայր Չիթչյանը կամ վարպետ Ժիրայրը, գլխարկներ է կարում տղամարդկանց համար: Պատվով, առանց գլխարկը գետնին տալու է անում իր գործը: Չէ՞ որ գործ ունի տղամարդու թասիբ-պատիվ խորհրդանշող գլխարկի հետ:

Արդեն 57 տարի ա՝ նույն արհեստանոցում գլխարկներ եմ կարում: Էս փողոցի անունները հա՜ փոխվեցին՝ Հոկտեմբերի 7, Միկոյան պրոսպեկտ, հիմա էլ՝ Տիգրան Մեծ, բայց ես միշտ մնացի նույն անունով՝ վարպետ Ժիրայր, ու մնացի իմ նույն տեղում՝ հեսա էստեղ: 1942 թվին իմ հարևան Սուրենն ա ինձ էս արհեստը սովորացրել, իրա տղաներն իմ բակի ընկերներն էին: «Կարի 1-ին ֆաբրիկա», «Նոր տարազ» ու շատ ուրիշ հիմնարկներում եմ աշխատել որպես գլխարկագործ: Անկախությունից հետո պետությունը որոշեց, որ 75 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր կարողանում են աշխատել, թող ինչքան ուզում են աշխատեն՝ առանց հարկեր վճարելու: Դե ես էլ մինչև էսօր ուզում եմ ու աշխատում եմ: Համարյա 60 տարվա ընթացքում էնքա՜ն գլխարկներ եմ կարել, որ թիվ ու հաշիվ չկա: Երևի Երևանի տղամարդկանց կեսից շատի համար ես եմ գլխարկ կարել: Սերո Խանզադյանը միշտ իմ հավատարիմ հաճախորդն ա եղել: Իրա գլխարկները ինքը մենակ իմ մոտ էր պատվիրում: Մինչև անգամ իրա դաչայում՝ Նորքում, կերել-խմել ենք իրար հետ: Վալտեր Արամյանի համար եմ գլխարկներ կարել: Մի քանի տարի առաջ ռեստորան էին բացում, մեջը Ֆրունզիկի արձանը դրեցին: Էդ արձանի համար էլ եմ ես գլխարկ կարել: Առաջ ով գլխարկ չուներ, պատիվ էլ չուներ, բոլոր տղամարդիկ գլխարկ էին կրում, գլխարկը տղամարդու պատիվն ու թասիբն էր: Էսօր հիմնականում 50-ից բարձր տղամարդիկ են մենակ գլխարկ կրում: Բայց հատկապես ամռանը սպիտակ գլխարկ պետք ա միշտ կրեն, դա արևից լավ պաշտպանում ա: Էս քաղաքում բոլորն իմ տեղն էլ գիտեն, ինձ էլ գիտեն: Էնքա՜ն պարի անսամբլների համար եմ գլխարկներ կարում: Հովհաննես Թումանյանի «շունն» էլ գիտեմ, «կատուն» էլ գիտեմ, էն էլ չէ՞ գլխարկ կարող էր իմ նման… Մեկ-մեկ ես էլ եմ հայտնվել վատ դրության մեջ: Էղել ա, որ կինը էկել մարդու համար գլխարկ ա պատվիրել, ես էլ կարել եմ: Մարդն էկել, չի հավանել…

Չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ որն ա գլխարկ կարելու բարդությունն ու նրբությունը: Էս իմ համար սովորական բան ա դարձել. մարդն էկավ, գլխարկ ա ուզում: Իմ մոտ էղած կտորի տեսակներն եմ ցույց տալիս: Հավանեց՝ հավանեց, չհավանեց, ասում եմ՝ գնա կողքի կտորի խանութից քո ուզած կտորն առ, բեր: Բերում ա, գլխի չափսերը վերցնում եմ, իմ վարձն առնում եմ ու մի 2 ժամում գլխարկը կարում եմ:

Մի ժամանակ գլխարկ կարողներս շատ էինք, ամենքն իրա բուդկայում նստած գործ էր անում: Հիմա Երևանում ուրիշ տեղ գլխարկ կարողի իզուր ման չգաս: Էլ ոչ մեկը չկա, մենակ ես եմ մնացել:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2012

 

Այս թեմայով