28 Մայիս 2013, 00:27
4341 |

Հանրապետության ձեռքբերումը

Անցյալ դարում Հայաստանի անկախության հռչակագիրը երկու անգամ է հնչել բարձր ամբիոնից` 1918-ի մայիսին ու 1990-ի օգոստոսին: Եվ երկու անգամ էլ այն ընթերցել է Արամ Մանուկյանը. հետխորհրդային Հայաստանի պատգամավորների շարքում գտնվել է Առաջին Հանրապետության ժամանակների երեսփոխանի անվանակիցը: Պետությունը, որն արդեն իր պատմության երրորդ տասնամյակն է կերտում, ժառանգել է նաև հայկական առաջին անկախ պետականության խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը:

Հայկական դրոշի` Մարտիրոս Սարյանի կողմից առաջարկված տարբերակը

Դրոշ
Այն ծածանվում է նախագահի նստավայրի վերևում և զորքերի տեղակայման վայրերում: Այն բարձրացնում են ի պատիվ հաղթանակի և խոնարհում ի նշան սգի: Այն տեղադրվում է գրավված բարձունքներին ու կախվում պատշգամբներից տոն օրերին: Այն այտերին են նկարում երկրպագուներն ու հաղթանակից հետո ուսերին գցում մարզիկները: Առաջին անգամ պաշտոնապես հայկական եռագույնը բարձրացվել է 1918 թվականի օգոստոսի 1-ին. Ազգային ժողովի բացման օրը դրոշակափայտին հայտնվեց կարմիր-կապույտ-դեղին պաստառը. պարադոքսալ է, բայց հանրապետությունում չի գտնվել նարնջագույն կտոր: Անմիջապես հաջորդ օրը թերթերում լույս տեսավ կառավարական հրամանը, որը սահմանում էր բոլոր կազմակերպություններին պարտադիր եռագույն ունենալ. իսկ թե որտեղից նրանք պետք է գտնեին նարնջագույն կտորը, նախարարների կաբինետին չէր հետաքրքրում:

Գույների ընտրության վրա ազդել է բանասեր Ստեփան Մալխասյանի ճառը, որը խորհրդարանականներին պատմել է հայկական դրոշների պատմությունը: Երիտասարդ պետությունը կանգ առավ հայկական վերջին պետականության' Կիլիկիան թագավորության խորհրդանշի վրա: Կարմիր կապույտ և դեղին. զինվորական միավորումների գույներն էին, որոնք մարտական ձևավորման ժամանակ միաձուլվում էին: Ճիշտ է' դեղինը որոշեցին փոխարինել, քանի որ կարմիրի, կապույտի և նարնջագույնի համադրումն աչքին առավել հաճելի համարեցին: Բացի այդ, դա բացառում էր Դոնի փառավոր զորքի դրոշի պատճենումը, ինչպես նշվում է Մարտիրոս Սարյանի նամակում: Նա առաջարկեց երեք ջրաներկային նկար' հայկական դրոշի տարբերակները: Նրանց շարքում կար նաև «ծիածանային» դրոշը: Այդ նամակում վարպետը «համարձակվել էր մի քանի ցուցումներ տալ. եռագույն դրոշներ շատ կան... մեզ' որպես արևելյան ազգի, կսազի բազմագույն դրոշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»:

Սարյանն առաջինը չէր, որ դրոշի վրա աշխատելիս անդրադարձել է այդ գաղափարին: 1885-ին Փարիզի հայ ուսանողական միության անդամները խնդրեցին Մխիթարյան միաբանության անդամ, բանաստեղծ ու փիլիսոփա Ղևոնդ Ալիշանին հայկական դրոշ ստեղծել. նրանք պետք է մասնակցեին Վիկտոր Հյուգոյի հրաժեշտի արարողությանը: Ալիշանի կարմիր-կանաչ-սպիտակ ուղղանկյունը բաղկացած էր երեք հավասարաչափ զոլերից, որոնց գույները Արարատի բարձունքից Նոյի տեսած ծիածանն էին խորհրդանշում: Հեղինակի երկրորդ փաստարկը' Զատկի առաջին և երկրորդ կիրակիները հայկական եկեղեցական օրացույցում նշվում են որպես Կարմիր և Կանաչ:

Հայկական դրոշի` Մարտիրոս Սարյանի կողմից առաջարկված տարբերակը

Առաջին Հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը գոյատևեց, ինչպես և հանրապետությունը, 2,5 տարի' մինչև 1920-ի նոյեմբերի 29-ը: Իսկ 1922-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը' վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերը: Հապավումը բացվում էր' Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն: 1952-ին կարմիր գույնը բացեցին լայն հորիզոնական կապույտ զոլով, իսկ վերևի անկյունում հայտնվեցին մուրճը, մահակը և ոսկեգույնով եզրագծված կարմիր աստղը: ԽՍՀՄ փլուզումից հետո վերադարձավ 1918-ի նմուշ եռագույնը-կարմիր, կապույտ և նարնջագույն հորիզոնական հավասարաչափ զոլերով պաստառը: Ճիշտ է' տարաձայնություներից խուսափել չհաջողվեց. առավել գործնականները դեմ էին նարնջագույնին, որին հակացուցված է թեժ արևը:

 

Օրհներգ
Այն պարտադիր կատարում են պաշտոնական միջոցառումներին ու հանդիսավոր արարողությունների ժամանակ: Այն պարտադիր հնչում է նախագահի երդմնակալության ժամանակ և բոլոր հայկական դպրոցներում երկուշաբթի օրերին: Նրան օրական երկու անգամ եթեր են հատկացնում հայկական ռադիո և հեռուստաընկերությունները: Օրենքը պահանջում է նրա հանդեպ խորին հարգանք և յուրաքանչյուր հայի սուրբ պարտքն է այն լսելիս կանգնել ու մերկացնել գլուխը: Նրա բառերը կոչ են անում Հայաստանի զավակներին վերադառնալ անկախ հայրենիք և երանելի են կոչում նրանց, ովքեր պատրաստ են զոհվել հանուն սեփական ազգի ազատության. այս տողը հատկապես արդիական էր Հայաստանի Հանրապետության կայացման տարիներին: Առաջինի և Երրորդի: Խորհրդային ժամանակահատվածում, որը տևել է ոչ ավել, ոչ պակաս 71 տարի, Հայաստանի օրհներգն այլ էր' խաչատրյանական:

Եկեղեցական երգեցողության դասական կանոներով կառուցված Արամ Խաչատրյանի երաժշտությունը օրհներգի կարգավիճակում վերականգնելու մասին հայտարարվեց զրոյականների կեսերին: 2006-ի աշնանը խորհրդարանը հայտարարեց նոր օրհներգի համար երաժշտության և տեքստի մրցույթ. 85 տարբերակներից եզրափակիչ փուլ անցան հինգը' Արամ Խաչատրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Երվանդ Երզնկյանի, Էդգար Հովհաննեսյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը հաստատեց Սովետական Հայաստանի օրհներգի երաժշտությունը, բայց այդպես էլ չկարողացավ որոշել տեքստային մրցույթի հաղթողին (Խորհրդային Հայաստանի օրհներգի բառերի հեղինակ Սարմենի բախտն այս անգամ չբերեց. նրա բառերը որոշել էին անպայման փոխել):

«Մեր Հայրենիքին» ձեռք չտալու սակավաթիվ կողմնակիցներից մեկը Լորիս Ճգնավորյանն էր' Սփյուռքում բնակվող դիրիժոր, որը 1990-ին ղեկավարել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը: «Մեր Հայրենիքը» պաշտոնապես որպես օրհներգ հաստատելուց դեռ մեկ տարի առաջ նա իր նվագախմբի բոլոր համերգները սկսում էր այս երաժշտության կատարմամբ: 2006-ի դեկտեմբերից Հայաստանի գործող օրհներգը գտնվում է «անցումային կարգավիճակում». այն ժամանակավորապես վերականգնեցին, մինչև արժանի փոխարինող կգտնեն բառերին, որոնցով մարտի էին գնում Սարդարապատի հերոսներն ու որոնք յոթ խորհրդային տասնամյակներ փայփայել է հայկական սփյուռքը:

Այդ հիմա է շատերին «Մեր Հայրենիքը» իտալական մեղեդայնությունը հիշեցնում, իսկ XX դարասզբին իտալական նոտան չէր խանգարում հայ զինվորներին անառիկ բերդեր գրավել' նվաճելով սեփական հայրենիքի անկախությունը, որն ազատագրվում է լոկ «շնորհիվ քաջ որդիների կամքի»:

«Այդ ժամանակ «Մեր Հայրենիքն» օրհենգի կարգավիճակ չուներ, այն Միքայել Նալբանդյանի բանաստեղծության հիման վրա հայրենասիրական երգ էր, որը հեղինակը կոչում էր «Իտալացի աղջկա երգը»,- պատմում է Ազգային արխիվի տնօրեն, դոկտոր Ամատունի Վիրաբյանը, որը վաղուց է զբաղվում հայկական հիմնի պատմության ուսումնասիրությամբ: Այն սկսվել է 1857-ին իտալական Սարբիում, երբ հերոս Ռիսոջիմենտո Կարլո Պիզականեի առաջնորդությամբ 20 խիզախներ, ազատելով Պոնցա կղզու կալանավայրում բանտարկված ապստամբներին, հարձակվեցին քաղաքի վրա: Նրանք երեք հարյուրն էին' երիտասարդ և ուժեղ, և բոլորն էլ մահացան իսպանական բուրբոնների գումարտակների հետ մարտերում: Դրանից անմիջապես հետո տպագրվեց Լուիջի Մերկանտինի «Սարպիի հնձվորուհին» բանաստեղծությունը. մարտերի մասին հեղինակը պատմեց քաղաքային դարպասների մոտակայքում ցորենի հասկեր հավաքող երիտասարդ աղջկա շուրթերով:

«Սարպիի հնձվորուհու» ռուսերեն թարգմանությունն արվել է Գերցենի կողմից և տպագրվել «Անցյալ և խոհեր»-ի («Былого и дум») 37-րդ գլխում. որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ Միքայել Նալբանդյանի (1829—1866) «Իտալացի աղջկա երգը» Մերկանտինիի ստեղծագործության ազատ թարգմանությունն է, որի հետ ռուս հեղափոխականներին սատարող հայ փիլիսոփան ու հրապարակախոսը ծանոթացել է ռուսերեն տարբերակով: Դոկտոր Վիրաբյանն այլ տեսակետի է հարում. Նալբանդյանը կարող էր բանաստեղծությունը լսել 1859-ին Լոնդոնի ճանապարհին հեղափախական տրամադրված Իտալիայով անցնելիս, որտեղ, ի դեպ, նա հանդիպել է Գերցենին ու նրա համախոհներին:

«Սարպիի հնձվորուհին» բանաստեղծության հեղինակ Լուիջի Մերկանտինին

1859-ի հունիսին Զոդենում Նալբանդյանը գրում է «Իտալացի աղջկա երգը», որը 1861-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրում է Մոսկվայի հայկական «Հյուսիսափայլ» ամսագրում և կոստանդնուպոլսյան «Մեղու» պարբերականում: Միքայել Նալբանդյանը գովերգում է իրենց հայրենիքի ազատության համար մարտնչել պատրաստ իտալուհիներին' նրանց որպես օրինակ բերելով սեփական հայրենակցուհիների համար:

1885 թվականի մարտի 15-ին' ուրբաթ օրը, թիֆլիսյան Արծրունի թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ «Իտալացի աղջկա երգի» համաշխարհային պրեմիերան: Նալբանդյանի բանաստեղծության համար երաժշտությունը էր գրել երիտասարդ ինքնուս Խաչատուր Մարգարին (Մարգարյան)- Քրիստոփոր Կարա-Մուրզա, որը, ինչպես և Նալբանդյանը, խուսափում էր անունն ազդարարել. երաժշտության հեղինակը նշված չէ անգամ նոտաների բնօրինակի վրա: Ի դեպ, Բարսեղ Կանաչյանի անունը, որին այսօր վերագրում են հայկական օրհներգի երաժշտությունը, առաջին անգամ հայտնվում է Կոմիտաս վարդապետի աշակերտների կողմից 1919 թվականին Կոստանդնուպոլսում լույս տեսած ժողովածուի վրա:

Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգչախումբը շրջագայում է Կովկասում ու Ղրիմում, համերգ տալիս Կոստանդնուպոլսում. երգը հայտնի է դառնում բոլոր հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք». հենց այս անվամբ է այն առաջին անգամ կատարվել Փարիզում 1916-ի ապրիլի 9-ին Սորբոնում կազմակերպված բարեգործական համերգին, որը կազմակերպվել էր Ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու նպատակով: Ասոցիացիայի նախագահ Անատոլ Ֆրանսի ողջույնի խոսքից հետո Schola Cantorum համալսարանական երգչախումբը հայտնի երգահան Վենսան դ'Էնդիի ղեկավարությամբ կատարեց «Մեր Հայրենիքը», որին 1918-ի օգոստոսի 1-ին վիճակված էր դառնալ Առաջին, իսկ 1991 թ. հուլիսի 1-ին' Երրորդ Հանրապետության օրհներգը: Ճիշտ է' երկու անգամ էլ ժամանակավոր:

Առաջին հանրապետության զինանշանը: Հակոբ Կոջոյանի էսքիզը
Առաջին հանրապետության զինանշանը: Հակոբ Կոջոյանի էսքիզը

Զինանշան
Այն ոսկով է դաջված անձնագրի շապիկին և փորագրված է պետական կնիքներին: Այն շողարձակում է ծիածանի բոլոր գույներով աքցիզային նշաններին ու թղթադրամներին: Դրանով են զարդարում մետաղադրամների դարձերեսներն ու քաղծառայողների աշխատասենյակները: Նրանում արտացոլված է պետականությունների ու թագավորական հարստությունների շարունակականությունը: Այն դարձել է Առաջին հանրապետության երրորդ խորհրդանիշը, որը ժառանգել է Երրորդ հանրապետությունը: Այդպես է որոշել առաջին նախագահը, երբ ժյուրին չէր հավանել մրցույթին ներկայացրած և ոչ մի տարբերակ, իսկ խորհրդարանականներն էլ չէին կողմնորոշվել' ում տալ նախապատվությունը' Ալեքսանդր Թամանյանի զինանշանին, որը Կառավարությունը հաստատել է 1920-ին, թե Խորհրդային Հայաստանի համար ստեղծված Մարտիրոս Սարյանինի տարբերակին: Ու թեև Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էլ էր սարյանական զինանշանի կողմնակիցը, որոշեց. «Քանի որ երկիրը ժառանգել է Առաջին Հանրապետության դրոշն ու օրհներգը, տրամաբանական կլինի նրա երրորդ խորհրդանիշն էլ ընդունել»:

Խորհրդային Հայաստանի համար Մարտիրոս Սարյանի նախագծած զինանշանի էսքիզը
Խորհրդային Հայաստանի համար Մարտիրոս Սարյանի նախագծած զինանշանի էսքիզը

Ազգագրագետ Լևոն Աբրամյանը, որը 1990-ականներին զինանշանի նախագծումը համակարգող կառավարական հանձնախմբի խորհրդատուն էր, հիշում է' ինչ թեժ էին կրքերը, երբ խորհրդարանականներն անցան քննարկումներին. ոչ ոք չէր ուզում «վերադառնալ ԽՍՀՄ», բայց մեծամասնությանը գեղագիտորեն սարյանական զինանշանն էր հաճելի: Առաջարկում էին միայն հանել մուրճն ու մահակն աստղի հետ: Աբրամյանին Խորհրդային Հայաստանի զինանշանը հիշեցնում է «նատյուրմորտի տարրերով բնանկար», հրաշալի պատկեր, ինչպես և նկարչի ստեղծած բոլոր գործերը, որը բոլորովին չէր համապատասխանում զինանիշագիտության պահանջներին: «Երրորդ զինանշանը պետք է լինի նախորդների զարգացումը' ընդունելով հայկական պետականության հերթափոխը: Մենք կարող ենք ատել խորհրդային պետությունը մարմնավորող արժեքները, բայց իրավունք չունենք անփութորեն վերաբերվել մեր ազգի պատմությանը»,- բացատրում է Լևոնը, որն այդ տարիներին առաջարկում էր Թամանյանի զինանշանի մեջտեղում Արարատի հատվածի փոխարեն տեղադրել բիբլիական սարի սարյանական պատկերը: Այս գաղափարը խորհրդարանականների առջև բարձրաձայնելու գործը ստանձնեց Աբրամյանի ընկեր Սամվել Շահմուրադյանը' գրող, կառավարական խմբի անդամ: «Միացնում եմ ռադիոն ու լսում, թե ինչպես, ներկայացնելով զինանիշագիտության օրենքները, Սամվելն առաջարկում է... ավելացնել ուրարտական խորհրդանիշը' թևավոր առյուծ, եթե հիշողությունս չի դավաճանում,- պատմում է Լևոնը,- Այ թե ի˜նչ սկսվեց: Պատգամավորները, իրար ընդհատելով, սկսեցին վրդովվել, որ զինանշանն առանց այդ էլ գազանանոց է հիշեցնում, մնում է միայն ևս մեկ կենդանի հավելել»:

Հայաստանի Հանրապետության զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանը

Իսկական գազանանոց էին զինանշանն անվանում նաև Ազգային ժողովի ամենաառաջին գումարման պատգամավորները: Կենդանիների լոգոներ կան չորս թագավորական ընտանիքիների վահանների վրա' Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող առյուծ, կամ ինչպես ընդունված է զինանիշագիտության մեջ' թագադրված առյուծ): Կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների' Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշները: Ազգային արխիվում պահպանվել է «ազատ նկարիչ Հակոբ Կոջոյանի նամակը», որը պետք է թամանյանական մտահաղացումը հանձներ թղթին: Նկարչին այդպես էլ չեն ներկայացրել թագավորական ընտանիքների խորհրդանիշների մանրամասն նկարագրությունը' ինչ գույն պետք է ունենա վահանը, արծվի և առյուծի գունավորումները (ընդհուպ մինչև ճանկերի ու լեզվի գույնը), դրանց զինանշային տեսակը...

Զինանշանի` Ռուբեն Ղևոնդյանի կողմից առաջարկված տարբերակը
Զինանշանի` Ռուբեն Ղևոնդյանի կողմից առաջարկված տարբերակը

Թամանյանի ոգեշնչման աղբյուրը Տիգրան II-ի տարբերանշաններն են եղել, մատենագիրներ Խորենացու ու Բյուզանդի թողած վկայություներն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները և Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու 885թ.-ին գահ բարձրացած Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Թամանյանի էսքիզում թագավորների թռչուններն ու գազանները շատ ագրեսիվ են թվում: Եվ հարցը միայն երկու իշխանական տների դարավոր պայքարը չէ. թշնամիներով շրջապատված երիտասարդ պետությունը չէր կարող բարի զինանշան ունենալ: Ի դեպ, ազգային ժողովն այդպես էլ չի հասցրել այն հաստատել: 1990-ականների զինանշանով զբաղվող խմբի անդամները ստիպված էին մի լավ չարչարվել. օրինակ, հստակ չէր' պետք է Նոյի տապանը լինի Արարատին, թե' ոչ: Արխիվային փաստաթղթերում երկու տարբերակն էլ կար: Եվ կրկին որոշում կայացրեց նախագահը. լեռան գագաթին, որի շուրջը ծփում են ջրհեղեղի ջրերը, տապանը պետք է լինի:

Ագրեսիվ թամանյանական զինանշանը կարգի բերելու գործը հանձնարարվեց նկարիչ Ռուբեն Գևորգյանին, իսկ այն գրաֆիկայի վերածելը' դիզայներ Հարություն Սամուելյանին: Եվ միայն 2006-ի հունիսի 15-ին Հայաստանն ընդունեց օրենք զինանշանի մասին, որում, մասնավորապես, հայելային փոխվեց թագավորական ընտանիքների վահանների գունավորումը. օրենքը կապեց զինանշանի գույները հայկական եռագույնի հետ: Գուցե դա տրամաբանական է. թռչունները պետք է սավառնեն երկնի կապույտում, բայց պատմական ու զինանշագիտության առումով դա այդքան էլ կոռեկտ չէ: Իսկ մինչ պատմաբաններն ու իրավաբանները կողմնորոշվում են իրավական ու գիտական նրբությունների հարցում, «զինանշանի գազաններն» արդեն երրորդ տասնամյակն է՝ պահակ են կանգնած հայկական պետականությանը:

«Ереван» ամսագիր, N 9, 2011

Այս թեմայով