25 Մայիս 2013, 10:49
1903 |

Սուրոյենց կտուր

Երևանցի ծխնելույզ մաքրող խմբի ղեկավար Գևորգ Ավագյանը պատմում է, որ Մերձբալթիկայում եթե առավոտյան ծխնելույզ մաքրողի ես պատահական հանդիպում, ասում են՝ ուրեմն օրդ հաջող է լինելու՝ այ այդքան հարգի աշխատանք է ծխնելուզագործի աշխատանքը: Իր աշխատողների մասին ասում է. «Էստեղ բոլորը 100 տարվա վարպետներ են, իրենց գործի գիտակներ: Երբեմն կատակով հարցնում եմ՝ տղերք դրսում սիրուն կանանց, աղջիկների եք նայո՞ւմ, թե՞ տանիքներին: Բոլորի պատասխանը նույնն է՝ տանիքներին»:

Վարդան Մարգարյան
Տանիքում աշխատանքը շատ ռիսկային ա. էղել ա՝ մի մազ ա մնացել, որ ընգնենք: Տանիքները շատ անմխիթար վիճակում են էսօր: Շիֆերները ջարդվում են, չես կարողանում քայլես, էլ ուր մնաց էդ գործիքներով կարողանաս աշխատես: Բայց դե որ վերևում 2 հոգով ենք լինում, արխային ենք լինում, գոտիով կապված ենք լինում, ուշադիր ենք լինում:

Կառլսոնի պես ենք, միշտ կռիշների վրա ենք: Կառլսոնը մուրաբայով էր լիցքավորվում, մենք՝ մրով, մեր հազով ու տնօրենի խորհուրդներով: Երևանի կռիշները ոնց որ սարդի բներ լինեն՝ անտենաներ, հոսանքի լարեր, ղշի բներ… Մի շենք բարձրացա մի օր, 12-րդ հարկի բնակիչը կռիշում խոզ էր պահում: Հավ-մավ տեսել էի որ տանիքի վրա, բայց խոզ՝ առաջին անգամ էի տեսնում: Մասիվում մի հատ բարձրահարկ կա, կարող ա տեսած լինեք՝ կռիշում ծառ ա աճում: Բայց որ ճիշտն ասեմ, էնքան սիրում եմ էդ կտուրը: Վերջի հարկի բնակիչն ա էդ ծառերը աճացնում: Հարմարություն ա սարքել, ջրահեռացում ա ապահովել ու վաննաների մեջ ծառեր ա աճացնում: Էդ էլ ասեմ, որ տանիքին ոչ մի վնաս չի տալիս էնքան լավ ա անում էդ ամեն ինչը:

Երևի տեսած կլինեք ֆիլմերում, թե ինչքան սիրուն ա արտասահմանում շենքերի կռիշները՝ սաղ մի գույնի ներկած, ծխնելույզի մոտ էլ փոքրիկ աստիճան ա սարքած լինում՝ ծխնելույզ մաքրողի համար ա նախատեսված, որ ինքը հեշտ բարձրանա, մաքրի: Իսկ մեր մոտ էդպիսի բաներ չկան. մենք մեր հետ տաբուրետկա ենք վերև հանում, որ կարողանանք աշխատենք: Սկզբում մարդիկ չեմ ու չում են անում, չեն համաձայնվում, որ մաքրենք իրանց ծխնելույզը: Բայց որ մեր գործն անում-պրծնում ենք, մեկ էլ իրանք են իրանց հարևանին ձեն տալիս, թե՝ ախչի ո՞ւր ես, արի, թող քո ծխնելույզն էլ մաքրեն, մերը մաքրեցին, տենաս ինչքա՜ն մուր ու կեղտ թափավ: Ֆորշն ա լավ երգ երգում մեր մասին՝ «մենք քիչ ենք, բայց դե մեզ բան ասող չկա»:

Նիկոլայ Թորոսյան
Մեկ-մեկ էնպիսի սիրուն տեսարան ա բացվում կտուրից, որ էլ չես ուզում իջնես ներքև: Բայց մեկ-մեկ էլ՝ հակառակը՝ էնքան քանդուքարափ, էնքան ավերակ ա, որ ախ ես անում, թե երբ իջնես: Լինում ա, որ բնակիչն իրա ուժերով ա փորձում մաքրի տանիքը, իբր թե մեզ չի վստահում, կարող ա բարձրանանք ու շիֆռները ջարդենք: Բայց գործի կեսից մեկ էլ զանգում, կանչում են՝ թե ախպեր հլը էկեք տեսեք էս ի՞նչ եղավ: Գնում, տենում ենք ի՞նչ՝ լոմ ա մնացել մեջը: Դե կռիսն ու կատուն արդեն սովորական բան են մեր համար դարձել: Մի անգամ էլ, թե՝ էկեք, ծխնելույզի մեջ կատու ա մտել: Տնօրենն ասեց՝ հաց տվեք ուտի, մինչև տղաները գան, մեղք ա կատուն:

Եթե տանտիկինը մաքրասեր կին ա լինում, մենք էլ իրա ծխնելույզն ենք տեղը-տեղին մաքրում: Բայց լինում ա, որ տունը ծխնելույզից էլ կեղտոտ ու փնթի ա լինում. Դե մաքրելդ էլ չի գալիս ըտենց դեպքերում: Մարդկանց դուռը ծեծում ես, թե՝ բացեք, էկել ենք ձեր ծխնելույզները մաքրենք, ասում են՝ ասֆալտից պրծանք, հիմա էլ ծխնելույզներին կպա՞ք: Բնավորություն ա դառել արդեն տանիքներին նայելը, գիտե՞ս: Փողոցով քայլելիս ես ավելի շատ վերև՝ տանիքներին եմ նայում, քան ոտիս տակ: Նույնիսկ երբ հեռուստացույց եմ նայում, միշտ արտասահմանի շենքերի տանիքներին ու ծխնելույզներին եմ նայում. էդ ինչ սիրուն են, էդ ինչ ապահով են սարքած, այ մարդ, մնում ես զարմացած: Տանիքից իջնում ենք, մրոտ արտահագուստը հանում ենք, լվացվում, մեր մաքուր շորերն ենք հագնում ու վերջ: Մարդ կա, թողնում ա իրա տանը լվացվենք-մաքրվենք, մարդ էլ կա ասում ա՝ ձեր մրերն առեք գնացեք: Ի՞նչ անես…

Արամայիս Զաքարյան
Ընկերս էս գործին էր: 1-2 անգամ հետը հելա-իջա ու արդեն 14 տարի ա տանիքում եմ: Սրտանց, քրտնաջան, մրոտ ու փոխարենը անշնորհակալ աշխատանք ա ծխնելույզ մաքրողների աշխատանքը: Բայց դե, վերևում իրոք շատ հետաքրքիր ա: Մի տեսակ փրկարարի աշխատանք ա, համ էլ՝ բնակչի անվտանգության մասին ենք մտածում: Որ ճիշտն ասեմ, մենք իրանց մասին ավելի շատ ենք մտածում, քան՝ իրանք իրանց մասին: Մայրաքաղաքում ամենահին ծխատարները Կոմիտաս 53, 69 ու, ընդհանրապես, Լամբադա մոստի մոտի շենքերինն են՝ կավից են սրանց ծխնելույզներն ու բավական անորակ: Երևանում շատ են էն շենքերը, որոնց ծխատարները կավից կամ աղյուսից են սարքած ու շատ անմխիթար վիճակում են էսօր: Երբեմն ծխնելույզներն էնքան մաշված են լինում, որ տանիքին են հավասարված լինում: Դե արի ու գործ արա էդպիսի պայմաններում: Բացի մաքրման աշխատանքներից մենք նաև բնակիչներին ասում ենք՝ ժողովուրդ, ձեր տանիքում էսպես-էնպես բան ա կատարվում, վտանգավոր ա, ամրացման աշխատանքներ ա պետք անել:

Ամերիկյան կինոներում ծխնելույզի մեջ Սանտա Կլաուսին են հանդիպում, իսկ մենք Երևանում ծխնելույզների մեջ ինչեր ասես չենք տեսնում՝ ղուշ, կատու, դոշակ, քար… Թե ինչի՞ են մարդիկ իրանց զիբիլը թափելու փոխարեն կռիշ հանում՝ էդ էլ մենակ իրանք գիտեն: Տնե-տուն ստուգում ենք, հարյուր ձևի չափ ու ձև ենք անում, գիր ենք կախում, մինչև համոզվում ենք, որ ամեն ինչ կարգին ա: Քարից, աղյուսից, կավից ծխնելույզները տարին 2 անգամ պետք ա մաքրվեն, իսկ բետոնիցները՝ ոչ քիչ, քան տարին մեկ անգամ:

Անդրանիկ Զաքարյան
Ծխնելույզագործի աշխատանքի մասին պատմելը շատ դժվար ա: Մեր արած աշխատանքը պետք ա աչքովդ տեսնես, որ պատկերացնես: Մարդիկ կան՝ սիրում են պարաններով աշխատել, բարձր տեղերից չեն վախենում, սիրում են տանիքները բարձրանալ… Ես ուսուցիչ ունեի, 16 տարի առաջ ինձ սովորեցրեց էս գործը: Սիրեցի ու մինչև հիմա էլ սիրում եմ իմ աշխատանքը: Ծխնելույզ մաքրելու պրոցեսը արվում ա խմբով: Խումբը կազմված ա 3 հոգուց, որոնցից 2-ը բարձրանում են տանիք ծխատարի մաքրման համար, իսկ մեկը մնում ա ներքևում՝ բնակչի տանը: Վերևում մեկը մյուսի անվտանգության համար պատասխանատու ա: Աշխատանքները կատարվում են պարանով, որին ամրացված ա ծանրոցը և մետաղյա խոզանակը: Ծխատարի մաքրումը համարվում ա լիարժեք, եթե ծանրոցը կռիշից մտնում ա բնակչի տուն: Մի անգամ վերևում էի, մեկ էլ ներքևից ճվոց լսեցի. լվացք փռելու ժամանակ ռոլիկը պոկվել ա, ու խեղճ կինը ուգոլնիկից կախված ա մնացել, ճվում, գոռում, օգնություն ա կանչում: Մի տասը տղամարդ կա ներքևում, բայց ոչ մեկը դուխ չի անում բարձրանա, օգնի: Ես կռիշից պարանով իջա, էս կնոջը քաշեցի մեջքիս ու բարձրացրի վերև՝ դեպի իրա տան պատուհանը: Ամուսինն ուրախացավ, գումար առաջարկեց ինձ, որ իրա կնոջ կյանքը փրկել եմ, բայց դե ի՞նչ գումար, ի՞նչ բան. բա հո չէի՞ թողնի խեղճ կնոջն անօգնական: Փոխարենը մեզ մի հատ հավեսով հյուրասիրեցին: Էնքա՜ն վտանգավոր դեպքեր են պատահել վերևում որ… հոսանքի բաց լարեր են գնում կռիշում. էղել ա, որ տոկն ա խփել: Շատ դժվար ա բնակիչների հետ աշխատելը: Մինչև շենքի լիազորին բացատրում ենք, որ կռիշի բանալին տա, բարձրանանք մեր գործն անենք, ա՜յ ըստեղներս ա հասնում: Մարդիկ չեն հասկանում, որ էս ամենը իրանց անվտանգության համար ենք անում, որ ծխատարներն ու օդատարները մաքուր լինեն, շմոլ գազից չթունավորվեն: Բարձրանում ենք ծխատարները մաքրելու, բայց ալյուրի մեշոկով լի՜քը, ինչ զիբիլ ասես չենք հանում կռիշի տակից: Մարդկանց էլ ձեռի հետ ինստրուկտաժ ենք անում, որ չի կարելի, ձեր կյանքն եք վտանգում, բայց դե, հե՜չ…

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N11, 2012

 

Այս թեմայով