26 Մայիս 2013, 10:45
1133 |

Եվալյուցիայի տեսություն

Եվա Սուջյանի երակներով երաժշտություն է հոսում. նրա հայրը Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մկրտիչ Սուջյանն է, եղբայրը՝ «Դորիանս» խմբի վոկալիստ Գոռը, ինքն էլ սեփական աստղն է վառել երևանյան ռոքային երկնքում: Բեմից դուրս նա չափազանց համեստ, նուրբ ու զգացմունքային կին է, ով ստեղծել է իր հեքիաթային Երևանն ու ապրում է այնտեղ սիրելի ամուսնու, ընտանիքի ու ընկերների հետ:

Մարգարյան ծննդատանն եմ ծնվել՝ առավոտյան ժամը 6-ին: Մայրս պատմում է, որ ընդհանրապես չէի լացում: Ոչինչ չէր հուշում, որ երգչուհի եմ դառնալու: Մի փոքր մեծացա ու երեխաներից մեկից լացել սովորեցի, հասկացա, որ դրա միջոցով իմ ուզածին կարող եմ հասնել:

Սասունցի Դավթի արձանը, իմ կարծիքով, գլուխգործոց է: Կայարանի հարակից շենքում եմ մեծացել. ու այդ հուշարձանը միշտ ոգեշնչել է ինձ: Երբ տեղափոխվեցինք Մասիվ, սկսեցի կարոտել:

Կայարանի մեր տան բակում ռոք համերգներ էինք կազմակերպում: Գոռը պղնձե ամանների վրա հարվածային գործիքներ էր նվագում: Այն ժամանակ դեռ չէր էլ կասկածում, որ երաժիշտ է դառնալու:

Մեր բակում հիմնականում տղաների հետ էի խաղում, նույնիսկ ծեծում էի նրանց: Եղբորիցս տարիքով մեծ եմ ու միշտ պաշտպանի դերում էի հանդես գալիս:

Բենիամին Ժամկոչյանի անվան ֆրանսիական թեքումով թիվ 119 դպրոցն եմ ավարտել: Դպրոցական տարիներից սկսեցի երգել: Բարձր գնահատական ստանալու համար ուսուցիչներս պահանջում էին, որ երգեմ: Հայոց պատմություն շատ էի սիրում, գնացի քննության: Ուսուցչուհիս ասաց, որ մի բան երգեմ: Խնդրեցի, որ դասը պատասխանեմ, որովհետև երեք օր պարապել էի: Բայց գնահատական նշանակեց միայն երբ երգեցի:

Կոնսերվատորիայի այգում, դեռ դպրոցական տարիներին, նստում ու նայում էի շենքից դուրս եկող ուսանողներին: Մտածում էի՝ կգա՞ արդյոք մի օր, որ ես էլ իջնեմ այդ աստիճաններով: Երկար ժամանակ այդ երազանքով էի ապրում: Երաժշտական դպրոցում չէի սովորում ու ինձ համար անհնար էր թվում կոնսերվատորիա ընդունվելը:

Պատմական օր էր, երբ Գոհար Գասպարյանը լսեց իմ կատարումը: Ձեռքերս ու ոտքերս դողում էին: Երգեցի լեգենդի առջև, ու նա որոշեց, որ կպարապի ինձ հետ: Այդ ժամանակ 16 տարեկան էի:

Երևանի պետական կոնսերվատորիա ընդունվեցի երկու տարի անց: Սովորելով դասական վոկալ բաժնում՝ Գոհար Գասպարյանի ղեկավարած դասարանում, սկսեցի ռոք ոճում երգել: Գոհար Գասպարյանն իմացավ այդ մասին, նաև, որ կիթառ եմ նվագում, ջղայնացավ ու ազատեց ինձ դասերից: Մի քանի օր հետո զանգահարեց ու ասաց՝ «Կուկլա ջան, կարող ես կրկին գալ դասերին, բայց այլևս ռոք չես երգելու»: Մտածեցի, որ կգնամ, բայց կթաքցնեմ, որ ռոք եմ երգում:

Մշակույթի համալսարանում եմ կիթառ նվագել սովորել: Գոռը նայում էր, թե ինչպես եմ տանը նվագում, արդյունքում՝ ինքն էլ սովորեց: Հետո գերազանցեց ինձ:

Կասկադը ամենահարազատ վայրերից է: Ջութակահարուհի ընկերուհիս, ես ու Գոռը գնում էինք Կասկադ, նվագում ու երգում էինք այնտեղ: Մարդիկ հավաքվում, լսում էին, մենք էլ մեզ աստղ էինք զգում: Կասկադը այժմ էլ «իմն է»: Վերևի մասից սիրում եմ նայել քաղաքին:

Երեխաներով մաքրում էինք մեր քաղաքը՝ «Մաքուր Երևան» կազմակերպության հետ: Ավլում էինք հրապարակը, Օպերան, Կասկադը: Նույնիսկ մարզեր էինք մեկնել:

Զանգու գետի մոտ էի գնում՝ գիրք կարդալու: Հաճախ Գոռը ինձ հետ էր գալիս, նրա համար «Ջելսոմինոյի արկածներն» էի կարդում՝ երգող տղայի մասին պատմությունը, ում ձայնից ջարդվում էին ապակիները: Մի անգամ էլ գիրքը գետն ընկավ՝ կյանքի գնով փրկեցինք այն:

15-րդ կվարտալում գտնվող դպրոցի նկուղում էինք հավաքվում ու բենդով փորձեր անում: 19 տարեկան էի, երբ առաջին անգամ, հենց այնտեղ, ծանոթացա խմբի երաժիշտների հետ: Տղաներից մեկը ճաղատ էր, ես էլ մտածեցի, որ ռեցեդիվիստ է ու կսպանի ինձ:

Սայաթ-Նովայի վրա գտնվող Downtown ակումբում եմ արել առաջին քայլերը որպես ռոք կատարող: Այնտեղ Գոռի հետ դուետներով էինք հանդես գալիս: Ամեն ինչ հենց այդ ակումբից սկսվեց:

Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ իմ առաջին համերգը: Այդ ժամանակ բեմն ինձ այնքան մեծ էր թվում, ու ես ահավոր անհանգստանում էի ելույթիս համար: Բայց, ի վերջո, համերգը հաջող անցավ:

Աշակերտներ ունեմ, որոնց հետ վոկալ եմ պարապում հիմա: Միշտ սիրել եմ երեխաների հետ աշխատել: Երեխաներիս հետ հաճախ կատակում եմ, բայց երբ ջղայնանում եմ…

«Պապլավոկ» առաջին անգամ հայրիկիս հետ գնացի: Մինչ այդ երազում էի այնտեղ գնալ ու երաժշտություն լսել: Այդ ժամանակից ի վեր դա իմ ամենասիրելի վայրերից մեկն է մնացել:

Stop ակումբում եմ սիրում ելույթ ունենալ, բայց ակումբային կյանքի սիրահար չեմ: Երբ երգում եմ, ինձ համար մի առանձին, մեկուսացված աշխարհ եմ ստեղծում և կատարումների ընթացքում ապրում եմ այնտեղ: Իսկ երբ մենակ չեմ այդ աշխարհում, դա խանգարում է ինձ:

Stop-ը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում: Այնտեղ եմ ծանոթացել այն ժամանակ դեռ ապագա ամուսնուս հետ: Ընկերուհուս ամուսնու ընկերն էր, համերգիս էր եկել: Նստել էր բեմի առջև ու ողջ համերգի ընթացքում ինձ էր նայում:

Փափազյան փողոցի վրա էր գտնվում ընկերներիս տունը, որտեղ տեղի ունեցավ մեր առաջին ժամադրությունը: Ամուսնուս ծննդյան տարեդարձն էր: Այժմ մեր ժամադրության սիրելի վայրը գազանանոցն է:

Իրոք շատ եմ սիրում Երևանը: Երբեմն մտքովս անցնում է, որ հեռանամ երկրից, բայց հենց այդ պահին հասկանում եմ, որ չեմ դիմանա: Շատ եմ կարոտում Երևանը, երբ նույնիսկ կարճ ժամանակով եմ բացակայում քաղաքից: Ամենից շատ կոնսերվատորիան եմ կարոտում, իմ հարազատ շենքն ու այգին:

Երևանում ամենառոքային վայրը մեր տունն է: Այն ռոքի կենտրոնի է նման: Մեր հարևանները ընտրություն չունեն՝ ռոքի սիրահարներ են, բայց երբևէ չեն բողոքում:

Մասիվի մեր տան կտուրն եմ սիրում, այնտեղ է ամուսինս ինձ ամուսնության առաջարկ արել, բայց այնքան սիրահարված էինք, որ մանրամասները չեմ հիշում: Մեր հին տան կտուրից դեպի Օպերա հիասքանչ տեսարան էր բացվում:

Երևանն ինձ համար տարբեր բնավորության գծերի խառնարան է: Սիրում եմ Երևանի քաղցրարյունությունը, ջերմությունը: Բայց շատ են հոգնած մարդիկ, ովքեր անդադար բողոքում են ամեն ինչից, բարկանում են բոլորի վրա: Ինձ դա ցավ է պատճառում, որովհետև իրականում երևանցիները շատ բարի են: Պետք է ամեն կերպ փորձենք վերադարձնել այդ բարությունը:

Երևանն ինձ համար փոքր շենքերն են, փողոցները: Մեզ շրջապատում է կոպիտ ու հզոր լեռների և նուրբ ու գեղեցիկ կանաչի համադրությունը: Մեր ժողովուրդն էլ այդպիսին է՝ կոպիտ, բայց նուրբ, բողոքական, բայց ջերմ:

Երևանը երբեմն տխրում է, ու ես ուզում եմ գրկել նրան: Նրա ուժերը կարծես չեն հերիքում, որ մինչև վերջ ցուցադրի իր գեղեցկությունը: Երևանը մոր նման է, բայց մայրերը իրավունք չունեն տխրեն, կամ խեղճանան, չէ՞ որ նրանք ամենաուժեղ էակներն են: Եվ ընդհանրապես, հայերը շատ ուժեղ են, որ այդքան դժվարությունների հետ մեկտեղ գոյատևում են:

Կքանդեի Երևանի բոլոր բարձրահարկ շենքերն ու կարմիր կտուրներով փոքրիկ տնակներ կկառուցեի: Շատ ծառեր, ծաղիկներ կտնկեի, ցայտաղբյուրներ կկառուցեի, կվերացնեի շենքերի գորշությունն ու բազմերանգ գույներով կներկեի դրանք: Այդ ժամանակ մարդիկ էլ գունավոր կդառնային: Հեքիաթային քաղաք կստեղծեի:

Երևանում չկա մի բան, որ փոփոխության չենթարկվի՝ ժամանակի հարց է: Նկատում եմ, որ արդեն շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել: Ուղղակի պետք է հասկանանք նրան, նա դեռ բարդ անցումային շրջանում է:

Երևանը չի կարող սահմանափակել իմ ազատությունը: Դա անձի խնդիրն է, ոչ թե քաղաքի:

Առավոտյան շատ շուտ եմ արթնանում, այդ ժամանակ ես ու Երևանը միասին ենք լինում, մեզ է միանում մեր պատուհանից երևացող Մասիս սարը: Ամեն օր նրան ողջունելիս սիրտս թրթռում է: Արևի շողերը երբ ընկնում են վրան ու փայլեցնում ձյունը, ինձ թվում է, թե հարսի զգեստով աղջիկ է պառկած սարի վրա: Այդ պահին Աստծուն հարցնում եմ՝ «Աստված ջան, այս ի՞նչ հիասքանչ նկարիչ ես»:

Երևանն ինձ համար գեղեցիկ աղջիկ է: Հետաքրքիր է, ե՞րբ է ամուսնանալու:

Այս թեմայով