22 Մայիս 2013, 12:22
885 |

Երջանկության կինոմեխանիկան

Մինչև երեկ, երբևէ առիթ չէի ունեցել բարձրանալու կինո «Մոսկվայի» «վերևները»: Ինձ համար կինոթատրոնը սկսվել ու վերջացել էր կարմիր կամ կապույտ դահլիճներով: Բայց չէ՜… «վերևներում» մի ուրիշ աշխարհ է՝ մեծ անիվների վրա առանց շտապելու փաթաթվում է ժապավենը, նեղ պատուհանից երևում է ամբողջ դահլիճը:

Արմեն Ավագյան
Կինոտեխնիկումն եմ ավարտել: Սովետի փլուզումից հետո կինոն սկսեց չաշխատել, բայց հիմա էլի կինոն վերադառնում ա: 2001 թվի սեպտեմբերի 3-ից, երբ «Մոսկվա» կինոթատրոնը վերաբացվեց, էստեղ որպես գլխավոր մեխանիկ եմ աշխատում: Կինո «Մոսկվայում» իմ ցուցադրած առաջին ֆիլմը «Գլադիատորն» ա էղել: Արդեն 11 տարի ա՝ էս բնագավառում եմ:

Կինոմեխանիկի աշխատանքը որպես էդպիսին գաղտնիք չունի, ուղղակի պետք ա աշխատանքին վերաբերվես պատասխանատվությամբ ու մի քիչ նրբազգաց լինես: Իսկ կինոն նրբազգաց լինելու հնարավորություն տալիս ա, էն էլ՝ շա՜տ, էն էլ լենտո՛վ կինոն… Լենտով կինոն շատ բան ա իրա մեջ ներառում՝ համեմատած էսօրվա CD-DVD-ների, ֆլեշկաների ու վինչեստրների վրա ապրող ֆիլմերի հետ: Լենտն իրա մեջ շունչ ա պարունակում, ու դու իրան զգում ես: Միշտ էլ էդպես ա եղել: Իսկական կինոն լենտն ա, որովհետև մեջը հոգի կա: Նույնը կյանքում ա՝ մարդկանց հետ առերես շփումը հո նույն շփումը չի, ինչը սոցիալական կայքերում: Նոր սերունդը պետք ա հասկանա, որ դիսկը մնում ա դիսկ, լենտը մնում ա լենտ: Լենտը փչանալու դեպքում կարելի ա նորոգել, իսկ դիսկը, կամ վինչը, եթե քերծվեց, փչացավ, ու դու էդ դիսկի վրայինը ուրիշ տեղ պահած չունեցար, ուրեմն էդ կինոն արդեն վերջ, պըրծ:

Ֆիլմի ղեկը միշտ ձեռքումս ա, բայց ես՝ կինոյի լեզվով ասած, կադրից դուրս եմ. կինոմեխանիկի գործը հենց էդ ա: Իմ կյանքում էլ եմ էդպի սին դարձել, շատ երևալ չեմ սիրում, չի ստացվում: Տարբեր տարիներին սպասարկման ոլորտում եմ աշխատել, մինչև նախագահ սպասարկել եմ, բայց էլի չեմ էրևացել, կադրից դուրս եմ մնացել: Բայց կարևորը էդ չի, կարևորը՝ մարդիկ արածդ գործից գոհ մնան: Եթե հանդիսատեսը ոգևորված նայում ա ֆիլմը, դու էլ ես քեզ լավ զգում: Ֆիլմում լինում են հատվածներ, որ ենթադրենք, հաճելի երաժշտություն ա հնչում, էդ ժամանակ ձայնը մի քիչ բարձր եմ անում, որ հանդիսատեսը ոգևորվի, իրան ավելի հաճելի լինի… այսինքն՝ կինոմեխանիկը մի քիչ էլ պետք ա դիջեյություն անի: Որովհետև դու մի ֆիլմը մի քանի անգամ պատու հանի հետևից առիթ ունենում ես նայելու, իսկ հանդիսատեսը եկավ, մի անգամ նայեց, գնաց: Դրա համար էլ պետք ա էնպես անես, որ ինքը հնարավորինս հաճույք ստացած դուրս գա դահլիճից: Կինոն ինչքան կա՝ կինոմեխանիկն էնքան պահանջված ա լինելու, տպավորություն չստեղծվի, թե մենք վերջին մոհիկաններն ենք մնացել, պարզապես մենք միշտ պատուհանի հետևում ենք… Էսօրվա դրությամբ նույնիսկ 2 աշակերտ ունենք, իրանց սովորացնում ենք, որ շուտով կինո «Մոսկվայում» նոր դահլիճ բացվի՝ էնտեղ աշխատեն: Նույնիսկ էստեղ սովորում, գնում են Ռուսաստան աշխատելու: Չէ՝, կինոմեխանիկները պահանջված են: Էս աշխատանքը ընտրում են ոչ թե նրանք, ովքեր աշխատանք են փնտրում, այլ նրանք, ովքեր սիրում են կինոն: Հարցը սերն ա դեպի կինոն, թե չէ էսօր բոլորն են աշխատանք փնտրում:

Մեկ-մեկ մեզ հարցնում են՝ որ դուք կինոն դնում եք, հետո գնում, քնո՞ւմ եք: Տո ի՞նչ քնել… Ֆիլմին ենք հետևում, մեկ-մեկ էլ կատակներ ենք անում տղաներով, որ ժամանակն անցնի: Ուրեմն մի հատ ուժս ֆիլմ ա գնում՝ «Ֆրեդին ընդդեմ Ջեյսոնի»: Մի դրվագ կար, որ շատ տպավորիչ էր ու ամենավախենալուն էր: Էս Ֆրեդիի դերասանը ահավոր գեշ էր, մենք էլ իրա նկարը պլակատից կտրեցինք-հանեցինք ու տղաներից մեկին դիմակ սարքեցինք դրանով, կանգնացրեցինք ամֆիթատրոնում՝ հենց տեխնիկի պատուհանի ներքևում: Մեր մեխանիկներից մեկն էլ հլը չէր նայել էդ ֆիլմը, ինքն էլ կինոյի գիժ ա: Ասեցինք՝ արի պատուհանից նայի, նենց լավ ֆիլմ ա: Էկավ: Պայմանավորված պահին էդ տղեն գլուխը պատուհանից հանեց ուղիղ տեխնիկի աչքերի դիմաց ու բարձր գոռաց: Մնացածներս էլ դուռ, լուսամոտ՝ ինչ կար չկար, սկսեցինք ուժեղ դմփդմփացնել՝ էֆեկտը ուժեղացնելու համար: Էս մեր ընկերը հո՜ չվախեցավ, հո՜ չգոռաց: Էնպես, որ դահլիճը վախեցավ ու մտածեց, թե էս մեխանիկը երևի առաջին անգամ ա էս ֆիլմը նայում, դրա համար էլ վախեցավ: Ճիշտն ասած, մենք էլ վախեցանք, բայց իրա գոռոցից: Ինքը էդ պահին էնքան էր մտել էդ կինոյի մեջ, որ մինչև հիմա էլ հաստատ համոզված չի, թե էդ սարքա՞ծ բան էր, թե՞ ֆիլմն էր էդպիսին:

Սերգեյ Հովսեփյան
2000 թվին բացվեց կարմիր զալը, 2003-ից ես եկա էստեղ: Գործի մեջ կինոմեխանիկը պետք ա առաջին հերթին հմուտ լինի, իսկ էդ հմտությունը տարիների ընթացքում ա մշակվում: Հմտությունը էն ա, որ մեխանիկների լեզվով ասած, զարյադկեն հասցնի, որ հաջորդ սեանսի հանդիսատեսը իզուր երկար չսպասի:

14 տարեկանից տարբեր կինոթատրոններում՝ «Ուրարտու», «Անի», «Սևան», կինո եմ ցույց տալիս: Մանկուց սիրել եմ կինոն: Հայկական ֆիլմերից շատ եմ սիրում «Մենք ենք, մեր սարերը», իսկ ամերիկյաններից՝ «Գլադիատորը»:

Էնպես եմ անում, որ հանդիսատեսը ձայնից կամ պատկերից բողոք չունենա: Առաջ ֆիլմերը լենտով էին գալիս, հիմա՝ 3D-ով: Օրինակ, նույն «Տիտանիկը» հենց 3D-ով եկավ, հանդիսատեսն ավելի շատ եկավ, որովհետև 21-րդ դարի մարդուն հենց էդ 3D էֆեկտներն են հետաքրքրում, ոչ թե ֆիլմի սյուժեն: Էնպես չի էղել, որ պատկերը գնա կամ ձայնը կորի, ես միշտ տեղում եմ: Դե հիմա էլ էնպես չի, որ նայելուց պլյոնկեն կտրվի: Էդ կոմունիստների ժամանակ էր շատ լինում, որովհետև վատ որակի պլյոնկեք էին լինում: Հիմա մենակ եթե փառատոններին պլյոնկով ֆիլմ են բերում, մենք նախապես ստուգում ենք, նոր ենք ցուցադրում: Ճիշտ ա, էստեղ մեծ էկրանով եմ նայում ֆիլմերը, բայց դե տանը տելեվիզրի հետ էլ եմ լավ. չնայած տանս տելեվիզրն էլ ա մեծ: Մենակ մի հատ սովորություն ունեմ: Պատուհանի հետևից ես միշտ որ ֆիլմը նայում եմ, սիրում եմ, որ մութ լինի ու խցիկի բոլոր լույսերը անջատում եմ: Տանն էլ եմ էդպես նայում: Բնազդաբար, հենց ֆիլմի տառերը գրվում են, գնում լույսերն անջատում եմ: Իսկական կինոն ոչ թե համակարգչով պետք ա նայել, այլ մեծ էկրանով: Ճիշտը մեծ էկրանն ա: Թե չէ պիռատսկի դիսկերը առնում են, որ նայեն, բայց դրանք նայելու բան չեն: Էղել ա՝ դիսկ եմ առել, որ դահլիճից նկարած ա էղել, մարդկանց գլուխներ ա երևացել, մեկ էլ տենում ես՝ մեկն անցավ դահլիճում:

Մի խոսքով, կինոն պլյոնկով լինի, թե յեսիմ քանի D-ով, մեկ ա, կինոմե խանիկը միշտ պետք ա լինելու, ֆիլմի ղեկը միշտ իրա ձեռքում ա լինելու:

«ԵՐԵՎԱՆ» ամսագիր, N 7-8, 2012

Այս թեմայով