21 Մայիս 2013, 10:51
96 |

Երևանի քույրիկները. հե՜, հե՜, հե՜, հե՜յ, Անտանանարիվո՜ւ

Երևանի ու Անտանանարիվուի շուկաներն ընդգծված նմանություն ունեն: Երկու տեղերում էլ առևտուր անելն առանձնակի հաճույք է:

Հեռու հեռվում' տասնյակ պետություններից, ծովերից ու օվկիանոսից այն կողմ, լեռների փոխարեն' Հնդկական օվկիանոսի մեջտեղում է գտնվում Երևանի քույրը' Անտանանարիվուն: Հայաստանի ու Մադագասկարի, Երևանի ու Անտանանարիվուի չափսերի մասին խոսելն անիմաստ է. սարերի ու ձորերի տարբերություն: Չգիտես' ինչու և ինչպես, 32 տարի առաջ Սովետական Միության մայրաքաղաքներից մեկը որոշեց բարեկամական կապեր հաստատել Մադագասկարի մայրաքաղաքի հետ: 1981-ին, Երևանի քաղաքապետ Մուրադ Մուրադյանի թեթև ձեռքով Երևանն ու Անտանանարիվուն հռչակվեցին քույր քաղաքներ: Հուշագրի ստորագրումից բացի դժվար է հիշել այլ կարևոր փաստաթուղթ կամ գոնե չնչին համագործակցություն:

Մերիերենից' բնիկների լեզվից թարգմանաբար «Անտանանարիվու» նշանակում է «հազարավոր գյուղեր»: Հենց այդ գյուղերի միավորումից էլ ստեղծվել է քաղաքը, ուր միայն հողից տներ էին' թագավորական հրամանի համաձայն: Հիմա էլ երկնաքերեր առանձնապես չես տեսնի այնտեղ, թեև Երևանում էլ դրանք շատ չեն:

50 տարի առաջ Մադագասկարն ազատվեց ֆրանսիական իշխանությունից: Մինչև 70-ականները Անտանանարիվուն Տանա էր կոչվում: Հիմա քաղաքի բնակչությունը մոտ 2 մլն Է: Ի տարբերություն ավագ քրոջ' Անտանանարիվուի բնակչության մի մասը քրիստոնյա է, մյուսներն ազգային կրոնն են դավանում, շատ քիչ են մահմեդականները: Անտանանարիվուի ամենահայտնի տեսարժան վայրը քաղաքի ամրոցն է'Ռուվան: 17-րդ դարում այն քաղաքի միակ քարաշեն կառույցն էր: Ֆրանսիական գաղութի կարգավիճակից դուրս գալու համար կազմակերպվող ցույցերի ժամանակ ամրոցն այրվեց, բայց հետագայում վերակառուցվեց:

Քույրերն ունեն կենդանաբանական այգիներ: Եվ այս հարցում Երևանը շատ բան ունի սովորելու Անտանանարիվուից. տասնամյակներ առաջ հիմնված կենդանաբանական այգին Մադագասկարի հպարտությունն է: Ի հակադրումն այգու՝ Երևանի ու Անտանանարիվուի շուկաներն ընդգծված նմանություն ունեն: Երկու տեղերում էլ առևտուր անելն առանձնակի հաճույք է: Անհասկանալի լեզվով, բայց Երևանի շուկաների ոճով, վաճառողները գնորդներին կանչում են իրենց կիսախարխուլ սեղանիկների մոտ՝ բեռնված հայտնի ու անհայտ մրգերով, խոտերով ու համեմունքներով: Մի փոքր հնարամտության ու համառության շնորհիվ, լուսահիշատակ Փակ շուկայի չգրված կանոնների համաձայն, կարելի է զեղչել ցանկացած ապրանք:

Եղանակը Անտանանարիվուում դրախտային է' չհաշված անձրևների շրջանը, երբ քաղաքի փողոցներով քայլելը գրեթե անհնար է: Երևանում այդպիսի հեղեղներ չեն լինում: Մայրաքաղաքի հեռավոր քույրն աչքի չի ընկնում նաև իր մաքրությամբ. ևս մեկ ընդհանրություն: Սակայն քույր-քաղաքների հիմնական ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ փորձում են զարգանալ, օրինակ վերցնել այլ քաղաքներից ու, միևնույն ժամանակ, պահել սեփական դիմագիծը: Անտանանարիվուն ու Երևանը միավորում է նաև ընդհանուր քույրը' ֆրանսիական Նիսսը, որն ակտիվ կապ է պահում երկուսի հետ էլ: Ով գիտե, գուցե մի օր իրավիճակը փոխվի ու ավելի քան 30 տարի առաջ բարեկամացած, բայց հազվադեպ շփվող քույրերը մի օր վերաարժևորեն իրենց պատմական բարեկամությունը:

Այս թեմայով