09 Մայիս 2013, 17:30
2837 |

Վետերանների միության պատերի ներսում

Ուղիղ 68 տարի առաջ Սովետական Միության համար մայիսի 9-ը հաղթական դարձավ, իհարկե կորուստների ու արյան գնով: Պատերազմը վերջացավ, շատերը չվերադարձան ու չդիմավորեցին 1945-ի ամառը:

Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն հիմնվել է 1956-ի սեպտեմբերի 28-ին: 2013-ի մայիսի դրությամբ վետերանների կոմիտեում հաշվառված են 1 857 վետերան, նրանցից մոտ 1000-ը գամված են անկողնուն: Ծերանոցում բնակվող վետերաններ նույնպես կան: 2012-ի հունվարի տվյալով դեռ 2 476 վետերան էր ապրում: «Մեր շարքերը նոսրանում են, ամեն ամիս հրաժեշտ ենք տալիս 30-40 վետերանի: 5-10 տարի հետո մեր կոմիտեի անվան մեջ պատերազմ բառը կվերանա` կմնա միայն զինված ուժերի վետերանների կոմիտե անվանումը», - ասում է կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը: Այսօր գրասենյակում երեք հոգով են աշխատում՝ կոմիտեի նախագահը, նրա օգնական Ժենյա Հարությունյանն ու գործավարուհի Անահիտ Մելումյանը: Գնդապետ Պետրոս Պետրոսյան երկար տարիներ աշխատել է Հայաստանի պետական անվտանգության կոմիտեում, արտաքին հետախուզության բաժնի պետ է եղել: Նա 42 մեդալ ու շքանշան ունի, երեք անգամ վիրավորվել է, այտոսկրի հատվածում մինչ այժմ պահպանվել է պատերազմից «հուշանվեր» մնացած բեկորը: Նա նաև Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներից է`«Այս տարվա փետրվարին 10 վետերանների հետ մեկնեցինք Ստալինգրադ, ի դեպ, այն մեզ համար դեռ Վոլգոգրադ չի դարձել»: Այս տարի պարոն Պետրոսյանը 90–ամյա հոբելյանն է տոնելու: Նրա հետ զրուցելը կարելի է համեմատել հետաքրքիր, բովանդակալից, հուզիչ գիրք կարդալու հետ:

Ժենյա Հարությունյանը յոթ տարուց ավելի այստեղ է աշխատում: Տիկին Հարությունյանն ու Անահիտը ժամը 16:00-ին ավարտում են աշխատանքը, Պետրոս Արտաշեսովիչը ավելի երկար է մնում գրասենյակում: Ընդմիջման 15 րոպեն սուրբ արարողություն է. վետերանների կոմիտեն ընկերական սրճում է: Մնացած ժամանակ կոմիտեի կյանքը սովորական է: «Մենք հասարակական կազմակերպություն ենք: Նախագահի աշխատակազմը մեզ տարեկան 2 միլիոն դրամի չափով գումար է հատկացնում, այլ ֆինանսավորում չունենք: Այդ գումարով վետերաններին ենք օգնում, դեղերի գումար հատկացնում, նրանց թոշակը քիչ է, մոտ 30-ից 50 հազար դրամ», - պատմում է Ժենյա Հարությունյանը:

Հայաստանի հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն մասնակցում է երկրում տեղի ունեցող բոլոր կարևոր միջոցառումներին, համագործակցում պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության, զինկոմիսարիատների և այլ պետական կառույցների ու հասարակական կազմակերպությունների հետ: Ամեն տարի ՀՀ անկախության օրը Սևանում նրանց մասնակցությամբ միջոցառում է կազմակերպվում: «Օգնություն ենք ցուցաբերում կարիքավոր վետերաններին, այցելում նրանց ծննդյան տարեդարձներին: Եղել է, որ 100-ամյակ ենք նշել: Մեր հնարավորության սահմաններում աջակցում ենք բոլորին», - ասում է Պետրոս Արտաշեսովիչը:

Այս թեմայով