16 Փետրվար 2013, 12:52
80 |

Բուլդոզերի ժամանակը

Նորակառույցը պետք է գրավի իր տեղը ոչ որպես ներխուժած անկոչ հյուր, այլ առկա գլխավոր մասնաշենքի տրամաբանական շարունակություն:

Բոլորս տեսնում ենք, թե ինչ տխուր վիճակում է հայտնվել Երևանը վերջին տարիներին: Խոսքս մասնավորապես ճարտարապետական տեսքի մասին է: Ըստ ձեզ, որո՞նք են դրդապատճառները:

— Կա ձևավորված կարծիք, որ ներկա իրավիճակի մեղավորները ճարտարապետներն են: Բավական հեշտ բացատրելի և ամենակարևորը՝ հարմար դիրքորոշում է: Դժվար է ընտելանալ այն մտքին, որ տիրող տխուր քաղաքային ներկայացման մասնակիցները բոլորս ենք՝ մեր մայրաքաղաքի անշնորհակալ ժառանգորդներս: Քաղաքն ի վերջո նմանվում է նրանց, ովքեր ապրում են այդ միջավայրում և փոխում է իր դեմքը քաղաքացու պատկերին համապատասխան: Չկա, չի եղել և չի լինելու ոչ փոխկապակցված ճարտարապետական միջավայր: Քաղաքացի և պետություն հասկացությունները անբաժան են, նույն ժամանակում են և արձագանքվում են «մեր կյանքի փողոցներում» կամ որպես հաջողված եռաձայն մեղեդի, կամ հարբած «դաստայի» ոռնոց: Երևանը մեր կյանքի միջավայրն է, որի մեջ մեզ պարգևված է ապրել՝ կրելով որոշակի շարունակական պատասխանատվություն, այլ ոչ թե «ազգասիրական» պաթոսով տոգորված երգերի թեմա:

Երևանի արտաքին տեսքի փոփոխության գործընթացը նոր չի սկսվել: Մայրաքաղաքը դարձել է մեր խառը անցումային ժամանակաշրջանի զո՞հը:

— Սա «ապերոյական կապիտալիզմի» վերջին քսան տարիների արդյունք է: Հատուկ նվիրվածությամբ և եռանդով ամեն մի «շինող» և բնականաբար «փինող» պատեց բորբոսի հաստ շերտով՝ կայացած քաղաքի մայթերը, շենքերի ճակատները: Իրեն հատուկ ճաշակով վերաշինեց առաջին հարկերը, թափանցեց նկուղները՝ մարմնավորելու իր երազած «դուքյանը», որպես հետևանք՝ ամոթով թողնելով կառույցի հիմքերը և արհամարհելով հենապատերը, վերջնականապես հաստատելով նրանց որպես գալիք երկրաշարժի մարդասպանության քնկոտ ականներ: Քաղաքային մարազմի առաջին փուլն էր: Իհարկե, չխուսափեցին բորբոսից և տանիքները, որտեղ «նոր երևանցին» բարձրագույն նվիրվածությամբ՝ որպես գյուղի պապական տան խորհրդանիշ, կառուցապատեց քաղաքի հինգերորդ ճակատը՝ վերահաստատելով իր թանկագին ներկայությունը բոլոր հետևանքներով:

Բայց սրանով, կարծես թե, մարազմը չավարտվեց

— Բնականաբար հերթը հասավ քաղաքի այգիներին և պուրակներին, ինչը կարելի է համարել մարազմի՝ տա Աստված, ավարտական, երրորդ փուլը: Միայն «նոր երևանցուն» ծանոթ մեթոդով չորացվեց և կացնահարվեց օղակաձև և ուրիշ ձևեր ունեցող բոլոր նախկին այգիների ծառերի զգալի մասը: Եվ ահա, «նոր երևանցին» իրեն պարգևած բանջար աճեցնելու փոխարեն որոշեց արտադրել նոր բոստանային օբյեկտներ: Արդյունքում մենք ստացանք տարօրինակ մի ժառանգություն: Փաստորեն բացի Հանրապետության հրապարակի կառույցներից Երևան քաղաքում չկա ոչ մի շենք, որը չի ենթարկվել որոշակի ագրեսիայի, ես կասեի՝ թաթար-մոնղոլական արշավանքի շարունակողների կողմից:

Չեմ կարծում, որ այս տխուր շարանի մեկնաբանությունը նորություն է սրտամորմոք ընթերցողի համար, հակառակը՝ «կարմիր գրքի» մեջ գրանցված երևանցին գիտի և ճարահատյալ հետևում է այս մարազմի հաղթական ընթացքին՝ ցանկանալով… Ամենայն բարի՜ք:

Իսկ ինչպե՞ս մաքրվել: Դուք հաճախ նշում եք, որ «ամեն ինչ կարելի է շտկել բուլդոզերների միջոցով»: Մի՞թե ամեն ինչ այդքան հեշտ է:

— Ձեր նշած հրաշալի գործիքը՝ բուլդոզերը, բնականաբար խորհրդանիշ է, և նրա հերոսական արշավը մաքրման գործընթացում պայմանավորված է հասարակության սոցիալական պատվերով: Ցանկացած ինքնամաքրում կուտակված բորբոսից՝ լինի այն քաղաքական, պետական, քաղաքային և բնականաբար ճարտարապետական, պահանջում է որոշակի զոհաբերություններ, և միայն այդ դեպքում հանրությունը ականատես կլինի «բուլդոզերի» հաղթական ընթացքին: Շատերը կասեն՝ մենք պատրաստ ենք… Թույլ տվեք չհամաձայնվել, որովհետև բոցաշունչ բողոքները, ելույթները և նախապես լարված հարցազրույցների մասնակիցները մեծամասամբ՝ որոշակի բացառությամբ, հենց այդ նույն «շինող-փինողներն» են, որոնցից ոչ մեկը պատրաստ չէ ոչ մի զոհաբերության: Ճարտարապետական, քաղաքաշինական ոլորտի տրամաբանական և արարիչ գործընթացը պայմանավորվում է պետության, կառավարության, քաղաքապետարանի և ճարտարապետական հանրության հավաքական մասնակցությամբ: Վերը նշված որևէ բաղադրյալի բացակայության դեպքում չի գործի ոչ մի ծրագիր, և հնարավոր է՝ ապագայում մենք բոլորս ականատես լինենք նոր ցավալի զարգացումների:

Այդ դեպքում՝ ինչի՞ց սկսել:

— Կարծում եմ, առաջինը անհրաժեշտ է վերականգնել ճարտարապետների կորսված կարգավիճակը որպես հասարակության ինտելեկտուալ վերնախավի ամենապատասխանատու և բարձրագույն շերտ, մասնագետներ, ում պարգևված է ճակատագրել մեր կյանքի միջավայրը, այլ ոչ թե, ինչպես հաճախ է պատահում, կիսագրագետ պատվիրատուների խուլ ու հնազանդ սպասավորներ: Իհարկե, կան գրագետ և հետաքրքիր մոտեցումներ, իհարկե կան արժանի նոր շինություններ, իհարկե կան նվիրյալ ճարտարապետներ և բանիմաց կառուցապատողներ, իհարկե Երևանը, անկախ առկա հարձակումից, շարունակում է մնալ հմայիչ միջավայր: Սակայն այս բացառությունների թիվը խիստ սահմանափակ է: Մյուս կողմից, իհարկե, պետք է նշեմ, որ վիճակը շտկել հնարավոր է, միանշանակ: Միայն պետք է կամք և նվիրվածություն:

Շուտով կավարտվի Մատենադարանի շենքի նոր թևի շինարարությունը՝ ձեր նախագծով

— Դժվար է խոսել մի կառույցի մասին, որի ավարտին մնացել են հաշված ամիսներ: Միակ իմ հույսը, որպես ճարտարապետի՝ վերջնակետին հասցնել մի կառույց, որը կհամապատասխանի Մատենադարանի բոլոր պահանջներին: Իսկ նորակառույցը կգրավի իր տեղը ոչ որպես ներխուժած անկոչ հյուր, այլ առկա գլխավոր մասնաշենքի տրամաբանական շարունակություն: Ավելի կարևոր է նշել Մատենադարանի նոր ծրագրերի մասին, որոնք ընդգրկում են գլխավոր մասնաշենքի, հարթակների և Մաշտոցի պողոտայից մինչև Մատենադարան տանող ճանապարհի վերակառուցման աշխատանքները:

Վերջերս իմ ուշադրությունը սևեռվեց Սուրբ Էջմիածնի տարածքում կառուցվող գրադարանի մասին լուրերի վրա: Մենք բոլորս գնահատում ենք հայ բարերարների նվիրումն ու հայրենասիրական եռանդը և բնականաբար չենք կարող երախտապարտ չլինել կարևոր հոգևոր արժեք հանդիսացող նոր կառույցի ֆինանսավորման համար: Սակայն տարակուսանք է առաջացնում այն, որ իրենց ցանկությամբ, հուսով եմ՝ ոչ պարտադրանքով, այն կոչվելու է Մատենադարան՝ կրելով տեր և տիկին բարեգործների անունը: Թույլ տվեք իմ տարակուսանքը հայտնել այդ կապակցությամբ և հիշեցնել, որ Մաշտոցի անվան Մատենադարանի առկայությունը իսպառ վերացնում է երկրորդ՝ տեր և տիկին անունը կրող պատասխանատու անվանման հնարավորությունը: Հիշեցնեմ, որ մեծագույն բարերար Մանթաշովը կտրականապես արգելեց հիշատակել իր անունը նույնիսկ Թիֆլիսի և Բաքվի օպերային թատրոնների պատերին, պարտադրեց դեն շպրտել Շալյապինին նվիրված դաշնամուրին փակցված նվիրատուի անունը՝ բացականաչելով. «Մանթաշովը դաշնամուր նվագել չգիտի»: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը միակն է: Ինչպես միակն է Երևանը:

Այս թեմայով