07 Մայիս 2013, 12:00
1342 |

«Ծառայում եմ Սովետական Միությանը»

Հայրենական Մեծ պատերազմում Սովետական Միության հաղթանակով վճռվեց Ֆաշիստական Գեմանիայի ճակատագիրը։ Պատերազմը համախմբեց սովետական բոլոր ժողովուրդներին։ Լևիտանի ազդեցիկ ձայնը 1941-ի հունիսի 22-ին գուժեց պատերազմի սանձահարումը, հաջորդ 5 տարին այդ ձայնը սովետական բազմազգ ընտանիքի հետ էր, մինչև որ այն ավետեց մեծ հաղթանակի լուրը։

Երևանում Մոսկվայի տունը Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ կազմակերպել էր հանդիպում, որի ընթացքում մեր վետերանները հնարավորություն ունեցան տեսակամրջի միջոցով հաղորդակցվել Մինսկի ու Սևաստոպոլի վետերանների հետ։ Տեսակամուրջը նպատակ ուներ հնարավորության դեպքում հայտնաբերել մարտական ընկերների. գուցեև բարձրաձայնած որևէ անուն-ազգանուն կամ վերհուշ առիթ դառնա ճանաչելու մեկմեկու։ Պատմություններն իրար նման են, բայց և' տարբեր։ Տեսակամուրջը հնարավորություն տվեց վետերաններրին հետաքրքրվել միմյանց կյանքով ու խնդիրներով։ Պարզվեց' ամենաքիչ կենսաթոշակը ստանում են Հայաստանի և Ուկրաինայի վետերանները։ Բելառուսցի և ուկրաինացի վետերաններից մի քանիսը մարշալ Բաղրամյանի զինվորն են եղել, և այդ փաստը հպարտությամբ էին նշում։

Վետերանները վերապրեցին ռազմի դաշտի մարտական գործողությունները, հաղթանակների ու պարտությունների պահերը։ Նրանց պատմություններում արժանահավատ նվիրումը, անձնվեր կամքը, սովետական երկրին ծառայելու և նրա համար ընկնելու փափագը պատերազմից 68 տարի անց էլ կենդանի ու թարմ է։

Մեծ հայրենականին Սովետական Հայաստանից մասնակցել է կես միլիոն հայ, ևս 100 000' փյուռքից։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի բնակչությունն այն ժամանակ 2 մլն էր, ուրեմն տոկոսային հարաբերությամբ 15 հանրապետությոններից ամենաշատը մեր երկիրն է Հայրենական մեծ պատերազմին մասնակից տվել։ 600 000-ի ուղիղ կեսն այդպես էլ չի վերադարձել ռազմաճակատից։

Այս թեմայով