15 Փետրվար 2013, 20:39
1433 |

Իմ սիրտը տանիքում է

Հերթով բացելով նախօրեին կողպած դռները՝ նա հայտնվում է բարձրահարկի հարազատ տանիքին՝ երկնքին շատ մոտ:

Դռան ճռռոցից աղավնիները կանխազգում են, որ գալիս է իրենց միակ խնամակալը՝ Վոլոդյա պապը, նույն ինքը՝ ղուշբաս Վալոդը: Իրենց ծանոթ սուլոցը լսում, թառից իջնում, գալիս-շարվում են շուրջբոլորը: Վարպետը մի ձեռքով ցորենն ու փշրանքներն է շաղ տալիս, մյուսով ծխախոտն է վառում:

«Ես ղշերով եմ ապրում, սրանք որ չլինեին, ես հիմա չկայի», — ասում է Վալոդ պապն ու տեղ-տեղ ճաքած կաշվե գլխարկն ուղղելով պատմում, թե հենց այս նույն բարձրահարկի տեղում կես դար առաջ իրենց տան բակն է եղել, 7 տարեկանից խաղ է արել հորեղբոր աղավնիների հետ, 10 տարեկանից սկսել է ինքը խնամել ու արդեն 6 տասնյակ տարի է առանց աղավնի կյանք չունի: «Հենց դիլխոր եմ լինում, կնոջս ասում եմ՝ ես գնացի կրիշ՝ ղշերիս մոտ: Գալիս, նստում եմ էստեղ՝ տանիքում, ու հոգիս խաղաղվում է, ամեն ինչ մոռանում, հանգստանում եմ, սրանք իմ բժիշկն են: Տեսաք, էսօր էլ վերև բարձրացա, բեյնս բացվեց», — ժպտում է աղավնատան տերը:

3 զավակ, 6 թոռ, 30 աղավնի՝ իր հարստությունները հաշվում է Վոլոդյա պապը: Ժամանակին հարյուրներով է պահել, սեփական մեքենայով Բաքվից է բերել, օրերով չի իջել տանիքից, իսկ հիմա առողջությունն ու տեսողությունը ներում են միայն այս 3 տասնյակին խնամելու և օրական երկու անգամ նրանց այցի գալու համար:

«Ժամանակին հատ-հատ անուններով գիտեի, հաշվում էի, թե ով ումից ավելի բարձր ու երկար ճախրեց. Խալավիզը, Սևապոչը, Դաստա սևապոչը (որի պոչն ամբողջությամբ սև է), թե Չիլը՝ էն որ վրեն խալ-խալ ա», — պարզաբանում է վարպետը, ավելացնելով սակայն, թե բոլորին հավասարապես շատ է սիրում:

Աղավնաբուն է մտնում, մեծ դժվարությամբ բռնում աղավնիներից մեկին, զգուշորեն ափի մեջ առնում, ու դեմքին մոտեցնելով քնքշորեն սիրում նրան, խոսում հետը:

«Լենինն էլ էր ղուշ պահում, հրապարակի ղշերն էլ Լենինի ղշերն էին», ակնարկելով Հանրապետության հրապարակում ժամանակին կանգնեցված Լենինի արձանը՝ քմծիծաղ է տալիս վարպետը:

Սեփական տներով և հինգհարկանի շենքերով շրջապատված այս բարձրահարկը Երևանի կենտրոնում է՝ նախկին «Ռոսիա» կինոթատրոնի հարևանությամբ: Տարածքում աղավնի պահողներ շատ կան: Նրանց բոլորի աղավնատները տեսանելի են Վալոդի տանիքից:

«Ուրիշներինը հաճախ գալիս էստեղ են իջնում, բռնում պահում եմ, մինչև տերը գա տանի», — վարպետը չի հասցնում ավարտել խոսքը՝ ճռռոց է լսվում: Ղուշբաս Վարդանն է, եկել է իր ճերմակ «անառակ որդու» հետևից: Նրա 100 աղունիկներից մեկը երկու օր առաջ թռչել ու հետ չի եկել, պարզվել է Վալոդի տանիքին է վայրէջք կատարել:

«Տարածքում շատ են ղուշբասները, բայց Վալոդը ամենահինն է, մենք նրա աշակերտներն ենք: Վալոդի աղավնատունն էլ նախանձելի տեղում է, բարձր, հանգիստ: Խանգարող, գնացող-եկող չկա», — ասում է ղուշբաս Վարդանն ու ներքևում նկատելով ղուշբասներից ևս մեկին՝ բարձր կանչում է՝ «Հովի՜կ, ղուշս գտա՜, հեսա իջնում եմ»:

Աղավնի պահելու տասնյակ տարիների փորձ ունեցող վարպետները միմյանց փոխլրացնելով ընդգծում են, թե սա իրենց համար բիզնես չէ, այլ ուղղակի սիրած ու հաճելի զբաղմունք, կենսակերպ: Ոչ գնում, ոչ էլ վաճառում են աղավնիներ, իրենց աղավնատները համալրում են ընկերների նվիրած ձագերով:

Հպարտությամբ պատմում են նաև, թե ինչպես են ժամանակ առ ժամանակ հավաքվում, մրցության հանում աղավնիներին, տեսնում, թե ում «ղշերն են երկար ու բարձր թռչում, ումը՝ բավարարվում ցածր ու կարճ պտույտներով»:

Ժամանակին այս մասնագիտությանը վերապահումով են վերաբերվել, աղունիկ պահողին անգամ աղջիկ չեն տվել. մեր այս դիտարկմանն ի պատասխան Վոլոդյան քմծիծաղ է տալիս ու ավելացնում. «2 աղջիկ ունեմ, էնպես տարան, չհասցրեցի անգամ աչքս թարթել»: Եվ ընդհանրապես, վերաբերմունքը դեպի մասնագիտությունը փոխվել է՝ «հիմա անգամ գեներալներն են աղավնի պահում», — կեսկատակ-կեսլուրջ ասում է 50 տարվա ղուշբասը:

«Ահավոր բան է, երբ ղուշը թռչում ու էլ հետ չի գալիս», — ղուշբաս Վարդանի դուրս գալուն պես ասում է Վալոդն ու փորձում վերհիշել, թե ինչքան աղավնիներ են անդարձ հեռացել իրենից: «Էh, մազերիս չափ, թռչել-գնացել են ու հետ չեն եկել, մինչև հիմա մտածում եմ՝ տեսնես ու՞ր իջան»:

Բայց ավելի մտահոգիչ է, թե ով պիտի իր գործը շարունակի՝ «Ոչ երեխեքս կապվեցին էս գործին, ոչ էլ թոռներս»:

Աղավնիներին՝ այսօրվա առաջին այցելության ժամանակը սպառվում է: Թե շատ ուշանա, կինը՝ տիկին Գայանեն, կանհանգստանա, հետևից կբարձրանա տանիք՝ պարզելու, թե ինչու ուշացավ ամուսինը: Նախօրոք թրջած հացը ձեռքերով քամում է, շաղ տալիս, հարազատ քաղաքին հարազատ տանիքից նայող հայացքն էլ հառում է երկնքին ու հնչեցնում իր սուլոց-աղավնականչը...

Գրպանից հանում է բանալիների տրցակը, իջնում տունն ու աղավնատունն իրար կապող նեղ երկաթե աստիճաններով, հերթով կողպում երեք դռնակներն ու քթի տակ արդարանում, թե՝ «աղավնու գողերը շատ են հիմա»:

Այս թեմայով