15 Փետրվար 2013, 19:55
2079 |

Խոսող պատերը

Փողոցային այս արվեստի հեղինակներն իրենք իրենց կոչում են գրաֆիտի գրողներ: Իտալերեն «գրաֆիտո» բառը նշանակում է «գրած, փորագրած, նկարած տառ, պատկեր, գծագիր, խզբզոց կամ հաղորդագրություն»:

Անանուններ

Դեռևս 90-ականներին փողոցային արվեստը Երևանում կիրառած առաջին համարձակների աշխատանքներից մի քանիսը դեռ պահպանվել են: Սակայն հանդիպել դրանց հեղինակներին մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը նոր սերնդի ներկայացուցիչ Գերմանի համար այդ վաղ շրջանի գրաֆիտիները ներշնչանք դարձան: Հետո տարվել է գրաֆիտիների մասին համակարգչային խաղով, ինչից հետո էլ հավաքել է N.M.E CREW սեփական խումբը (nimble minds employeres՝ «ճկուն մտքի ծառայողները»):

Գրաֆիտիստները հաճախ աշխատում են խմբերով՝ crew: N.M.E CREW-ի անդամները 4-ն են՝ German-ը, Smee-ն, Depth-ը և Tyne-ը: Էլ ի՞նչ փողոցային արվեստի ներկայացուցիչ առանց իրեն յուրահատուկ, իսկական անունը քողարկող մականվան, որով պիտի ստորագրի ամեն նկարի տակ: Տղաները խոստովանում են, որ գրաֆիտի գրելու գրավիչ տարրերից մեկը հեղինակի անանունությունն է: «Զբոսնում ես քաղաքով, անցնում քո իսկ արած գործի կողքով, լսում ինչ են խոսում ու քննարկում անցորդները երեկ գիշերը արած գործիդ մասին ու հաճույքով արձանագրում, որ նրանց մտքներով անգամ չի անցնում, որ պատը նկարազարդողը դու ես», — ասում է Գերմանը:

Անոնիմ վարպետները վստահեցնում են՝ այն, որ գրաֆիտին ոչ ավանդական ձևաչափ ունի, ամենևին էլ չի ենթադրում, որ այն չի կարող համարվել արվեստ: Պարզապես այն չի տեղավորվում ընդունված ակադեմիական արվեստի սահմանների մեջ: Գրաֆիտին դրանով զբաղվողների բնորոշմամբ ազատություն է, զգացմունքների անսպասելի արտահայտում, հաղորդագրություն հասարակության համար, շփում նրա հետ: Այստեղ չկան նկարչական պարտադիր օրենքներ, համաչափության կանոններ, ձևաչափային ու տարածքային սահմանափակումներ: Ազատության զգացողությունն այնքան մեծ է, որ երբեմն հեղինակներն իրենք են սահմաններ գծում՝ չափի զգացողությունը չկորցնելու համար:

Սև գիրք

Յուրաքանչյուր գրաֆիտի գրող ունի իր black book-ը՝ նոթատետր, որտեղ ծնվում են քաղաքի պատերի նկարազարդման առաջին էսքիզներն ու մտքերը: N.M.E. Crew-ի անդամների «սև գրքում» նոր միտք կա՝ Երևանի պատերին թողնել հաղորդագրություններ, որոնք կփոխեն անցորդի տրամադրությունը: Եթե նախկինում գրաֆիտի գրում էին գեղեցկության, աչքին հաճելի պատկեր ստանալու համար կամ էլ նկարում խմբի կամ անդամներից որևէ մեկի անունը, ապա հիմա N.M.E. Crew-ն փնտրում է պատ նոր մտահղացման համար: Նախագիծը ստացել է բազմանշանակ Smile՝ ժպիտ, վերնագիրը:

Կարևորը՝ արագ վազել

Առաջին հայացքից սովորական ու անհրապույր թվացող գետնանցումի պատից կրկեսի սիրված դերասան, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը ծաղիկ է նվիրում անցորդներին: Այս գրաֆիտին չ՞-ինն է: չ՞-ն չի ներկայանում, կրկին չկորցնելու համար գրաֆիտի գրողի ամենասիրելի առավելությունը՝ անանունությունը: Ենգիբարյանի գրաֆիտին չ՞-ի եզակի գործն է, որ չունի տեսքստային հատված, այն պարզապես նվիրված է հայտնի միմոսին: Իսկ առհասարակ չ՞-ի կարծիքով գրաֆիտին պիտի յուրաքանչյուր անցորդի մտածելու տեղիք տա: Քաղաքում ունեցած իր հինգ-վեց գրաֆիտիներից ամենից շատ սիրում է Անտուան դե Սենտ էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վիպակի հանրահայտ գլխարկը, որն իրականում ոչ թե գլխարկ էր, այլ փիղ կուլ տված օձ:

չ՞-ն մենակ է աշխատում, իսկ գրաֆիտիների թեմաներն իրենք իրենց են ծնվում: Ժամանակի ընթացքում հասունանում է մի միտք, որը չ՞-ն ցանկանում է կիսել բոլորի հետ: Ընդ որում, եթե այդպիսի միտք գլխում ծագում է, պիտի առաջիկա հանգստյան օրերին այն գրի պատին, հակառակ դեպքում միտքը սառչում է, դառնում սովորական ու կորչում է այն պատին հանձնելու ցանկությունը: չ՞-ն երկար բարակ պատրաստվում է տեղն ընտրելուն: Նախ՝  նրա գրեթե բոլոր գործերը գետնանցումներում են՝ բաց տարածության մեջ հեղինակն իրեն վստահ չի զգում: Մի քանի օր ուսումնասիրում է, թե որ ժամին ով է անցնում պատի մոտով, որտեղ առավել հարմար կլինի գրել: «Եթե գրաֆիտի գրող ես, պիտի նաև լավ վազել կարողանաս, քանի որ ցանկացած պահի կարող են քեզ նկատել ու միակ ելքն այդ պարագայում վազելն է», — ծիծաղելով ասում է նա: չ՞-ն նկարել չգիտի, իսկ Երևանի պատերին աշխատում է տրաֆարետներով: Ամեն ինչ նախապես ստեղծում է համակարգչով, տպում, կտրում, պատկերացնում՝ ինչ տեսք կունենա գրաֆիտին և հետո նոր նկարը հանձնում պատին:

Չնայած վիրտուալ աշխարհի ընձեռած հնարավորություններին՝ գրաֆիտին պահպանում է իր արդիականությունն ու կիրառելիությունը: «Սոցիալական կայքում կարող ես 5000 ընկեր ունենալ, բայց քաղաքի պատերն ու նրանց վրայի հաղորդագրու-թյուններն իրենց ծավալի ու գույների մեջ ավելի ազդեցիկ են, քան ցանկացած նկար ու երկտող, որ կներբեռնես ինտերնետում», — վստահեցնում է չ՞-ն:

Գրաֆիտի գրողի համար ամենամեծ անարգանքը իր աշխատանքի վրա մեկ այլ գրողի կողմից արված նկարն է: Էական չէ, որտեղ և ինչ է ցանկանում նկարել գրաֆիտիստը, նա պարտավորվում է հետևել փողոցային արվեստի չգրված սկզբունքներին և օրենքներին. չնկարել մշակութային արժեք ներկայացնող կառույցների և կրոնական հաստատությունների շենքերի, ինչպես նաև միմյանց աշխատանքների վրա: չ՞-ն սրտացավությամբ է նշում, որ իր աշխատանքներից մեկի վրա սմայլիկ են նկարել, փոխելով պատկերի իմաստն ու տրամադրությունը, մյուսի վրա էլ պարզապես չուզողաբար խզբզել:

«Ռմբակոծված» գնացքը

Գրաֆիտի գրողները բաժանվում են երկու խմբի՝ «բոմբերներ» և «սթայլերներ»: Առաջիններն աշխատում են մեծ խմբով և կարճ ժամանակում: Կարող են հավաքվել հինգ հոգով, հինգ րոպեում նկարել, ասենք, մի քանի պատերի վրա և ցրվել, իսկ սթայլերները կարևորում են գրաֆիտիի բարձրորակությունը, ամեն ստեղծագործության վրա աշխատում են մի քանի ժամ:

Բոմբերների գործունեության ամենաթարմ օրինակը Երևանի մետրոպոլիտենի գնացքի վագոնների նկարազարդումն էր: Այս ակցիան ոչ միանշանակ ընդունվեց երևանցիների կողմից (պատճառներից մեկը գրաֆիտիների թույլ կատարումն էր), իսկ գնացքը դեպոյում պարզապես մաքրեցին և կրկին գործի ուղարկեցին...

Արգելված պտուղ

Ինչպես ավանդական արվեստին, գրաֆիտիին էլ հատուկ են ընդհանուր ոճերը: N.M.E Crew-ի տղաների կարծիքով անհատական ոճ գտնելու համար նախ անհրաժեշտ է լավ ուսումնասիրել տարբեր հեղինակների գործերը, դառնալ գիտակ և ստեղծել սեփականը: Բայց, ի տարբերություն ավանդական արվեստի, այստեղ չկան ուսուցիչներ, ովքեր կսովորեցնեն ինչպես քաշել գծերն ու պահպանել ճիշտ չափսերը: Կարևոր են մարդու ներքին ազատությունն ու երևակայությունը: Գրաֆիտիի բացառիկությունը ինքնուրույն զարգացման մէջ է, առանց միջամտության: Գրաֆիտիստները անընդհատ մրցակցության մեջ են՝ ով որտեղ կկարողանա գրել, ով ինչ նորությամբ ու յուրահատկությամբ կկարողանա զարմացնել: Արդյունքում փողոցային արվեստը զարգանում է ավելի ու ավելի արագ:

Գրաֆիտիի առանձնահատկությունների շարքից է նրա անօրինական լինելը: Բազմաթիվ քաղաքներում առանց թույլտվության քաղաքի պատերին նկարելը համարվում է օրենքի խախտում: Գրաֆիտի գրողների մեկնաբանությամբ, սակայն, հենց այս անթույլատրելիության մեջ է ամբողջ էքստրիմն ու հաճույքը: Նրանք չեն ցանկանում ստեղծագործել մի քաղաքում, որտեղ գրաֆիտի կարելի է գրել որտեղ ու երբ ցանկանաս: Այս իմաստով գրաֆիտին պայքար է այն գրողների և ջնջողների միջև: «Որքան էլ ջնջեն, միևնույն է գրողը չի հանձնվում», — ասում են N.M.E. Crew-ի անդամներն ու կատակում, — «աշխատում ենք այնպիսի գործեր անել, որ մարդու ձեռք չգնա ջնջել»: Գրաֆիտին առավել արժևորվում է, երբ այն տեսանելի վայրում է արված և առանց որևէ թույլտվության:

N.M.E. Crew-ի անդամները ունեն օրինական գործեր, որոնք պատվիրվել ու թույլ են տրվել Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն տղաները դրանք չեն դասում իրենց ամենաստացված աշխատանքների շարքին: Բացատրում են, որ թույլատրելիությունը ազդում է գրաֆիտիի որակի ու տեսքի վրա: Չնայած ցանկանում են Երևանի պատերը դարձնել գրաֆիտիի թանգարան բաց երկնքի տակ, բայց համաձայնում են, որ հաճախ ոմանք չափն անցնում են ու նկարում այնպիսի պատերի վրա, որոնք քաղաքի ներկայանալի դիմագիծն են:

Քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցված գրաֆիտիների թվում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ձեռնարկած «Իմ երազանքների քաղաք» խորագրով նկարները: Բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնող այս գործերը հանգրվանել են մայրաքաղաքի մի շարք լքված ու բանուկ դալաններում, որտեղ երիտասարդ նկարիչները պատկերել են իրենց երազանքների Երևանը:

Մեկ այլ «արտոնագրված» գրաֆիտի-ակցիան տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի գետնանցումը, որը մինչ այդ հայտնի էր միայն տհաճ հոտերով, ամբողջությամբ զարդարվեց պոզիտիվ պատկերներով: Հեղինակները Սամվել Բաղդասարյանի Էսթետիկ կենտրոնի և Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի շուջ 60 ուսանողներն են:

Ինքնասպանություն

Նկարիչներ Էդգար Ամրոյանի և Գարիկ Ենգիբարյանի՝Կենտրոնի գետնանցումներից մեկի պատին արված «ինքնասպան զինվորի» գրաֆիտին՝ աթոռին նստած հրացանով սեփական գլխին կրակող զինծառայողի տրաֆարետային պատկերը թերևս մինչև օրս Երևանում ամենից շատ աղմուկ բարձրացրած և քննարկված փողոցային արվեստի նմուշն է: Սոցիալական ցանցերում և բլոգերում թեժ քննարկումների վերջակետը դրեց անհայտ անձը, որն «ինքնասպան զինվորի» գրաֆիտին պատեց պարզապես սև ներկով (միգուցե որովհետև համայնքն այդպես էլ չզբաղվեց այդ հարցով): Շատերի մոտ զայրույթ առաջացնելու պատճառներից մեկը պատկերի դաժանությունն էր, մինչդեռ այն գտնվում էր հանրային վայրում, որտեղ բազմաթիվ երեխաներ են անցնում: Վեճն էլ ավելի թեժացավ, երբ Էդգարն ու Գարիկը հայտնեցին, թե սա իրենց բողոքն է պարտադիր զինվորական ծառայության դեմ: Արդյունքում հիմա պատին միայն սև քառանկյուն է մնացել, իսկ խոսել ու մեկնաբանել իրենց աղմկահարույց գրաֆիտին հեղինակները հրաժարվում են:

Սեռային խնդիր

Ժամանակակից աշխարհում կանանց ու տղամարդկանց իրավահավասարության համար տարվող պայքարը չի շրջանցել նաև գրաֆիտիի ոլորտը: Տարիների ընթացքում նյույորքյան պատերին իրենց աշխատանքներով բազմաթիվ կին-գրաֆիտիստներն ապացուցել են, որ սեռային խտրականությունն արվեստի այս ճյուղում անտեղի է: Այդուհանդերձ, գրաֆիտին բացի երևակայական ու նկարչական հմտություններից նաև ֆիզիկական լավ տվյալներ է պահանջում՝ անհրաժեշտ է լավ վազել իմանալ: Սա չի խանգարել գրաֆիտիի պատմության ընթացքում ունենալ բավական հաջողակ կին վարպետներ: Երևանցի համարձակներից Մարիաննա Փահլևանյանն է: «Գրաֆիտի անելիս քո հետքն ես թողնում քաղաքում: Հետո ամեն անգամ, երբ գործիդ կողքով ես անցնում՝ քեզ աչքով է տալիս», — ասում է Մարիաննան և ավելացնում՝ «գրաֆիտին քաղաքում մի տեսակ տիրոջ զգացողություն է տալիս»: Այս բնագավառում կանանց սակավությունը նա պայմանավորում է ազգային մտածելակերպով. «Աղջիկը գիշերվա հինգին ո՞նց գնա գրաֆիտի գրելու: Բա որ բռնեն տանեն ոստիկանությո՞ւն... Չէ, դա աղջկա գործ չի»: Իսկ վարպետության առումով Մարիաննան տարբերություն չի տեսնում՝ նույն ներկերն են, նույն դատարկ պատը:

Գրաֆիտիի մասին կարելի է վիճել անվերջ՝ շատերը կպնդեն, որ դա պարզապես վանդալիզմ է, մյուսները կհամաձայնեն այն մտքի հետ, որ դա ոչ ավանդական, բայց այդուհանդերձ՝ արվեստ է: Իսկ գրաֆիտիստները առանց այդ զրույցներին ուշադրություն դարձնելու և առանց սեփական անձը բացահայտելու կշարունակեն քաղաքի պատերին խոսելու ունակություն պարգևել:

Արվե՞ստ թե վանդալիզմ

Գրաֆիտիի մայրենի լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, որի փողոցներում և հատկապես մետրոյում գրաֆիտիից ազատ պատեր դժվարությամբ կարելի է գտնել: «Մեծ խնձորի» գրաֆիտիստները իրենց արվեստն ու ասելիքը շարժական ու ավելի մասսայական դարձնելու համար գրաֆիտի գրում են անգամ մետրոյի գնացքի վագոնների վրա, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում են քաղաքով:

Փողոցային «արվեստը» արդեն զարգացման այն փուլում է, որ գրաֆիտիների ցուցահանդեսներ ու համաշխարհային ցանցեր են ստեղծվում:

Գրաֆիտիի վարպետների հանդիպումներ ու աշխատանքների ցուցադրություններ իրականացվում են նաև աշխարհում ներկայումս ամենախոշորը համարվող International meeting of styles («Ոճերի միջազգային հանդիպում») գրաֆիտի գրողների համաշխարհային ցանցի միջոցով: Այն ստեղծվել է 2002-ին Գերմանիայում և այժմ ընդգրկում է շուրջ 120 000 գրաֆիտի գրող ամբողջ աշխարհից: Ցանցի օգնությամբ մինչև օրս նախաձեռնվել ու իրականցվել են շուրջ 70 միջոցառումներ, որոնք այս կամ այն կերպ փորձել են փողոցային արվեստը ներկայացնել դրական լույսի ներքո:

 Անպատիժ

Այդուհանդերձ Երևանի քաղաքապետարանը քաղաքի պատերին գրաֆիտի նկարելու թույլտվություն որպես այդպիսին չի տալիս: Առանց օրենքի խախտման դրանք հայտնվում են միայն որևէ միջոցառման շրջանակներում: Մեխանիզմը հետևյալն է. քաղաքապետարան է ներկայացվում միջոցառման հայտ, որն իր մեջ կարող է ներառել նաև գրաֆիտի: Քաղաքապետարանը քննարկում և թույլտվություն է տալիս միջոցառման անցկացմանը, այդ թվում նաև պատերի պատկերազարդմանը: Անօրինական կերպով հայտնված նկարների մաքրմամբ զբաղվում են յուրաքանչյուր վարչական շրջանի համապատասխան ծառայությունները: Թեպետ, պտտվելով քաղաքով կարելի է եզրակացնել, որ բազմապիսի գրաֆիտիները շրջանների ղեկավարներին շատ չեն մտահոգում կամ էլ նրանք իսկապես գնահատում են անանունների ստեղծագործությունները: Ինչ վերաբերում է քրեական պատասխանատվությանը, ապա գործող օրենսդրությամբ կոնկրետ գրաֆիտի գրողների հանդեպ իրավական որևէ պատժիչ նորմ սահմանված չէ:

Բենքսի

Անգլիայի Բրիստոլ քաղաքում ծնված Բենքսին փողոցային արվեստի ամենաճանաչված հեղինակն է: Նրա կերպարի յուրահատկությունը գաղտնիությունն է: Մինչդեռ Բենքսին ամենից շատ գրաֆիտի ունեցողներից է: Ընդ որում, չնայած նրան, որ գրում է դրանք բավական բացահայտ վայրերում, բռնել նրան կամ պարզել իսկությունը երբևէ չի հաջողվել: Բենքսը գրաֆիտի անել սկսել է դեռ 14 տարեկանից: Եզակի հարցազրույցներից մեկում նշել է, որ գրաֆիտին իրեն ձայնի իրավունք է տալիս, նաև սեփականության զգացողություն, քանի որ «այն ամենը, ինչի վրա թողնում ես անունդ, արդեն քեզ է պատկանում»: Եթե սկզբնական շրջանում նրա արվեստը համարում էին վանդալիզմ, ապա հիմա նրա աշխատանքներով զարդարված շենքերում բնակարաններն ավելի թանկ են վաճառում՝ մեկնաբանելով, որ արվեստի ինքնատիպ գլուխգործոց է պատկերված վրան: Բենքսին հիմնականում աշխատում է տրաֆարետներով. երկաթյա տարաներով ներկերը նյարդայնացնում են նրան: Իսկ ահա նրա օգտագործած տրաֆարետների մասունքները աճուրդներում վաճառվում են առնված 10 000 ֆունտ ստեռլինգով: 2010-ին Բենքսին ներկայացրեց աշխարհին իր գործունեության մասին պատմող «Ելքը՝ հուշանվերների խանութից» (Exit Through the Gift Shop) վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան կայացավ նույն տարվա «Սանդանս» կինոփառատոնի շրջանակներում:

Այս թեմայով