15 Փետրվար 2013, 19:19
1661 |

Վինիլապաշտները

Սովետի տարիներին սիրված կոմպոզիտորի, ջազ երաժշտի կամ ռոք խմբի դժվար ճարվող, բայց այդքան բաղձալի վինիլային ձայնապնակի հայթայթումը նման էր թանկարժեք գանձի հայտնաբերման: Միգուցե հենց այդ պատճառով պնակների հավաքումը շատերի համար դարձել էր պարզապես երաժշտություն լսելուց ավելի մեծ մի բան: Նրանցից շատերն այսօր էլ չեն պատրաստվում հրաժարվել իրենց վինիլային հավաքածուներից:

Գուրգեն Մահարի, 52 տարեկան

Ձայնապնակների թիվը՝ 700

Առաջին ձայնապնակը, որից սկսվեց հավաքածուս, Black Sabbath-ի համանուն ալբոմն էր: 15-16 տարեկան էի: Հետո տարվեցի դասականով և ջազով: Աշխատում էի օրիգինալ արտադրության պնակներ գնել: Չեխական Supraphon և գերմանական Eterna ֆիրմաների արտադրանքն էր հաջողը, նաև որոշակի տարածում ունեին հունգարականները: Բայց եթե սրանք պարզապես դեֆիցիտ էին, ապա «ֆիրմայինները»՝ ամերիկյան արտադրության սկավառակները պարզապես ուրիշ մոլորակից բերված ինչ-որ բան էին թվում:

Ուսանողական տարիներին ամեն օր դասից հետո մտնում էի Սայաթ-Նովայի վրա գտնվող պնակների խանութը՝ եթե նույնիսկ բան չէի առնում, պարզապես նայում էի: Պատահում էր, որ իսկապես լավ նմուշներ էին ստանում, բայց մոտս փող չէր լինում: Նման դեպքերում դուր եկած թարմ սկավառակը աննկատ դնում էի հների մեջ, որոնք վաղուց ոչ ոքի չէին հետաքրքրում: Այդպես վստահ էի, որ մինչև ես գումար հավաքեմ, պնակը տեղում կմնա: Բայց շուտով պարզվեց, որ ես չէի միակ խելոքը, ու ինչ-որ ժամանակ անց հավաքողները խանութ մտնելուն պես սկսում էին փորփրել այդ «հնությունների» բաժնում: Ինքս այնքան հոյակապ բաներ եմ գտել այդտեղ… Անշուշտ, ցավում եմ, որ ինչ-որ մեկի պահած պնակն եմ տարել, բայց դե ես էլ քչերը չեմ կորցրել նույն կերպ:

Սկզբնական շրջանում հավաքում էի ամենը, ինչ ձեռքիս տակ էր ընկնում, հետո նոր սկսեցի կենտրոնանալ կոնկրետ կատարողների և արտադրող ֆիրմաների վրա: Նույնիսկ սովետական միակ ֆիրմայի՝ «Մելոդիայի» տարբեր գործարաններում տարբեր որակի նմուշներ էին թողարկում: Այս պահին ամենից շատ պահպանել եմ դասական երաժշտությամբ պնակներ, երկրորդ տեղում ջազն է, հետո՝ ռոքը: Ժամանակին ամենից շատ փնտրված պնակը՝ Բախի պարտիտները Գլեն Գուլդի կատարմամբ, ինձ հասել է գրազի միջոցով՝ նարդիով…

Ոմանք ասում են, որ վինիլների հնչողությունն է ուրիշ, ավելի տաք, կենդանի: Բայց ես առանձնապես տարբերություն չեմ տեսնում: Պարզապես սա իմ կյանքի մի մասն է: Պնակներից ամեն մեկն իր պատմությունն ունի, դրանց հայթայթման մեջ ինչ-որ կախարդական բան կար, ռոմանտիկա: Օրինակ, իմանում էիր, որ քաղաքում կա այս կամ այն վաղուց սպասված պնակը, փող էիր հավաքում, բայց մեկ էլ պարզվում էր, որ ինչ-որ մեկն արդեն գնել է: Ստիպված գտնում էիր այդ մարդուն, փորձում համոզել, որ փոխի մեկ այլ պնակի հետ կամ վաճառի: Իսկ եթե ընկերդ հանկարծ զանգում ու ասում էր, որ նոր պնակ է ձեռք բերել՝ կապ չունի թե ինչ, թողնում էիր բոլոր գործերդ ու վազում իր մոտ… Ինչպե՞ս դեն նետել այդ ամենը:

Վահրամ Կաժոյան, 48 տարեկան

Ձայնապնակների քանակը՝ 700

Ձայնապնակների հետ ծանոթացա մանկուց՝ ծնողներս էին հավաքում: Բազմաթիվ հիանալի «ֆիրմա» նմուշներ ունեին՝ Rolling Stones, The Beatles, Ազնավուր: 1960-ականների վերջին, ցավոք, գրեթե ամբողջ հավաքածուն գողացան, մի քանի բան մնաց: Ծնողական հավաքածուից ինձ համար ամենաթանկը The Beatles-ի That Boy/I Wanna Hold Your Hand սինգլն էր, որն էլ հետո ինձնից տարան: Հույս ունեմ մի օր գտնել: Իմ առաջին սեփական գնումը Led Zeppelin-ի II-ն էր: Դպրոցում էի սովորում, ու քանի որ բավական թանկ էր, շատ երկար մտածում էի՝ վերցնե՞լ, թե ոչ: Բայց ի վերջո տվեցի երկու ամսվա ընթացքում տարբեր տեղերից հավաքած ամբողջ գումարս և հետո մի վայրկյան անգամ չեմ փոշմանել: Ձայնապնակնէրի մեջ ավելի խորացա արդեն ուսանողական տարիներին: Ամենաբաղձալին Pink Floyd-ի The Wall-ը: Մի քանի անգամ հնարավորություն ունեի գնել, բայց այդ ժամանակ աշխատում էի լավ վիճակում պնակներ ունենալ, որ ծրարն էլ կատարյալ լինի: Վերջապես մի օր ընկերներիցս պարզեցի, որ Անգլիայից լրիվ նոր վիճակում մի օրինակ է եկել: Նույն օրը գնացի և 120 ռուբլով գնեցի:

Ընդհանրապես պահպանողական եմ՝ և երաժշտության առումով, և դրա կրիչների: Երբ հայտնվեցին սիդիները, սկսեցի ակտիվորեն դրանք էլ ձեռք բերել՝ հիմնականում լրացնելով այն ձայնագրությունները, որ չունեի վինիլային ֆորմատով: Բայց ձեռքս երբեք չի գնա դեն նետել կամ ուրիշին տալ պնակներս: Չէ՞ որ դժվարությամբ եմ դրանք հավաքել, չարչարվել եմ, շատերը նվեր եմ ստացել այն ժամանակ ապագա կնոջիցս՝ նա շատ լավ գիտեր, որ միակ բանը, որ ինձ կուրախացներ՝ պնակն էր: Հիմա էլ եմ գնում երբեմն: Վերջերս նաև նոր ձայնարկիչ ձեռք բերեցի պնակների համար: Հունաստանում էի, մտա էլեկտրոնիկայի մի հսկայական խանութ: Հարցրեցի՝ վինիլային պնակների համար ձայնարկիչ ունե՞ն: Վաճառողը զարմացած հարցրեց, թե դա ինչ է: Երբ երկար-բարակ բացատրեցի, նա սկզբում հարցեց տարիքս, հետո էլ մատնանշեց, որ ես կյանքից հետ եմ մնացել, պնակներ այլևս գոյություն չունեն, և մարդիկ սիդի են լսում: Բայց հետո պարզվեց, որ վաճառքում այնուամենայնիվ ձայնարկիչ կար, իրենք էլ չգիտեին:

Հավաքածուիս մոտ կեսը իրական օրիգինալ պնակներ են, մյուսները՝ կամ «Մելոդիայի» արտադրանք են, կամ էլ չեխական, գերմանական, հունգարական: Կորիզը դասական ռոքն է, կան նաև գերմանական դասական երաժշտության, հայկական գործիքային երաժշտության պնակներ: Հիմա շատ եմ ուզում գտնել Կոմիտասի ձայնագրությունների վինիլը: Վստահ եմ, որ այն տարիներին ավելի հեշտ կլիներ, բայց ձեռքս չէր հասնում:

Արսեն Կարապետյան, 38 տարեկան

Ձայնապնակների քանակը՝ 500

Սկավառակների մեծ մասը ինձ ժառանգություն է հասել հայրիկից, որը երիտասարդ տարիքից էր սկսել հավաքել ձայնագրությունները՝ հիմնականում դասական երաժշտություն։ Մանկուց սիրել եմ ոչ միայն լսել, այլև դասավորել, ձեռքս պահել ձայնապնակների ստվարաթղթե ծրարները։

Պետք է ասել, որ չնայած սովետական տարիներին ժամանակակից երաժշտությունով սկավառակներ ճարելը բարդ էր, բայց դասականի մասով հնարավոր էր գտնել համաշխարհային արվեստի գրեթե բոլոր լավագույն գոհարները: Մինչև օրս շատ և շատ բացառիկ ձայնագրություններ, որ ունեմ պնակների վրա, չեմ կարողացել գտնել ոչ համացանցում, ոչ էլ սիդիների խանութներում։

«Պնակասերների» շարքերին ես միացա իհարկե հեքիաթների շնորհիվ՝ տասնյակ աուդիոգրքեր ունեինք։ Դպրոցական տարիներին սկսեցի լսել ռոք և ջազ։ Շաբաթվա ընթացքում անպայման 1-2 անգամ շրջում էինք բոլոր խանութներով (օրինակ՝ Սայաթ-Նովայի «Տավիղը» կամ Լերմոնտովի «Մեղեդին») նոր բան որսալու նպատակով, բայց դե իսկական «ֆիրմա» պնակներ ունենալը երազանք էր։ Առաջին այդպիսի սկավառակը, որ ունեցանք, Jimi Hendrix In Concert-ն էր, քրոջս էին նվիրել։ Մի անգամ այդ գանձը տվել էի ընկերոջս լսելու: Վերադարձնելիս ներողություն խնդրեց, ասելով, որ շունն է կծել, ժանիքները թողել էին թափանցիկ անցքեր։ Սարսափելով հանեցի պնակը ու տեսա, որ չի վնասվել՝ բարեբախտաբար, շունը ծամել էր միայն ծրարի դատարկ անկյունը։

Ի տարբերություն թվային ձայնասկավառակների, վինիլային պնակներն ունեն անհատականություն: Եվ յուրահատուկ խշշոցներով ու ճտտոցներով համեմված ունկնդրության մթնոլորտն ինձ համար ավելի կարևոր և թանկ է, քան անթերի մաքուր հնչողությունը։ Վերջերս գնեցի նոր նվագարկիչ՝ պարզվում է, դրանք մինչ օրս արտադրվում են, քանի որ աշխարհում վինիլ լսողների դեռ մի մեծ բանակ կա։ Լսել եմ նույնիսկ, որ շատ երաժիշտներ հիմա էլ անպայման փորձում են անմահացնել ձայնը վինիլային ձայնապնակների վրա, որոնք ինքնատիպ մնայուն կրիչ են։ Ճիշտ է, հաճախ լսել չի ստացվում, բայց ամեն անգամ դա վերածվում է մի արարողության։

Արտյոմ Այվազյան, 47 տարեկան

Ձայնապնակների քանակը՝ 700

Առաջին ձայնապնակը, որ ձեռք բերեցի, Rolling Stones-ի Made in the Shade հավաքածուն էր: Հետը նաև The Kinks-ի մի սկավառակ գնեցի: Երկուսի համար տվեցի ընդամենը 30 ռուբլի: Չնայած, որ երկուսն էլ «ֆիրմա» էին, առաջինը առանց շապիկի էր, մյուսն էլ՝ բավական քրքրված: Այն ժամանակ կարևորը տեղեկատվությունն էր, ցանկանում էի լավ երաժշտություն լսել: Գնում էի սկավառակը, լսում էի, ապա վաճառում էի, որպեսզի այդ գումարով մյուսը ձեռք բերեմ, և այդպես շարունակ:

Այն տարիներին երևի թե ամենացանկալին ինձ համար The Who-ի The Who At Leeds համերգային սկավառակն էր: Ընդ որում, այն հրատարակությունը, որն իր մեջ բացի բուն պնակից տասը բոնուսային կտոր էր պարունակում՝ տոմս, նամակներ, աֆիշ և այլն: Հայթայթելն ահավոր դժվար էր: Ի վերջո ընկերս պարզեց, որ Թիֆլիսում կա մեկը, ով ունի: Միայն թե չի վաճառում: Փոխարենը պնակի երջանիկ տերը պատրաստ էր այն փոխանակել Pink Floyd-ի The Dark Side of the Moon-ի՝ առաջին հրատարակության սկավառակի հետ: Դրանց մեջ երկուական պաստառ ու բացիկ կար: Իսկ ես դրանից ունեի, այն էլ՝ չօգտագործված: Իհարկե, Pink Floyd շատ եմ սիրում, բայց The Who-ն շատ ավելի դժվար ճարվող էր, այնպես որ գործարքը կատարվեց:

Երբեք հատուկ ուշադրություն չեմ դարձրել ժանրի վրա, պարզապես հավաքում էի այն, ինչ այդ ժամանակ դուր էր գալիս: Հետո մի պահ ամեն ինչ փոխվեց՝ թվային դարաշրջանը սկսվեց: Ես, ինչպես և շատերը, ձայնապնակների մի մասը ստիպված վաճառեցի՝ սիդիների անցնելու համար: Հիմա ունեմ ավելի քան երեք հազար CD: Բայց վինիլային պնակներիցս երբեք չեմ ազատվի: Բոլորովին այլ հաճույք է, երբ վերցնում ես պնակը, հանում շապիկից, փոշին ես սրբում, միացնում: Իսկ մինչ հնչում է երաժշտությունը, զմայլվում ես շապիկով՝ այն ավելի մեծ է, քան սիդիներինը, թղթից և ոչ թե պլաստմասսայից, դրա համար մի տեսակ ավելի գեղեցիկ է թվում:

Աշոտ Պապոյան, 55 տարեկան

Ձայնապնակների թիվը՝ 350

13 տարեկան էի, երբ տարվեցի Բեթհովենով, ու արդեն 16-ում ընկերներիցս մեկի քրոջից նվեր ստացա իմ առաջին ձայնապնակը՝ «Լուսնի սոնատը»: Հետագայում Բեթհովենի նկատմամբ իմ սերն այնքան աճեց, որ ընկերներս ինձ կոչում էին «Բեթհովեն Աշոտ»:

Հետո սկսեցի ինքս ձայնապնակներ հավաքել՝ պարզապես լավ երաժշտություն: Հիմնականում ինքս էի գնում, լինում էին դեպքեր, երբ ընկերներս էին նվիրում: Անգամ երբ ամուսնացա, և կինս տեսավ ձայնապնակների իմ հավաքածուն, իր հայրական տնից ընտրեց ու իր հետ բերեց իմ ճաշակով պնակներ: 1978-ին միասին բաժանորդագրվեցինք ձայնապնակների դասական երաժշտության հավաքածուին, որը նախատեսում էր 175 պնակ, սակայն հասցրեցին թողարկել միայն մոտ 120-ը, որոնք բոլորն էլ այսօր ունենք:

Մի անգամ ընկերներիցս մեկը խնդրեց ժամանակավորապես պահել պնակների իր հավաքածուն՝ ներառյալ Բեթհովենի մի գործ, որը չունեի: Վերադարձնելիս մտածում էի՝ ինչպես համոզեմ դա ինձ նվիրի, բայց էդպես էլ ոչ մի լավ գաղափար չեկավ ու ոչինչ չասացի: Բայց երբ եկա տուն, տեսա այդ պնակը մեր տանն է: Հետո պարզվեց, որ դրանից 2 օրինակ էր ունեցել, ու մեկը մնացել էր ինձ: Էդպես էլ չվերադարձրեցի: Այդ պնակը դարձավ իմ հավաքածուի ամենահեշտ ձեռքբերած, բայց ամենաթանկ նմուշներից մեկը:

Հավաքածուիս մեջ մեծամասամբ դասական ու ջազ երաժշտություն է, նաև ռոքի դասականներ: Դրանցից բաժանվել չեմ պատրաստվում, որովհետև թեև այսօր ավելի հաճախ թվային որևէ սարքով եմ երաժշտություն լսում, բայց ժամանակ եմ գտնում նաև ձայնարկչիս համար, հիմնականում երբ մենակ եմ, և այդ հնչյուններն, այնուամենայնիվ, ավելի մաքուր ու հարազատ են հնչում ականջիս:

Գուրգեն Խանջյան, 61 տարեկան

Ձայնապնակների թիվը՝ 100

Հավաքածուիս հիմնական մասը կազմում են ջազային դիսկեր՝ մոդեռն ու ավանգարդ: Միշտ հատուկ հավաքել եմ Մայլզ Դևիսի և Ջոն Քոլթրեյնի գործերը: Եվ ամենակարևորը, պնակների մեծ մասն օրիգինալ, ամերիկյան արտադրության են: Ավելին, շատերը հենց առաջին հրատարակության նմուշներից են: Ժամանակին ունեի բազմաթիվ սովետական պնակներ՝ «Մելոդիան» ուներ ջազային մի շարք, հիմնականում փառատոների կենդանի ձայնագրություններ: Առաջին ամերիկյանը ինձ մոտ հայտնվեց պատահաբար: Մի լավ դաշնակահար ունեինք, Արմեն Ահարոնյան, որ ժամանակ առ ժամանակ լինում էր ԱՄՆ-ում: Ու երբ պատրաստվում էր մեկնել այնտեղ արդեն վերջնականապես, թողեց ինձ իր դիսկերից մեկը՝ Քոլթրեյնի Meditations-ը: Այդտեղից էլ սկսվեց... Այն տարիներին ամերիկյան վինիլները «տակից» վաճառվում էին 40-60 ռուբլով՝ կես աշխատավարձ: Ամեն սկավառակը հազիվ մեկ-երկու օրինակով էր բերվում, իսկ պրոֆեսիոնալ կոլեկցիոներները հինգ-վեց հոգի էին: Դրա համար իսկական որս էր ընթանում: Միշտ կապի մեջ էինք թիֆլիսցիների հետ: Մի անգամ պարզեցի, որ էնտեղի հավաքողներից մեկն ունի Քոլթրեյնի Live at Birdland-ը, օրիգինալը: Զանգեցի: Ասաց, որ կփոխի երկու այլ պնակների հետ՝ Օսկար Փեթերսոնի ու էլի ինչ-որ մեկի, չեմ հիշում: Փեթերսոնին գտա, երկրորդի փոխարեն ուրիշ բան առաջարկեցի և ուղևորվեցի Թիֆլիս: Իսկ ճանապարհի ծախսը հանելու համար նույն կոլեկցիոներից «մեծածախով» Մայլզ Դևիսի երեք դիսկ գնեցի՝ շատ լավ վիճակում էին, ոչ մի անգամ չլսված: Ամեն մեկը 60 ռուբլով վաճառեցի:

Հիմա թվայինի ժամանակաշրջան է: Սիդիներ էլ շատ ունեմ, բայց վինիլն ուրիշ է, կենդանի, լսելու հաճույքն էլ բոլորովին այլ է: Բոլոր կտտոցների ու խշշոցների տեղերն էլ անգիր գիտեմ, խազերի երկարությունն ու խորությունն էլ հետը՝ այդքան ինձ հարազատ են դարձել: Ցուրտ ու մութ տարիներին հավաքածուն վաճառելու հնարավորություն կար՝ բավականին թանկ, բայց մի վայրկյան էլ չեմ մտածել դրա մասին: Ավելին, երբ ուրիշները ստիպված ազատվում էին իրենց հավաքածուներից, հազար դրամով առնում էի այնպիսի նմուշներ, որ սովետի տարիներին 50 ռուբլով էլ դժվար գտնեի: Միայն թե ձայնարկչիս ուժեղացուցիչը մի քիչ վատ է աշխատում, պիտի փոխեմ:

Այս թեմայով