15 Փետրվար 2013, 18:59
1870 |

Խաղի օրենքները

Խաղավար Արթուր Գյուլումյանը գործընկերուհու օգնությամբ մի կերպ հիշեց իր կենսաբանական տարիքը: Պատճառաբանեց, որ աշխատանքի բերումով տարիքը կորցրել է, իրեն 39 տարեկան զգալու ժամանակ չունի, որովհետև գործը երեխաների հետ է, իսկ դա կատակ բան չէ:

Մասնագիտությամբ ո՞վ է 38-39-ամյա խաղավարը:

-Ես մոտ 20 տարի եղել եմ շարժիչագործ: 1 տարի է, ինչ խաղավար եմ: Հայրս` Ռոբերտ Գյուլումյանը, Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 40 տարվա դերասան է, ժողովրդական արտիստ: Մանկուց ինչ տեսել, էն էլ սովորել եմ: Ես էլ եմ բեմի վրա խաղացել տիկնիկներով, ընտանեկան թատրոն ունեինք, շրջում էինք Հայաստանի բոլոր մարզերով ու դպրոցներով: Բոլորն ակնկալում էին, որ ես անպայման պիտի հորս գծով շարունակեմ: Բայց ես դիտավորյալ դարձա ոչ թե արվեստագետ, այլ` արհեստավոր, որ չասեն` հա, դե, Ռոբի տղեն ա, ծանոթով-մանոթով առաջ կգնա: Բոլորը վեր թռան` ո՞նց Ռոբի տղան դարձավ խադավիկ (ходовик): Քչերից մեկն եմ, որ նախ գործս եմ սիրում, հետո նոր` փողը:

Ինչպիսի՞ն են 21-րդ դարի երեխաները:

- Նրանց ուղեղներն ուրիշ ձև է աշխատում: 21-րդ դարի երեխային չես կարող խաբել, համոզել: Ինձ թվում է՝ սերունդը փոխվում է ոչ թե տարեցտարի, այլ ամսեամիս: Այսօրվա երեխաները կոմպլեքսներ չունեն: Ձեռքիցս կվերցնեն միկրոֆոնն ու ազատ, համարձակ կխոսեն: Հենց բեմ եմ բարձրանում, միանգամից կոտրում եմ իմ ու երեխաների միջև եղած սահմանը: Բայց հենց մի քիչ շփոթվեմ, կաշկանդվեմ, կուլ կտան կամ  ձեռ կառնեն: Ամեն անգամ բեմ դուրս գալիս հուզվում եմ, ասես առաջին անգամ: Միշտ տպավորություն ունեմ, որ միլիոնանոց աուդիտորիայի առաջ եմ ելույթ ունենալու,  չգիտեմ` ինչ ռեակցիա կտան, բացի այդ, երեխաներն ախր առավել անկանխատեսելի են:

Ո՞նց եք գլուխ հանում այդքան երեխաներից:

-Պետք է արագ հասկանալ, թե ինչ են ուզում: Երբեք չեմ ասում`երեխաներ, հիմա երգում ենք: Հարցնում եմ` էրեխեք ջան, ուզում եք երգե՞նք, թե՞ արտասանեք: Ի դեպ, զարմանում եմ, թե ինչ բարդ երգեր են կարողանում երգել, օրինակ՝ Ադելի երգը երգում են Ադելից ոչ վատ: Կամ պարում են այնպես, որ նույնիսկ ծնողներն են զարմանում` ե՞րբ սովորեց , ու հուզմունքից դողդողացող ձեռքերով սկսում են նկարել իրենց երեխային:

Ձեր 3 երեխայի համար լրացուցիչ էներգիա մնում է, թե՞ ամբողջը սպառում եք խաղավարի կերպարի մեջ:

-Ես հորոսկոպով երկվորյակ եմ, իմ էներգիան մի 2 անգամ շատ է: Աշխատանքից չեմ հոգնում, էներգիան իմ երեխաներին էլ է հերիքում: Միայն անկողնում եմ զգում՝ ինչ հոգնած եմ:

Ինչ եք կարծում, ո՞ւր անհետացան սովետական մուլտֆիլմները, ասենք՝ Բրեմենյան երաժիշտներն ու կոկորդիլոս Գենան:

- Այսօրվա երեխաները չգիտեն այդ մուլտերի բարի հերոսներին: Մեզ մոտ մի խաղ կա` երեխաները պետք է գուշակեն, թե որ մուլտֆիլմից է հնչում երաժշտությունը: Մի անգամ Չեբուրաշկայի ու կոկորդիլոս Գենայի մուլտի երաժշտությունն էր հնչում, բոլորը ապշած նայում են ինձ, ոչ ոք չգիտեր ճիշտ պատասխանը: Բայց հենց էն անդուր Շրեկի մուլտի սաունդթրեքն ա գնում` միանգամից միաձայն գոռում են` Շրեկն ա~: Ես էդ մուլտը չեմ էլ նայել, էդ կանաչ տգեղ մարդուկին հեչ չեմ հավանում, բայց երեխաները սիրում են: Հիմա մուլտերը զարմանալի են` սարդ-մարդ, Սպունգ Բոբ. էդ մուլտը նկարողին որ տան ձեռքս է~….

Նո՞ւյն տեսարանն է պահմտոցի, կլաս ու հալամուլա խաղերի հետ:

-Հիմա դրսում խաղացող երեխա չես տեսնի: Բոլորը տանն են, համակարգիչների առաջ: 10-12 տարեկան երեխաներին մոտենում, հրավիրում եմ պարի, ասում են`  ուզում ես խայտառակ ըլնե՞նք: Ես կարծում եմ, շատ հաճախ ծնողներն են մեղավոր, որ երեխան շուտ է մեծանում: Ասենք` գալիս են 7-8 տարեկան երեխայի ծննդյան համար տորթ ընտրելու: Մենեջերը շատ գունավոր, մանկական, գեղեցիկ տորթ է առաջարկում: Մայրը չի համաձայնում, նա կարծում է՝ երեխան արդեն մեծ է: Ու ընտրում է Chanel պայուսակով տորթ, որովհետև երեխան արդեն գիտի` Chanel-ը կամ Armani-ն ովքեր են: Մի անգամ մի 8 տարեկան բալիկ լուրջ դեմքով հարցնում էր` իսկ «Cezar»-ը պարմեզանո՞վ է: Ես պարմեզանով եմ ուզում:

Կիքսե՞ր հաճախ են լինում:

-  Ինչքա~ն ուզես: Մի անգամ 1,5 տարեկան երեխան բեմի վրա քնեց մեր Վիննի Թուխի գրկում: Շատ զվարճալի էր, ոչ մի կերպ չէր արթնանում: «Մոր և մանկան սենյակ»-ում մայրերը քնացնում են երեխային, սկսում պարել, ուրախանալ ու մոռանում են, որ իրենց երեխային քնած են թողել սենյակում: Մի անգամ էլ հոբելյարի փոքրիկ ընկերուհուն հարցրեցի` իսկ դու ի՞նչ ես մաղթում: Ասեց` ուզում եմ, որ ինքը շուտ չմեռնի: Բոլորը ծիծաղեցին: Հետո հասկացանք, որ նա ուզում էր ասել՝ երկար տարիերի կյանք եմ մաղթում, բայց միտքը ձևակերպեց այլ կերպ:  Ի դեպ, երեխաների մաղթանքներն այսօր բնավ էլ մանկական չեն: Շատ հասուն ցանկություններ ունեն` թանկ մեքենա, շատ փող: 2 տարեկան աղջկան հարցրեցինք, որ մեծամաս, ինչ ես դառնալո՞ւ: Ասեց` աղջիկ: Վա~յ աղջիկներ, շատ թիթիզն են: Ծննդյան արարողության ժամանակ պարտադիր 3-4 զգեստ են փոխում: Մայրիկներն էլ հետ չեն մնում: Տոնական մեյքափով, սանրվածքով ու բարձրակրունկ կոշիկներով են գալիս, հետո էլ դժվարանում են պարել: Մի հետաքրքիր դեպք եմ հիշում, հոբելյարի բոլոր հյուրերը եկել էին ծովահենի հագուստով: Հայերը լավ ծնողներ են`երեխա սիրող, նույնիսկ՝ պաշտող: Կաշվից դուրս գալով անում են ամեն ինչ, որ շքեղ տոն սարքեն երեխայի համար: Պատահում է, որ ասում են` շատ քիչ բյուջե ունենք: Մենք ամեն ինչ անում ենք, որ ո°չ ծնողը նեղվի, ո'չ էլ բալիկը:

Ինչպե՞ս է ավարտվում խաղավարի աշխատանքային օրը:

- Ամեն օր հանդես եմ գալիս Toy’s-ի մուլտերի հերոսներից որևէ մեկի կերպարով: Մի օր Շերիֆ եմ, մի օր Ծովահեն, Տրանսֆորմեր կամ Մարիո… Երբ բեմից տեսնում եմ ծնողների գոհունակ հայացքները, հասկանում եմ, որ կերպարը հաջողվել է ստանալ: Դրանից լավ վարձատրություն, հավատացեք, չկա: 

Այս թեմայով