01 Փետրվար 2013, 17:42
1316 |

Գազարագույն քթով մարդուկները

Ոչ բոլորն են այս հարցին մոտենում միանման, ոմանք հաջողությամբ ռեսթայլինգի են ենթարկում ձնեմարդու ավանդական կերպարը:

1. Այս գլուխգործոցը դժվար թե երեխաների ձեռքի գործ լինի: Հումորասեր երիտասարդները տուրք տալով երեւակայությանը՝ ամենայն հավանականությամբ մոռացել են Ձմեռ պապի իրական ձեւաչափի մասին ու ծեփել Ձմեռ տատ,  ավելի շուտ՝ կին, այն էլ՝ գրեթե մերկ:

 

2. Մելինեն ու Էլենը ձյան գալուն պես վազել են դուրս ու մոտ կես ժամ մի լավ տանջվել ձնեմարդ պատրաստելու համար: Սակայն փոքրիկ ձնագնդերը ոչ մի կերպ չէին մեծանում: Նրանց մոտ այդպես էլ ոչինչ չէր ստացվի, եթե չլիներ  պապիկը: Նա օգնության հասավ փոքրիկներին, ու ահա՝ ձնեմարդն արդեն ֆոտոխցիկի թիրախում է:

 

3. Դեռ գիշերն այն գոյություն չուներ, իսկ առավոտյան ասես հրաշքով հայտնվեց: Ձնեմարդու գաղտնիքը շենքի բնակիչներն այդպես էլ չկարողացան բացահայտել: Ամենայն հավանականությամբ բակի տղաններն են գիշերը զվարճացել՝ ենթադրում են տարեց բնակիչները:  Իսկ փոքրերը անկեղծ հավատում են, որ ձնեմարդու հայտվելը կախարդական փայտիկի գործն է:

 

 

4. Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան մուտքի մոտ հյուրերին դիմավորող ձնեմարդն իսկական ստեղծագործություն է՝ երիտասարդ գրողների թեթև ձեռքով ստեղծված: Այս տարօրինակ, անսովոր, գլխիվայր շուռ եկած և կարծրատիպերին ձեռնոց նետած ձնեմարդը իրականում պատահականության արդյունք է: ՚Պարզապես երկրորդ գունդն ավելի մեծ ստացվեց, քան առաջինը, ու ծնվեց թարս ձնեմարդի գաղափարը՚,- պատմում են հեղինակները:

 

 

5. Հալաբյանի բակերից մեկում հպարտորեն քիթը ցցած ձնեմարդը ընդգծված հայկական է: Նրա շքեղ քթի վրա հեղինակները ձյուն չեն խնայել, իսկ կերպարի համար ոգեշնչման աղբյուր էր կամ Առնո Բաբաջանյանը, կամ մեկ այլ՝ տպավորիչ քթի տեր Ֆրունզիկ Մկրտչյանը: Ինչևէ, կարևորը ձնեմարդը բնավ չի կոմպլեքսավորվում, և հաճույքով նկարվում է բոլոր ցանկացողների հետ:

 

 

6. Նոր Նորքի այգում բնակվող կարմիր աչքերով վախենալու ձնեմարդը համակրանք չի առաջացնում անցորդների մոտ, չնայած հեղինակները ջանք չեն խնայել ու նրան ծեփել են լողազգեստով, կամ էլ ներքնաշորով՝ հստակ չի: Կոկա-կոլայի կափարիչները՝ աչքերի փոխարեն՝ նոր խոսք է ձնեմարդակերտման ասպարեզում, ու ակնհայտորեն այն չի ողջունվում: 

 

Այս թեմայով