15 Փետրվար 2013, 14:57
4314 |

Պարաշյուտային սպորտը Հայաստանում

Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նպատակների և խնդիրների մասին պատմեց նախագահ Թևոս Իլիկչյանը:

- Մեր գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել պարաշյուտային սպորտը, առաջացնել հետաքրքրություն երիտասարդների մոտ և պրոպագանդել պարաշյուտիզմը: Շատ կարևոր է մեր ունեցած փորձը, գիտելիքներն ու ավանդույթները փոխանցել գալիք սերնդին: Մենք այս խնդրի շուրջ լուրջ աշխատանքներ են տանում, և այսօր մեր բարձր որակավորում ունեցող հրահանգիչների կազմը հնարավորություն ունի բոլոր ցանկացողներին նախապատրաստել ցանկացած բարդության թռիչք կատարման:

Ինչպիսի՞ն են մեր աշխարհագրական պայմանները պարաշյուտով թռիչքներ կատարելու համար:

-Շատ բարդ: Եղել են դեպքեր, երբ արտասահմանցի պարաշյուտիստներ եկել են Հայաստան հատուկ մարզումների համար, որովհետև, սովորելով թռչել մեր պայմաններում, նրանք հեշտությամբ էին կարողանում գլուխ հանել ցանկացած առաջադրանքներից:

Ի՞նչ որակներ պիտի ունենա մարդը, ով որոշել է զբաղվել պարաշյուիզմով:

- Գլխավորը` սեր դեպի պարաշյուտային սպորտը, դա շատ կարևոր է: Եվ, իհարկե, ամուր առողջություն:

Օրինակ, ես ուզում եմ պարաշյուտով թռչել, բայց վախենում եմ, որ սիրտս կարող է օդում կանգնել: Չէ՞ որ ոչ ոք դրանից ապահովագրված չէ, նույնիսկ եթե անցել ես բժշկական ստուգումը:

-Թռիչքի ժամանակ օդում քեզ հետ ոչինչ չի կարող պատահել: Նույնիսկ եթե հիվանդ կամ թույլ սիրտ ունես, այն չի կանգնի: Երբ թռչում ես, բոլոր օրգաններդ արգելափակվում են, և դրանց ոչինչ չի սպառնում: Եթե հետդ մի բան կարող է պատահել, ապա միայն մի քանի օր հետո: Եվ դա էլ դժվար թե տեղի ունենա, եթե հստակ անցել ես բժշկական ստուգումը:

Զրուցի ժամանակ պարոն Իլիկչյանը հիշեց` ինչպես մի անգամ, գիշերային թռիչքի ժամանակ հանկարծ լույսն անջատեցին, և նրանք ստիպված եղան վայրէջք կատարել բացարձակ մթության մեջ: Պարաշյուտիստների պրոֆեսիոնալ նախապատրաստության շնորհիվ վայրէջքը հաջողվեց: Ընդհանրապես, պարաշյուտով կարող են թռչել բոլոր 16 տարին լրացած, 45-85 կգ քաշային կարգում գտնվող անձինք, փորձառու պարաշյուտիստների դեպքում թույլատրելի է մինչև 90-95 կգ-ը: Հարկավոր է անցնել բժշկական ստուգում Մուրացանի անվան հոսպիտալում, և միայն դրական արդյունքների դեպքում է հնարավոր ստանալ թռիչքի իրավունք: Թռիչքներն իրականացվում են Նոր Հաճնին կից «Արզնի» թռիչքուղում: Թռիչքը ձեզ վրա կնստի 15 000 դրամ, այդ գումարը ծախսվում է ուղղաթիռի վառելիքի և այն կրծքանշանների վրա, որոնցով պարգևատրվում են մասնակիցները: Նաև ամենամյա վճար` 8000 դրամ: Թռիչքից մեկ օր առաջ Թևոս Իլիկչյանը, նրա կինը՝  Քրիստինան,պարաշյուտա-դեսանտային ծառայության պետի հետ միասին, անց են կացնում նախապատրաստական դասընթացներ, որոնց ժամանակ ուսուցանում և նախապատրաստում են թռիչքին: Այս մասին մանրամասն պատմեց նորեկ, առաջին փոորձառությունը ստացող Տարոն Մկրտչյանը.

- Թռիչքի նախնական պատրաստումը հրահանգիչների ընկերական շրջապատում էր: Սկզբում մեզ պատմեցին պարաշյուտների տեսակների և պատմության մասին: Հետո ավելի գործնական մասն էր,սովորեցինք ծալել մեր պարաշյուտները, ինչից հետո հատուկ մարզասարքերով փորձարկում էինք ինչպես թռիչքի առանձին տարրեր, այնպես էլ դրա ամբողջ համալիրը` սկզբից մինչև վերջ: Իսկ հաջորդ օրն առավոտյան եկանք թռիչքուղի: Փաթեթավորելով մեր ամբողջ հանդերձանքը` պարաշյուտը, պահեստային պարաշյուտը և հատուկ սաղավարտը, անհամբերությամբ և, իհարկե, անհանգիստ, սպասում էինք թռիչքին: Եվ ահա, այն բանից հետո, երբ  հրահանգիչները վերջնական ստուգեցին մեր պատրաստությունը, եզրափակիչ բուժզննում անցկացրին, մեզ 15-20 հոգանոց խմբերով սկսեցին ուղեկցել դեպի ուղղաթիռը:

Չէի՞ր վախենում, որ պարաշյուտը չի բացվի:

-Պետք է խոստովանեմ, որ այն պատասխանատվությունը, որով հրահանգիչները մոտենում են մեր անվտանգությանը, բացառում է այդ տարբերակը: Այդ պատճառով ես կյանքիս և առողջությանս հետ կապված ոչ մի մտավախություն չունեի, առավել ևս, որ մոտս պահեստային պարաշյուտ էլ կար: Մեր առջև դրված էր ճիշտ թռչելու և վայրէջք կատարելու խնդիր: Թռիչքից առաջ պետք է խաչել ձեռքերը կրծքին և պինդ բռնվել  ուսափոկից: Իսկ ճիշտ վայրէջք կատարելու համար պետք է ոտքերը միասին պահել` ծնկները փոքր-ինչ ծալած:

Ինչպե՞ս որոշեցիր թռչել:

-Սկզբից ուղղակի ուզում էի թռչել: Անշուշտ, վախեր էլ կային: Լուրջ հոգեբանական պայքար էր վախի դեմ: Երբ բացում են ուղղաթիռի դուռը, տեսնում ես գետինը` թռչնի թռիչքի բարձրությունից, գիտակցում ես, որ մի քանի րոպե հետո պիտի թռչես, զգացողությունները խեղդում են,նույնիսկ  սկսում ես դողացնել: Այդ պահին իսկապես վախենում էի թռչել, բայց ի վերջո ցանկությունը վերջնականապես հաղթահարեց վախերը, իսկ երբ թռիչքին քայլ էր մնացել`դրանք իսպառ վերացան:

Ի՞նչ էիր զգում թռիչքի ժամանակ:

-Պարաշյուտի բացվելուց առաջ ընկած երեք վայրկյանում աշխարհը ասես վերացավ, ժամանակը կանգնեց, իսկ մարմինս այնքան թեթև էր, որ թվում էր` այն ընդհանրապես չկա: Ազատ անկման անբնական զգացում էր, որը դժվար թե կարողանամ խոսքերով արտահայտել:

Թռիչքից հետո ՀՊՍՖ-ն մասնակիցներին պարգևատրում է պարաշյուտի ձևով հատուկ կրծքանշաններով, որոնց ներքևում եռանկյունիկներ են կախված` թռիչքների թվով: Մասնակիցները նաև պարաշյուտիստի վկայական են ստանում: Ինչպես պարզվեց պարաշյուտիստ-հրահանգիչների հետ շփման ընթացքում, առաջին թռիչքը ամենասարսափելին չէ: Քրիստինա Իլիկչյանը բացատրեց.

- Երբ առաջին անգամ ես թռչում, վախերդ հիմնավորված չեն: Առաջին թռիչքի վախը երևակայական է: Իսկ երկրորդ և երրորդ թռիչքները ամենավախենալուն են գրեթե բոլոր պարաշյուտիստների համար, որովհետև դա արդեն վախի գիտակցված հաղթահարում է, որն այս թռիչքների ժամանակ արդեն ստանում է անհատական, ոչ թե ընդհանրական բնույթ, ի տարբերություն առաջին թռիչքի:

Սակայն Քրիստինան վստահեցնում է, որ էքստրիմը հայերի արյան մեջ է. այլ կերպ ինչպե՞ս է կարելի բացատրել պարաշյուտից թռչել ցանկացող մարդկանց օրեցօր ավելանալը:

Լուսանկարները՝ ՀՊՍՖ-ի

Այս թեմայով