15 Փետրվար 2013, 14:49
2292 |

Zigge|Zagge.աշնանային հենդ մեյդ

Այն իր գնորդին առաջարկում է տարատեսակ շարֆեր՝ գծավոր, ծաղկավոր, պուտավոր, ժանյակներով,տարբեր նյութերից: Տեսականին հարուստ է նաև նաև կիսաշրջազգեստներով, բերետներով և վզկապներով: Սակայն ամեն ինչ սկսվեց յուրահատուկ շարֆերից, որոնք էլ այսօր դարձել են ընկերության «դեմքը»:

Հաշվի առնելով հայկական շուկայում ձեռագործ իրերի առատությունը՝ սպառողին ինչ-որ կերպ զարմացնելը դժվար գործ է: Հատկապես, որ այս զարմանալի իրերի հետևում կանգնած չէ ինչ-որ դերձակ, գործարան, կամ էլ նորաձևության դիզայներ, այլ քսանամյա լրագրող, ավելի ճիշտ՝ ապագա լրագրող, ներկայիս հենդմեյդեր: Չնայած հենդմեյդեր բառն այս դեպքում բնավ էլ տեղին չէ: Իրերից և ոչ մեկի վրա չենք տեսնի «Hand made» գրությունը, այն ամենուր փոխարինվել է «Mind made»-ով: «Չէ՞ որ, իրականում ես ձեռքով գրեթե ոչինչ չեմ անում, ամեն ինչ անում է կարի մեքենան, ես ուղղակի հնարում եմ, այսինքն, աշխատանքն անում է ոչ թե ձեռքը, այլ ուղեղը»,- բացատրում է Տաթև Մելիքսեթյանը: Զննելով դեռևս ոչ այնքան լայն ընտրանին՝ հնարավոր է հստակ ճանաչել երիտասարդ դիզայների ոճը:

«Ես վաղուց եմ ինքս ինձ համար կարում, այնուամենայնիվ, ինքս ինձ համար և ուրիշների համար կարելը սկզբունքորեն տարբերվում է: Ես այնքան էլ լավ չէի պատկերացնում՝ մարդկանց դուր կգա արածս, անկեղծ ասած՝ հիմա էլ լիովին չեմ հասկանում՝ ինչ է կատարվում: Ուղղակի եկավ այն պահը, երբ հասկացա, որ պետք է սկսել, այլապես ամբողջ կյանքում կփոշմանեմ»,- պատմում է Տաթևը:

Բոլորովին վերջերս Տաթևի ֆեյսբուքյան էջում կարելի էր նաև ձեռք բերել կաշվե թևնոցներ, սակայն այժմ դրանց վաճառքը ժամանակավորապես դադարեցվել է: «Թևնոցները կորան, որովհետև պահանջարկը չափազանց մեծ էր, չափից շատ ժամանակ էի դրանց վրա ծախսում: Ընդմիջում էր պետք:Ի դեպ, վերջերս մտածում էի վերսկսել»:

Թևնոցները, իհարկե, իրենց տեղն ունեն, սակայն այն, ինչ իսկապես զարմացրեց, թիթեռնիկ-վզկապներն էին: Չէ՞ որ Երևանի փողոցներում թիթեռնիկ-վզկապ կրող երիտասարդներ հաճախ չեն հանդիպում, ընդ որում, Տաթևը ստեղծում էր ոչ թե սովորական, այլ շարֆերին համապատասխան վզկապներ՝ տարբեր նախշերով ու բազմազան գույներով: «Այդ վզկապները շատ արագ դարձան ակտուալ նվեր տղամարդկանց համար: Շատ քչերն են դրանք ձեռք բերում սեփական օգտագործման համար: Սիրում եմ թիթեռնիկ-վզկապների գնորդներին, նրանք տարբերվում են մյուսներից»:

Իսկ ինչպես կարելի է բնորոշել Zigge|Zagge-ի գնորդներին: «Հիմնականում նրանք 16-ից 30 տարեկան են: Թիթեռնիկ-վզկապներով ու կիսաշրջազգեստներով հետաքրքրվում են ուսանողները, ավագ սերունդն ավելի գործնական է մոտենում հարցին՝ ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ: Հենց նրանք են շարֆերի հիմնական պատվիրատուները»:

Ապագայի ծրագրերի մասին Տաթևը վստահությամբ է խոսում: Նախորդ տարվա ընթացքում նա իրականացրեց այն ամենը, ինչ ծրագրել էր և նույնիսկ ավելին: Անցյալ տարվա փոքրիկ հաղթանակների զինանոցում է նաև այն, որ հիմա Zigge|Zagge-ի արտադրանքը կարելի է ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև ուկրաինական Ուժգորոդում: Բացի դրանից, մեկ տարվա ընթացքում շարֆերի շարքը համալրվեց նաև «ամբողջական» հագուստով, սակայն սա էլ դեռ ամենը չէ:

«Ծրագրերը շատ-շատ են: Իհարկե, առաջին հերթին ուզում եմ պահպանել այն, ինչ արդեն ստեղծել եմ, և այդ հիմքի վրա նոր բաներ արարել: Ուզում եմ աշխատել ոչ միայն օնլայն ռեժիմում, այլև ունենալ արհեստանոց, որտեղ կաշխատեմ հաճախորդների հետ՝ ստեղծելով այն մթնոլորտը, որում կհնարեմ նոր և հետաքրքիր իրեր:

Նաև գաղափար ունեմ ստեղծել Zigge|Zagge տպագիր հանդեսը, որտեղ կլինեն շատ հետաքրքրական իրեր «Mind made»-ից, ինչպես նաև նորություններ նորաձևության, հենդ մեյդի և ընդհանրապես այն ամենի մասին, ինչը հետաքրքիր է կրել: Եվ, ի վերջո, ուզում եմ համատեղել իմ մասնագիտությունը՝ լրագրությունը, այն զբաղմունքի հետ, որը զբաղեցնում է ամբողջ օրս: Սա հեռու ապագայի ծրագիր է, բայց ես բարձրաձայն եմ խոսում դրանց մասին, որովհետև նկատել եմ, որ միայն այդ ժամանակ են դրանք իրականություն դառնում»:

Անշուշտ, ծրագրերի մասին խոսել պետք է, առավել ևս այն ծրագրերի, որոնք, անկասկած իրագործելի են մոտ ապագայում, չէ՞ որ Zigge|Zagge-ի ֆեյսբուքյան էջը արդեն իսկ դրականորեն տարբերվում է , այստեղ կարելի է տեսնել ոչ միայն անընդհատ թարմացվող նոր տեսականին, այլև զանազան այլ իրեր՝ կապված նորաձևության հետ. չէ որ Zigge|Zagge-ը նրա հետ համաքայլ է ընթանում: Տաթևը նաև երազում է լրջորեն զբաղվել տղամարդկանց հագուստով: Հետևաբար, նորաձև հայ տղաները շուտով նույնպես կկարողանան գնումներ կատարել Zigge|Zagge-ում:

Ֆոտոները՝ Բիայնա Մահարիի

Այս թեմայով