15 Փետրվար 2013, 13:29
1719 |

Մելիք Արզվանի վերականգնված կամուրջը Դարբաս գյուղում

Այդ կամրջով էր անցնում քարավանային ճանապարհը, որով բեռները Ծղուկի և Սյունիքի գավառներից քարավաններով փոխադրվում էին Պարսկաստան և այլ արևելյան երկրներ:

Մեր օրերում կամուրջն այնպիսի ողբալի վիճակում էր, որ կարող էր վերջնականապես ավիրվել, եթե «Դարբաս» բարեգործական հիմնադրամը չմիջամտեր: Վերջինիս հիմնադիրներ Արամ և Արմեն Ստեփանյանները ֆինանսավորում էին անգամ ոչ թե վերականգնումը, այլ փաստացի նորակառույցը: «Մենք ուզում էինք վերականգնումը սեղմ ժամկետներում ավարտել,- ասում է Արմեն Ստեփանյանը:- Բայց չստացվեց: Շատ ժամանակ ծախսեցինք մեր իսկ միջոցներով մեր նախագիծն իրականացնելու համար Հայաստանի մշակույթի նախարարության թույլտվությունը ստանալու վրա»:

 

Բարեբախտաբար, տեխնիկական դժվարությունները, այնուամենայնիվ, հաղթահարվեցին: Ճարտարապետներ Նունե Պետրոսյանի և Մարտին Զորյանի մասնակցությամբ կամրջի շուրջ աշխատանքներն ավարտվեցին մեկ տարվա ընթացքում: «Ես ուզում էի շինարարության ընթացքում փոքրիկ իմպրովիզացիա անել,- խոստովանում է Արամ ստեփանյանը:- Բայց հետո որոշեցինք, որ կամուրջը չպետք է կորցնի իր պատմական տեսքը, և այժմ այն մեկը մեկին կրկնում է սկզբնական տարբերակը»:

Այս նախաձեռնությունը մոսկվայաբնակ Ստեփանյան եղբայրների միակ ներդրումը չէ՝ ուղղված հայրենի գյուղի ծաղկմանը: Բարեգործական գործունեության սկիզբը դրվել է 2007-ին, երբ եղբայրները սկսեցին Սուրբ Ստեփանոս եկեղեցու շինարարությունը, ընդ որում՝ աշխատանքները ղեկավարող ճարտարապետներ Նունե Պետրոսյանն ու Մարտին Զորյանն անշահախնդիր էին աշխատում:

Արմեն Ստեփանյանն ընդհանրապես համոզված է, որ անշահախնդրությունը բարոյական մարդու հիմնական որակներից մեկն է: Ուստի այն ամենը, ինչ եղբայրներն անում են գյուղի համար, տոգորված է Դարբասի և նրա բնակիչների, հատկապես դեռահաս սերնդի հանդեպ սիրով: Պատահական չէ, որ նրանք նոր եկեղեցուն առընթեր արվեստի դպրոց են բացել երեխաների համար: Արմեն Ստեփանյանը կարևորում է նրանց գեղագիտական դաստիարակությունը: Իսկ կառուցված եկեղեցու տարածքում գտնվող կիսավեր շենքում բացվել է թանգարան, որտեղ հինավուրց ցուցանմուշներ են հավաքված: Եվ, ինչպես գտնում է պարոն Ստեփանյանը, ժամանակի ընթացքում այդ թանգարանում տեղ կգտնեն արվեստի դպրոցում գործող խեցեգործական ստուդիայի երեխաների աշխատանքները:

Ձեր բարեգործական գործունեության դիմաց մարդկանց երախտագիտությունը զգո՞ւմ եք:

- Երախտագիտությունը մարդու բարոյական զարգացման բարձր մակարդակի արդյունքն է: Դուք այն չեք գտնի անդաստիարակ մարդկանց մոտ,- Արմեն Ստեփանյանը պատասխանեց Սեմյուել Ջեքսոնի խոսքերով:

Բացի բարեգործությունից, Ստեփանյան եղբայրները մեծ ուշադրություն են հատկացնում երկրամասի տնտեսությանը՝ համարելով, որ առանց դրա զարգացման Սյունիքն ապագա չունի:

Գյուղական բնակչության զբաղվածությունն ապահովելու համար Շամբ գյուղում նրանք երկու ձեռնարկություն են կառուցել՝ «Տատնի» աղբյուրի ջրի գործարանը և «Շամբ» պահածոների գործարանը: Երկուսն էլ համապատասխանում են եվրոպական բոլոր չափանիշներին. սարքավորումները բերվել են հիմնականում Բուլղարիայից, ինչպես նաև՝ Իտալիայից, Գերմանիայից, Թուրքիայից և Ռուսաստանից: 2010-ին որակյալ ապրանք արտադրելու համար PROM EXPO LLC կազմակերպությունը ոսկե մեդալով պարգևատրեց Ստեփանյան եղբայրներին: Արմեն և Արամ Ստեփանյաններն իրենց գլխավոր խնդիրն են համարում այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի մարդիկ ապրեն, աշխատեն և ստեղծագործեն իրենց հայրենի հողի վրա:

- Զարգացնելու ենք զբոսաշրջությունը,- որոշեցին նրանք,- բլրի գագաթից, որտեղ տանող ճանապարհն անցնում է Արզվան կամրջով, հիանալի տեսարան է բացվում. Ափսոս է չօգտագործել այդ գեղեցկությունը զբոսաշրջության զարգացման նպատակով: Եվ, ի դեպ, վաղուց ժամանակն է կանգնեցնելու Վարդան Մամիկոնյանի հուշարձանը, ինչը և մենք կանենք:

«Շատե՞րն են ձեզ օգնում» հարցը հետևյալ պատասխանը ստացավ. «Եթե չխանգարեն, մենք ինքներս ամեն ինչ կանենք: Տարիներ են պահանջվում իրավաբանական համաձայնություններ ստանալու համար, որոնք թույլ են տալիս մեզ սեփական միջոցներով զբաղվել հայրենի վայրի բարգավաճմամբ: Թեև աջակցություն նույնպես կա: Մեր գործարանների ճանապարհները նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունից հետո վերջապես ասֆալտապատեցին: Մինչև այդ մեր բեռներն այդ ճանապարհներով փոխադրելը գրեթե սխրագործություն էր: Հուսով ենք՝ գազն էլ կանցկացնեն»: Հիմնադրամի հաջողությունը մեծապես պայմանավորված է նրանով, որ եղբայրներն աշխատում են որպես մեկ ամբողջություն:

- Ես ու Արամն առանձնապես տարաձայնություններ չենք ունենում,- պատմում է Արմեն Ստեփանյանը,- բայց եթե նույնիսկ պատահում է, ես փորձում եմ զիջել, որովհետև նրան ավելի հաջողակ գործարար եմ համարում, նա յուրահատուկ տաղանդ ունի այդ բնագավառում: Դրա հետ մեկտեղ, եթե ես աշխատում եմ 8-ից 10 ժամ, իսկ հետո ինձ անգործունակ եմ համարում, ապա եղբայրս աշխատում է օրը 24 ժամ:

Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի հաջողակ գործարարը:

 

- Գործարարի համար կարևորը աշխատասիրությունն է,- պատասխանում է Արմենը,- առանց դրա ոչինչ չի ստացվի: Եվ, իհարկե, կազմակերպչական ընդունակություններ են հարկավոր. առանց դրանց նույնիսկ հոյակապ գաղափարը այդպես էլ թղթի վրա կմնա:

Այս թեմայով